[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

newmag-ն առաջարկում է ընթերցել ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամիի պատմվածքը: Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի:

Այս լուռ, սառցե աշխարհում ես աստիճանաբար ուժասպառ էի լինում: Ի վերջո, ես կորցրեցի նույնիսկ սեփական վիճակիս վրա զայրանալու կարողությունը: Իմ բոլոր զգացողությունները բթացել էին: Ես կորցրել էի տարածության ու ժամանակի, սեփական գոյության զգացումը: Ես չգիտեի` երբ էր սկսվել այս ամենը և երբ կավարտվեր: Մինչ կհասցնեի գլուխ հանել այդ ամենից, ես արդեն միայնակ ու լքված փակված էի սառցե աշխարհի անծայրածիր ձմռան մեջ: Սակայն նույնիսկ բթացած զգայարաններով` ես հասկանում էի. Հարավային բևեռում իմ ամուսինն այլևս իմ ճանաչած մարդը չէր: Չգիտեմ` կոնկրետ ինչպես էր նա փոխվել, քանզի նա առաջվա պես մտազբաղ էր, սակայն միշտ ուշադիր` իմ նկատմամբ: Իսկ ամենակարևորը` ես հավատում էի նրա խոսքերի անկեղծությանը: Հասկանում էի նաև այն, որ Սառցե մարդն այլևս նա չէր, ում հետ ծանոթացել էի լեռնադահուկային հանգստավայրում: Սակայն ու՞մ կարող էի բողոքել: Հարավային բևեռում բոլորը սիրում էին Սառցե մարդուն, մինչդեռ ինձ ոչ ոք չէր հասկանում: Նրանք միևնույն սառը շունչն ու սառցե դեմքերն ունեին: Նրանք զրուցում էին, կատակում և երգում իրենց հոգեհարազատ լեզվով: Իսկ ես, ինչպես վանդակում փակված թռչուն, միայնակ նստում էի հյուրանոցի սենյակում, նայում ամիսներ շարունակ չպարզվող գորշ երկնքին և փորձում սովորել Հարավային բևեռի լեզվի բարդագույն քերականությունը, որ դժվար թե երբևէ սովորեի:
Օդանավակայանում այլևս ինքնաթիռներ չէին երևում: Մեզ բերող ինքնաթիռի հեռանալուց հետո օդանավակայանը դատարկվել էր: Թռիչքուղին թաղվել էր սառույցի հաստ շերտի տակ: Ճիշտ այնպես, ինչպես իմ սիրտը:
«Արդեն ձմեռ է, – ասաց ամուսինս, – երկա՜ր, շա՜տ երկար ձմեռ: Մինչև ձմռան ավարտը ոչ ինքնաթիռներ կլինեն, ոչ նավեր կգան: Ամեն ինչ սառած է: Ստիպված ենք սպասել գարնանը»:
Հարավային բևեռ գալուց երեք ամիս հետո ես հայտնաբերեցի, որ հղի եմ: Ես միայն մի բան գիտեի. այն երեխան, ում ես կյանք էի տալու, փոքրիկ Սառցե մարդ էր լինելու: Իմ արգանդը ամբողջովին սառել էր, սառույցի բարակ շերտը խառնվել էր իմ հարպտղային ջրերին: Այդ սառնությունը ես զգում էի որովայնիս ներսում: Ես գիտեի. իմ երեխան նույն սացռե աչքերն էր ունենալու, ինչ իր հայրը, նույն սառցապատ ձեռքերը… Գիտեի նաև, որ մեր նորաստեղծ փոքրիկ ընտանիքն այլևս երբեք չէր լքելու Հարավային բևեռը: Հավերժական անցյալը` իր անհեթեթ ծանրությամբ, ընդմիշտ կապել էր մեր ձեռքերն ու ոտքերը: Մենք երբեք ազատություն չէինք գտնելու:
Իմ սիրտն արդեն քարացել է: Նրա ողջ ջերմությունը անհետացել է ինչ-որ հեռավոր տեղ: Երբեմն նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչ է ջերմությունը: Բայց դեռ կարող եմ արտասվել: Ես մենակ եմ, ամբողջովին միայնակ` աշխարհի ամենացուրտ ու մենավոր վայրում: Երբ ես արտասվում եմ, իմ ամուսինը համբուրում է այտերս` սառույցի վերածելով արցունքներս: Նա հավաքում է սառցե արցունքները և դնում լեզվի վրա: «Ես սիրում եմ քեզ», – ասում է նա: Ես հավատում եմ նրան: Սառցե մարդը սիրում է ինձ: Քամին նրա սառցե բառերը քշում-տանում է դեպի հեռավոր անցյալ: Ես արտասվում եմ: Սառցե արցունքներս շարունակվում են թափվել մեր փոքրիկ սառցե տանը` հեռու-հեռավոր Հարավային բևեռում…

Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի

Գրել կարծիք