Մարգարիտ Եսայան.  Ժողովրդի անունից մի՛ խոսեք

Մարգարիտ Եսայան. Ժողովրդի անունից մի՛ խոսեք

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը newmag-ի հետ մենախոսել է իր ներսի Ես-երի, լռելու և սիրելու կարողանալու կարևորության մասին:

հռչակ և հեղինակություն

Հեղինակությունը կարևոր բան է, յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի հեղինակություն ձեռք բերել, բայց հռչակը կարող է տարբեր երանգներ ունենալ: «Հռչակ» բառի ձևակերպումն ինձ համար շատ բազմիմաստ է, երբեք չեմ ձգտել լինել հռչակավոր. մեջը մի վատ բան եմ տեսնում, նույնիսկ եթե ազնիվ մղումով են ուզում լինել հռչակավոր:

Միշտ ձգտել եմ ունենալ հեղինակություն:

Կարծում եմ` հեղինակություն ունեն այն մարդիկ, որոնց խոսքը, տեսակն ընկալելի է հասարակության համար: Հեղինակությունն ավելի կարևոր է, քան հռչակավոր լինելը:


Մոնոլոգներ


սեր

Սերն ինձ համար սկիզբ է: Եթե որոշում եմ ինչ-որ բան անել, վստահաբար մեջը պետք է սեր լինի: Եթե չկա այդ զգացումը, նույնիսկ առավոտյան չեմ ուզում արթնանալ: Նույնիսկ ամենասովորական գործողությունը, որ ես անում եմ իմ կյանքում՝ թեկուզ կենցաղային, փորձում եմ անել սիրով:

Երբեմն, երբ շատ բարկացած ու վիրավորված եմ լինում, նայում եմ հայելուն և ասում եմ, որ անկախ ամեն ինչից՝ բոլորին սիրում եմ:

Հայելուց նայող դեմքը ծամածռվում է, ներքին գրգիռ է առաջանում, բայց հայելուց երևացող դեմքին համոզում եմ, որ, ԱՅՈ՛, ես սիրում եմ բոլորին, և սերն ամենակարևորն է: Ամենափոքր բաներում ես միշտ սեր եմ դնում:

margoմիամիտ մարդը

Միամիտ մարդը ես եմ: Երբեմն ես այնպիսի բաներ եմ ասում կամ այնպիսի պահվածք եմ դրսևորում, որ մտածում եմ` այսքան տարի ապրեցիր ու չհասկացա՞ր` ում մոտ քեզ ինչպես պահել, չհասկացա՞ր, որ որոշակի բաներ կան այս կյանքում, որ դու չես ընդունում, բայց ուրիշների համար ընդունելի են: Ես միամտաբար մտածում եմ, որ ճիշտն այն է, ինչ ես եմ ընդունում, ճիշտն այն է, ինչ իմ սրտի պրիզմայով կարողանում եմ անցկացնել: Միամտաբար եմ այդպես կարծում, որովհետև իմ ներսի մյուս Ես-ը (մարդ մի քանի Ես ունի) ինձ անընդհատ դիտողություն է անում` մի քիչ սովորի՛ր, մի քիչ խորամա՛նկ եղիր, կարողացի՛ր մանևրել: Բայց ես դա չեմ ուզում սովորել: Եթե ուզեմ, կկարողանամ անել:

Իմ ներսի Ես-երից ես ամենաշատն այդ միամիտ մարդուն եմ սիրում: Միամիտ մարդը մանուկ է իրականում:

Մարդու միջի այդ երեխային եմ սիրում: Մենք շատ բան պետք է սովորենք երեխաներից: Մենք պիտի տեսնենք, թե երեխաներն ինչպես են տունտունիկ խաղում, միմյանց հետ շփվում: Մարդիկ երբեմն, իրենց լուրջ կերպարի մեջ դնելով, հեռանում են իրենց իրական կերպարից: Այն մարդիկ են ինձ համար ընդունելի, որոնք իրենց միջի երեխային չեն կոտրում, այդ միամտությունն իրենց մեջ պահպանում են: Ես իմ ներսում սրբորեն պահում եմ այդ երեխային: Բոլորս այն դեպքում հաջողության կհասնենք, որ յուրաքանչյուրիս միջի այդ երեխան հաղթի:

երբ է պետք լռել

Միշտ պետք է լռել: Նույնիսկ երբ շատ ես խոսում, պիտի լռես, պիտի կարողանաս բառերի տակ թաքցնել քո լռությունը: Բայց այնպես պիտի թաքցնես, որ այդ լռությունը խոսուն լինի: Լռելու արվեստը, ըստ իս, ամենաբարձր արվեստն է: Երբեմն կարող ես չասածիդ լռությամբ ավելի շատ բան ասել: Ես սիրում եմ այն մարդկանց, որոնք կարողանում են գնահատել լռությունը: Մեզանում շատախոսությունն իրականում շատ-շատ է, չնայած շատախոսությունը ինքնապաշտպանական մի բան է:

ժողովրդի անունից խոսողները

Ես իմ բոլոր ելույթներում, հարցազրույցներում միշտ ինձ իրավունք եմ վերապահում մարդկանց ասել` ժողովրդի անունից մի՛ խոսեք, ժողովուրդը տարբեր է շատ: Մեկ ամբողջության մեջ ժողովուրդն ինձ համար սիրելի է, բայց առանձին տարրերով շատ տարբեր է:

Երբ ինչ-որ մեկը ժողովրդի անունից է սկսում խոսել, ես այդ մարդուն լուրջ չեմ ընդունում: Ժողովըրդի անունը չի կարելի չարաշահել:

Պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսել, այլ ժողովրդի համար աշխատել, հանուն այդ ժողովրդի գործ անել: Մեր ժողովուրդը կարող է իր անունից խոսել, իր բողոքներն ու խնդիրները բարձրաձայնել: Երբ մարդիկ չեն կարողանում իրենց մտքերը արտահայտել, ուզում են թաքցնել իրենց անունից ասած բաները, ժողովրդին են հղում անում: Շատ վատ, անազնիվ բան եմ համարում, հատկապես քաղաքականության մեջ:

Գրել կարծիք