Ֆրունզապատումներ. Մհեր Մկրտչյանն` իր ու մեր բոլորի մասին

Ֆրունզապատումներ. Մհեր Մկրտչյանն` իր ու մեր բոլորի մասին

newmag-ը հավաքել է Մհեր Մկրտչյանի մտքերից ու նրա մասին հիշողություններից պատառիկներ:

Ինքնաճանաչողությունը քեզ պետք է նաև որպես քաղաքացի, որպես հայրենասեր: Մարդն իր ազգը, իր ազգի պատմությունը չիմանա…չիմացավ՝ չի էլ կարող ստեղծագործել, որովհետև նա իր արժեքը չգիտի:

***

Անիմաստ ծիծաղեցնելը ոչինչ է: Ես ավելի եմ սրտնեղում, երբ տեսնում եմ անիմաստ բանի վրա ծիծաղողի: Եթե մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ առանց պատճառի ծիծաղում է:

***

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

***

Արվեստում չի կարելի պատճենահանել, իսկ կինոյում դա առավել վտանգավոր է: Էկրանը կեղծիք չի ընդունում, բայց և չի կարելի այն հայելի դարձնել:

***

Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

***

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

***

Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

***

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը:

***

Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

***

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

Հիշողություններ Մհեր Մկրտչյանի մասին

Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր…
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն… մրցանակներ շահես ազգիդ համար…Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ…

Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեղ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է, ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած: Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրո՜ւնզ»:

(Սոս Սարգսյանի հուշերից)

***

-Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
-Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի: Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի…

***

Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.

-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հաքից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:

***

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

***

Նստած ենք մեր ընդնանուր ընկերոջ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է: Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած՝ շպրտեց մի կողմ:
– Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը:
– Քեզ եմ ուզում նկարել ախպեր, բայց ո՛չ ընկերական շարժ է ստացվում, ո՛չ էլ ծաղրանկար:
– Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:

(Միշա Մանուկյանի հուշերից)

***

Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
– Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
– Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
– Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտանայտվի, չդրսևորվի:
– Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:

(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

***

Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
– Ինչին է մարդ սիրանարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
– Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այղպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
– Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:
– Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:

(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

Գրել կարծիք