[ Պատմվածք ] Գաբրիել Գարսիա Մարկես. Մահվան մյուս երեսը

[ Պատմվածք ] Գաբրիել Գարսիա Մարկես. Մահվան մյուս երեսը

newmag-ն առաջարկում է ընթերցել Գարսիա Մարկեսի պատմվածքը Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ, որը հրապարակվել է Գրական թերթում:

Չգիտես ինչու, ասես ցնցել էին, նա արթնացավ հանկարծ: Վաղորդյան պարտեզից արձակվող նոր-նոր բացված ծաղիկների բուրմունքին խառնված մանուշակների և ֆորմալդեգիդի տտիպ հոտը գալիս էր հարևան սենյակից: Նա փորձեց հանդարտվել, սառնասրտվել, ինչից իրեն զրկել էր երազը: Պետք է որ վաղ առավոտ լիներ, որովհետև բանջարանոցի մարգերը ջրելու ձայնն էր լսվում, իսկ բաց պատուհանից հայում էր կապույտ երկինքը: Հայացքը պտտեցնելով կիսամութ սենյակում, նա ջանում էր մի կերպ բացատրել իր այդ կտրուկ, տագնապալից արթնացումը: Մի այնպիսի զգացում ուներ, գրեթե շոշափելի համոզվածություն, որ քանի դեռ քնած էր, ինչ-որ մեկը սենյակ էր խցկվել: Սակայն ոչ ոք չկար, և ներսից կողպված դուռն էլ ջարդված չէր: Լուսամուտի բացվածքից լույսի շողեր էին ներս թափվում:

Որոշ ժամանակ նա պառկած էր անշարժ՝ ճգնելով զսպել երազի վերապրումից առաջացած նյարդային լարվածությունը, և փակելով աչքերը ու թիկունքին ընկած, աշխատում էր կցմցել խաղաղ մտորումների ընդհատված կապը: Արյան հոսքը կտրուկ հարվածներով թմբկահարում էր կոկորդը, իսկ կրծքի տակ հուսահատ ու թունդ բաբախող սիրտը հաշվում, հաշվում էր կարճլիկ, կցկտուր այն զարկերը, որ սովորաբար հոգնեցնող վազքից են ծնվում: Նա մտովի կրկին վերապրեց անցած մի քանի րոպեն: Տարօրինա՞կ էր երազը: Մղձավա՞նջ էր: Բայց արտակարգ ոչ մի բան չկար և ոչ մի առիթ՝ նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար:

Նրանք գնացքով (հիշում եմ՝ գնացքով) անցնում էին մի ինչ-որ տեղանքով (երազում հաճախ եմ տեսնում այդ տեղանքը), անկենդան, մեռյալ բնության միջով, արհեստական, ոչ իսկական ծառերի միջով, որոնց ճյուղերից, պտղի փոխարեն կախկըխված էին թրաշի ածելիներ, մկրատներ, սրածայր այլևայլ առարկաներ, մի խոսքով, վարսավիրանոցային պիտույքներ (հիշում եմ՝ ցանկանում էի սափրվել): Նա հաճախ էր տեսնում այս երազը, բայց այսօրվա պես երբեք չէր արթնացել, ասես՝ ցնցումից:

Ծառերից մեկի տակ կանգնած էր երկվորյակ եղբայրը, նա, որին վերջերս թաղեցին, և ձեռքով նշան էր անում կանգնեցնել գնացքը (իրական կյանքում մի անգամ եղել էր նման դեպք): Գլխի ընկնելով վերջապես, որ գնացքը կանգնեցնելու իր փորձերն այլևս անիմաստ են, նա վազ տվեց վագոնաշարի ետևից և վազեց այնքան, մինչև շնչասպառ եղավ և վայր ընկավ՝ փրփուրը շուրթերին: Անշուշտ սա անհեթեթ, անտրամաբանական տեսիլք էր, որը, սակայն, զուրկ էր անհանգստություն պատճառելու լիցքերից: Նա կրկին բացեց աչքերը, և նրա կոպերի մազանոթներում գազազեց արյունը, որի զարկերը գնալով ավելի էին թնդանում, կարծես բռունցքի հարվածներ լինեին:

Գնացքը կտրեց-անցավ ձանձրալի, թախծալի, անպտուղ բնանկարը, և այդ պահին ձախ ոտքի ցավը նրա ուշադրությունը շեղեց բնանկարից: Նա տնտղեց ոտքը և նկատեց միջնամատի վրայի ուռուցքը. հազար են ասել՝ պետք չէ նեղ կոշիկ հագնել: Շատ հանգիստ ու բնական, ասես ողջ կյանքում հենց այդպես էր վարվել, նա գրպանից հանեց պտուտահանը և քանդեց մկնոռի գլխիկը: Հետո պտուտակահանը խնամքով կապույտ (երազը գունավոր էր, չէ՞) տուփը դրեց և տեսավ, որ ուռուցքից դուրս է ցցվել կեղտոտ, դեղնավուն թելածայր: Բոլորովին չզարմանալով, կարծես տարօրինակ ոչինչ չկար, նա զգուշորեն և ճարպկորեն ձգեց թելածայրը: Դա մի երկար քուղ էր, որ անվերջ ձգվում էր ու ձգվում և ո՛չ անհարմարություն էր պատճառում, ո՛չ էլ ցավ:

Ակնթարթ անց նա բարձրացրեց հայացքը և տեսավ, որ վագոնում մարդ չկա, խցիկներից մեկում միայն կանացի շորեր հագած եղբայրն էր, որ հայելու դիմաց կանգնած, մկրատով փորձում էր հանել սեփական ձախ աչքը: Իհարկե անդուր երազ էր, բայց նա չէր կարողանում բացատրել, թե ինչու այդկերպ բարձրացավ արյան ճնշումը, որովհետև նախորդած գիշերներին, երբ ծանրագույն մըղձավանջներ էր տեսնում, կարողանում էր պահպանել հոգեկան անդորրությունը: Նա զգաց, որ ձեռքերը սառել են: Մանուշակների և ֆորմալդեգիդի հոտը խտացել էր և դարձել տհաճ, գրեթե անտանելի: Փակելով աչքերը և փորձելով կարգավորել շնչառությունը, նա սկսեց մտածել առօրեական բաների շուրջ, որ հաջողեցնի ընկղմվել քիչ առաջ ընդհատված քնի մեջ: Կարելի էր մտածել, օրինակ, թաղման բյուրո գնալու, սպասարկման վարձը վճարելու մասին:

Սենյակի իր պուճախում երգել սկսեց անխոնջ ծղրիդը և տունը լցրեց չոր ու ընդհատ ճռճռոցով: Նյարդային լարվածությունը փոքր-ինչ թուլացավ, և նա զգաց, թե ինչպես է մարմինը լիցքաթափվում, ինչպես են մկանները նվաղում: Նա թիկնեց փափլիկ բարձին և նրա թեթև, գրեթե անկշիռ մարմինը հաճելի թմրության մեջ ընկավ, կորցրեց նյութականությունը, կշիռ ունեցող երկրային էության զգացողությունը: Այդ էությունն էր որոշում և կարգավորում կենդանաբանական տեսակների սանդղակում հատկացված այն տեղը, որն իր բարդ ճարտարապետության մեջ ներառնելով կենսական օրգանների համակարգային ողջ համախումբը և երկրաչափությունը, հասնում էր բանական արարածների աստիճանակարգի բարձրագույն կետին: Կոպերը հնազանդորեն իջան ծիածանվող թաղանթի վրա ճիշտ այնպիսի բնականությամբ, ինչպես մեկ-մեկու միացան ձեռքերն ու ոտքերը, սակայն սրանք աստիճանաբար կորցրին գործելու ազատությունը: Ողջ մարմինը կարծես վերածվեց միատար, մեծ, առանձին գործարանի, և նա՝ մարդը, դադարեց լինել մահկանացու, դարձավ ավելի խոր և ամուր, ավելի անխախտելի և վերջնական, հավերժական քնի ճակատագրի տեր:

Նա լսում էր, թե ինչպես է դրսում, աշխարհի մյուս ծայրում, գնալով թուլանում ծղրիդի ճռճռոցը և ի վերջո մարում, թե ինչպես էր ժամանակն ու տարածությունը լցվում իր էության ներսը, վերաճում նոր ու պարզ հասկացությունների, գիտակցությունից ջնջելով մանուշակների և ֆորմալդեգիդի հոտով և միջատներով վխտացող նյութական ու տառապանք պատճառող այս աշխարհը: Առօրեական հանգստի ջերմությամբ պարուրված նա զգաց, թե ինչ եթերային էր ցերեկվա իր հորինած մահը: Նա խորասուզվեց զվարճալի ուղևորությունների և ցնորքների, առանց հանրահաշվական հավասարումների, սիրային հրաժեշտների, ձգողական ուժի երևակայական այն աշխարհը, որ շատ նման էր մանկական նկարի: Նա չէր կարող ասել, թե որքան ժամանակ անցկացրեց քնի ու իրականության հեղհեղուկ սահմանում, բայց հիշել էր, թե ինչպես էր վեր թռել քնից. կարծես դանակով սրատել էին կոկորդը: Եվ հանկարծ զգացել էր, որ երկվորյակ եղբայրը նստած է մահճակալի ոտքերի վրա: Կրկին, ինչպես վաղ առավոտյան, սիրտը բռունցքվեց և կոկորդին զարկվեց այնպիսի ուժգնությամբ, որ հարկադրեց վեր թռչել մահճակալից: Նոր ծնվող լույսը, լարից ընկած երգեհոնով լռությունը խախտող ծղրիդը, պարտեզի ծաղիկների աշխարհից եկող զով սյուքը՝ ահա այս ամենը վերադարձրին նրան իրական կյանք: Բայց այս անգամ նա գլխի ընկավ, թե ինչն էր նրան ցնցել:

Անքնության պահերին, գիշերվա ողջ ընթացքում, երբ նա կարծում էր, թե խաղաղ, անմիտ քուն է վայելում, նրա գիտակցությունը զբաղեցրել էր միայն մի կերպար՝ ամենքից ու ամենից առանձնացված, անփոփոխ ու մշտական մի կերպար, որ դրոշմվել էր ուղեղում՝ իր կամքից անկախ և ի հեճուկս իր գիտակցության դիմադրության: Այո: Անորոշ ինչ-ինչ միտք, գրեթե աննկատ, պարուրել էր իրեն, լցոնել ողջ էությունը, կարծես հայտնվել էր մի վարագույր, որ անշարժ ու անթափանց արգելապատ էր դարձել՝ մնացյալ այլ մտքերի համար: Այդ միտքը հիմքն էր ու ողնաշարը նրա շուրջօրյա մտային դրամայի: Երկվորյակ եղբոր մեռած մարմնի պատկերը գամվել էր ուղեղում և դարձել կյանքի կենտրոն: Եվ հիմա, երբ եղբորն արդեն թաղել էին այնտեղ, մի փոքրիկ հողաթմբի տակ, որտեղ նրա կոպերը դողդողում էին անձրևի կաթիլներից, հիմա, այ հիմա ինքը վախենում էր այդ մեռած մարմնից: Նա երբեք չէր մտածել, որ ցավն այսքան ուժեղ կլինի: Բաց լուսամուտից կրկին բուրմունք ներս մտավ, այս անգամ խոնավ հողի, թաղված ոսկորների հոտով շաղախված: Նրա հոտառությունը սրվեց, և նա համակվեց կենդանական սարսափազդու ուրախությամբ: Արդեն շատ ժամեր էին անցել այն պահից, երբ նա տեսավ, թե ինչպես էր եղբայրը վիրավոր շան նման ջղաձգվում սավանի տակ ու տնքում, և նրա խեղդված վերջին ճիչը հիշեց, որ խցանվեց չորացած իր կոկորդում: Տեսավ, թե ինչպես էր նա եղունգներով փորձում մաշկահան անել ցավը, որը սողում էր թիկունքով, հասնում ուռուցքի միջուկին: Հնարավոր չէր մոռանալ, թե ինչպես էր եղբայրը թփրտում մահվան հոգեվարքում, ընդդիմանում այն ճշմարտությանը, որի անկասելի ու մահվան պես վերջնական իշխանության տակ էր իր մարմինը:

Նա եղբոր սարսափելի հոգեվարքի րոպեները տեսավ. եղունգները ջարդոտում էր պատին քսելով, պոկոտելով կյանքի վերջին փշուրները, որ փախչում էին մատների արանքից ու ջերմանում նրա արյունով, իսկ նույն պահին ոսկրախտը խժռում էր մահամերձի նյութը՝ որպես անկուշտ ու դաժան մի կին: Հետո նա տեսավ, թե ինչպես դեռ մի կարգին չհոգնած, քրտնամխած և խաղաղված եղբայրը փռվեց տրորված անկողնու վրա և փրփուրից խոնավացած նրա շուրթերը սահմռկեցուցիչ ժպիտ կազմեցին, երբ անշարժացող մարմնով, որպես մոխրի հոսք, մահը առաջ հոսեց: Այսպես էր եղել, երբ ես հիշել էի նրան տանջող որովայնային ուռուցքի մասին: Ես պատկերացրել էի այդ ուռուցքը կլորավուն,- հիմա նա նույն զգացումն ուներ,- ներսում փքվող, փոքրիկ արեգակի նման, անտանելի ինչպես դեղին միջատ, որն իր վնասակար թելը ձգում է մինչև ամենախորքերը, մինչև փորոտիք: (Եղբայրը զգացել էր, որ իր ներսում ամեն ինչ քայքայվել էր անհրաժեշտության անխուսափելիության փիլիսոփայական հասկացության ճնշման տակ): Հնարավոր է, ես էլ կունենամ նման ուռուցք:

Սկզբում փոքրիկ փքվածություն կլինի, հետո կսկսի աճել, ճյուղավորվել, խոշորանալ իմ ներսում՝ ճիշտ պտղի նման: Հավանաբար ես շոշափելու չափ կզգամ այդ ուռուցքը, երբ նա շարժվի, լուսնոտ երեխայի մոլագարությամբ տեղփոխ լինի ներսումս, կույրի պես տրորի փորոտիքս,- եղբայրս սեղմեց ձեռքերը փորին, որ մեղմի սուր ցավը, հետո տագնապով ետ քաշվեց, մթության մեջ փնտրելով հյուրընկալ տաք ապաստարանը՝ արգանդը, ինչը գտնել նրան վիճակված չէր: Ցնորական այդ արարածի հարյուրավոր ճանկերը իրար խառնվելով կվերածվեն դեղնավուն ու երկարավուն պորտալարի: Այո: Հնարավոր է, որ իմ ստամոքսում էլ,- ինչպես քիչ առաջ մեռած եղբորս ստամոքսում,- ուռուցք առաջանա: Այգուց արձակվող բուրմունքը դարձել էր թունդ, անդուր, սրտխառնուք առաջացնող գարշահոտ: Ժամանակը կարծես կանգ էր առել առավոտվա շեմին: Լուսամուտից ներս խուժող լույսը նման էր փսորած կաթի և թվում էր, հենց այդ պատճառով էր հարևան սենյակից, ուր ողջ նախորդ գիշերը հանգուցյալն էր պառկած, փչում ֆորմալդեգիդի հոտը, որն, անշուշտ, պարտեզից եկող հոտը չէր: Դա տագնապեցնող, առանձնահատուկ հոտ էր, մի հոտ, որ երբ քթիդ է զարկում, դիակ ես պատկերացնում: Հոտ, որից սառցակալում ես, որից պրծում չունես: Այդպես է գարշահոտում ֆորմալդեգիդը դիահերձարանի թատրոնում:

Նա հիշեց փորձասենյակը, սպիրտայնացած ներքին օրգանները, թռչունների խըրտվիլակները: Ֆորմալինով ներծծված ճագարը կոշտանում է, ջրազրկվում, կորցնում ճկունությունը և վերածվում է անմահ, հավերժական չորքոտանու: Եթե մարդու երակները լցնես ֆորմալինով, նա կդառնա սպիրտայնացված անատոմիական ցուցանմուշ: Նա լսեց, թե ինչպես է դրսում սաստկանում անձրևը և, ասես մուրճով, թմբկահարվում կիսաբաց լուսամուտի ապակիները: Առույգացնող և բարեփոխված թարմ օդը խուժեց սենյակ, իր հետ բերելով խոնավ պաղություն: Նրա ձեռքերը քարացել էին, ասես երակներով ֆորմալին էր հոսել, ասես ներքնաբակից եկող ցուրտը թափանցել էր մինչև ոսկորները: Խոնավություն: Այնտեղ շատ է խոնավ: Նա դառնությամբ անդրադարձավ, որ ձմեռային գիշերներին անձրևը ողողելու էր խոտերը, և խոնավությունը տեղավորվելու էր եղբոր կողքին, իսկ ջուրը նրա մարմնում շրջանառվելու էր արյան պես: Նա մտածեց, որ մեռյալների աշխարհում արյան շրջանառության այլ համակարգ է գործում, և այդ համակարգը մեռածներին արագորեն հասցնում է մահվան վերջին ու անդառնալի մի այլ աստիճանի: Այդ պահին նա ցանկացավ, որ անձրևը կտրվի, և ամառը դառնա տարվա միակ ժամանակը: Եվ քանի որ այդպես էր կամենում, համառ ու խոնավ դրսի աղմուկը նրան նյարդայնացնում էր: Նա ցանկանում էր, որ գերեզմանի կավը չոր լիներ, միշտ չոր, որովհետև նրան անհանգստացնում էր այն միտքը, որ երկու շաբաթ անց, երբ խոնավությունը սողոսկեր եղբոր ողնուղեղ, հողի տակ պառկածն այլևս իրեն նման չէր լինի: Այո: Իրենք ջրի կաթիլների նմանությամբ երկվորյակներ էին և իրենց, առաջին հայացքից, չէիր զանազանի: Նախկինում, երբ յուրաքանչյուրն իր կյանքն էր ապրում, իրենք պարզապես երկվորյակներ էին և գոյություն ունեին որպես մեկը մեկից անկախ մարդ:

Հոգեկան առումով իրենք ընդհանրություն չունեին: Բայց հիմա, երբ դաժան, սարսափելի իրողությունը անողնաշարավորի սառնությամբ սողում էր թիկունքի վրայով, կարծես խաթարվել էր ամբողջականությունը, հայտնվել էր դատարկության պես մի բան, կարծես մարմնում խորը վերք էր բացվել և կամ, կացնի հատու հարվածով, կտրել էին իր մարմնի կեսը. բայց ոչ թե անատոմիական կառուցվածքով և երկրաչափական գծագրով մարմնի, ոչ թե ֆիզիկական այն մարմնի, որ հիմա վախ էր զգում, այլ մի ուրիշ, մի ուրիշ մարմնի, որը հիմա հեռու էր իրենից, որի հետ միասին սուզվել էին մայրական ընդերքի խավար ջրերը և որը լույս աշխարհ էր եկել հինավուրց տոհմածառի ճյուղերով. նա իր հետ էր չորս զույգ նախնիների արյան մեջ, և դեպի իրեն էր գալիս այնտեղից՝ աշխարհի արարչագործությունից, իր ծանրությամբ և խորհրդավոր ներկայությամբ պահպանելով տիեզերական ներդաշնակությունը: Հնարավոր է, որ իր երակներով Իսահակի և Ռեբեկայի արյունն է հոսում, հնարավոր է, որ ինքը հենց այն եղբայրն է, ով լույս աշխարհ է եկել մյուսի գարշապարից կառչած և ով այս աշխարհ է եկել սերունդների գերեզմանների միջով, գիշերների միջով, համբույրների, սիրո միջով, մթին երակներով, սերմարանների միջով և հասել, վերջապես, հարազատ մոր արգանդին: Հիմա, երբ խախտվել է հավասարակշռությունը և վերջնականապես լուծվել հավասարումը, խորհրդավոր տոհմածառային ուղերթը նա տեսնում էր շոշափելու չափ իրական ու ցավոտ: Նա գիտեր, որ իր ինքնության ներդաշնակությանը չէր բավականացնում ինչ-ինչ մի բան, ինչպես սովորական աչքի համար տեսանելի էր ամբողջականության փլուզումը: «Հետո դուրս ելավ Հակոբը, և նրա ձեռքը բռնել էր Եսավի գարշապարը»: Քանի դեռ եղբայրը հիվանդ էր, ինքը չուներ այդ զգացողությունը, որովհետև տենդից ու ցավերից աղավաղված, անթրաշ մորուքով նրա դեմքը նման չէր իր դեմքին: Մահվան հետ պայքարում պարտված եղբայրը հենց մեկնվեց մահճակալին ու լռեց, ինքը կանչեց վարսավիրին «կարգի բերելու հանգուցյալին»:

Պատին սեղմված կանգնել էր, երբ եկավ ճերմակ հանդերձով մարդը և բերեց իր հետ պսպղուն գործիքները… Ճարպիկ ու վարժ շարժումներով վարպետը օճառի փրփուրով պատեց եղբոր մորուքը: Բերանը նույնպես ծածկվել էր փրփուրով: Այսպիսին տեսա ես եղբորս մահվան շեմին. դանդաղորեն, ասես սարսափելի մի գաղտնիք էր ջանում պարզել, վարսավիրը մազազերծում էր նրա դեմքը: Ահա այդ պահին ծնվեց սարսափելի, ցնցում առաջացնող միտքը: Ածելու շնորհիվ բացահայտվող երկվորյակ եղբոր դալուկ, սարսափից աղավաղված դիմագծերի երևակման հետ, նա ավելի ու ավելի էր պարզորոշ զգում, որ մեռած այդ մարմինը օտար չէ, բաղադրիչն է այն ամբողջականության, որն իր հետ միասին երկրային օրգանիզմ է կոչվում և, որ կատարվածը պարզապես փորձարկումն է իր հետ կատարվելիքի… Նա մի տարօրինակ զգացում ունեցավ, ըստ որի ծնողները հայելուց հանել էին իր իսկ արտացոլանքը, ճիշտ այն պատկերը, ինչն ինքը տեսել էր սափրվելիս: Նրան թվում էր, որ ամեն շարժում ու դիմախաղ կրկնող այդ արտացոլանքն այլևս կապ չունի իր հետ, անկախ է, ինքնուրույն: Նա իր արտացոլանքը տեսել էր բազմիցս, ամեն առավոտ սափրվելիս: Հիմա նա մասնակցում էր հոգեցունց մի իրադարձության, երբ օտար մեկը սափրում էր հայելու անդրադարձը՝ չնկատելով բնօրինակի ֆիզիկական ներկայությունը: Նա հավատում էր, համոզված էր, որ եթե մոտենար հայելուն, ապա ոչինչ չէր տեսնի, թեև ֆիզիկայի օրենքներով չես բացատրի նման երևույթը: Գիտակցության երկվատություն էր: Նրա նմանակը դիակ էր: Բոլորովին հուսահատված, փորձելով գտնել ինքնատիրապետումը, նա մատներով շոշափեց ամուր պատը, որ ընկալվում էր որպես քարացած հոսք: Սափրիչն ավարտեց աշխատանքը և մկրատի ծայրով փակեց հանգուցյալի աչքերը:

Մարմնական աշխարհից հեռացած անշտկելի մենության խավարը թրթռում էր իր ներսում: Հիմա իրենք նույնական էին: Չզանազանվող եղբայրներ էին, որ անվերջ կրկնում էին մեկը մյուսին: Եվ նա, ի վերջո, եզրակացրեց. եթե բնության այս էություններն այսպես սերտորեն կապված են մեկմեկու, ապա պիտի կատարվի արտակարգ ու անսպասելի մի բան: Նա հասկացել էր, որ տարածության մեջ երկու մարմինների երկատվածությունը ընդամենը երևութական է, իրականում իրենք մեկ միասնական, ընդհանուր բնություն ունեն: Այնպես որ, եթե մեռյալը սկսի քայքայվել, ապա ողջի ներսը նույնպես պիտի նեխի: Նա լսեց, թե ինչպես անձրևը նոր թափով թակեց ապակին, և ծղրիդը կսմթեց իր լարը: Նրա ձեռքերը սառցակալել էին՝ շղթայված անշնչավորության երկարատև սառնամանիքից: Ֆորմալդեգիդի սուր հոտը ստիպում էր մտածել, որ եղբորը վիճակված քայքայումը թափանցում է իր մեջ՝ որպես սառցակալած փոսից հղված ուղերձ: Անհեթեթություն էր: Հնարավոր է, որ ամենայն բան գլխիվայր էր շուռ եկել. ազդեցություն պիտի գործի ինքը, չէ՞, նա, ով շարունակում է ապրել իր էներգիայով, կենդանի իր բջիջներով: Իսկ այդ դեպքում,- եթե այդպես է,- եղբայրը պիտի մնա այնպիսին, ինչպիսին կա, և կյանքի ու մահվան միջև հավասարակշռությունը պիտի պահպանի նրան քայքայումից: Բայց հնարավո՞ր է սա: Իսկ, արդյոք, հնարավո՞ր չէ, որ թաղված եղբայրը մնա անձեռնմխելի, և քայքայումը իր կապույտ ճիրաններով գրկի ողջին: Նա մտածեց, որ վերջին ենթադրությունը ամենահավանականն է և, խաղաղվելով, սկսեց սպասել մահվան: Նրա նյութը փափկեց, փքվեց և իրեն թվաց, թե ինչ-որ կապույտ հեղուկով ծածկվեց ողջ իրանը:

Մեկը մյուսի ետևից նա զգաց իր մարմնի բոլոր հոտերը, և միայն հարևան սենյակից եկող ֆորմալինի հոտը սառը, ծանոթ դողէրոցք առաջացրեց: Հետո նրան այլևս ոչինչ չէր հուզում: Իր անկյունում ծվարած ծղրիդը կրկին իր երգը ձգեց, մաքուր երկնքից ուղիղ սենյակի կենտրոնում կախվեց մի մեծ ու ուռուցիկ կաթիլ: Եվ նա լսեց, թե ինչպես թրմփաց կաթիլը և չզարմացավ, որովհետև գիտեր, որ փայտե հին տանիքը մաշված էր: Բայց այդ կաթիլը նրա համար սառնորակ ու անսպառ ջրերի կաթիլ էր՝ բարի, քնքույշ, որ ընկել էր մաքրամաքուր երկնքից, լավագույն կյանքից, ուր չկան սեր, մարսողություն, երկվորյակների կյանք և նման այլ ապուշ բաներ: Հնարավոր է, որ այդ կաթիլը մեկ ժամ կամ հազար տարի անց ողողի այս սենյակը և իր մեջ տարալուծի անցավոր այս շինությունը, ոչ մեկին պետք չեկող իր էությունը, որը, հնարավոր է (իսկ ինչո՞ւ ոչ) ակնթարթ անց վերածվի սպիտակուցների ու շարավի մածուցիկ խյուսի: Հիմա այլևս միևնույն է, թե ինչ կլինի: Իր և իր գերեզմանի միջև սեփական մահն է տեղավորվել: Խաղաղվելով, նա լսեց մեծ ու ուռուցիկ, ծանր կաթիլի թրմփոցը. կաթիլն ընկավ մի այլ՝ անհեթեթությունների ու մոլորությունների, բանական էակների ուրիշ աշխարհում:

Աղբյուրը` Գրական թերթ

Գրել կարծիք