[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

newmag-ն առաջարկում է ընթերցել հանճարեղ ֆանտաստի` 1952-ին գրված կարճ պատմվածքը Լիլիթ Հովհաննիսյանի թարգմանությամբ:

Օդում` հովիտներից վեր, աստղերի տակ, գետի, լճակի, ճանապարհի վրայով թռչում էր Սեսին: Անտեսանելի, ինչպես նոր գարնանային քամիները, թարմ, ինչպես երեքնուկի բույրը մթնշաղոտ դաշտերում, թռչում էր նա: Նա ճախրում էր աղավնիների մեջ թեթև, ինչպես սպիտակ կզաքիս, կանգնում էր ծառերի վրա և ապրում էր ծաղիկների մեջ, և երբ փչում էր զեփյուռը, թռչում էր ծաղկաթերթիկների հետ: Նա բնակվում էր անանուխի պես զով դեղնականաչագույն գորտի մեջ` շողացող գետափոսի մոտ: Նա վազում էր բրդոտ շան մեջ և հաչում էր` ականջ դնելու հեռավոր ամբարներից եկող արձագանքներին: Նա ապրում էր ապրիլյան թարմ խոտի մեջ, արցունքի պես ջինջ խոնավության մեջ, որ ելնում էր մուշկաբույր հողից:
«Արդեն գարուն է, – մտածեց Սեսին: – Այս գիշեր ես կլինեմ աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր կենդանի բանում»:
Ահա նա կոկիկ ծղրիդների մեջ է` ճանապարհների խայտաբղետ կուպրոնի վրա, իսկ ահա լողում է երկաթե դարպասի վրայի ցողի մեջ: Իր կյանքի այս երեկոյան, երբ նա ընդամենը տասնյոթ տարեկան էր, նրա ճկուն, արագաշարժ միտքը անտեսանելիորեն ճախրում էր Իլինոյսի քամիների հետ:
«Ուզում եմ սիրահարվել», – ասել էր նա:
Նա դա ասել էր ընթրիքի ժամանակ: Նրա ծնողները լայնաբաց աչքերով քարացել էին իրենց աթոռների վրա: «Համբերություն, – եղել էր նրանց խորհուրդը, – հիշի՛ր` դու յուրահատուկ ես: Մեր ամբողջ ընտանիքն անսովոր ու յուրահատուկ է: Մենք չենք կարող խառնվել սովորական մարդկանց կամ ամուսնանալ նրանց հետ: Մենք կկորցնենք մեր մոգական կարողությունները, եթե այդպես վարվենք: Դու չես ցանկանում կորցնել «ճանապարհորդելու» քո մոգական կարողությունը, չէ՞: Այնպես որ, զգույշ եղիր: Զգու՛յշ եղիր»:
Սակայն իր բարձրադիր ննջարանում Սեսին օծանելիք ցողեց պարանոցին և պառկեց հովանոցով անկողնում` դողալով ու սրտի թրթիռով, մինչ կաթնագույն լուսինը բարձրացավ Իլինոյս աշխարհի վրա` վերածելով գետերը սերուցքի, իսկ ճանապարհները` պլատինի:
—Այո, – հառաչեց նա, – ես արտասովոր ընտանիքի անդամ եմ: Մենք քնում ենք ցերեկը, իսկ գիշերը` քամու հետ սավառնում, ինչպես սև ուրուրներ: Եթե ցանկանանք, կարող ենք ամբողջ ձմեռ տաք հողի տակ քուն մտնել խլուրդների մեջ: Ես կարող եմ գտնվել ամեն ինչի մեջ` լեռնային բյուրեղի, քրքմածաղիկի, աղոթող ուխտագնացի: Ես կարող եմ իմ պարզ, հողեղեն մարմինը թողնել այստեղ, իսկ հոգիս ուղարկել հեռու` արկածների հետևից: Հիմա՛:
Քամին նրան քշեց-տարավ դաշտերի ու մարգագետինների վրայով:
Նա տեսավ տներից և ֆերմաներից առկայծող ջերմ գարնանային լույսերը, որ շողշողում էին մայրամուտի գույներով:
«Եթե ես ինքս չեմ կարող սիրահարվել, քանի որ պարզ ու անսովոր եմ, ուրեմն կսիրահարվեմ մեկ ուրիշի միջոցով», – մտածեց նա:
Գարնանային գիշերվա մեջ ֆերմային կից տան մոտ մի աղջիկ` մուգ վարսերով, մոտավորապես տասնինը տարեկան, խորը քարե ջրհորից ջուր էր հանում: Նա երգում էր:
Սեսին, վերածվելով կանաչ տերևի, ընկավ ջրհորի մեջ: Նա պառկել էր ջրհորի փափուկ մամուռի մեջ և մութ զովության մեջից նայում էր վեր: Ահա նա թռչկոտող անտեսանելի ամեոբայի մեջ է: Ահա` ջրի կաթիլի մեջ: Ի վերջո, սառը բաժակի ներսում նա զգաց` ինչպես է բարձրանում դեպի աղջկա շուրթերը: Գիշերվա օդում լսվեցին կումերի մեղմ ձայները:
Սեսին աղջկա աչքերով նայեց շուրջը:
Նա թափանցեց մութ գլխի ներսը և փայլուն աչքերի խորքից նայեց այն ձեռքերին, որ քաշում էին կոպիտ պարանը: Նա ականջների խեցիներով ականջ դրեց աղջկա աշխարհին: Նրա նրբազգաց քթանցքերով նա որսաց մի անծանոթ տիեզերքի բույր, զգաց այս առանձնահատուկ սրտխփոցը: Զգաց այս օտար լեզվի շարժումները, երբ նա երգում էր:
«Տեսնես` նա գիտի՞, որ ես այստեղ եմ», – մտածեց Սեսին:
Աղջիկը խորը շունչ քաշեց: Նա հայացքը հառեց գիշերային մարգագետիններին:
—Ո՞վ կա այդտեղ:
Ոչ մի արձագանք:
—Միայն քամին է, – պատասխանեց Սեսին:
—Միայն քամին, – աղջիկը դողդողալով ծիծաղեց ինքն իր վրա:

Գրել կարծիք