[ newmag x ted ] Մի՞թե ես մահանում եմ. Ամենաանկեղծ պատասխանը

[ newmag x ted ] Մի՞թե ես մահանում եմ. Ամենաանկեղծ պատասխանը

newmag-ը ներկայացնում է նյույորքցի շտապ բուժօգնության աշխատող Մեթյու Օ՛Ռիլիի Ted զրույցը, թե ինչպես են մարդիկ ընդունում փաստը, որ մահանում են:

Եթե դուք էլ մեծամասնության նման եք, մահը կարող է լինել ձեր ամենամեծ վախերից մեկը:

Աշխատանքիս ընթացքում ստիպված եմ եղել բազմաթիվ դեպքերի արձագանքել, տուժածների հարցերի պատասխանել, խոսել մարդկանց հետ, որոնց մեկ րոպեից էլ քիչ էր մնացել ապրելու, և ոչինչ չէի կարող անել նրանց համար: Այդպիսի դեպքերում ես միշտ երկընտրանքի առջև էի կանգնում: Ասե՞լ նրանց, որ մահանում են, թե՞ ստել: Երբ նոր էի սկսել աշխատել, ստում էի: Վախենում էի, որ եթե նրանց ասեմ ճշմարտությունը, իրենց վերջին րոպեները սարսափով կապրեն ու կմահանան վախը սրտում:

Մոտոցիկլետով պատահարից հետո ամեն ինչ փոխվեց: Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էր: Երբ զննեցի նրան, հասկացա, որ ոչինչ չեմ կարող անել: Եվ ինչպես մյուս այդպիսի դեպքերում, նա նայեց աչքերիս մեջ ու հարցրեց՝ մահանո՞ւմ եմ: Ու ես այդ պահին որոշեցի այլ կերպ վարվել ու ասել ճշմարտությունը:

Մինչև հիմա ապշած եմ նրա արձագանքից: Նա գլուխը հետ գցեց, ու հայացքի մեջ նկատեցի, որ ամեն ինչ ընդունել է:

Նա չսարսափեց, ինչպես ենթադրում էի: Պարզապես հենվեց, ու երբ նայեցի աչքերի մեջ, այնտեղ խաղաղություն տեսա: Նա հաշտվել էր այդ մտքի հետ: Այդ պահից որոշեցի, որ իրավունք չունեմ մարդկանց խաբել, թեկուզ հանգստացնելու համար: Դրանից հետո շատ կանչերի եմ գնացել, գրեթե բոլոր դեպքերում մահացողները նույն կերպ էին արձագանքում ճշմարտությանը՝ ներքին հանգստությամբ ու հաշտությամբ: Այդպիսի դեպքերում մարդիկ հիմնականում երեք կերպ են արձագանքում:


[ newmag x ted ]


Առաջին ռեակցիան ինձ միշտ շոկի մեջ է գցում: Անկախ կրոնական և մշակութային պատկանելությունից՝ մարդիկ ներման կարիք ունեն: Կանվանեք դա մեղք, թե ափսոսանք, միևնույն է, բոլորը մեղքի զգացում ունեն: Մի անգամ օգնեցի մի ծերունու, որը սրտի կաթված էր ստացել: Մինչև սարքը կպատրաստեի, նրան ասացի, որ մահն անխուսափելի է: Ձայնիս տոնից և ժեստերից նա արդեն գլխի էր ընկել: Երբ սարքը մոտեցրի կրծքավանդակին, նա նայեց աչքերիս մեջ և ասաց.

«Երանի ավելի շատ ժամանակ անցկացրած լինեի երեխաներիս ու թոռներիս հետ, ոչ թե եսասերի պես միայն ինձ վրա ժամանակ ծախսեի»:Մահից առաջ նրա ուզածը միայն ներում ստանալն էր:

Արձագանքի երկրորդ տեսակը հիշված լինելու կարիքն է: Մեռնողի համար կարևոր է, որ նա իմանա, որ ապրելու է ինչ-որ մեկի հիշողություններում, կարևոր չէ, թե ում: Շատ է եղել, որ մեռնողը նայի աչքերիս մեջ ու ասի՝ կհիշե՞ս ինձ:

Եվ արձագանքի երրորդ տեսակը, որը մինչև հոգուս խորքը հուզում է ինձ: Մեռնողն ուզում է  համոզվել, որ իր կյանքն իմաստ է ունեցել: Նա պե´տք է իմանա, որ կյանքը չի վատնել անիմաստ գործերի վրա:

Շատ կարևոր մի բան կա, որ շատ շուտ եմ հասկացել: Մի պատահարի ժամանակ 50 տարեկան կինը ճզմվել, մնացել էր մեքենայի մեջ: Ծանրագույն վիճակ էր: Փրկարարները փորձում էին նրան դուրս բերել, ես բժշկական օգնություն էի ցույց տալիս: Երբ սկսեցինք խոսել, նա ասաց, որ այնքան շատ բաներ կային, որ կուզեր անել: Նրան թվում էր, որ հետք չի թողել այս աշխարհում: Հետո պարզեցի, որ նա երկու երեխաների էր որդեգրել, որոնք պատրաստվում էին բժշկական դպրոցում սովորել: Չլիներ այդ կինը, գուցե նրանք երբեք բժիշկ դառնալու շանս էլ չստանային: 45 րոպե անց կնոջը դուրս բերեցին մեքենայից: Նա, իհարկե, չապրեց մինչև այդ պահը:

Առաջ ես հավատում էի կինոներին, որ երբ դու կյանքիդ վերջին պահերն ես ապրում, վախի ու սարսափի մեջ ես: Հետո հասկացա, որ անկախ հանգամանքներից՝ մարդիկ մահը հանգիստ են ընդունում: Վերջին պահը խաղաղությամբ ընդունելու համար մեզ ուժ են տալիս հենց այն փոքրիկ սխրանքները, որոնք արել ենք այս աշխարհում:

Գրել կարծիք