Երեք գիրք, որ պետք է կարդալ այս ձմռանը

Երեք գիրք, որ պետք է կարդալ այս ձմռանը

Գյուրջիևը կստիպի արթնացնել ընդարմացած մտածողությունը, Գարդները՝ հասկանալ անսահման տիեզերքը, Սաֆոնը՝ վերանայել միստիկ անցյալը: newmag-ն առաջարկում է երեք գիրք, որոնք ձմեռային երեկոները կդարձնեն ավելի իմաստալի:

Գեորգի  Գյուրջիևdownload.  «Ամենն ամենայնիվ կամ Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը»

Փիլիսոփայական-ֆանտաստիկ այս պատումի, որի գլխավոր հերոսը աստվածաշնչյան դիվապետ Բեհեղզեբուղն է, հիմնական նպատակը մարդու ընդարմացած մտածողությունն արթնացնելն է:

Բավական ծավալուն ներածության մեջ հեղինակը դիմում է ընթերցողին` զգուշացնելով, որ «…իմ գրվածքները կարող են քեզ թվալ շատ ու շատ անբարեհունչ. Իսկ դրա արդյունքում գիտե՞ս, թե ինչդ կարող ես կորցնել… սիրածդ կերակուրն ուտելու ցանկությունը և կարծիքդ քո հոգևոր բացառիկության մասին, որն ամենից շատ է գրգիռ տալիս քո «ներսին» և իսկույն տպվում դեմքիդ, հենց որ սևահեր հարևանուհիդ հայտնվում է քո տեսադաշտում»:

Գրականագետները Գյուրջիևին ներկայացնում է ձեն-բուդդայականության կամ սոկրատեսյան դպրոցի շարունակող, սակայն Գյուրջիևը սեփական ուսմունքը բնորոշում էր որպես էզոտերիկ քրիստոնեություն:


1766513

Մարտին Գարդներ.  «Հարաբերականության տեսությունը՝ միլիոնների համար»

Մեր կյանքում շատ են այն իրավիճակները, որ որևէ բանի մասին խոսում են գրեթե բոլորը, սակայն քչերը գիտեն դրա ճիշտ իմաստն ու բացատրությունը:

Նման թյուրըմբռնման վտանգը մշտապես հետապնդում է առօրեական կյանքում հարաբերականության տեսության շուրջ զրույց վարողներին և գովազդերում նույն այս թեմայով անտեղի փիլիսոփայողներին, որոնցից թերևս քչերին է ծանոթ հարաբերականության տեսությունը:

Եվ ահա մեզ օգնության է գալիս մեծն «բացատրող» Մ.Գարդները, որ, ինչպես ինքն է նշում, այս խնդրին վերաբերող ահռելի քանակությամբ գրականության պարագայում չի դիմացել հարաբերականության տեսությունը մեզ ավելի պարզ ու մատչելի և, ամենակարևորը, Անտոնի Ռավիելիի փայլուն նկարազարդումների օգնությամբ մեկ անգամ ևս բացատրելու գայթակղությանը:

Գրքի 10 գլուխներում հեղինակը քննում է ժամանակի, տարածության, ձգողականության, տիեզերական մարմինների կշռի թեմաները:


9780753826850-uk-300Կարլոս Ռուիս Սաֆոն.  «Քամու ստվերը»

Իսպանացի գրող Կարլոս Սաֆոնի երկու վեպերը` «Քամու ստվերը» և «Հրեշտակի խաղը», գրաքննադատներն անվանել են «նոր երևույթ ժամանակակից արձակի մշակութային տարածքում»:

«Քամու ստվերը» վեպը թարգմանվել է 30 լեզվով, 40 երկրում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ: Չնայած վեպում ծավալվող իրադարձություններն ընդգըրկում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդող քսան տարիները, այն գրված է միջնադարյան գոթական վեպի լավագույն ավանդույթներին համահունչ:

Գրքի մեկնարկը հիշեցնում է Մարկեսի հանրահայտ վեպի առաջին տողերը. «Այսօրվա նման հիշում եմ այն վաղ առավոտը, երբ հայրս առաջին անգամ ինձ տարավ Մոռացված Գրքերի Գերեզմանոց»: Այստեղ նույնպես հանդիպումը (խորհրդավոր և տարօրինակ գրքի հետ) բախտորոշ է դառնում վեպի հերոս Դանիելի համար, նրան նետում է կյանքի նոր չափումների, անցյալի լաբիրինթոսի, գիտակցության անվերջության հորձանուտները:

Գրել կարծիք