[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Բլաժե Մինևսկի. Նշան

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Բլաժե Մինևսկի. Նշան

Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին… Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Մակեդոնացի հայտնի գրողի վեպն առաջին անգամ է թարգմանվում հայերեն: newmag-ը բացառիկ իրավունքով ներկայացնում է գրքի նախաբանը:

blaze

1.

Արևը կանգ է առել փլուզված բերդի վերևում, իսկ ես թեքում եմ դիպուկահար հրազենս դեպի գետի մյուս ափը և տեսնում նրան. ուղիղ վրաս է նայում. մինչև իրեն կտեսնեի, նա երկար ժամանակ ինձ վրա նշան էր պահել: «Կարող էր ուզած պահին ինձ սպանել»,– անցնում է մտքովս՝ ձգտելով շունչ քաշել պղտոր ջրի նման ծփացող խոտերի մեջ. սիրտս սկսեց արագ բաբախել զինվորական քողարկող վերնաշապիկի տակից, իսկ իմ մտքով անցնում էր, թե ծղրիդ է: Նայում եմ նրան օպտիկական նշանակետից. ասես կլոր շրջանակի մեջ առած ավարտական նկար լինի, նա էլ ինձ է նայում: Խոշոր ու կապույտ աչք ունի՝ բերդի վերնամասի երկնքի նման. տեսնում եմ նույնիսկ աչքի անկյունում հավաքված խոնավ կաթիլը: Հասկանում եմ, որ երկար ժամանակ առանց աչք թարթելու ինձ է նայել: Ես երբ նշան եմ բռնում, փակում եմ ձախ աչքս, նա բաց է պահում, չնայած դրանով ինձ չի տեսնում. շատ է հեռու: Տեսնում եմ նրա շեկ մազերը՝ թափված գինարբուկների վրա՝ կարծես դրանց շարունակությունը լինեն: Չեմ կարողանում տարբերել սահմանը՝ որ մասում է մազերի ծայրը, և որտեղ է գինարբուկների սկիզբը:


[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] 


– Կարող էիր ինձ սպանել, նախքան քեզ կնկատեի գինար­բուկների մեջ,– ասում եմ. գինարբուկների մեջ, ասացի, իսկ նա կարծես հավանություն տալով աչքն է թարթում, կարծես բերանիս շարժումներից կարդում է ասածս:

8ed4e0ca-54fd-4111-a544-9f05f0a6643aՏեսնում եմ, թե ինչպես ես մատդ պահել հրացանի ձգանին, ինչպես որ ես եմ պահել. կարող ես ինձ կրակել, ինչպես որ ես կարող եմ քեզ կրակել: Գիտեմ, որ ինձ տեսնում ես այնքան մոտ, ասես դիմացդ լինեմ, իսկ արևն առկայծում է փլված բերդի վերևում, ու զարմանում է, ասես չհավատա: Եվ ժամանակն անցնում է աչքերիս առաջ օտարի նման, անցյալի նման, ասում եմ, իսկ դու դեռ ժպտում ես՝ հայացքդ ուղղած իմ երկար, համր ձայնավորներին: Ցածր եմ խոսում, իհարկե, գուցե և ուղղակի բացուխուփ եմ անում բերանս՝ տեսնելով, թե ինչ մեղմությամբ է դողդողում շուրթերիդ ձախ անկյունը, կարծես հասկանում ես, կարծես խղճում ես ինձ:

– Քեզ կանվանեմ Դորունտինա,– ասում եմ, իսկ դու նայում ես ինձ օպտիկական նշանակետի միջով և շուրթերիս շարժումներից կարող ես կարդալ քո անունը: Մազերդ լի են դեղին ծաղիկներով, կարծես գինարբուկները վրադ, շուրջբոլորդ, ամենուրեք, թվում է՝ նույնիսկ օդում աճեն:– Քեզ կանվանեմ Դորունտինա,– կրկնում եմ մի փոքր ավելի բարձր, տառ առ տառ, իսկ դու կրկին ժպտում ես՝ թարթելով ձախ աչքդ, նշանակում է՝ համաձայն ես, ասում եմ, համաձայն ես, ասացի, այդպես չէ՞: Անգամ նոր սկսեցի լսել, որ կողքովս տասը մետր դեպի այդ կողմ հոսող առվակը քչքչում է, սակայն նաև բերդի մոտ սկիզբ առնող առվակը հոսում է քո կողքով և թափվում նույն ջրում ներքևում՝ մեր միջև ընկած գետի մեջ: Լսելով քչքչոցը՝ հանկարծակի, կարծես երազի մեջ, դառնում եմ պատմություն, որը պատմում է ինքն իր մասին, որովհետև կյանքը, ասում եմ, կյանքը, ասացի, հաստատ այն է, ինչը պատմելու արժանի է: Պատմություն, ասում եմ, պատմություն, ասացի, ու տեսնում եմ, որ բերանիս շարժումներից կարդում ես և նորից ժպտում, իսկ մատդ, համենայնդեպս, դեռ հրացանի ձգանին է. ի՜նչ արագ է անցնում ժամանակը, Դորունտինա, ասում եմ, ժամանակը, ասացի, և ոչինչ չի փոխվում: Եթե առվակի երկայնքով իջնեմ քեզ մոտ, ձերոնք ինձ կսպանեն, եթե կողքիդ առվակով դու իջնես ինձ մոտ, մերոնք քեզ կսպանեն, ասում եմ, իսկ դու թարթում ես ձախ աչքդ, նշանակում է՝ համաձայն ես, ամեն ինչ պարզ է քեզ համար, Դորունտինա, իսկ ներքևի գետն անընդհատ հոսում է, այն նույն գետը, որը այն ժամանակ նրան էլ տարավ գաղտնիքի նման: Երբ շրջվեցի, տեսա միայն նրա գլխարկը, որը թռվռում է և ծիծաղում ալիքների վրա: Գլխարկը ծիծաղում է, իսկ գետը՝ հոսում անդադար, ինչպես հիմա:

Տեսնելով, թե ինչպես ես ժպտում բերանիդ ձախ անկյունով, մտքովս անցնում է առաջարկել քեզ՝ սպասենք գիշերվա գալուն, իսկ հետո միասին իջնենք դեպի գետը, ասում եմ, գետը, ասացի, սակայն հանկարծ մեկը ետևիցս ուժեղ հարվածեց զինվորական կոշիկիս, ասում եմ, ոտքով խփեց, ասացի, ու պառկեց կողքիս՝ փշի ետևում: Իհարկե, արդեն տեսնում ես, որ առանց որևէ շարժման, միայն ձախ աչքի պոչով տեսա Պիսպիլե Պիպիջանի հեռադիտակն ու սուր քիթը․

– Ի՞նչ ես սպասում,– ասում է նա,– կրակի՛ր:

 

Գրել կարծիք