[ Նոր բրենդ ] Nairian. Հայրենի բնության հարազատ բույրերը

[ Նոր բրենդ ] Nairian. Հայրենի բնության հարազատ բույրերը

newmag-ը շրջել է «Նաիրիան» արտերում, եղել եթերային յուղերի և բնական կոսմետիկայի առաջին լաբորատորիայում և, ահա, թե ինչ տպավորություններ է գրի առել:

logoԱրա և Անահիտ Մարկոսյանները Արա լեռան ստորոտին 4 տարի առաջ հայտնաբերում են հսկայական մի «գանձարան»: Ամուսինները, թողնելով Սիլիկոնային հովիտը, վերադառնում են Հայաստան և Արագյուղում՝ նախկին կարի գործարանի տեղում, հիմնում եթերային յուղերի և բնական կոսմետիկայի առաջին լաբորատորիան: «Գանձարան»-ը լեռան ստորոտին ծվարած գյուղի հարուստ բնաշխարհն էր և մաքուր էկոլոգիան, ինչը բնական կոսմետիկայի արտադրության համար կարևոր պայման է: Հիմնվում է «Նաիրիան»-ը, և քիմիայի, բուսաբուծության և արոմաթերապիայի բանիմաց մասնագետները ստեղծում են գիտության և բնության դաշինք:

♦♦♦

Վա՞րդ, մելիսա՞, գուցե լավա՞նդա, ո՞ւրց կամ ցիտրո՞ւս. մինչև փորձում ես հասկանալ՝ ինչ բույր է պտտվում օդում, բուրմունքն ուղղորդում է «Նաիրիանի» պարֆյումերի աշխատասեղան:

LUM_4133

Ֆրանսահայ Շիրազի սեղանին տարբեր չափերի տարաներ են՝ անուշաբույր եթերայուղերով:  Շիրազը, նաիրիան հոտերն իրար խառնելով, ստեղծում է նոր բույրեր և  համադրություններ: Հարցազրույցի ժամանակ նոր բույր էր ստանում շամպունի և սենյակի արոմատացման համար: «Ինձ մեր գիտնականներն ասում են, թե որ քսուքի մեջ ինչ եթերային յուղեր պիտի լինեն` կախված դրանց հատկություններից: Ես էլ փորձում եմ այդ եթերայուղերի այնպիսի խառնուրդ ստանալ, որ մարդու համար հաճելի լինի»:

IMG_6602

«Նաիրիան»-ն ընտրել է բնական կոսմետիկայի եվրոպական ամենախիստ` ECOCERT ստանդարտը՝ 100% բնական հումք: Որևէ նյութ չպետք է նավթաքիմիայի արդյունք լինի, չպետք է վնասի ոչ միայն մարդու առողջությանը, այլ նաև շրջակա միջավայրին: Ընկերության համահիմնադիր և գիտական գծով տնօրեն  Անահիտն ընդգծում է. եթե կոմսետիկայի պիտանիության ժամկետը 3 տարի է, այն բնական լինել չի կարող: «Նաիրիան»-ի ապրանքատեսակների պահպանման ժամկետը մեկ տարի է: Այժմ ուսումնասիրություններ են կատարում ևս մեկ տարով երկարացնելու համար, պատրաստվում են մտնել ռուսական և ամերիկյան շուկաներ: Հայկական կոսմետիկան կվաճառվի նաև առցանց:

IMG_6559

«ԱՄՆ-ում կանայք  առաջինը կարդում են կոսմետիկայի բաղադրիչները, «Նաիրիան»-ի դեպքում մեկ արձագանք է լինում՝ «սա այն է, ինչ ուզում եմ օգտագործել»: Եթերայուղերից բացի, մենք օգտագործում ենք սառը ճզմման մեթոդով ստացվող յուղեր,  որոնք հեշտ ենք ստանում (մասուրի, չիչխանի, նռան կորիզի յուղերն են), բայց դրանք աշխարհում հազվագյուտ են : Առհասարակ  քսուքներում կիրառվում է հանքային յուղ, որը նավթային ծագում ունի, կամ օգտագործվում է այս յուղերից միայն մեկը: «Նաիրիան»-ն ունի քսուք, որտեղ երեքն էլ կան»:

♦♦♦

5

Ապակուց այն կողմ «մաքուր» սենյակն է՝ այստեղ մանրէների մուտքն արգելված է: Լաբորատորիայի այս սենյակում աշխատում են Լիլիթը և Մարիետան: Խոնավացնող, սնող, մաքրող՝ պատրաստի քսուքները նրանք լցնում են տարաների մեջ և փաթեթավորում: Լիլիթը քիմիական ֆակուլտետի ուսանող է, Մարիետան Արագյուղից է, սովորել է գործի բոլոր նրբությունները և արդեն մեկ տարի օգնում է գիտաշխատողներին: Հարցազրույցի ժամանակ ավագ գիտաշխատող Արփին լաբորատորիայում չէր, մեկնել էր Չիկագո՝ դերմատոլոգների համաշխարհային կոնֆերանսին: Այնտեղ նա ներկայացնում էր «Նաիրիան»-ի  հետազոտությունը մուրաբայի (դամասկյան) վարդի եթերայուղի մասին։ Անահիտն ընդգծում է. առաջին անգամ Հայաստանում դամասկյան  վարդից պատրաստվել է եթերայուղ և այդ մասին գիտական ուսումնասիրություն արվել, որն էլ ներկայացվել է աշխարհին: «Նաիրիան»-ի կանաչ արտադրությունը հիմնվում է միայն գիտական հետազոտությունների  վրա,  ցանկացած արտադրանք ստեղծվում է մանրակրկիտ ուսումնասիրությունից և փորձարկումներից հետո:

IMG_6663 IMG_6675 IMG_6678

Եթերայուղերի թորման, մաքրման, զտման լաբորատորիայի անհրաժեշտ սարքերը հիմնականում հին գործարաններից են. դրանք նորոգվում են, թարմացվում և օգտագործվում. «Նաիրիան»-ում իսկապես գնահատում են վերօգտագործման գաղափարը, և ինչպես ասում է «Նաիրիան» լաբորատորիայի վարիչ Սամվելը. «Մեր սարքերն ավելի որակով են, քանի որ մեր ձեռքով ենք սարքել»:

«Նաիրիան»-ի  1հա դաշտային տարածքում աճեցվում են ավելի քան 40 տեսակի բույսերը: Այստեղ աշխատում է Արագյուղից 15 հոգի: Տիկին Իրինան, Ոսկին և Հռիփսիկը մոլախոտի դեմ պայքարում են ոչ թե քիմիկատներով, այլ սեփական ձեռքերով: Մոլախոտերը հատ-հատ արմատախիլ են անում, անհրաժեշտ մրգերի կորիզները ձեռքով կոտրում: Սա էլ պատճառներից մեկն է, թե ինչու է «Նաիրիան»-ի կոսմետիկան թանկարժեք. այն ձեռքի աշխատանք է, օրգանիկ և բուժիչ:

LUM_3083

«Նաիրիան»-ը 30-ից ավելի ապրանքատեսակ ունի` նախատեսված դեմքի, լոգանքի և մարմնի խնամքի համար: Կա նաև օճառների մեծ տեսականի: Ստանում են մոտ 20 տեսակի եթերայուղեր, թորման ընթացքում եթերայուղից առանձնացած հեղուկը՝ հիդրոզոլը, օգտագործվում է քսուքներում: «Սովորաբար քսուքներում 50-80%-ը ջուր է: Մենք ջրի փոխարեն օգտագործում ենք  վարդի ջուր` հիդրոզոլ, մելիսայի հիդրոզոլ, որոնք  մաշկի համար շատ օգտակար են»:

Ինչո՞ւ ընտրեցին Արագյուղը: Եթերային յուղեր պարունակող բույսերը հարուստ են լինում, երբ աճում են ծովի մակարդակից ավելի քան 1200 մ բարձրության վրա: Բարձր լինելուց բացի, Արագյուղում շատ են արևային օրերը, շոգ չէ, հողը հրաբխային է՝ հարուստ հանքային նյութերով:

1

– Արագյուղի հարցում մեր  բախտը բերել է՝ այստեղ սևահող է, բերրի,  աճում է ամեն ինչ՝առանց պարարտանյութի»:

– Եթերայուղեր պարունակող բույսերի մշակման ոլորտը զարգացնելը նաև մեկ այլ կողմից է կարևոր. բացի նրանից, որ մենք ստանում ենք փոքր ծավալի, արտահանման համար կատարյալ արտադրանք, սա նաև թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի գյուղատնտեսությունը` աճեցնելով եղանակային կամակորությունների հանդեպ կայուն բույսեր:» – ավելացնում է «Նաիրիան»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը:

♦♦♦

Ամերիկահայ Րաֆֆին «Նաիրիան»-ի գլխավոր բուսաբանն է, հողի հետ աշխատում է ժամանակակից  մեթոդներով: Մոլախոտերի դեմ էլ պայքարում է նոր ու ամենակարևորը` օրգանիկ ձևով:

IMG_6702

«Հնձած խոտը լցնում ենք հողին,  մոլախոտեր դուրս չեն գալիս,  հողն էլ երկար ժամանակ մնում է խոնավ: Մեկ մեթոդ էլ կա բույսերի արագ արմատակալման համար: Ուռենու ճյուղերից պատրաստում ենք թուրմ,  այն աճի հորմոն է պարունակում: Տնկիները ստացված թուրմում մի քանի րոպե պահելուց հետո դնում ենք հողը»: 

«Նաիրիան»-ը խնայում է շրջակա միջավայրը: Քսուքների մեծ մասի տարաները կարելի է վերաօգտագործել, դրանք ուղարկվում են լաբորատորիա, ախտահանվում և լցվում նոր, թարմ կոսմետիկայով և վաճառվում ավելի ցածր գնով:

13

Արագյուղում մեղրատու ծաղիկներն այնքան շատ են, որ նաիրիանցիները որոշել են փեթակներ տեղադրել: Մի ծաղիկը թառամում է` մյուսն է բացվում, տեղանքը մեղրի իսկական դրախտ է:

«Նաիրիան» լաբի տարածքում առաջիկայում կլինի նաև սրճարան: Զբոսաշրջիկները կարող են հետևել կանաչ արտադրությանն ու սեփական ձեռքերով պատրաստել իրենց կոսմետիկ միջոցը: Վերջում էլ կհամտեսեն տիկին Հասմիկի կեքսերը:

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի, Դավիթ Բանուչյանի

Գրել կարծիք