[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

newmag-ն առաջարկում է ընթերցել հանճարեղ ֆանտաստի` 1952-ին գրված կարճ պատմվածքը Լիլիթ Հովհաննիսյանի թարգմանությամբ:

Գեղեցիկ էր այդ աղջկա մարմինը: Քնքուշ մաշկը ծածկում էր բարեկազմ, փղոսկրի պես հրաշալի ոսկորները: Նրա ուղեղն ասես խավարում ծաղկած վարդագույն թեյի վարդ լիներ, բերանը բուրում էր խնձորի գինու անուշահոտությամբ: Շուրթերն ամուր գրկել էին ձյունաճերմակ ատամները, հոնքերը կամարներ էին գցել աշխարհի վրա, իսկ մազերը` փափուկ ու նուրբ, թափվում էին կաթնագույն պարանոցին: Քիթը նայում էր լուսնին, իսկ այտերը շողշողում էին փոքրիկ կրակների նման: Մարմինը փետուրի թեթևությամբ մի շարժումից մյուսն էր անցնում և, ասես, անդադար ինչ-որ բան էր երգում ինքն իրեն: Այս մարմնի, այս գլխի մեջ գտնվելը նման էր օջախի կրակից ջերմանալուն, քնած կատվի մռլտոցի մեջ ապրելուն, գիշերը դեպի ծով հոսող տաք գետակի մեջ լողալուն:
«Ինձ այստեղ դուր կգա», – մտածեց Սեսին:
— Ի՞նչ, – հարցրեց աղջիկը, ասես ինչ-որ ձայն էր լսել:
— Անունդ ի՞նչ է, – հարցրեց Սեսին զգուշորեն:
— Էնն Լիրի, – աղջիկը ցնցվեց: – Ինչու՞ բարձրաձայն ասացի:
— Էնն, Էնն, – շշնջաց Սեսին, – դու կսիրահարվես, Էնն:
Սրան ասես ի պատասխան` ճանապարհից լսվեց մանրախճի վրայով շարժվող անիվների չխկչխկոցն ու ճռճռոցը: Մոտեցավ կառքը` ներսում մի բարձրահասակ երիտասարդ, որի ամրակազմ ձեռքերը բարձր պահել էին սանձը, իսկ ժպիտը լուսավորում էր ամբողջ բակը:
— Այդ դու՞ ես, Թոմ:
— Ուրիշ էլ ո՞վ, – ցատկելով կառքից` նա սանձը կապեց ցանկապատին:
— Ես չե՛մ խոսում քեզ հետ, – Էննը կտրուկ շրջվեց, և ջուրը ցայտեց նրա ձեռքի դույլից:
__ Ո՛չ, – բացականչեց Սեսին:
Էննը քար կտրեց: Նա նայեց բլուրներին և գարնանային առաջին աստղերին: Նա հայացքն ուղղեց այն մարդու վրա, ում անունը Թոմ էր: Սեսին ստիպեց նրան ցած գցել դույլը:
—Տե՛ս, թե ինչ արեցիր:
Թոմը վազեց նրա մոտ:
—Տե՛ս, թե ինչ եղավ քո պատճառով:
Թոմը ծիծաղելով մաքրեց նրա կոշիկները թաշկինակով:
—Հեռացի՛ր, – նա ոտքով հարվածեց Թոմի ձեռքերին, սակայն Թոմը նորից ծիծաղեց, և հեռու-հեռվից նրան նայելով` Սեսին տեսավ նրա գլխի շարժումը, գանգի չափը, արծվաքիթը, աչքերի փայլը, լայն ուսերը, ամրակազմ ձեռքերը, որ թաշկինակով նրբորեն կատարում էին այս գործողությունը: Այդ գեղեցիկ գլխի գաղտնի ձեղնահարկից ցած նայելով` Սեսին քաշեց որովայնախոսության գաղտնի պղնձե մետաղալարը, և գեղեցիկ բերանից անմիջապես հնչեց` «Շնորհակալություն»:
—Օ՜, մի՞թե դու էլ կարող ես քաղաքավարի լինել:
Նրա ձեռքերի կաշվի հոտը և հագուստից եկող ախոռի հոտը հասան Էննի զգայուն քթանցքերին, և Սեսիի մարմինը հեռու-հեռվում` պառկած գիշերային մարգագետիններից և ծաղկաշատ դաշտերից այն կողմ, ասես երազում, անհանգիստ շարժում կատարեց:
—Միայն ո՛չ քեզ հետ, ո՛չ, – ասաց Էննը:
—Լռի՛ր, մեղմ խոսիր, – ասաց Սեսին: Նա Էննի մատները պարզեց դեպի Թոմի գլուխը: Էննը հետ քաշեց ձեռքը:
—Ես խելագարվել եմ:
—Այո, – նա գլխով արեց ժպտալով, բայց շփոթված: – Ուզում էիր դիպչե՞լ ինձ:
—Չգիտեմ: Օ՜, հեռացի՛ր, – նրա այտերն այրվում էին վարդագույն ածուխների պես:
—Ինչու՞ չես փախչում: Ես քեզ չեմ պահում, – Թոմը վեր ելավ: – Գուցե միտքդ փոխե՞լ ես: Այսօր երեկոյան ինձ հետ կգա՞ս պարելու: Դա շատ կարևոր է: Հետո կասեմ, թե ինչու:
—Ոչ, – ասաց Էննը:
—Այո՛, բացականչեց Սեսին: – Ես երբեք չեմ պարել: Ես ուզում եմ պարել: Ես երբեք խշխշացող երկար զգեստ չեմ հագել: Ուզու՛մ եմ: Ուզում եմ պարել ամբողջ գիշեր: Ես երբեք չեմ գտնվել պարող կնոջ մարմնում. մայրիկն ու հայրիկը երբեք թույլ չէին տա: Շներ, կատուներ, մորեխներ, տերևներ. ես տարբեր ժամանակներում փորձել եմ աշխարհի շատ բաներ, բայց երբեք չեմ եղել կնոջ մարմնում, գարնանը, այսպիսի գիշերով… Օ՜, խնդրում եմ, մենք պե՛տք է գնանք պարելու:

Գրել կարծիք