Թե ինչպես վաղվա օրն ապրել գիտակցված

Թե ինչպես վաղվա օրն ապրել գիտակցված

Ամեն օր մենք այնքան զբաղված ենք տարբեր հաղորդագրությունների պատասխանելով և հազարավոր այլ բաներով, որ ժամանակի մեծ մասն անցնկացնում ենք մեխանիկորեն, չգիտակցված: Այն մասին, թե ինչպես դուրս գալ այդ «թակարդից» և գիտակցված ապրել, ներկայացնում է հայտնի բլոգեր Ջոնաթան Ֆիլդսը:

Խնդիրն անընդհատ զբաղված լինելն է: Սա շատերին է անհանգստացնում: Մի կողմից այն դարձել է հաջողության և կենսունակության խորհրդանիշ (իրականում ամենևին էլ կապ չունի դրանց հետ), իսկ մյուս կողմից՝ սեփական ժամանակը ճիշտ կարգավորելու անկարողություն: Անընդհատ ծանրաբեռնված լինելը Ֆիլդսն ավելի լուրջ ախտանիշ է համարում: Զբաղված լինելու հանգամանքը չի կարելի համարել ոչ լավ, ոչ էլ վատ երևույթ: Անհրաժեշտ է հստակեցնել ինչով ենք զբաղված և ինչու, և արդյունքում ինչից ենք ստիպված լինում հրաժարվել: Եթե մեր զբաղվածությունն այլ մարդկանց խնդիրները կարգավորելով է պայմանավորված, իհարկե, դա շատ վատ է: Արդյունքում մենք հայտնվում ենք ինքնահոսի վիճակում, և կյանքն անցնում է մեր կողքով: Մենք չենք կարողանում «կանգ առնել» և ապրել տվյալ պահով, զբաղվել նրանով, ինչը մեր կյանքին  իմաստ է հաղորդում և հաճելի է մեզ: Եվ ստացվում է, որ անվերջ զբաղված ենք առանց պատճառի, ահա թե ինչու ենք հիասթափված և դատարկված զգում:  Իսկ եթե զբաղված ենք մեր նպատակների իրագործմամբ, բնականաբար, լավ երևույթ է: Եթե մեր օրերը, շաբաթներն ու ամիսները լի են տպավորություններով և գործողություններով, որոնք մեզ ներշնչում են, ոգևորում, եթե մենք կատարելագործվում ենք և ընդլայնում մեր ուժեղ կողմերը, մեր կյանքը դարձնում ենք իմաստալից և   էներգիայով լի:  Այսպիսի ծանրաբեռնվածությունը հոգևոր բավարարվածություն է առաջացնում և ոչ դատարկության զգացում:

Ինչի՞ց  է կյանքը սկսում  դառնալ չգիտակցված կամ մեխանիկական: Սովորաբար դա աստիճանաբար է ստացվում, մեր կամքից անկախ: Հանկարծ մի օր մենք արթնանում ենք և հասկանում, որ մեր կանքն էլ մեզ չի պատկանում: Վերհիշեք` մի՞թե Դուք եք որոշել. «առավոտյան ես հենց անկողնում կստուգեմ էլեկտրոնային փոստս և կպատասխանեմ նամակներին»: Դո՞ւք եք որոշել, որ «պետք է անհապաղ պատասխանել բոլոր մուտքային նամակներին, հաղորդագրություններին,  ֆեյսբուքյան նոր հղումներին»: Դժվար, թե: Դա պարզապես դարձել է սովորություն: Եվ այդպես դուք սկսում եք ապրել չգիտակցված կյանքով, որն ընթանում է Ձեր կամքից անկախ:

Այլընտրանք կա: Մենք պետք է չգիտակցված գործողությունների այդ ամուր շղթայից դուրս գանք և վերադարձնենք մեզ ընտրություն կատարելու մեր իրավունքը: Մենք պետք է ասենք. Ես ինքս կարող եմ ընտրել, իմ ժամանակն ու իմ կյանքն ինձ են պատկանում: Այլ մարդկանց ծրագրերը քմահաճույքները և ցանկությունները չեն որոշում, թե ես ինչպես և ինչին տրամադրեմ իմ ժամանակը, ուշադրությունը, էներգիան և սերը: Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ մենք ուզում ենք, որ մեր օրը հագեցած լինի շփումներով ու բազմապիսի գործերով:

Կարևորը՝ զգալ, որ կյանքդ լի է իմաստով և կատարել գիտակցված ընտրություն: Առաջին հերթին ընդունեք, որ Դուք բախվել եք նման խնդրի: Երկրորդ՝ սկսեք ամեն օր մարզել Ձեր գիտակցությունը, անգամ առօրյա գործեր կատարելիս: Ուղղակի կենտրոնացեք տվյալ պահի վրա: Կրկնեք դա օրական մի քանի անգամ և քիչ-քիչ դուք կսկսեք  ընկալել շրջապատող աշխարհն ավելի գիտակցված:

Ինչպիսի՞ն  է գիտակցորեն ապրած օրը: Ամեն ինչ շատ անհատական է: Ահա Ջոնաթան Ֆիլդսի մեկ օրվա օրինակը: Դուք արթնացել եք և չեք շտապում Ձեր ձեռքը վերցնել հեռախոսը:  Դուք չեք մտնում էլեկտրոնային փոստ և սոցցանց: Չեք ստուգում հաղորդագրությունները: Դուք մնում եք անկողնում՝ մի ձեռքը որովայնին , մյուսը՝ կրծքին, փակում եք աչքերը և լսում եք Ձեր շնչառությունը: Ուշադիր եղեք, թե ինչպես եք Ձեզ զգում, ինչ տրամադրություն ունեք: Մի փորձեք ինչ-որ բան փոխել: Ուղղակի ուշադիր եղեք և պատկերացրեք, թե ինչ ազդեցություն կունենա այն Ձեր օրվա վրա:

Դանդաղ վեր կացեք անկողնուց և մի հարմար տեղում նստեք: Փակեք աչքերը և նորից կենտրոնացեք Ձեր շնչառության վրա (պետք է տիրապետել շնչառական վարժությունների): Դրան կարող եք տրամադել 3-30 րոպե: Վերջում ընտրեք Ձեր տվյալ օրվա հիմնական նպատակը, մտապահեք ամենակարևոր խնդիրը, որն այդ օրը ցանկանում եք իրականացնել:

Հետո գնացեք խոհանոց և Ձեզ համար թեյ կամ սուրճ պատրաստեք: Մինչև այն կպատրաստվի շփվեք Ձեզ համար կարևոր մարդկանց հետ՝ օրինակ ընկերոջը կարող եք գրել. «Քեզ հիշեցի, բարի օր եմ քեզ ցանկանում»:

Մինչև սուրճ կամ թեյ եք խմում, մի մոռացեք, որ առաջիկա մի քանի ժամը ստեղծագործական վերելքի գագաթնակետն է, որն ավելի լավ է տրամադրեք Ձեզ համար ամենակարևոր կամ ամենադժվար խնդիրների լուծմանը: Միաժամանակ պետք է ձերբազատվել փոստին և հաղորդագրություններին հետևելու ցանկությունից, որպեսզի նրանք Ձեզ հետո չշեղեն: Դրանց կարող եք տրամադրել մինչև 5 րոպե՝ պատասխանելով ամենահրատապ հաղորդագրություններին: Հիշեք,  որ սա Ձեր օրն է և թույլ մի տվեք ուրիշներին Ձեր ժամանակը խլելու: Դրանից հետո կարող եք գործի անցնել: Մի քանի ժամ անց ընդմիջում արեք և հանգստացեք 10-15 րոպե, ապա ճաշեք:  Ճաշից հետո Դուք շատ լավ կզգաք, որովհետև այսօր դուք ամենակարևոր գործերն արել եք օրվա առաջին կեսին: Հիմա կարող եք այլ գործերով զբաղվել, օրինակ հաղորդագրություններով կամ հաճախորդների հետ շփմամբ: Դրան տրամադրեք ոչ ավել, քան 30-րոպե և նորից անցեք կարևոր գործերին: Երեկոյան մոտ 40 րոպե տրամադրեք ֆիզիկական վարժություններին, իսկ հետո գիրք կարդացեք կամ ուղղակի հանգստացեք, ժամանակն անցկացրեք ընկերների կամ հարազատների հետ: Ընթրիքից հետո կարող եք զբաղվել ստեղծագործական կամ կիսատ մնացած կարևոր գործերով: Երեկոյի մնացյալ մասն օգտագործեք հանգստի համար: Օրինակ, գրի առեք ինչպես անցավ օրը, ինչ սովորեցիք, ինչ սպասումներ ունեք վաղվա օրվանից: Կամ ուղղակի նայեք գեղեցիկ մի ֆիլմ կամ գիրք կարդացեք:

Իհարկե այս ամենը մի տեսակ հոգնեցնող է թվում, բայց սա ընդամենը ծրագիր է: Կարևորն այն է, որ Դուք այդ ծրագիրը հարմարեցնեք Ձեզ, զգաք ներկա պահը և կենտրոնանաք այն երևույթների ու գործողությունների վրա, որոնք Ձեզ էներգիա են հաղորդում:

Գրել կարծիք