[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

newmag-ն առաջարկում է ընթերցել ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամիի պատմվածքը: Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի:

«Դուք մենա՞կ եք եկել այստեղ», – ասացի ես:
«Այո: Ձեզ դու՞ր է գալիս դահուկներով սահել», – հարցրեց նա:
«Ոչ այնքան, – պատասխանեցի ես: – Ընկերուհիներս են ինձ այստեղ բերել: Ես շատ վատ եմ սահում»:
Ես շատ էի ցանկանում ավելին իմանալ Սառցե մարդու մասին. իսկապե՞ս նրա մարմինը սառույցից է պատրաստված, ի՞նչ է ուտում, որտե՞ղ է ապրում ամռանը, ընտանիք ունի՞ և նմանատիպ հարցերի պատասխաններ: Դժբախտաբար, Սառցե մարդը բոլորովին չէր խոսում իր մասին, իսկ ես չէի համարձակվում ուղղել նրան այն հարցերը, որ պտտվում էին իմ գլխում: Կարելի էր ենթադրել, որ նա ցանկություն չուներ այդ մասին խոսելու:
Փոխարենը, նա խոսում էր իմ մասին: Դժվար է հավատալ, սակայն նա ամեն ինչ գիտեր իմ մասին. իմ ընտանիքի, տարիքի, հետաքրքրությունների, առողջական վիճակի, դպրոցի և ընկերների մասին: Նա ամեն ինչ գիտեր: Նույնիսկ այն բաները, որոնց մասին ինքս վաղուց մոռացել էի:
«Ոչինչ չեմ հասկանում, – շիկնելով ասացի ես: Ինձ ասես մերկացրել էին բոլորի աչքի առաջ: – Որտեղի՞ց այսքան բան գիտեք իմ մասին: Դուք մտքե՞ր եք կարդում»:
«Ոչ, – պատասխանեց Սառցե մարդը, – մտքեր չեմ կարդում: Ես պարզապես գիտեմ այս ամենը: Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս: Երբ այսպես Ձեզ եմ նայում, ամեն ինչ պարզ է դառնում»:
«Իսկ տեսնու՞մ եք իմ ապագան», – հարցրեցի ես:
«Ոչ, – պատասխանեց նա ոչինչ չասող հայացքով` ճոճելով գլուխը, – ապագան ինձ չի հետաքրքրում: Ինձ համար գոյություն չունի նման հասկացություն: Սառույցն ապագա չունի, միայն` հեռվում մնացած անցյալ: Նրա ներսում կարելի է տեսնել աշխարհի ցանկացած բան, այնքան պարզ ու հստակ, ասես այդ ամենը կենդանի է: Սառույցն, այդպիսով, կարող է պահպանել ցանկացած բան մաքուր և հստակ: Դա է սառույցի էությունը, նրա դերը»:
«Հիանալի է», – պատասխանեցի ես ժպտալով: Ես թեթևություն զգացի, քանզի ցանկություն չունեի իմանալ իմ ապագան:
Մենք հանդիպեցինք մի քանի անգամ Տոկիո վերադառնալուց հետո, ի վերջո, սկսելով ժամադրվել ամեն շաբաթ-կիրակի: Մեր հանդիպումները սովորական ժամադրություններ չէին. մենք չէինք գնում կինոթատրոն կամ ժամանակ անցկացնում սրճարաններում: Նույնիսկ չէինք ընթրում միասին: Սառցե մարդը գրեթե ոչինչ չէր ուտում: Փոխարենը, կողք կողքի նստում էինք այգում` նստարանի վրա, և զրուցում: Մենք զրուցում էինք ամեն ինչի մասին, սակայն Սառցե մարդը երբեք չէր խոսում իր մասին: «Ինչու՞, – մի անգամ հարցրեցի ես, – ինչու՞ երբեք չես խոսում քո մասին: Ուզում եմ քո մասին ավելին իմանալ. ե՞րբ ես ծնվել, ովքե՞ր են քո ծնողները, ինչպե՞ս ես դարձել Սառցե մարդ»:
Սառցե մարդը հայացքը հառեց իմ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը: «Ես չեմ կարող տալ այս հարցրերի պատասխանները, – պատասխանեց նա հանդարտ ու վճռական` ծանր արտաշնչելով: – Ես անցյալ չունեմ: Ես միայն գիտեմ և պահպանում եմ մնացյալ ամեն ինչի անցյալը: Սակայն ինքս անցյալ չունեմ: Ես չգիտեմ` որտեղ եմ ծնվել, չգիտեմ` ինչպիսին են իմ ծնողները, կամ ունեցե՞լ եմ արդյոք ծնողներ: Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ կամ արդյո՞ք ես տարիք ունեմ»:
Սառցե մարդը միայնակ էր, ինչպես լողացող այսբերգը` մթության մեջ:

Գրել կարծիք