Ամիրյան 4/3. «NATIONAL» հյուրանոց

Ամիրյան 4/3. «NATIONAL» հյուրանոց

Զբոսաշրջության խնդիրների, մարտահրավերների, նոր ռազմավարության անհրաժեշտության մասին newmag-ը զրուցել է հինգաստղանի National հյուրանոցի տնօրեն, բիզնես մենեջեր Սարգիս Ղազարյանի հետ:

– Հյուրանացային բիզնեսը Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում դարձավ մոդայիկ: Նախքան այդ՝ 2000-ականների սկզբին, արտասահմանից եկած հյուր և զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն Հայաստանում ընդամենը 3-4 հյուրանոց ուներ: Այժմ արդեն միայն հյուրանոցների թիվը հատում է 180-ը, իսկ ընդհանուր առմամբ հյուրանոցային օբյեկտները մոտ 330-ն են: Մրցակցությունը ծա՞նր է:

– Վերջին մեկ տարում միայն մեր հյուրանոցի շրջակայքում՝ մոտ 700 մետր շառավղով տարածքում, 21 նոր հյուրանոց է բացվել, որոնք առաջարկում են 936 ննջասենյակ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սենյակ ունի միջինը 2 ննջատեղ: Պարզ թվաբանությունը հուշում է, որ Երևանի կենտրոնում միայն մեկ տարում 2000 հավելյալ զբոսաշրջիկի սպասարկելու հնարավորություն է ստեղծվել: Բացի այդ՝ քաղաքի կենտրոնում արագ ավելանում են վարձով բնակարաններն և կացարանները: Այստեղ գործում է դասական տեսակը. առաջարկը ձևավորվում է պահանջարկի թելադրանքով, ընդ որում դա վերաբերում է նաև ծառայության որակին: Լավ հյուրանոցը լուրջ ներդրումների արդյունք է: Այդ գաղափարը մեզ ստիպում է միշտ լինել նորարար, թրենդային, հետաքրքիր և աչալուրջ: Ծառայությունների տեսականին, որակը և արժեքը պետք է լինեն համադրելի ու պետք է գրավեն հյուրերին:

IMG_3000

-Մրցունա՞կ են արդյոք գները: Երևանի հյուրանոցների գնային առաջարկները գրեթե չեն զիջում Արևմուտքի հյուրանոցների արժեքներին:

– Բիզնես բանաձևն է այդպիսին. եթե ծառայության համար կա վճարող, գինը պահպանում ես: Թեև կա գնային մի քանի առաջարկ: Առաջինը ռեգրեյթն է, այսինքն՝ այն գինն է, որը պաշտոնապես հայտարարվում է, հրապարակված է համացանցում: Մյուսը զբոսաշրջային գործակալությունների առաջարկած գինն է, որը ներառում է նաև այդ գործակալության շահույթը: Որպես գործարար պետք է հետևես, որ գործակալությունը պահպանի քո առաջարկի ճկունությունը: Հատուկ առաջարկ կա կորպորատիվ հաճախորդների համար՝ այն ձեռնարկությունների, որոնք հաճախ են հյուրեր ունենում արտասահմանից և մշտապես օգտվում են հենց մեր հյուրանոցից: Միջազգային ստանդարտներով գործում է բարձր, ցածր և միջին սեզոնի զբոսաշրջության սկզբունքը: Բարձր սեզոնին գները, իհարկե, բարձր են: Մեզ մոտ այն նկատվում է աշնան առաջին 2 ամիսներին և մարտ- ապրիլ ամիսներին: Սա պայմանավորված է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքով: Հյուրանոցային բիզնեսը լավագույն լակմուսային թուղթն է, որն արտացոլում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Վատ տեղ երկրորդ անգամ չեն գա, ապահով չլինի՝ չեն այցելի: Հյուրանոցների թիվը որքան ավելանա (թեկուզ թանկ ծառայություններով), այնքան լավ. նշանակում է, որ երկիրը զարգանում է:

– Այդուհանդերձ, որքա՞ն հյուրանոց է անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի լիովին բավարարվի պահանջարկը:

Ռուսաստանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում վերջին ամիսների դեպքերը հուշում են, որ նոր զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություն է ստեղծվել Հայաստանի համար: Ընդհանրապես, երբ ինչ-որ մեկի մոտ ճգնաժամ է, մյուսի համար դա հնարավորություն է. պետք է արագ կողմնորոշվել և օգտվել: Մենք ունենք փայլուն բնություն, ճարտարապետական, պատմական հուշարձաններ, հին ու նոր ոճի կառույցներ, որոնց մասին քչերը գիտեն: Հայաստանը կարող է նոր զբոսաշրջիկների ներգրավել, և ըստ այդմ՝ հայտնի կլինի, թե լրացուցիչ որքան հյուրանոց է պետք կառուցել:

– Զբոսաշրջության մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 141 երկրների մեջ այս տարի 89-րդ տեղում է, Ռուսաստանը` 45-րդ, Վրաստանը` 71-րդ, Ադրբեջանը` 84-րդ: Պատերազմող Ուկրաինային էլ ենք զիջում: Ինչո՞ւ:

– Ուշադրությո՛ւն դարձրեք այդ երկրների տարածքների մեծությանը, նրանց բնակլիմայական պայմաններին: Հայաստանում տուրիզմը սեզոնային է, four seasons չէ: Իհարկե, ճիշտ կառավարման պարագայում մենք կարող ենք ունենալ հրաշալի զբոսաշրջային իմիջ ամբողջ տարվա ընթացքում, և նույնիսկ եղած հյուրանոցների թիվը դեռ բավարար է: Բայց տեսե՛ք, թե ինչ եղավ այս տարի. 7-8 խոշոր միջոցառում կազմակերպվեցին միաժամանակ: Օրինակ՝ բժիշկների ու պատմաբանների միջազգային ֆորումները համընկան, մեկ շաբաթում 4000 հյուր եկավ Հայաստան: Այո՛, Երևանում ունենք մոտ 6,5 հազար ննջատեղ, բայց դա ամենևին չի նշանակում, որ հյուրերը համաձայն են մեկ սենյակում երկու հոգով բնակվել: Հիշե՛ք, թե ինչ էր կատարվում ապրիլի 24-ին. երևանյան հյուրանոցներում նույնիսկ մեկ ազատ տեղ գտնելն էր անհնար: Ցանկացած պարագայում հյուրանոցները երկրի այցեքարտն են, որովհետև հյուրը իր ժամանակի մի մեծ մասը հյուրանոցում է անցկացնում: Հետևաբար երկրի մասին տպավորությունը, զգացմունքները ձևավորվում են նաև հյուրանոցի շնորհիվ և հյուրանոցի պատերի ներքո:

rose-3

– Տպավորություն է, որ ցույց տալու շատ բան ունենք, բայց դեռ չկան ճիշտ ենթակառուցվածքները: Օրինակ՝ Բարսելոնայում տուրիստին դիմավորում են հենց օդակայանում, շատ ուշադիր են, այսինքն՝ նրան դիտարկում են որպես բիզնես աղբյուր, մարդու, որը եկել է ծախսելու: Իմ ընկալմամբ` մեզանում այդ պատկերացումը դեռ չկա: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում զբոսաշրջությունը, այդուամենայնիվ, դարձնել four seasons?

– Աշխարհում ընդամենը 13 երկիր կա, որոնք չունեն ծով և ելք դեպի ծով: Դրանիցից մեկը Հայաստանն է: Այսինքն՝ զբոսաշրջիկը մեզ մոտ գալիս է առավելապես օդային ճանապարհով, որն ամենաթանկն է: Այո՛, ունենք հրաշալի օդանավակայան, որը տարածաշրջանում փայլում է իր որակով: Բայց այստեղ ամեն ինչ վճարովի է: Ավիաընկերությունների համար ծառայությունները թանկ են: Աշխարհում քանի՞ երկիր կա, որտեղ օդակայանում բեռնասայլակի համար պետք է վճարել: Հայաստանին պետք են բյուջետային ավիաընկերություններ: Կառավարությունը քայլեր ձեռնարկում է արդեն: Չեխական ավիաուղիները վերականգնել է չվերթները, լեհական ԼՈՏ-ը շուտով կվերադառնա, հունական «Էգեյան» ավիաընկերությունը մտավ շուկա: Այսինքն՝ նախևառաջ պետք է ապահովել էժան մուտքը Հայաստան, որպեսզի տուրիստը նաև չսահմանափակվի միայն Երևանում 3-4 օր մնալով ու հետո տեղափոխվի տարածաշրջանի մյուս երկրները: Մենք ունենք հրաշալի կոթողներ, որոնց 1/10-ը շատ ու շատ երկրներ կերազեին ունենալ: Մեր Քարահունջը մեկը մեկին նման է Սթոունհենջին, բայց արտասահամանում ո՞վ գիտի Քարահունջի մասին:

– Կարծում եք՝ միայն օդակայանի սակագների վերանայումն ու եվրոպական հեռուստաալիքներով թանկ promo-ները բավակա՞ն են, որ նույն զբոսաշրջիկը երկրորդ անգամ գա Հայաստան:

– Դա խնդրի միայն մի մասն է: Իրականում Հայաստանին պետք են նաև սպասարկող անձնակազմի վերապատրաստման կրթօջախներ: Չկա կենտրոնացած ուսումնական հաստատություն, որը պատրաստում է մատուցող, բարմեն, խոհարար: Իհարկե, ինչ- որ հիմնարկներ կան՝ հնչեղ անուններով: Բայց սպասարկման ոլորտում կադրերի որակը դեռ վատ վիճակում է:

presidential-suite-4

– Լեզվաբանը, որը համացանցում ծանոթանում է այս կամ այն տեսարժան վայրի պատմությանը, կարո՞ղ է համարվել գիդ, զբոսավար:

– Նուրբ հարց է: Ուսյալ և կիրթ լինելը դեռ չի նշանակում, թե կարող ես երկիրը ճիշտ ներկայացնել և դա անել այնպես, որ զբոսաշրջիկը ցանկանա վերադառնալ այդ երկիր: Զբոսավարի պատրաստման խնդիրն էլ Հայաստանում լուծված չէ:

– Վերադառնանք հյուրանոցներին: Քանի՞ տարի է պետք, որպեսզի Երևանի նորակառույց հյուրանոցը սկսի հետ վերադարձնել ներդրումները: Բանկային համակարգին, օրինակ, 2-3 տարին բավական է, որ նա հետ բերի իր ներդրումները, իսկ հյուրանոցների դեպքում ինչպիսի՞ն է պատկերը:

– Հյուրանոցի համար 2-3 տարին շատ քիչ է: Հյուրանոցատերն իր ներդրումները վերականգնում է 10 տարվա ընթացքում: Սա պայմանավորված է տարբեր հանգամանքներով. որտեղ է տեղակայված հյուրանոցը, քանի սենյակ ունի, որքան են շենքի ծախսերը: Հայաստանում կան այնպիսի հյուրանոցներ, որոնք առաջիկա 20-25 տարվա ընթացքում չեն վերադարձնի ներդրումը: Եթե, օրինակ, շենքը սնամեջ է, այսինքն՝ մեջը դատարկ է, նշանակում է՝ ամռանը պետք է զովացնել, ձմռանը ջեռուցել. խոսքը ահռելի ծախսերի մասին է:

 – Ամեն դեպքում գործարարի հմտությունը երևում է նրա աշխատանքի արդյունքից և գտած լուծումներից:

– Այո՛, և այդ առումով հյուրանոցային բիզնեսում ամենակարևորը կապերն են ու հստակությունը: Եթե մենեջերը տեղի տա որակի և արժեքների հարցում, կկորցնի լրջությունը, հարգանքը և գործընկերների վստահությունը: Հյուրեր գրավելու հանար պետք է ոչ միայն գործի գիտակ լինես, այլ նաև պետք է մտքից միտք չցատկես:

presidential-suite-2

– Ամբողջ աշխարհում հյուրանոցի հեղինակությունն ապահովում են նաև նրա աստղերը: Հայաստանում այդ կանոնը գործո՞ւմ է:

– Հաստատ: Հայաստանյան հյուրանոցային բիզնեսում ես առաջին մենեջերներից էի, որոնց գլխավորած հյուրանոցը 5 աստղ ստացավ: Աստղերը պահել է պետք: Ավելի քան 60 կանոն կա, որոնց պետք է հետևես և, իհարկե, պարտաճանաչ վճարես յուրաքանչյուր աստղի համար: Տարեկան մեկ աստղային հաճույքի արժեքը 250 հազար դրամ է:

– «National»-ը 5-աստղանի է, գտնվում է քաղաքի կենտրոնում: Նշանակո՞ւմ է արդյոք, որ հյուրանոցի հիմնական հաճախորդներն արտասահմանցիներն են, այն էլ լիքը դրամապանակով:

– «National»-ի շենքը կառուցվել է որպես բնակելի, հետո է որոշվել այն վերածել հյուրանոցի: 2013-ին կար 38-39 սենյակ: 2 տարի է անցել, ու սենյակների թիվն արդեն 58 է: Երկու ամսից կլինի 76: Այսինքն՝ հյուրանոցը ընդլայնվում է: Իրավացի եք, մեր հաճախորդը էժան սեգմենտում չէ: Բայց թանկ ծառայություն վաճառելն ավելի ծանր է: Հարուստ արտասահմանցուն սպասարկելը բարդ գործ է: Նա պահանջկոտ է, երբեմն իր մասին չափից ավելի մեծ կարծիք ունի: Հիմնականում այլոց աչքերով դրական պատկերացում ձևավորած մարդիկ են: Թեև շատ են նաև այլ որակի հարուստները՝ ոչ միայն դրամապանակով: Իրական հարուստ հյուրին մենք անմիջապես առանձնացնում ենք իր վարքագծով, մոտեցումներով:

– Ո՞րն է հյուրանոցային բիզնես հաջողության բանաձևը: Ո՞ր գործիքները կարող են օգնել:

– Նախ՝ ամենօրյա, ամենժամյա ուշադրությունը և առաջին հերթին՝ աշխատակազմի նկատմամբ: Եթե նույնիսկ հյուրանոցի պատերը ոսկեզօծ լիեն, բայց չլինի հարիր սպասարկում, ջերմ վերաբերմունք, հյուրը շատ շուտ կմոռանա քո մասին: Մեր հյուրանոցի մեծահարուստ այցելուները առավել բծախնդիր են և որևէ առաջարկի կամ խնդրի պարագայում նախ ցանկանում են գործ ունենալ մենեջերի հետ: Բավական հանդուրժող եմ, բայց իմ աշխատակիցները լավ գիտեն, որ հյուրանոցի հասցեին ցանկացած դրական կամ բացասական արձագանք նախ ինձ է վերաբերում:

– Ի՞նչ բարձրաստիճան հյուրեր է ընդունել հյուրանոցը Ձեր ղեկավարության օրոք:

– Ընդամենը 2 ամիս առաջ «National»-ում հանգրվանել էր Իրանի փոխնախագահ-վարչապետը:

pool-1

– Եվ վերջում` Ձեր ակնկալիքները 2016 թ. զբոսաշրջությունից:

– 2016-ն ավելի լավն է լինելու, քան 2015-ը, որովհետև այս տարի Հայաստանը, իրոք, ճանաչելի դարձավ: Դրան նպաստեցին Սերժ Թանկյանի, Քիմ Քարդաշյանի այցերը, 100-ամյակի հիշատակի միջոցառումները, որոնք ավելի կարևոր են, քան, օրինակ, անհասկանալի մի շարք կոնֆերանսները… Ավելի ազատ հայացքներով մարդիկ գերադասում են ավելի շատ նմանվել այն մարդկանց, որոնք ավելի շատ են ուշադրության կենտրոնում, հանրային դեմքեր են: Առաջիկայում սպասվում է նույնպես հնչեղ անուններով հյուրերի այց. գալու են շոու բիզնեսի, գիտության, մշակույթի ոլորտներում հայտնի դեմքեր: Մեկ հյուրը իր հետևից բերում է ևս 4-ին: Այս առումով շատ կարևոր են նաև համացանցում զբոսաշրջիկների արձագանքները երկրի և հյուրանոցի մասին:

Գրել կարծիք