Ռոմանտիկ Թոմ Օդել, խիզախ Սառա Բարեյլես ու կրքոտ Նատալի Քոուլ

Ռոմանտիկ Թոմ Օդել, խիզախ Սառա Բարեյլես ու կրքոտ Նատալի Քոուլ

Անգլիական ռոմանտիզմ Թոմ Օդելից, ամերիկյան խիզախ փորձարկում Սառա Բարեյլեսի կատարմամբ և լատինական կրքոտ շնորհակալություն R&B-ի լեգենդ Նատալի Քոուլից. newmag_ն առաջարկում է լսել այս կատարողների էսթետիկ և ուսանելի երաժշտական ալբոմները:

թոմ

TOM ODELL. “LONG WAY DOWN”

Իզուր էր Թոմ Օդելի հայրիկը զայրացած նամակ-բողոքներ ուղարկում «New Musical Express» ամսագրի խմբագրական կազմին և հատկապես այն լրագրողին, որն իր որդու «Long Way Down» դեբյուտը հավասարեցրել էր ցեխին և նույնիսկ համեմատել սիֆիլիսի հետ: Ավելի լավ գովազդ հնարավոր չէր պատկերացնել. Բոլորը գլխապատառ նետվեցին՝ գնելու այդ սարսափելի, խայտառակ ալբոմը՝ տեսնելու համար՝ ինչ է արել տարվա սկզբին «Քննադատի ընտրություն» մրցանակին արժանացած երիտասարդը, ինչի արդյունքում այն գլխավորեց Բրիտանիայի վարկանիշային աղյուսակը: «Long Way Down»-ը բառացիորեն կլանում է: Երիտասարդներին այն հասկանալի է ընդվզման, սիրո և հիասթափության մեջ ծայրահեղ զգացմունքայնության, «հենց այստեղ և հենց հիմա» պահանջի և կասկածի պոռթկումներով:

 

սառա

SARA BAREILLES. “THE BLESSED UNREST”

Ամեն ինչ կարող էր ուղղակի հոյակապ լինել, եթե Սառան վերջապես որոշեր, թե ինչ է ուզում՝ լինել սեփական ձայնով և ոճով երգչուհի-երգահա՞ն, թե՞ ապացուցել, որ ինքն էլ կարող է երգել, ասենք, Ալանիս Մորիսեթի նման: Նկատելի է, որ ստուդիայում իրեն զգացել է, ինչպես ձուկը՝ ջրում. Օգտագործել է ամեն հնարավոր բան` բազմաշերտ, մասշտաբային հնչողության համար: Դժվար է հասկանալ, թե ինչու են այստեղ հայտնվել «Little Black Dress»-ի  նման տափակությունը և կուբիստական պատկերներ առաջացնող «Islands»-ը: Մինչդեռ Մորիսեթի ձայնով երգված «Brave»-ը և Մելիսա Էթերիջի ձայնով «Chasing the Sun»-ը իսկապես տպավորիչ են: Երևի ժամանակ է պետք և մի փորձառու խորհրդատու, որ Սառա Բարելիսին ասի. «Մի՛ փորձիր ավելի խելոք երևալ, քան կաս, և երգի՛ր ինքդ քեզ»:

 

քոուլ

NATALIE COLE. “EN ESPANOL”

4 տարի առաջ Նատալի Քոուլի կյանքը փրկեցին՝ ի հաշիվ սալվադորցի երիտասարդ կնոջ երիկամի, և երգչուհու մոտ ակնհայտ հակում առաջացավ իսպանալեզու երգերի հանդեպ: Իսկ գուցե այդ ամենը հուզական ոլորտում էր, և Քոուլը պարզապես իր երախտագիտությունն էր հայտնում սալվադորցիներին, նրանց հետ էլ՝ իսպանացիներին, կուբացիներին, արգենտինացիներին, նիկարագուացիներին և բոլոր իսպանախոսներին: Համենայն դեպս, երկարատև կատարողական կյանքում առաջին անգամ նա ներկայացավ իսպանալեզու ալբոմով ճիշտ այնպես, ինչպես շատ տարիներ առաջ դա արել էր նրա հռչակավոր հայրը` Նաթ Քինգ Քոուլը: Ընտրությունը կանխատեսելի է և հասկանալի. լավագույնը, որ կա լատինամերիկյան երգում՝ սկսած «Besame Mucho»-ից՝ կատարված ավելի քան տպավորիչ դուետով Անդրեա Բոչելլիի հետ, վերջացրած «Oye Como Va»-ով, որը ոչ թե Տիտո Պուենտեի հայտնի երգն է, այլ այդ և այլ երգերից հատվածներ ընդգրկող պոպուրի: Կառուցվածքից թերևս դուրս է և անհամոզիչ «Բիթլզ»-ի «And I Love Her»-ի իսպաներեն տարբերակը: Մնացածը, նաև դուետը Խուան Լուիս Գուերայի հետ, գերազանց են: Եվ իհարկե, Նատալին այստեղ նույնպես առաջարկել է արդեն ավանդական դարձող արհեստական դուետ Նաթ Քինգ Քոուլի հետ՝ իր ձայնը տեղադրելով հոր՝ 1958-ին երգած «Acercate mas» երգի վրա:

 

Գրել կարծիք