[ Սեփական փորձով ] Տիրանոզավրերի ժամանակի Երևանը բացահայտելով

[ Սեփական փորձով ] Տիրանոզավրերի ժամանակի Երևանը բացահայտելով

Հայաստանը ժամանակին եղել է ծովի հատակին: Դրա վկայությունը կորալային խութն է: Տիգրան Զարեյանը հայտնաբերել է Երևանի 30 միլիոն տարեկան կորալը:

Գուցե տարօրինակ թվա, գուցե ոմանք ընդհանրապես չհավատան, սակայն Հայաստանում կա համաշխարհային նշանակության բնական հուշարձան: Խոսքը կորալային խութի մասին է կամ հայերեն` բուստի:

Հավանաբար բոլորը տեսել են կորալ: Բայց դժվար է պատկերացնելը, որ Հայաստանում գոյություն ունի երեսուն միլիոն տարեկան կորալային խութ:

 

newmag#45_print-321

Պրոֆեսոր Հրանտ Մելիք-Ադամյանն է օգնելու, ու նրա հետ եմ փորձելու գտնել այն, ինչը շատերի համար միֆ է: Կորալային խութ կամ բուստ հանդիպում է միայն ու միայն աղի ջրերում: Աշխարհում ամենամեծը 80 կմ լայնությամբ ու 2000 կմ երկարությամբ Պատնեշային կամ Ավստրալական բուստն է, որը սկսել է ձևավորվել 10 հազար տարի առաջ 145 մետր խորության վրա: Սակայն Երևանը ծովից հեռու է առնվազն 700 կիլոմետր:

Լեգենդար բուստը գտնելու համար հարկավոր է հետ գնալ ժամանակի մեջ ու հայտնվել այն դարաշրջանում, երբ երկրագնդի տիրակալները հսկայական դինոզավրներն էին:

65 միլիոն տարի առաջ, երբ ամենահզոր լեշակեր գիշատիչը` տիրանոզավր ռեքսը, ոչնչացման եզրին էր, Հայաստանի այժմյան տարածքն ամբողջությամբ ջրի տակ էր: Նախապատմական օվկիանոսն այժմ չկա, սակայն ապացուցելու համար, որ այն եղել է, հարկավոր է աղե սարեր ու անձավներ գտնել:

newmag#45_print-322Իջնում ենք անդրգրաունդ: Գտնվում ենք 234 մետր խորության վրա: Հայտնվում ենք աղի հանքում ու հիվանդանոցում: Առաստաղը, հատակը, պատերը. ամեն ինչն է աղից: Հանքը առաջին անգամ արտադրանք է տվել 1966-ին, հիվանդանոցն էլ կառուցվել է 87-ին: Մինչև անցյալ դարի 40-ական թվականները միայն ենթադրություններ էին, որ Հայաստանում կարող էին լինել աղի հանքեր: 1949 թվականին առաջին հորատանցքը արվեց Ավանում` Երևանի աղի հանքում: Մինչև այդ ոչ ոք չէր կարող ասել, թե այս տարածքում ծովը երբ է եղել, երբ է վերացել: Ապացույցներ ընդհանրապես չկային, իսկ աղի հանքը անհերքելի ապացույց է:

Այն, ինչ շրջապատում է մեզ, ժամանակին եղել է անտեսանելի: Սակայն պետք է երկար ու նեղ միջանցքներով շարժվել, որ հասնենք ամենախորին հատվածին: Պրոֆեսորն ասում է, որ ամենաակնհայտ ապացույցը հենց այնտեղ է գտնվում:

Վերջին հետազոտությունների համաձայն` այս աղերը սկսել են առաջանալ 14,5 միլիոն տարի առաջ, երբ Թետիս օվկիանոսը բաժանվել է Արևմտյան ու Արևելյան Պարաթետիսների: Ավելի պարզ` երկու մասի: Գուցե տարօրինակ թվա, սակայն ոչ բոլոր ցամաքած օվկիանոսներն են թողնում աղի շերտեր:

Առաջին նախապայմանը ջրի գերաղիությունն է: 30-35 գրամ` մեկ լիտրում: Հենց այսքան է հարկավոր, որ առաջանա աղը: Ավանի աղի հանքում կորալային բուստեր չենք գտնի, քանի որ աղը, ինչպես փորձագետներն են ասում, ամեն ինչ է ուտում:

Հատուկ թույլտվությամբ ու մեր խնդրանքին ընդառաջելով` անվտանգության աշխատակիցները համաձայնում են մեզ ուղեկցել այնտեղ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ ամեն մարդ չէ, որ կարող է հայտնվել: Ստիպված ենք տեղաշարժվել կատարյալ մթության մեջ, քանի որ այս հատվածում լույսերը միացնում են հազվադեպ:

Սա հսկայական անձավ է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը խոսում է այն մասին, որ այստեղ ծով է եղել:

Սեփական փորձով համոզվելով, որ Հայաստանը ժամանակին եղել է ծովի հատակին, շարունակում ենք կորալային խութի որոնումը: Հանքի մերձակայքում անիմաստ է փնտրել կորալներ:

Իսկ ահա Երևանի արվարձաններում կարելի է: Բայց մինչև այդ հարկավոր է գտնել այն վայրը, որտեղ, ըստ պրոֆեսորի, 10 միլիոն տարի առաջ ծով է եղել: Գիտական բարդ հաշվարկի համաձայն` այդ տեղը պետք է լինի Ձորաղբյուրի մոտակայքում` հողամասերի հատվածում: Սա միակ վայրն է, որտեղ կան խզվածքներ, ու հենց դրանց միջոցով էլ պարզելու ենք` երբ է վերջին անգամ Երևանի տարածքում եղել ծովի հատակ: Հատուկ գործիքներով ու զգուշությամբ փոքր ճեղքեր ենք անում խըզվածքներում, բայց ոչ մի արդյունք: Հարկավոր է գտնել գոնե կավի նման ավազաքարի կտորներ և ձեռք բերել անհերքելի ապացույցներ: Բլուր բլրի ետևից, ու նորից` ոչինչ:

newmag#45_print-320Մի քանի օր հետազոտելուց հետո վերջապես գտնում ենք: Գիտական հաշվարկն ու վերլուծությունն ապացուցում են, որ ավազաքարը այս տեսքը կունենա ծովի ցամաքելուց 10 միլիոն տարի հետո:

Հենց սա է այն վայրերից մեկը, որտեղ ծովը նահանջել է` զիջելով ավելի չոր ցամաքային կլիմային: Ու եթե վերջին անգամ այստեղ է եղել ծովը, ապա շատ հնարավոր է, որ մերձակայքում էլ լինի կորալային խութը:

Մեծ տրամագծով անցնում ենք ուսումնասիրության: Այն, ինչը մենք փնտրում ենք, հայտնաբերվել է դեռ երկու դար առաջ: Սակայն հետո անուշադրության է մատնվել, ու բարդ է գտնելը: Դա էր պատճառը, որ մենք առաջին հայտնագործողների նման ու նրանց հետագծով կրկնեցինք նրանց քայլերը:

Հնամաշ քարտեզները հուշում են, որ հենց այս տարածքում պետք է լինի Երեվանյան բուստը: 1230 մետր բարձրության վրա ենք, ու սա իդեալական բարձրություն է կորալները գտնելու համար: Սակայն հավատացնում եմ՝ կորալներ կամ ավելի ճիշտ՝ դրանց մնացորդները գտնելը բարդ բան է, իսկ սիրողական աչքով` անհնար: Բոլոր բլուրները միանման են, ու անգամ տոպոգրաֆիական քարտեզներն են անզոր: Հարկավոր է գտնել 1239, 8 մետր բարձրությունը, իսկ առանց GPS-ի դա պարզապես անհնար է: Հավատացնում եմ՝ կիզիչ արևի տակ ժամերով թափառելը այնքան էլ դուրեկան գործ չէ: Մի քանի օր շարունակ մենք ուսումնասիրում էինք ու փորձում գտնել Երևանյան խութը, սակայն ապարդյուն: Անգամ կորալի բեկորի մասնիկ չկար:


[Սեփական փորձով]


Վերջապես ես գտնում եմ ինչ-որ բան, որը կարծես թե կորալի մասնիկ է: Աչքերիս չեմ հավատում ու անընդհատ մտածում եմ, որ հնարավոր է՝ սխալված լինեմ: Պրոֆեսորը չի սխալվի, ու եզրակացությունն էլ մեկն է: Մենք գտել ենք Երեվանյան կորալային խութը: Անզեն աչքի համար անտեսանելի է, գուցե անհավանական, բայց մենք կանգնած ենք կորալային բուստի գագաթին: Բլուրին նայելով՝ դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք ու ձև է ունեցել բուստը: Մոտավոր տեսքը վերականգնելու ու հասկանալու համար անհապաղ անցնում ենք աշխատանքի:

Ոսկու տենդի պես մի բան է: Անգամ օպերատորն ու լուսանկարիչը, տեսախցիկները թողած, սկսում են փորել ինչ- որ բան բան գտնելու համար:

Կորալային խութերը աճում են տարեկան 1,5-2 սմ ու սնվում են միկրոօրգանիզմներով` պլանկտոնով:

Պրոֆեսորը ասում է, որ այստեղ հնարավոր է նաև անողնաշարավորի բրածո մնացորդներ գտնել: Երկփեղկանիներն ու փափկամորթները, օրինակ, ապրել են 30-28 միլիոն տարի առաջ: Անհավանական է, բայց մենք գտնում ենք երեք բրածո խեցի: Մենք գտանք նաև Երևանյան կորալային բուստը: Ավելին, համակարգչային գրաֆիկայի օգնությամբ հնարավոր եղավ նաև վերակենդանացնել 30 մետր բարձրությամբ, 200 մետր ձգվածությամբ ու 7 մետր լայնությամբ Երևանյան նախապատմական հեքիաթային կորալային խութը:

Գրել կարծիք