Արսեն Ջուլֆալակյան. Հաղթանակը թմրադեղի պես է` կախվածություն է առաջացնում

Արսեն Ջուլֆալակյան. Հաղթանակը թմրադեղի պես է` կախվածություն է առաջացնում

newmag-ը ներկայացնում է ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի մոնոլոգը սիրո, ընկերների դավաճանության, ցավալի պարտությունների ու հայրենիքի մասին:

սերը

Լավագույնն է, որ կա աշխարհում: Ոչ մի վայրկյան չեմ պատկերացնում կյանքն առանց սիրո: Առանց սիրո անհնար է ապրել: Չունենալ սիրո օբյեկտ կամ սուբյե՞կտ: Չէ՛: Ուղղակի անհնար է: Սեր՝ ոչ միայն ինչ-որ մեկի հանդեպ, առհասարակ սեր՝ հենց իր բուն իմաստով, լայն հասկացություն: Սեր՝ գործիդ, ընտանիքիդ, սիրած էակիդ, ընկերներիդ, ազգիդ, պետությանդ ու էլի շատ բաների հանդեպ: Հիմա իմ մեջ անչափ մեծ սեր եմ զգում: Նույնիսկ վախենում եմ այդչափ շատ սիրուց… Սիրում եմ, սիրված եմ, երջանիկ եմ:

ամեցավալին

Ընկերոջ դավաճանությունն է ամենացավալին: Նվիրվում ես մեկին, բայց հետո ի պատասխան ստանում ես անսպասելի ու ցավոտ հարված: Կային մարդիկ, որոնց մասին կարծում էի, թե մինչև կյանքի վերջ միասին կլինենք: Մարդու հետ անցկացրել ես տասնյակ տարիներ, ու հիմա նա չկա: Սկզբնական շրջանում շատ ծանր է, անհաղթահարելի, բայց ուժեղ մարդը նրանով է ուժեղ, որ կարողանում է ծանր իրավիճակներից պատվով դուրս գալ: Ամեն մարդու ընկեր չես համարի: Շատ ընկերներ ունենալ էլ պետք չի: Եթե մի տասնյակի մեջ տեղավորվես, էլի երջանկություն է: Ընտանիքից հետո ընկերներս են: Նրանց համար պատրաստ եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ անել:

ամեն անգամ նույն սխալը

Թույլ եմ տալիս ամենաշատը մարդկանց հետ հարաբերություններում: Ուղիղ, մաքուր ձևով նվիրվում ես մեկին, վստահում ես ու հանկարծ փոքր ժամանակ անց հասկանում ես, որ ոչ միայն վստահել պետք չէր, այլև առհասարակ այդ մարդուն ճանաչել պետք չէր: Մարդիկ հիմա դարձել են շահադետ, գործնական, մաքուր հարաբերություններ ակնկալել հազվադեպ է լինում:big_3fc2d2c35

մայր

Իմ կայացման մեջ անչափ մեծ ավանդ ունեցող մարդ է մայրս: Ծնված օրից առ այսօր շատ մեծ ուժ, նյարդեր, ժամանակ է ներդրել այդ կինը: Այսօր ես այն եմ, ինչ կամ, ու հիմնականում հենց նրա շնորհիվ: Մորս հերոսի կոչում կտայի: Մայրս փոքրուց՝ մանկապարտեզից սկսած, ուղղորդել է ինձ: Երաժշտական դպրոց, ռոք-ջազ խմբակ, դաշնամուր, անգլերենի դասընթացներ, վերջում էլ՝ սպորտը: Ծանր տարիներին մարզումներ երեկոյան էին, մութ էր, ցուրտ, տրանսպորտ չկար, մայրս տանում էր մարզադահլիճ, երկու երեք ժամ նստում, սպասում էր այդ ցուրտ պայմաններում, մինչև մարզումներս ավարտեմ: Մարզասրահը տնից շատ հեռու էր: Շատերը կարծում են՝ հայրս է կյանքումս գլխավոր դերակատարը, բայց այդպես չէ: Այդ ամբողջ ընթացքում մայրս է եղել կողքիս, հայրս էլ, իհարկե, բայց մայրս՝ յուրովի:

հաղթանակը

Հաղթանակ է, որ քնելուց առաջ օրը վերլուծելով՝ հասկանում եմ, որ հիասքանչ օր եմ ունեցել: Ամեն օրն է հաղթանակ: Ավելի լուրջ հաղթանակներս սպորտում են: Հաղթանակի համն անպատմելի է: Երբ այդ համը զգում ես, էլ չես կարող առանց դրա: Թմրադեղի պես մի բան է: Կախվածություն է առաջացնում: Անընդհատ ուզում եմ հաղթել: Բայց հաղթել արժանապատվորեն: Լինում են պահեր, որ հաղթում եմ ու գոհ չեմ իմ հաղթանակից: Շատ դեպքերում իմ հաղթանակից դժգոհ եմ լինում՝ կարծելով, որ այդպես չպետք է հաղթեի: Երբ հաղթում եմ, ձեռքս բարձրացնում են, հետո էլ, պատվանդանի վրա կանգնած, հնչում՝ երկրի հիմնը, բարձրանում է դրոշը… Ոչ մի զգացմունքի նման չէ, ոչ մի բան չի համեմատվի:

big_cb379b435

հայրենիքը

Բառերով չես նկարագրի: Սրբություն է ինձ համար: Երբեմն հուսահատված, հիասթափված եմ լինում ինչ-որ բանից, սկսում եմ մեղադրել երկիրը, միևնույն ժամանակ սաստում եմ ինքս ինձ: Ինչո՞վ է Հայաստանը մեղավոր: Հայրենիքը, լավն է, վատն է, իմն է: Հպարտանում եմ իմ երկրով, հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Ուզում եմ իմ երկիրը առաջադեմ տեսնել: Եթե ամեն ոք կարողանա ուժերը ներածին չափով մի բան անել Հայաստանի համար, շոշափելի արդյունք է կունենանք: Միայն պետք է ցանկություն և հարգանք՝ դիմացինի նկատմամբ: Հայրենիքը սկսվում է բակից: Շատ եմ զարմանում, երբ արտասահմանում մոտենում ու հարցնում են՝ որտե՞ղ է Հայաստանը, ի՞նչ դավանանք ունենք: Զարմանում եմ: Վիրավորվում եմ: Նշանակում է՝ ինչ-որ բան քիչ է արվում, ինչ-որ բան սխալ է արվում: Ոչ մի առիթ չպետք է բաց թողնենք աշխարհին ներկայանալու համար: Պարզապես իրավունք չունենք չճանաչված լինել:

նյարդայնանում եմ

Երբ իրավիճակի վրա չեմ կարող ազդել, զայրանում եմ: Երբ տեսնում եմ մի բան, որն ինձ դուր չի գալիս, ուզում եմ փոխել, բայց իմ ուժերից վեր է, ինձնից կախված չէ… ջղայնանում եմ: Շատ: Բայց և հասկանում եմ, որ ինչ կարող էի, արել եմ:

քույր իմ նազելի

Ամենալավ ընկերությունը պատանեկան տարիքում է: Հետագայում փոխվում է վերաբերմունքը, արժեքը, աշխարհայացքը: Ամեն մարդու ընկեր չես համարի: Եթե մեկ տասնյակ լինեն ընկերներդ, երջանկություն է: Իգական սեռի շատ ընկերներ ունեմ: Նրանց հետ քրոջ-եղբոր պես են մեր հարաբերությունները: Տղա-տղա կամ էլ աղջիկ-աղջիկ ընկերությունը շատ բարդ բան է: Հատկապես աղջիկ-աղջիկը:

newmag #35

Գրել կարծիք