[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

newmag-ն առաջարկում է ընթերցել ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամիի պատմվածքը: Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի:

Այսպես, մի օր ամուսնուս առաջարկեցի ուղևորության մեկնել` շեղվելու ամենօրյա ռեժիմից: «Ուղևորությու՞ն, – հարցրեց Սառցե մարդը` աչքերը կկոցելով,- ինչու՞ ես ուզում գնալ ուղևորության: Մի՞թե մենք երջանիկ չենք միասին»: «Բանը դրանում չէ, – պատասխանեցի ես: – Ես երջանիկ եմ: Մենք որևէ խնդիր չունենք: Ես պարզապես ձանձրանում եմ: Ուզում եմ գնալ հեռավոր մի տեղ, տեսնել բաներ, որ երբեք չեմ տեսել, նոր բաներ փորձել: Հասկանու՞մ ես` ինչ նկատի ունեմ: Եվ, բացի այդ, մենք մեղրամիս չենք ունեցել: Մենք բավական գումար ունենք, իսկ դու դեռ չես օգտագործել քո արձակուրդը: Հանգիստ կարող ենք վայելել այն»:
Սառցե մարդը խորը, սառը հոգոց հանեց, որ պարզորոշ բյուրեղացավ օդում, ապա իր երկար, սառցապատ ձեռքերը խաչեց ծնկների վրա:
«Լավ, – ասաց նա, – եթե այդքան շատ ես ուզում գնալ ուղևորության, ես դեմ չեմ: Ճիշտ է` իմ կարծիքով դա այնքան էլ լավ գաղափար չէ, սակայն ես ամեն ինչ կանեմ քեզ երջանկացնելու համար: Կգնանք ուր ուզում ես: Ես պահեստում շատ եմ աշխատել և ցանկության դեպքում կարող եմ արձակուրդ վերցնել: Պետք է որ խնդիր չլինի: Ի դեպ, ու՞ր ես ցանկանում գնալ»:
«Ի՞նչ կասես, եթե գնանք Հարավային բևեռ»: – Ես դիտմամբ ընտրեցի Հարավային բևեռը, քանի որ վստահ էի, որ Սառցե մարդը շահագրգռված կլիներ գնալ այնտեղ: Բացի այդ, ես նույնպես վաղուց ցանկանում էի գնալ այնտեղ, տեսնել բևեռափայլը, պինգվիններին: Ես արդեն պատկերացնում էի ինձ գլխարկով ու վերարկուով` բևեռափայլի տակ պինգվինների հետ խաղալիս:
Սառցե մարդու աչքերն անթարթ նայում էին իմ աչքերի մեջ: Նրա հայացքը սուր սառցալեզվակի պես ծակում էր ուղեղս: Որոշ ժամանակ լռելուց հետո թրթռացող ձայնով նա ասաց. «Լավ: Եթե դու այդքան շատ ես ուզում գնալ Հարավային բևեռ, ապա կգնանք: Համոզվա՞ծ ես, որ հենց այնտեղ ես ուզում գնալ»:
Ես գլխով համաձայնության նշան տվեցի:
«Մի քանի շաբաթից ես կարող եմ երկար արձակուրդ վերցնել, – ասաց նա: – Այդ ընթացքում դու կպատրաստվես ուղևորությանը: Համաձա՞յն ես»:
Ես չէի կարողանում պատասխանել: Նրա սառցե հայացքի ներքո ես կորցրել էի մտածելու կարողությունը:
Սակայն ժամանակի ընթացքում ես սկսեցի զղջալ, որ առաջարկել եմ ամուսնուս գնալ Հարավային բևեռ ուղևորության: Ինքս էլ չգիտեմ` ինչու: Ամեն դեպքում, այն օրվանից, երբ նա լսեց Հարավային բևեռի մասին, ինչ-որ բան փոխվեց: Նրա աչքերն ավելի ծակող ու սառը դարձան, քան երբևէ, շնչառությունը` ավելի պաղ, մատները ծածկող սառցաշերտը` ավելի հաստ: Նա ավելի հանդարտ ու ավելի համառ դարձավ, վերջնականապես դադարեց ուտել, ինչը չէր կարող չանհանգստացնել ինձ: Մեկնումից հինգ օր առաջ ես որոշեցի ինչ-որ բան անել: «Արի չգնանք Հարավային բևեռ, – ասացի ես, – այնտեղ պետք է որ շատ ցուրտ լինի. դա վտանգավոր է առողջության համար: Ավելի լավ է մեկ այլ վայր ընտրենք` Եվրոպա կամ ցանկացած այլ տեղ: Կարող ենք Իսպանիա գնալ, գինի խմել, պաելյա ուտել, ցլամարտ դիտել»: Սակայն ամուսինս ինձ չէր լսում. նրա անթարթ հայացքն ուղղված էր դեպի հեռուներ: Իսկ որոշ ժամանակ անց շրջվեց դեպի ինձ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ այնպես, որ ինձ թվաց` նրա սուր հայացքի ներքո մարմինս սկսեց աստիճանաբար վերանալ: «Ո՛չ, ես չեմ ցանկանում Իսպանիա գնալ, – կտրուկ արտաբերեց նա, – Իսպանիան ինձ չի հետաքրքրում: Ցավում եմ, սակայն այնտեղ չափազանց շոգ ու փոշոտ է, ուտելիքն էլ շատ կծու է: Բացի այդ, ես արդեն գնել եմ Հարավային բևեռի տոմսերը, մորթյա վերարկու ու կոշիկներ` քեզ համար: Չենք կարող այդ ամենը ջուրը գցել: Այլևս հետդարձի ճանապարհ չկա»:
Անկեղծ ասած` դա ինձ վախեցրեց: Ես համոզված էի, որ եթե մենք գնայինք Հարավային բևեռ, ինչ-որ սարսափելի բան էր պատահելու մեզ: Ամեն գիշեր ես միևնույն սարսափելի մղձավանջն էի տեսնում. ես քայլում եմ ու ընկնում խորը փոսի մեջ և սառչում` աննկատ բոլորի աչքից: Սառույցների մեջ խրված` ես նայում եմ երկնքին: Գիտակցությունս տեղն է, սակայն անգամ մատս չեմ կարողանում շարժել: Սարսափելի զգացողություն է: Ամեն անցնող րոպեի հետ ես վերածվում եմ անցյալի: Ես ապագա չունեմ, միայն անցյալ: Բոլորի աչքերում ես այդպիսին եմ: Նրանք հետևում են` ինչպես եմ ես դանդաղ սահում ավելի ու ավելի հեռու:
Հետո ես արթանում եմ. Սառցե մարդը քնած է կողքիս: Քնած ժամանակ նա ոչ մի ձայն չի հանում. անշարժ պառկած է, ասես մահացել ու արդեն սառել է: Ես սիրում եմ նրան: Անկախ ամեն ինչից: Ես արտասվում եմ: Արցունքներս հոսում են նրա այտերի վրայով: Նա արթնանում է և գրկում ինձ: Ես պատմում եմ նրան երազս: Մթության մեջ նա դանդաղ օրորում է գլուխը: «Երազները պատկանում են անցյալին, այլ ոչ ապագային: Չպետք է թույլ տաս, որ դրանք կառավարեն քեզ. դու´ պետք է դրանց կառավարես»:
«Ճիշտ ես…», – ասում եմ ես` ինքս չհավատալով իմ խոսքերին:
Ի վերջո, ես ու ամուսինս նստեցինք Հարավային բևեռ տանող ինքնաթիռը: Ուղևորությունը չեղյալ համարելու համար ես չկարողացա որևէ պատճառ գտնել: Մեր ինքնաթիռի օդաչուներն ու ուղեկցորդուհիները ողջ թռիչքի ընթացքում գրեթե ոչ մի բառ չարտաբերեցին: Ես հույս ունեի թռիչքի ժամանակ վայելել տեսարանը, սակայն ամպերի խտության պատճառով ամեն ինչ անտեսանելի էր: Շատ շուտով պատուհանը ծածկվեց սառույցի հաստ շերտով: Ողջ ընթացքում ամուսինս հանգիստ գիրք էր ընթերցում: Ուղևորության միտքն ինձ ոչ ոգևորություն, ոչ էլ երջանկություն էր պատճառում: Ես պարզապես անում էի այն, ինչ պլանավորված էր:
Զառիվայրով իջնելով և ոտք դնելով Հարավային բևեռի հողի վրա` ես զգացի` ինչպես ամուսինս ցնցվեց ողջ մարմնով: Այդ ամենը մի ակնթարթ տևեց. նրա դեմքի արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց, ուստի ոչ ոք ոչինչ չնկատեց: Սակայն իմ աչքից դա չէր կարող վրիպել: Ամուսնուս մարմնի ներսում ինչ-որ բան շատ արագ, բայց, միևնույն ժամանակ, հանգիստ, դողում էր: Ես նայեցի նրա դեմքին: Նա կանգնեց, նայեց երկնքին, ապա իր ձեռքերին և խորը շունչ քաշեց: Ապա նայեց ինձ և ժպտաց:
«Այս վայրի մասին էիր երազում, այո՞», – հարցրեց նա:
«Այո», – պատասխանեցի ես:
Ես գիտեի, որ Հարավային բևեռը լքված վայր էր լինելու, սակայն իրականությունը շատ ավելի վատ էր, քան ես կարող էի պատկերացնել: Այնտեղ գրեթե բնակիչեր չկային: Ընդամենը մի անդեմ քաղաք էր` ոչ պակաս անդեմ հյուրանոցով: Հարավային բևեռը հեռու է զբոսաշրջության ուղղություն լինելուց: Այնտեղ նույնիսկ պինգվիններ չկան, ուր մնաց` բևեռափայլ: Երբեմն ես կանգնեցնում էի անցորդներին և հարցնում, թե որտեղ կարող էի պինգվիններ տեսնել, սակայն նրանք միայն օրորում էին գլուխները: Նրանք չէին հասկանում ինձ, ուստի ես փորձում էի նրանց համար թղթի վրա մատիտով պինգվին նկարել, սակայն պատասխանը նույնն էր` լուռ թափահարում էին գլուխներն ու հեռանում: Ես միայնակ էի: Քաղաքից դուրս միայն սառույց էր: Ոչ ծառեր, ոչ ծաղիկներ, ոչ գետեր կամ լճակներ: Միայն և միայն սառույց` անծայրածիր սառցե անապատ:
Իսկ ամուսինս` իր սառը շնչով, ցրտաշունչ մատներով և սառցե աչքերի` դեպի հեռուներ ուղղված հայացքով, առանց հոգնածության այս ու այն կողմ էր գնում: Նա անմիջապես սովորեց տեղացիների լեզուն և խոսում էր նրանց հետ նույն ծանր, սառը տոնով: Ես գաղափար անգամ չունեի` ինչի մասին էին խոսում նրանք այդպես ոգևորված: Ամուսինս, ակնհայտորեն, գլուխը կորցրել էր այս վայրում: Նրա համար այստեղ ինչ-որ հրապուրիչ բան կար: Դա տխրեցնում էր ինձ. ես ինձ անտեսված, դավաճանված ու լքված էի զգում:

Գրել կարծիք