[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

newmag-ն առաջարկում է ընթերցել ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամիի պատմվածքը: Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի:

Ես անկեղծորեն սիրահարվեցի նրան, իսկ նա սիրեց ինձ, հենց ինձ` անցյալից ու ապագայից դուրս: Իսկ ես սիրեցի Սառցե մարդուն այնպիսին, ինչպիսին նա կար` անցյալից ու ապագայից դուրս: Եվ դա հրաշալի էր: Մենք սկսեցինք մտածել ամուսնանալու մասին: Իմ քսան տարին նոր էր լրացել, և Սառցե մարդն առաջինն էր, ում երբևէ իսկապես սիրահարվել էի: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ էր նշանակում սիրել Սառցե մարդուն: Սակայն մի՞թե այդպես չէր լինի, եթե նույնիսկ Սառցե մարդու փոխարեն մեկ ուրիշին սիրահարված լինեի:
Մայրս և քույրս բոլորովին դեմ էին մեր ամուսնությանը: «Դու չափազանց երիտասարդ ես ամուսնության համար, – պնդում էին նրանք, – դու չգիտես` ում հետ ես ամուսնանում, չգիտես նույնիսկ` որտեղ և երբ է ծնվել նա: Ինչպե՞ս ենք դա բացատրելու մեր հարազատներին: Ավելին` չէ՞ որ նա Սառցե մարդն է. իսկ ի՞նչ կլինի, եթե նա հալվի: Դու չես հասկանում այս ամենը, սակայն ամուսնությունը որոշակի պարտականություններ է ենթադրում: Մի՞թե Սառցե մարդը կարող է իր վրա վերցնել այս պարտականությունները որպես ամուսին»:
Այնուամենայնիվ, նրանց մտավախություններն անհիմն էին: Սառցե մարդը պարզապես սառույցի պես սառն է, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է հալվել ջերմությունից: Նա սառն է, այո, սակայն նրա սառնությունը չի կարող խլել ուրիշի մարմնի ջերմությունը:
Այսպես մենք ամուսնացանք: Առանց որևէ մեկի օրհնության: Ոչ իմ ընկերները, ոչ հարազատները, ոչ ընտանիքի անդամները չուրախացան մեր ամուսնությամբ: Ամուսնացանք առանց հարսանեկան արարողության: Ամուսնությունը գրանցնելու համար Սառցե մարդը փաստաթղթեր չուներ, ուստի նույնիսկ քաղաքացիական արարողություն չունեցանք: Պարզապես երկուսով որոշեցինք, որ ամուսնացել ենք: Գնեցինք մի փոքրիկ տորթ և երկուսով կերանք այն: Ահա և մեր հանդիսավոր արարողությունը: Վարձակալեցինք մի փոքրիկ բնակարան, իսկ Սառցե մարդն աշխատանքի անցավ սառեցված մսի պահեստում: Ցուրտը, բնականաբար, նրան նեղություն չէր պատճառում, և նա չէր հոգնում` որքան էլ աշխատեր: Նա երբեք շատ չէր ուտում: Տնօրենը բարյացակամ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ և նրան մյուս աշխատակիցներից շատ էր վճարում: Մենք երկուսով հանգիստ կյանք էինք վարում` առանց անհանգստություն պատճառելու որևէ մեկին, մեզ նույնպես ոչ ոք չէր խանգարում:
Երբ մենք սիրով էինք զբաղվում, ես միշտ պատկերացնում էի միայնակ, լուռ սառցաբեկոր` հեռավոր ինչ-որ տեղում: Պինդ սառույց, ամենապինդ սառցաբեկորն աշխարհում: Սառցե մարդը պետք է որ իմանար դրա գտնվելու վայրը: Նա իր ողջ էությամբ փոխանցում էր սառցաբեկորի մասին հիշողությունը: Ես ինձ կորցնում էի նրա գրկում, սակայն աստիճանաբար սովորեցի սիրել նրա գրկախառնությունները: Նա շարունակում էր ոչինչ չասել իր մասին, ոչ էլ նույնիսկ այն մասին, թե ինչու էր դարձել Սառցե մարդ, ես նույնպես հարցեր չէի տալիս: Մենք պարզապես գրկախառնվում էինք մթության մեջ` կիսելով այդ անծայրածիր սառույցը, որի ներսում ամփոփված էր աշխարհի միլիոնավոր տարիների անցյալը:
Մեր ամուսնական կյանքը հարթ էր ընթանում: Մենք սիրում էինք իրար, մեզ ոչ ոք չէր խանգարում: Շրջապատի մարդկանց համար դժվար էր ընտելանալ Սառցե մարդուն, սակայն աստիճանաբար սկսեցին հաշտվել նրա գոյության հետ և նույնիսկ խոսել նրա հետ: Ի վերջո, եկան այն եզրակացության, որ Սառցե մարդն այնքան էլ չէր տարբերվում մյուսներից: Սակայն հոգու խորքում, իհարկե, ես գիտեի, որ նրանք չէին ընդունում նրա հետ իմ ամուսնությունը: Մենք տարբերվում էինք նրանցից, և մեզ նրանցից բաժանող անդունդը երբեք չէր վերանալու:
Երեխա ունենալ նույնպես չէր հաջողվում. թերևս, սովորական և սառցե մարդկանց գեների անհամապատասխանությունը դժվարեցնում էր երեխաներ ունենալը: Ի վերջո, երեխայի բացակայության կամ մեկ այլ պատճառով ես աստիճանաբար սկսեցի ժամանակի ավելցուկ զգալ: Առավոտյան տնային գործերը վերջացնելուց հետո ես զբաղվելու որևէ բան չունեի: Չունեի ընկերներ, ում հետ կարող էի խոսել կամ ինչ-որ տեղ գնալ, հարևաններից նույնպես ոչ ոքի չէի ճանաչում: Մայրս և քույրս դեռևս բարկացած էին իմ վրա և հրաժարվում էին շփվել ինձ հետ: Ես ընտանիքի խայտառակությունն էի, և նրանք ամաչում էին ինձ համար: Չկար որևէ մեկը, ում հետ, թեկուզ հեռախոսով, կարող էի զրուցել: Մինչ Սառցե մարդն աշխատում էր պահեստում, ես տանը մենակ էի մնում, կարդում էի կամ երաժշտություն լսում: Չնայած նրան, որ ես տան մարդ էի և այնքան էլ դեմ չէի տանը մենակ մնալուն, այնուամենայնիվ, ես երիտասարդ էի և չէի կարող հաշտվել նման երկարատև միօրինակության հետ: Ձանձրույթն ու յուրաքանչյուր օրվա անփոփոխ կրկնությունը սկսեցին անհանգստացնել ինձ: Անփոփոխ առօրյայի մեջ ես պարզապես կրկնվող ստվեր էի:

Գրել կարծիք