Ինչո՞ւ են թենիսիստ Նովակ Ջոկովիչի հաղթանակներն արդեն զզվեցնող

Ինչո՞ւ են թենիսիստ Նովակ Ջոկովիչի հաղթանակներն արդեն զզվեցնող

Վերջին հինգ տարում թենիսում ամենամեծ հաղթանակներն ասոցացվում են Նովակ Ջոկովիչի հետ: newmag-ի անդրադարձն աշխարհի լավագույն մարզիկներից մեկի անվերջանալի թվացող հաջողությունների եւ դրանց բանաձեւի մասին

Նովակ Ջոկովիչը լրացրեց իր կարիերայի միակ բացը` կարիերայում առաջին անգամ հաղթելով Ֆրանսիայի բաց առաջնությունում: Այս տարի մրցակցություն, որպես այդպիսին, չստացվեց: Մրցաշարի սկզբում վնասվածքի պատճառով իր մասնակցությունից հրաժարվեց Նոլեի ամենասկզբունքային մրցակիցների մեկը` Ռոջեր Ֆեդերերը, մի քանի փուլ հետո` նաեւ Ռոլան Գարոսի արքա, իննակի հաղթող Ռաֆայել Նադալը: Սերբին մնում էր կենտրոնանալ, քանի որ այսպիսի շանս նա վերջին հինգ տարում չէր ստացել: Եզրափակիչում նա 3-1 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյին ու բարձրացրեց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումը:

«Կատակելն իմ անհատականության մի մասն է: Ահա, թե ով եմ ես»

Առաքելությունը` կատարված: Ֆրանսիայի բաց առաջնությունում նա միշտ պարտվում էր գրունտի ամենաուժեղ թենիսիստներին: Չեմպիոնական տիտղոսին Ջոկովիչն ամենամոտը 2014 թվականին էր, երբ եզրափակիչում պարտվեց Ստեն Վավրինկային: Ամեն ամառ Ռոլան Գարոսը սերբի համար դառնում էր արկածային ճանապարհորդություն, որտեղ հաղթելու համար խանգարում էր օրինակ` արևը, որի առկայության ժամանակ Ջոկովիչն անհամեմատ թույլ է խաղում, 5 սեթանոց 4-5 ժամ տեւող հանդիպումները, որոնք խլում էին ահռելի էներգիա կամ այլ գործոններ: Բայց այս տարի Նոլեի չխանգարեց ոչինչ:

Հանդարտ բնավորություն և հումոր: Նա անթերի է սպորտում, սիրված՝ նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք հեռու են մարզաձևից։ Հիմնական գաղտնիքն այն է, որ լավ մարզիկ լինելուց բացի, նա օրինակելի հանրային կերպար է, հումորով ընկեր, խաղընկեր։ Հանդիպման ընթացքում կատարած նրա յուրաքանչյուր ժեստ դառնում է քննարկման առիթ։ Իսկ երեխաներին այնքան է սիրում, որ կարող է առանց դադարի ինքնագիր բաժանել ու լուսանկարվել կիլոմետրանոց հերթում կանգնած բոլոր փոքրիկների հետ։ Եվ դա ժամերով։ Անձրևի կամ արևի ժամանակ հովանոցը կիսում է իր ball boy-ի հետ, որին, անկասկած, չի ճանաչում. բնավորությունն է այդպես թելադրում։ Չհանձնվող և աշխատասեր կերպարը նրան մի քանի տարվա ընթացքում դարձրեց թենիսի բոլոր ժամանակների լավագույններից մեկը։ Նա, անկասկած, փոխեց թենիսը, իսկ հիմա դժվար է պատկերացնել, թե առաջիկա տարիներին ով կկարողա նրան գահընկեց անել թենիսի բարձունքից. այնտեղ Ջոկովիչը խորը արմատներ է գցել, որոնց հասնելու համար չգիտես, թե ինչ է հարկավոր։

Մարզավիճակի գագաթնակետն ու կարիերայի փառքը: 1997 թ-ին IBM-ը ստեղծեց շախմատային մեքենա, որը հաղթեց մարզաձևի անվիճելի առաջատար Գարի Կասպարովին: Աշխարհը դեռ չգիտեր, որ դրանից ուղիղ 10 տարի առաջ Սերբիայում «ստեղծել» էին ավելի կատարյալ մեքենա, որը կկոտրի մարդկային բոլոր հնարավոր ու անհնարին պատկերացումները: Ջոկովիչը ժամանակակից սպորտի ռոբոտային կերպարներից է, որին հաղթելը դառնում է անհավանական:

Իսկ հետո՞: Ջոկովիչը վերջնականապես համալրեց մեծագույն թենիսիստների շարքը: Նա դարձավ երրորդ գործող թենիսիստը, որը հաղթել է բոլոր չորս մեյջորներում: Սերբի հաջորդ նպատակը` Ռոդ Լեյվերի` 1969 թվականի նվաճումը կրկնելն է: Եթե աշխարհի ուժեղագույն թենիսիստն այս տարի հաղթի նաև Ուիմբլդոնում և Ամերիկայի բաց առաջնությունում` կնվաճի Մեծ սաղավարտը: Դրանց գումարելով նաև Ռիոյի Օլիմպիական ոսկին` Ջոկովիչը կնվաճի այսպես կոչված Ոսկե սաղավարտ, ինչը մինչև հիմա հաջողվել է անել միայն Շտեֆի Գրաֆին:

Գրել կարծիք