Մեզ շրջապատող ծանոթ մեղեդիները. 13 ռինգթոն միահյուսված մեր կյանքին

Մեզ շրջապատող ծանոթ մեղեդիները. 13 ռինգթոն միահյուսված մեր կյանքին

Երթուղայինի մեջ հնչում է հանրահայտ մեղեդածլնգոցը, և բոլորս միանգամից գլխի ենք ընկնում` ինչ-որ մեկը բջջայինով SMS ստացավ: newmag-ը հավաքել է ամենուրեք հնչող և ամենքիս հայտնի այն 13 մեղեդահատվածները, առանց որոնց մեր կյանքը կվերածվի կատարյալ քաոսի, և նույնիսկ Երկիրը կշեղվի իր ուղեծրից:

Օդակայանի սպասասրահում մեղմ տարածվում է ծանոթ մեղեդաալիքը, և հասկանում եք, որ կնոջ հանդարտ ձայնը հիմա կհրավիրի թռիչքի: Հյուրանոցի միջանցքում սպասում եք վերելակի, և ծանոթ ծլնգոցը հուշում է, որ վերելակը հիմա կբացվի: Էկրանին տեսնում եք «ծաղկեպսակի» մեջ մռնչացող առյուծին` առույգ շեփորների ծանոթ մեղեդիով, և պատրաստվում եք կինո նայել: Ֆուտբոլից առաջ հնչող հարազատ մեղեդին մարշի ռիթմով մեզ անմիջապես մտովի տեղափոխում է մարզադաշտ: Միացնում եք համակարգիչը, և ծանոթ մեղեդաակկորդն ուժգին ազդարարում է, որ կարող եք սկսել: Միկրոալիքային վառարանի «պիկպիկպիկ» կանչը տարածվում է խոհանոցից էլ դուրս, և վազքով մոտենում եք ձեր տաքացրած ուտեստին: Երթուղային տաքսու մեջ հնչում է հանրահայտ մեղեդածլնգոցը, և վարորդն ու բոլոր ուղևորները գլխի են ընկնում, որ ինչ-որ մեկը բջջայինով հաղորդագրություն ստացավ…

Զգացի՞ք, որ մեզ շրջապատող աշխարհն իր ազդանշանները միահյուսել է մեր կյանքին, մեզ գցել է դրանցից ռեֆլեքսային կախվածության մեջ, մեր առօրյան դարձրել է սոսկ ենթագիտակցական ռեակցիա` հանրահայտ դարձած մեղեդիներին ու երաժշտական ֆրագմենտներին: Դրանք` այդ մեղեդիները, ծլնգոցները, երաժշտական ֆրազներն ու պոլիֆոնիաներն ունեն հեղինակներ, ունեն աղբյուրներ, ունեն պատմություն ու կենսագրություն:

Նոկիայի ռինգթոն

Անվանում. «Գրան Վալս»
Հեղինակ. Ֆրանսիսկո Տարրեգա
Ստեղծվել է 1902թ.

Ժամանակակից դասական կիթառի դպրոցի հիմնադիր Ֆրանսիսկո Տարրեգան իր ամբողջ կյանքի ընթացքում ապացուցում էր, որ իր վեցլարանի գործիքը հարմար է ակադեմիական կոմպոզիցիաների համար: Իսպանացի կիթառահար էր, կիսով չափ կույր: Նա առաջինն էր, որ սկսեց կարճ եղունգներով նվազել իր կիթառը: 1902 թվականին նա գրեց «Գրան Վալսը» և իր համար էլ աննկատ դարձավ զանգվածային մշակույթի պատմության մասնիկ: 91 տարի անց Nokia ընկերությունը գնեց ստեղծագործությունը` դրա մի ֆրազը վերածելով իր բազային ռինգթոնի: Տարրեգայի այդ գործը բազմիցս համարել են աշխարհում ամենահաճախ հնչող մեղեդին: Այն օգտագործվել է ջազային իմպրովիզներում: Այն կատարել են սիմֆոնիկ նվագախմբեր: Այդ ռինգթոնի շնորհիվ է, որ «Սպանել Բիլլին» ֆիլմի հերոսուհին ճանաչում էր իր զոհերից մեկին, իսկ «Իրական սեր» ֆիլմում Սառան հասկանում է, որ իր եղբայրը կրկին պրոբլեմների մեջ է:

Տվյալ. «Գրան Վալսի» ամբողջական տարբերակը տևում է 200 վայրկյան:

«Ինչ, որտեղ, երբ» խաղում «սև արկղը» ներս բերելու մեղեդին

Անվանում. «Ռատատա»
Հեղինակ. Քրիս Յուվենս և Քրիստիան Հայլբուրգ
Ստեղծվել է 1970թ.

Կարմիր բաճկոնով մարդը «սև արկղը» բերում է այն աշխույժ մեղեդու ներքո, որը գերմանական “Rotation” խմբի սեփականությունն է: «Ռա-տա-տա» երգն առաջին անգամ հրապարկվել է 1970-ին: Այն գրել են հենց խմբի անդամները` Քրիս Յուվենսը և Քրիստիան Հայլբուրգը: Նույն թվականին այն ձայնագրեց Ջեյմս Լաստի նվագախումբը, այն ժամանակ նրանք ձայնագրում էին բոլոր հայտնի մեղեդիները: «Ռա- տա-տան» հայտնվեց նրանց “Non Stop DancingH” ալբոմում, և հենց այդ տարբերակն է հնչում հեռուստատեսային եթերում: Սև արկղը ներս բերելու արարողությունն առաջին անգամ կայացավ 1983թ. դեկտեմբերի 6-ին: Տուփում հակաալկոհոլային ըմպանակ էր: Բյուրեղապակու գործարանի տեր, սեկունդ-մայոր Բախմետևը 1764 թվականին այն ստեղծել էր իր հարբեցող որդու համար: Անդրեյ Կամորինի թիմը ենթադրեց, թե տուփի մեջ այնպիսի գավաթ է, որը թեքելիս հեղուկը չի թափվում: Բայց իրականում ըմպանակն օպտիկական խաբկանքով էր. այն թեքելիս թվում էր` մեջը 3 ճանճ կա:

Տվյալ. Ջեյմս Լաստի 52 ալբոմներ տարբեր ժամանակներում հայտնվել են բրիտանական հիթշքերթներում. նվագախումբն այս ցուցանիշով զիջում է միայն էլվիս Փրեսլիին:

Մեքենայի տագնապի ազդանշան

Անվանում. անհայտ
Հեղինակ. անհայտ
Ստեղծվել է. անհայտ

Մեքենայի տագնապի ազդանշանն առաջին անգամ հայտնվել է 1920-ականներին: Նեբրասկայում (ԱՄՆ) մի անհայտ գյուտարար զանգակներ էր ամրացնում մեքենաներին: Այս տիպի սիրենաներն ԱՄՆ-ում տարածվեցին 80-ականներին, երբ կոնգրեսն ընդունեց մեքենաները պարտադիր ապահովագրելու օրենքը: Այսօրվա ամենաճանաչելի ձայնի («ուի-ի՜-իու-ո՜ւ-ու») ծագումը մինչև վերջ հայտնի չէ: Հավանաբար այն մեղեդիներից է, որ “General Motors”-ի ինժեներները հնարել էին նույն 80-ականներին: Երբ նրանք մշակում էին համակարգչային մեղեդիների համադրումներ` «թեմաների» բազմազան փոփոխությամբ, չէին էլ պատկերացնում, որ այդ բոցաշունչ տագնապաշչակները շուտով խանգարելու են միլիոնավոր մռայլ հարկատուների քունը:

Windows-ի մեղեդին

Անվանում. “The Microsoft Sound”
Հեղինակ. Բրայան Ինո
Ստեղծվել է 1994թ.

«Մեզ պետք է երաժշտական ստեղծագործություն, որը կլինի ոգեշնչող, ունիվերսալ, ֆուտուրիստական, լավատեսական, սենտիմենտալ, էմոցիոնալ, այն պիտի տևի 3.4 վայրկյան»: Microsoft ընկերությունն այսպես էր ձևակերպել իր նոր Windows 95 օպերացիոն համակարգի երաժշտական ձևավորման պատվերը: Բրայան Ինոն` էմբիենթ ոճը ստեղծողը, Ս2 խմբի գլխավոր ալբոմների պրոդյուսերը և ունկնդրի համար աննկատ երաժշտության գաղափարախոսը, գրեց գլխավոր արպեջիոն, որը տևում էր 2 անգամ երկար: Բայց Microsoft-ին դուր եկավ: Ինոյի ստեղծած մեղեդու վարիացիաներն այս կամ այն կերպ հայտնվում էին Windows-ի բոլոր օպերացիոն համակարգերում: Արվեստի շատ նվիրյալներ, որոնք ատում են այն ամենը, ինչը կապ ունի Microsoft-ի հետ, անուշադրության չմատնեցին նաև Ինոյի ստեղծագործությունը: “Trans Am” խումբը (ԱՄՆ) 2001թ. թողարկեց երգ, որում “The Microsoft Sound”-ը ձգված է 51 վայրկյան:

Տվյալ. Բրայան Ինոն իր «ակնթարթային» ստեղծագործության համար վաստակել է 35.000 դոլար:

ICQ հաղորդագրություն

Անվանում. անհայտ
Հեղինակ. DMA Design
Ստեղծվել է 1995թ.

Իսրայելական “Mirabilis” ընկերությունը, որը 1996 թվականին ստեղծել է ICQ-ն, իր ծրագրի հնչյունային ձևավորման մեծ մասը վերցրել է ուրիշներից: Օրինակ՝ ավտորիզացիայի հարցման ձայնը վերցված է բամբասանքների և աստղերի մասին պատմող ամերիկյան “A Current Affair” հեռուստահաղորդման սկզբնամեղեդուց, որը հեռարձակվում էր “Fox” հեռուստաալիքով: Իսկ հայտնի «օ-օու» կարելի է լսել 3D Lemmings համակարգչային խաղի մեջ, որը մշակել է շոտլանդական DMA Design ընկերությունը: Այդ խաղի մեջ պետք է օգնել, որ փոքրիկ, ծիծաղելի էակների խումբը հաղթահարի խոչընդոտները: ICQ-ում օգտագործված ձայնը հնչում էր այն ժամանակ, երբ լեմինգն ընկնում էր անդունդը: Հետաքրքիր է, որ հետագայում DMA Design-ը վերանվանվեց Rockstar Games և մշակեց մասնավորապես Grand Theft Auto-ի ամբողջ շարքը:

Տվյալ. ICQ-ի գոյության առաջին տարում այդ ցանցում գրանցվեց 7.500.000 մարդ:

Վուդի Վուդփեքերի ծիծաղը

Անվանում. անհայտ
Հեղինակ. Մել Բլանք
Ստեղծվել է 1940թ.

Մել Բլանքը հնչյունավորել է “Warner Bros.” ստուդիայի գրեթե բոլոր հերոսներին` Բագս Բաննիին, Փորքի Փիգին, Դաֆֆի Դաքին և շատ ուրիշների: Վուդի Վուդփեքերի` “Universal” ընկերության մուլտֆիլմերի ծիծաղելի փայտփորիկի ձայնը նույնպես նրանն է: Նրա հռչակավոր ծիծաղով են սկսվում մուլտի բոլոր սերիաները (նախքան Վուդիի հայտնվելը Բլանքը նման ձևով ծիծաղում էր “Warner Bros.”-ի շատ մուլտերի վերջում): Առաջին սերիաներում Վուդին ներկայանում էր որպես մի խենթ, անկառավարելի ու բավական չար թռչուն, բայց ետպատերազմյան մուլտֆիլմերի մեջ նրա բնավորությունը փափկեց, իր տիրոջ հետ փափկեց նաև ծիծաղը: 1942 թվականին Բլանքին փոխարինելու եկած դերասան Բեն Հարդևեյը հորինեց ծիծաղի` իր տարբերակը` քիչ ավելի խելագար: Ջորջ Թիբլսը և Ռեմի Իդրիսը 1947-ին գրեցին “The Woody Woodpecker Song” երգը, մեղեդի, որի հիմքում Վուդիի վարակիչ կչկչոցն էր: Մի տարի անց այն ձայնագրեց Քեյ Կայզերի «Բիգ բենդը» (Վուդիի ծիծաղը Կայզերի տարբերակով կատարում էր երգիչ Հարրի Բաբիթը): Այդ ձայնագրությամբ սկավառակը վաճառվեց աներևակայելի քանակով: Նույն թվականին մեղեդին ձայնագրեց “Universal” ընկերության հաստիքային նվագախումբը: Այդ ձայնագրությունն «Օսկարի» ներկայացվեց «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:

Տվյալ. 1940-ից 1972 թվականը հեռուստաեթերում է եղել Վուդիի մասին մուլտֆիլմի 196 սերիա:

“20th Century Fox”-ի մեղեդին

Անվանում. “20th Century Fox Fanfare”
Հեղինակ. Ալֆրեդ Նյուման
Ստեղծվել է 1933թ.

Փողայիններով գործիքավորված մեղեդու հանդիսավոր թեման, որի ներքո լուսարձակվում է “20th Century Fox” հսկայական քանդակը, հորինել է հայտնի կինոկոմպոզիտոր Ալֆրեդ Նյումանը (որը երաժշտություն է գրել «Ինչպես էր նվաճվել Արևմուտքը» և «Ամեն ինչ` Եվայի մասին» ֆիլմերի համար): Բայց Նյումանն այդ երաժշտությունը գրում էր մեկ այլ պատվիրատուի` “20th Century Pictures”-ի համար (այն ժամանակվա ամերիկյան ամենամեծ անկախ կինոստուդիան): Երկու տարի անց այն միացավ “Fox Film Corporation”-ին, ու ձևավորվեց “20th Century Fox”-ը: Բայց Նյումանի թեման մնաց: 20 տարի անց կոմպոզիտորը մի քիչ փոխեց մեղեդին, 10 վայրկյան տևողությունն էլ դարձրեց 18 վայրկյան: “20th Century Fox”-ի մի քանի ֆիլմերում մեղեդին հարմարեցնում էին սյուժեին: Օրինակ` լեգենդար «Ռոքի Հորրորի սարսափների շոուն» մյուզիքլում այն դարձրել են 70-ականների ռոք’ն’ռոլ, իսկ «Սպիտակամորթները չեն կարողանում ցատկել» կատակերգության մեջ հնչում է դրա հիփ-հոփ տարբերակը:

Super Mario Bros. խաղի գլխավոր թեման

Անվանում. “Super Mario Bros.Theme”
Հեղինակ. Քոձի Քոնդո
Ստեղծվել է 1985թ.

“Nintendo”-h հաստիքային կոմպոզիտոր Քոձի Քոնդոն Մարիոյի մասին առաջին խաղի համար (Super Mario Bros.) գրեց 8 տարբեր մեղեդիներ: Դրանցից յուրաքանչյուրը կկարողանա երգել ցանկացած ոք, ով երբևէ ձեռքերում պահել է «Դենդիի» ջոյսթիքը: Քոնդոյի ազդեցությունն է նաև այն, որ այսօր տարածված է 8-բիտանոց երաժշտությունը: Նրանք, ովքեր փոքր տարիքում բեղավոր ջրմուղագործին օգնում էին հասնել իր նպատակին, այսօր մեծացել են, վերամշակել փոքրուց ծանոթ հնչյունները և դրանք վերածել առաջատար փոփ-երգերի: Մարիոյի թեմաներից ամենահանրաճանաչը մնում է այն, որը հնչում է խաղի վերերկրյա մակարդակներում: YouTube կայքում կարելի է գտնել մարդկանց, որոնք այն կատարում են թերմենվոքսով, երգեհոնով և նույնիսկ սղոցով: Քոձի Քոնդոն հետագայում գրեց ևս մեկ էտալոնային մեղեդի` վիդեոխաղի համար. “The Legend Of Zelda” գլխավոր մեղեդին: Մինչև այսօր նա Մարիոյի խաղերի երաժշտության գլխավոր կոմպոզիտորն է:

Տվյալ. Ըստ “Billboard” ամսագրի` “Super Mario Bros.” խաղի թեման ամենաշատ հնչող ռինգտոնների ցուցակում իր կայուն տեղն ունեցավ 210 շաբաթ:

«Օլեօլեօլե»

Անվանում. անհայտ
Հեղինակ. անհայտ
Ստեղծվել է. անհայտ

«Օլե-օլե-օլե» ֆուտբոլային գոչյունի ճշգրիտ ծագումն անհնար է որոշել: Հասկանալի է միայն, որ այն Իսպանիայից է եկել, այնտեղ հանդիստատեսն «օլե-օլե» է գոչում կորրիդայի ժամանակ` ոգևորելով ցլամարտիկին: Կարելի է ենթադրել, որ մյուս երկրպագուները «օլե-օլե» գոչյունը հնչեցրել են իսպանական թիմերի հետ հանդիպումների ժամանակ (հաճախ ասում են, որ առաջինը դա արել են իռլանդացիները): Հայտնի է միայն, որ 70-ականների սկզբին «օլե-օլեն» օգտագործվում էր գրեթե բոլոր ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Իհարկե մեղեդին կարելի էր գտնել նաև փոփ երաժշտության մեջ: Իսպանիայում 80-ական թվականներին մի ահավոր սինթիփոփ խումբ կար, որն «Օլե-Օլե» էր կոչվում: Ահա 3 ամենահայտնի երգերը, որոնցում օգտագործվել է «Օլե-օլե-օլե»-ն. գերմանական “The Fans” դիսկո-կոլեկտիվի “Ole, Ole, Ole” (The Name Of The Game) երգը, որը պահանջարկ էր վայելում 80-ականների դիսկոտեկներում, “Chumbawamba” խմբի “Top Of The World” երգը, Րիքի Մարթինի 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական “The Cup Of Life” երգը, Շակիրայից էլ “We are One”:

Տվյալ. Ֆուտբոլային հանդիպումը տևում է 90 րոպե:

«Դե սպասիր» մուլտի տիտրերը

Անվանում. “Vizisi”
Հեղինակ. Թամաշ Դեաք
Ստեղծվել է 1967թ.

“Vizisi”-h («Ջրային դահուկներ») մեղեդին թողարկվել է 1967 թվականին, «Մելոդիա» ընկերության հունգարական էստրադային երաժշտության հավաքածուի մեջ: Գրել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեաքը: Հետագայում Դեաքը կազմեց իր սեփական նվագախումբը` “Deak Big Band”-g և երաժշտություններ գրեց անհամար ներկայացումների, ֆիլմերի ու մուլտերի համար: «Դե սպասիրում» Դեաքի մեղեդին հայտնվեց պետերբուրգյան կոմպոզիտոր Գեորգի Ֆիրտիչի շնորհիվ, առաջին սերիայի համար նա էր ընտրում երաժշտությունը: Հենց Ֆիրտիչի երաժշտությունն էլ է հայտնի բոլորին. 70-ականների վերջին նա գրեց «Նավապետ Վրունգելի արկածները» մուլտֆիլմի երաժշտությունը:

Տվյալ. Թամաշ Դետքը երաժշտություն է գրել 120 մուլտֆիլմի համար:

«Կենդանիների աշխարհում» հաղորդման մեղեդին

Անվանում. «La peregrinacion»/«Alouette»
Հեղինակ. Արիել Ռամիրես
Ստեղծվել է 1964թ.

Այս կպչուն թեման խորհրդային հեռուստատեսության աշխատողների ձեռքն է ընկել հավանաբար Փոլ Մորիայի նվագախմբի ձայնասկավառակների շնորհիվ, որոնք այդ ժամանակ վերաթողարկում էին «Մելոդիա» ընկերությունը: Այդտեղ երգը կոչվում էր “Alouette” (արտույտ): Իրականում դրա հայրենիքը Հարավային Ամերիկան է. արգենտինացի կոմպոզիտոր Արիել Ռամիրեսն է այն ստեղծել կամ պարզապես գործիքավորել հնդկացիական մեղեդին: Բնագրի անվանում էր “La peregrination” (ուխտագնացություն), իսկ Փոլ Մորիայի բերած անվանումն ըստ երևույթին ընտրված էր հնչողությամբ. երգի առաջին տողերը` “ha la huella”, նման են ֆրանսիական “aluette”-ին:

Տվյալ. Ո՛ւթ: Ահա քանի ոտք ունի Տելեմաքոս թռչնակեր սարդը՝ Նիկոլայ Դրոզդոյի ընտանի կենդանին:

Գրել կարծիք