Homo Sapiens. Մեր ուղեղի առանձնահատկություններն ու կարողությունները

Homo Sapiens. Մեր ուղեղի առանձնահատկություններն ու կարողությունները

Թվում է, թե մարդը ստեղծարարությունների աստվածն է և ամեն ինչում գերազանցում է կենդանիներին: Մարդու ուղեղի առավելություններն ու թերությունները ներկայացնում է BBC-ի լրագրող Դեյվիդ Ռոբսոնը:

Մի փորձի արդյունքում հայտնաբերվել է, որ մեղուները կարող են զարգացնել արվեստի իրենց ճաշակը և տարբերել Մոնեի ու Պիկասսոյի նկարները: Կարող են նաև հաշվել մինչև չորսը, ճանաչել բարդ նշանները, սովորել իրենց դիտարկումների վրա և ազդանշանների միջոցով հաղորդակցվել: Սնունդ հայթհայթելու ճանապարհին նրանք գնահատում են տարբեր ծաղիկների միջև եղած հեռավորությունները և ծրագրում են բարդ ուղևորություններ, որպեսզի ծախսեն ավելի քիչ էներգիա և  հավաքեն ավելի շատ նեկտար։

Մարդու ուղեղում 100 հազարից ավելի նեյրոն կա, քան մեղուների մոտ, սակայն մարդկային շատ սովորություններ կարող ենք տեսնել մեղուների մոտ: Այսպիսով, ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ այդ «գորշ հեղուկը ( խմբ. – ուղեղը), ինչպե՞ս է այն մեզ տարբերում մյուս էակներից:

Արդյո՞ք մեր ուղեղը ավելորդ է:

Մեր օրգանիզմը օգտագործած սննդի մեկ հինգերորդը տրամադրում է 100 միլիարդ նեյրոնների միջև կապը ապահովելուն: Եթե մեր ուղեղի չափը մեզ ոչ մի առավելություն  չտար, մենք էներգիայի մեծ կորուստ կունենայինք:

Առավելություն ամեն դեպքում կա: Մեր մեծ ուղեղը օգնում է մեզ լինել արդյունավետ: Երբ մեղուները կեր են հայթհայթում, նրանք ամեն ինչ առանձին ուսումնասիրում են, իսկ չափերով մեծ կենդանիները բավարար բանականություն ունեն, որպեսզի կարողանան ամեն ինչ միանգամից գնահատել:


Ձեր ուղեղի գաղտնիքները. ինչպե՞ս հիշել հեշտ և արագ


Մեծ ուղեղի շնորհիվ մենք կարող ենք կատարել տարբեր առաջադրանքներ:

Ուղեղի մեծ չափերը մեծացնում է մեր հիշողության ծավալը: Այն ասես կրիչ լինի՝ որքան մեծ է ծավալը, այնքան մեծ է հիշողությունը։ Մեղուն կարող է հիշել ընդամենը մի քանի ազդանշան սննդի վերաբերյալ, իսկ  աղավնին  ճանաչում է  ավելի քան 1800 պատկեր: Եվ այս ամենը ոչինչ է մարդու հնարավորությունների հետ:

Լա՛վ, մենք ավելի շատ ենք հիշում: Եվ ի՞նչ:

Վաղուց հայտնի է, որ մակակիները ընկույզը կոտրում են քարով, իսկ նոր շոտլանդական ագռավը կեռիկներ է պատրաստում  ջարդված ճյուղերից, որպեսզի  փորելով հողից հանի և ուտի միջատներին: Սրանք բոլորը աշխատանքի տարրական  գործողություններ են: Նույնիսկ անողնաշարները հետ չեն մնում. ութոտնուկները դատարկ կոկոսը օգտագործում են որպես ապաստարան։

Բայց գիտակցությունը  հասանելի է միայն մարդուն:

Գիտակցությունը դժվար է հետազոտել: Սովորաբար դրա համար անցկացնում են հայելային թեստ. կենդանու վրա կարմիր նշան են անում, իսկ հետո նրան հայելու դիմաց են տանում: Եթե կենդանին նկատում է նշանը և փորձում է մաքրել այն, կարելի է ենթադրել, որ նա ճանաչում է իրեն հայելու մեջ, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ չափով  նա գիտակցություն ունի: Հայելում իրենց ճանաչում են շիմպանզեները, օրանգուտանները, գորիլաները, դելֆինները, կաչաղակները և նույնիսկ մրջյունները:

Այսինքն մենք ոչնչով չե՞նք տարբերվում:

Այդքան էլ այդպես չէ: Մի քանի ունակությունների շնորհիվ մենք տարբերվում ենք մյուս տեսակներից: Որպեսզի ավելի հեշտ հասկանանք, պատկերացրեք ճաշի սեղանի շուրջ ընտանեկան զրույց:

Առաջինը, որը աչք է ծակում խոսելու ընդունակությունն է: Օրվա ընթացքում ինչպիսին էլ որ լինեն մեր մտքերն ու զգացմունքները, մենք կարող ենք բառեր գտնել դրանք նկարագրելու համար: Ոչ մի կենդանի էակ չի կարող շփվել այդքան ազատ: Մեղուն իր պարի միջոցով կարող է հասկացնել ծաղկի տեղը, և նույնիսկ զգուշացնել շրջակայքում վտանգավոր միջատների մասին, բայց այդ պարը երբեք չի պատմի, թե ծաղկին հասնելու ճանապարհին ինչ է տեսել։

Մարդկային լեզուն նմանատիպ սահմանափակումներ չունի։ Բառերի օգնությամբ կարող ենք նկարագրել մեր զգացմունքները կամ բացատրել ֆիզիկայի օրենքները։ Եթե մենք չենք կարողանում նկարագրել որևէ բան, ապա նոր բառեր ենք հորինում։

Առավել հետաքրքիր է, որ մեր խոսակցությունները չեն սահմանափակվում ներկա ժամանակում, այլ կարող են պտտվել անցյալում տեղի ունեցած կամ ապագայում կայանալիք իրադարձությունների շուրջ։ Սա մարդկային յուրօրինակ ընդունակություններից մեկն է։

Ամենագլխավորն այն է, որ հիշելով անցյալը, մենք կարողանում ենք կանխագուշակել ապագան և ծրագրել մեր գործողությունները։ Ոչ մի ուրիշ կենդանի նման ունակություններ չունի։

Շնորհիվ լեզվի և ժամանակի մեջ մտավոր ճամփորդությունների, մենք կարողանում ենք կիսվել այլ մարդկանց հետ մեր փորձով և ստեղծում ենք գիտելիքի պաշար, որը  սերնդեսերունդ աճում է։ Առանց դրա գիտությունը, ճարտարապետություն, տեխնոլոգիաները և գիրը չէր զարգանա կամ ընդհանրապես չէր լինի։ Սա այն ընդհանուր միջոցներն էին, որոնք ձեզ օգնեցին կարդալ այս հոդվածը։

Գրել կարծիք