Ընդդեմ Հայաստանի և հանուն հանրապետության. նրանք շահել են դատը միջազգային դատարանում

Ընդդեմ Հայաստանի և հանուն հանրապետության. նրանք շահել են դատը միջազգային դատարանում

newmag-ը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացրած և Հայաստանի դեմ դատը շահած քաղաքացիների հետ:

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների դատարանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության քննել է ՀՀ քաղաքացիների 60-ից ավելի գործ: ՄԻԵԴ-ում դատը շահած քաղաքացիներին փոխհատուցված գումարների չափը սկսվում է 50 եվրոյից և կարող է հասնել մի քանի 100 հազար եվրոյի: Հայտնի է, որ ՄԻԵԴ-ին հնարավոր է դիմել միայն այն դեպքում, երբ բողոքը կամ հայցը անցել է Հայաստանի բոլոր դատական ատյաններով կամ սպառվել է տեղի դատարանով հարցը լուծելու հնարավորությունը: 

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ա Ն   Ա Ր Դ Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն   Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի   Ն Կ Ա Տ Մ Ա Մ Բ

Անահիտ Սաղաթելյանը Վարդենիսում մոտ 8 տարի դատավոր է աշխատել: 2004-ի փետրվարի 17-ին, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ` դադարեցվել են դատավորի լիազորությունները: Հիմնավորումն այն էր, որ Անահիտը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: Նախկին դատավորը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցում նշված է եղել, որ իրեն զրկել են դատական համակարգից հեռացվելու որոշումը դատարանում վիճարկելու իրավունքից: Եվրադատարանը որոշել է, որ խախտվել են Անահիտ Սաղաթելյանի իրավունքները: Հայաստանի կառավարությունը պարտավորվել  է նրան վճարել 4900 եվրո տուգանք:

nkar1Անահիտ Սաղաթելյան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմեցի 2006-ին: Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող եզակի գործերից էր: Նմանտիպ մի գործ Ուկրաինայում է եղել, այդ քաղաքացին կարողացավ վերականգնել իր իրավունքը: 10 տարի սպասել եմ  ՄԻԵԴի որոշմանը: Այդ որոշումից հետո կարծում էի, թե շատ ուրախ պահեր կապրեմ, բայց ես ավելի շատ տխրություն ու վիրավորանք ապրեցի իմ երկրի համար: Եթե կարելի էր շտկել այդ որոշումը, ինչո՞ւ մեզ մոտ չշտկեցին այն: Չէ՞ որ տարբեր ատյանների դատարանների էի դիմել: Բոլորն ինձ ասում էին` հալալ է քեզ, ասում էին, որ իրենք այդքան չէին դիմանա: Երեխաներս ուրախացան, որ հօգուտ ինձ է ՄԻԵԴ որոշումը եղել, բայց չէինք պատկերացնում, որ փոխհատուցման չափն այդքան քիչ կարող էր լինել: Ես չեմ կարող ասել, որ իմ աթոռին աչք կար: Ինձ փոխարինեցին մեկ այլ դատավորով: Նա Երևանից էր: Նրան ճանաչում էի, արդարադատության նախարարությունում էր աշխատում: Այն ժամանակ ինձ համար մեկ էր, թե ով կլիներ դատավոր: Իմ լիազորություններն ապօրինի ձևով դադարեցվեցին:

Այն ժամանակ ես վիրահատական սեղանին էի: Իրենք արձանագրել էին, որ դատական նիստի ժամանակ իմ բացակայությունն անհարգելի է: Ձևակերպել էին, թե արդարադատություն իրականացնելիս խախտումներ եմ թույլ տվել: Եթե հաշվի առնենք, որ այդպես է, նշանակում է ես դատական ակտ եմ իրականացրել, բայց ես դատական ակտ չեմ իրականացրել: Իմ բողոքը վարույթ չընդունվեց: Նախագահի հրամանագիրը չեղյալ համարելու մասին իմ հայցապահանջը մեր պետական ատյաններում չլսվեց` դատարաններում ընդդատյա, այսինքն տվյալ դատական ատյանի վարույթին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանները հղում էին կատարում, որ այդ հարցերը լսվում են Սահմանադրական դատարանում, իսկ այն ժամանակվա օրենսդրությամբ  անհատ քաղաքացիները, ֆիզիկական անձինք ՍԴ դիմելու իրավունք չունեին: Իմ հայցը մնաց առանց քննության: Սակայն ինչ խախտումների մասին էր խոսքը, այդպես էլ չիմացա

Նախագահի դատական այդ ակտը ոչ մի պաշտոնական տեղեկագրում չհրապարակվեց: Համաձայն իրավական ակտերի մասին օրենքի, եթե ակտը չի հրապարակվում որևէ պաշտոնական տեղեկագրում, այն ուժի մեջ չի մտնում: Ինձ աշխատանքից ազատելու բացարձակապես ոչ մի հիմք չի եղել, անգամ դատական ակտ չի եղել: Ինձ պատժեցին կամակատար չլինելու համար: Որևէ քաղաքական ուժի մեջ, մեծամասնության, ընդդիմության, փոքրամասնության մեջ չեմ եղել: Այդ ժամանակ ես ամբողջովին մենակ էի: Բավական չէր, որ ինձ լիազորությունից զրկեցին, նաև արժանապատվությանս էին կպել: Իմ դեմ քրեական գործ հարուցեցին` կաշառքի ու խարդախության հատկանիշներով: Հետո գործը կասեցվեց: 2008-ին` Եվրադատարանի հետ հարցուպատասխանի փուլում, վերաբացվեց: Նույնիսկ իմ կոլեգա դատավորներն էին խուսափում ինձ հետ շփվել, բարևել ինձ: Բայց ես հասկանում էի նրանց. վախենում էին կորցնել իրենց աշխատանքը:

Դատավոր եղած ժամանակ ես ընդամենը մի սխալ եմ գործել և մինչև հիմա կաշվիս վրա զգում եմ: Մի կնոջ եմ դատապարտել սպանության հոդվածով: Առաջադրված էր առանձնակի դաժանությամբ սպանության մեղադրանք, և ես այդ հոդվածով դատապարտեցի նրան: Այդ գործն ինձ անընդհատ հետապնդում է, ու ես մտածում էի, որ ճիշտ չեմ արել: Փախստական էր, մեծահասակ կին: Նախկին ամուսնուն էր սպանել: Կտրատել էր ամուսնուն. մարմինն անտառով մեկ շաղ էր տվել: Ես համարում եմ, որ դա սովորական սպանություն էր: Ես տվեցի մաքսիմումի շեմը հատող պատիժ: Այն հետագայում բողոքարկվեց վճռաբեկ դատարանում, սակայն, ի զարմանս ինձ, նույնը մնաց: Բայց ես մտածում էի, որ դա փոփոխության ենթարկելու դատական ակտ է: Այ եթե դրանում ինձ մեղադրեին, ինչ որ տեղ կմտածեի, որ խախտում եմ արել, ինչ որ տեղ իրենք ճիշտ են անում: Այս գործը մինչև կյանքիս վերջ ինձ կհետապնդի:

Ես ուղղակի լավ եմ հասկացել իմ գործը: Ես հիմա փորձում եմ վերաբացել դատավորի պաշտոնում վերանշանակվելու իմ գործը: Առաջին քայլը գործը վերաբացելն է, հիմա նրանք ուզենչուզեն` պետք է վերաբացեն գործը: Վճռաբեկ դատարանը պետք է վերաբացի այդ գործը: Ես ինձ միշտ դատավորի պաշտոնում եմ պատկերացրել: Ինձ ազատեցին աշխատանքից զուտ ազատելու համար: Այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ինձ ասում էր, որ ես այդպես էլ չմերվեցի դատական համակարգի հետ: Բայց նա որևէ բացատրություն չուներ դրա համար: Հիմա ես հանրային պաշտպան եմ:

Ա Պ Օ Ր Ի Ն Ի   Ա Ն Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն   44   Օ Ր Վ Ա    Հ Ա Մ Ա Ր

Հայկի դեմ քրեական գործ էր հարուցվել 2007-ին` ծանր մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով: Մեկ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո, Հայկը փաստաբանի միջնորդությամբ գրավով ազատ է արձակվում: Անցնում է մի քանի օր, և նրան կրկին հրավիրում են քննչական կոմիտե ու կալանավորում: Ճաղերի ետևում Հայկը մնում է երկու շաբաթ: Փաստաբանը նորից դատարան է դիմում` հայցով, որ Հայկի կալանավորումը ապօրինի է: Սահակյանին կրկին բաց են թողնում: Այնուհետև Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սահակյանի գործով արդարացման վճիռ է կայացնում: Նրա փաստաբանը քաղաքացիական հայցով դիմում է դատարան՝ պահանջելով բարոյական փոխհատուցում` իր պաշտպանյալին 44 օր անազատության մեջ պահելու համար։ Մերժում ստանալուց հետո Հայկ Սահակյանը դիմում է ՄԻԵԴ: Եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի կառավարությունը պարտավորվում է նրան վճարել 3000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում։

nkar2Հայկ Սահակյան

Ինձ կալանավորելու պատմությունը սկսվեց 2007-ի օգոստոսի 31-ին: Քրեական հոդված էր` դիտավորյալ մարմնական ծանր վնասվածք: Հարևանի տղայի հետ էի վիճել: Հետո բողոք եկավ, թե իրենց ընտանիքի անդամներին ահաբեկել եմ, որ հարվածել եմ այդ տղայի տատիկին ու մարմնական վնասվածք հասցրել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ այդ տարեց կնոջ կոտրվածքը 60-ականների կոտրվածք էր, ես այդ ժամանակ ծնված էլ չեմ եղել: Մեկ ամիս նստեցի կալանավայրում, սեպտեմբերի 30-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ուղարկեցին դատարան: Դատարանը որոշեց գրավով ազատ արձակել ինձ: Մեկ շաբաթ էր անցել` նորից կալանավորեցին: Դատարանը հիմնավորեց, իբր ես հասարակության համար վտանգավոր եմ, և պետք է անպայման լինեմ մեկուսարանում: Կալանքում այս անգամ էլ մնացի14 օր:

Ընդհանուր առմամբ 44 օր կալանքի մեջ եմ եղել: Կրկին գրավով դուրս եկա: 2007-ի դեկտեմբերի 13-ին դատարանը վճռեց, որ ես անմեղ եմ, ու արդարացրեց ինձ: Ոչ մի հիմք  չկար ինձ կալանավորելու համար, քննչական բաժնի աշխատակիցների քմահաճույքն էր: Նրանք որոշել էին, որ ես պետք է նստեմ: Տուժող կողմը կրկին բողոքեց վերաքննիչ դատարան` թե սխալ վճիռ է կայացվել: Բայց դատական բոլոր ատյաններում վճիռը մնաց անփոփոխ, և ես կրկին արդարացվեցի: Դատարան դիմելու հերթը մեզ հասավ, ու իրավաբան Յուրա Խաչատրյանի խորհրդով դիմեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ի որոշմանը սպասել եմ 7 տարի: 2015-ի նոյմբերի 10-ին ՄԻԵԴ-ը որոշեց, որ պետք է 3000 եվրո փոխհատուցում ստանամ: Չգիտեմ էլ` ինչ եմ անելու այդ գումարը: Ճիշտն ասած` ՄԻԵԴ-ի որոշումից գոհ չեմ: Մտածում էի, որ փոխհատուցումն ավելի շատ կլինի (ասենք` 15000): Ես չեմ ասում` լավ է, որ Հայաստանի դեմ բողոք  է եղել: Հայաստանը շատ եմ սիրում, իմ երկիրն է: Ուղղակի ՄԻԵԴ-ի վերնագրերն են վատ հնչում` այսինչն ընդդեմ Հայաստանի: Կարծում եմ` վերնագիրը պետք է փոխել:

Հ Ա Շ Մ Ա Ն Դ Ա Մ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ՈՒ Ն Ե Ց Ո Ղ   Ե Զ Դ Ի Ն   Ը Ն Դ Դ Ե Մ   Վ Ճ Ռ Ա Բ Ե Կ Ի

Արմավիրում ապրող եզդի Ռադիֆա Շամոյանի բողոքը սկսվել է սովետական տարիներից: Այն հասավ նաև ՄԻԵԴ: Ռադիֆան 80-ականներին բողոքում էր, որ իրեն բնակարան չեն հատկացնում: Ի վերջո Արմավիրում բնակարան ստացավ: Ռադիֆան հիմա գամված է հաշմանդամության սայլակին: Միայն մի ձեռքն է աշխատում, մի ոտքն էլ անդամահատված է: Ճիշտ է, Ռադիֆայի բնակարանը առաջին հարկում է, սակայն նա շատ մեծ դժվարությամբ է կարողանում տնից դուրս գալ: Ռադիֆան դիմում է դատական գրեթե բոլոր գերատեսչություններին, պահանջում, որ իր տան հարևանությամբ գտնվող շինությունը քանդվի, դրա փոխարեն թեքահարթակ կառուցվի, որպեսզի ինքը կարողանա բակ դուրս գալ: Ռադիֆան, սակայն, դատարանում հայցապահանջի բովանդակությունը փոխում է. նա ոչ թե շինության ապամոնտաժում է պահանջում, այլ պահանջում է, որ այդ շինությունն իրեն տրամադրեն: Դատարանը մերժում է նրա այդ հայցը: Ռադիֆան դիմում է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը նրա գործը վարույթ չի վերցնում` հիմնավորելով, որ Ռադիֆան դատարան է ներկայացել փաստաբանի հետ, որը հավատարմագրված չէ Փաստաբանների պալատում: Ռադիֆան իր բողոքը 2008-ին հասցնում է Մարդու իրավուքնների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ կետի խախտում, այսինքն` անձին զրկել են վճռաբեկ դատարանի մատչելիությունից:  Հայաստանի կառավարությունը պարտավորվում է նրան վճարել 3600 եվրո:

nkar3Ռադիֆա Շամոյան

Այդ նկուղը մի անգամ քանդել տվեցի, հետո նորից կառուցեցին: Օրենքով դա սայլակի համար է նախատեսված: Հարևաններն էլ չէին ցանկանում, որ դա քանդվեր: Ես էլ առանց այդ թեքահարթակի չեմ կարող դուրս գալ տնից: Հետո պարզվեց, որ ավելի լավ է թեքահարթակ կառուցել իմ պատշգամբի դիմաց, առաջին հարկում:  Հարևաններն ինձ ասում էին` ինչո՞ւ դիմեցիր Եվրոպական դատարան, ինչո՞ւ ես բողոքում Հայաստանի դեմ: Ուրիշ ի՞նչ անեի, որ այստեղ մերժեցին: Հաշմանդամություն ունեցող մարդուն էլ չընդառաջե՞ն: Առաջին ատյանում, վերաքննիչ դատարանում, երբ հայցս մերժվում էր` աչքերիցս արտասուք էր գալիս, ու ես ինձ հազիվ  էի զսպում, ճնշումս 200-ի էր հասնում: Այն ժամանակ երկու ձեռքերս աշխատում էին: Վիճակս գոնե մի քիչ լավ էր: Այդ մերժումների պատճառով կաթված ստացա: Լավ փաստաբան գտա ու որոշեցի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի բողոքում ես նշել էի, որ հաշմանդամ լինելով չեմ կարողացել հավատարմագրված փաստաբան գտնել` վճռաբեկում  հայցս քննելու համար: Ինձ զրկել էին` վճռաբեկ դատարանի մատչելիությունից, քանի որ վճռաբեկ բողոքը դատարան չէր տարվել հավատարմագրված փաստաբանի միջոցով: Մեր երկրի կառավարությունն էլ համարել էր, որ ես ենթադրել եմ, թե ի վիճակի չեմ փաստաբան ունենալ, ի վիճակի չեմ հոգալ ծախսերս: Եվրոպական դատարանից  50 հազար եվրոյի փոխհատուցում էի պահանջել, նյութական վնասի փոխհատուցման համար` 250 հազար եվրո: Իմ ստացած 3600 եվրոն իմ առողջությունը քայքայելու փոխհատուցումն է: Էդ գումարով տունս կտաքացնեմ ու քաղցած չեմ մնա:

Գրել կարծիք