[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

newmag-ն առաջարկում է ընթերցել հանճարեղ ֆանտաստի` 1952-ին գրված կարճ պատմվածքը Լիլիթ Հովհաննիսյանի թարգմանությամբ:

Նա իր միտքը տարածեց այնպես, ինչպես մատներն են տարածվում նոր ձեռնոցի մեջ:
—Լավ, – ասաց Էնն Լիրին, – ես կգամ: Չգիտեմ` ինչու, բայց այս երեկո ես քեզ հետ պարելու կգամ, Թոմ:
—Իսկ հիմա ներս գնա, արա՛գ, – գոչեց Սեսին: – Դու դեռ պետք է լողանաս, ասես ծնողներիդ, պատրաստես զգեստդ, վերցրու՛ արդուկը, գործի՛ անցիր:
—Մայրի՛կ, – ասաց Էննը, – ես միտքս փոխել եմ:

Կառքը սլանում էր ճանապարհն ի վար: Տան սենյակները հանկարծ կյանքով էին լցվել. լոգանքի ջուրը եռում էր, ածուխի վառարանը տաքացնում էր արդուկը` զգեստը արդուկելու համար, մայրիկն այս ու այն կողմ էր շտապում` հերակալները բերանին:
—Քեզ ի՞նչ է եղել, Էնն: Թոմը քեզ դուր չի գալիս:
—Ճիշտ է, – հանկարծ Էննը կանգ առավ գործի ամենաթեժ պահին:
«Չէ՞ որ գարուն է», – մտածեց Սեսին:
—Գարուն է, – ասաց Էննը:
«Եվ հիանալի գիշեր է պարելու համար», – մտածեց Սեսին:
—… պարելու համար, – մրմնջաց Էնն Լիրին:
Ահա և նա տաշտի մեջ է, տարածում է օճառի փրփուրը իր սպիտակ ուսերի վրա, թևերի տակ օճառի կղզյակներ ստեղծում: Նրա ջերմ կրծքերը սահում են ձեռքերի մեջ, իսկ Սեսին շարժում է նրա շուրթերը, ստիպում ժպտալ, գործել: Նա չպետք է կանգ առնի, երկմտի, այլապես այս ողջ մնջախաղը կփլուզվի: Էնն Լիրին պետք է շարժման մեջ լինի, գործի, այստեղ լվա, այնտեղ օճառ քսի: Իսկ այժմ` դու՛րս: Չորանա՛լ սրբիչով: Օծանելի՛ք: Դիմափոշի՛:
—Է՛յ, դու՛, – գոչեց Էննը հայելու մեջ իր արտացոլանքին` ամբողջովին ճերմակ ու վարդագույն` նման շուշանների ու մեխակների: – Ո՞վ ես դու այս երեկո:
—Տասնյոթամյա աղջնակ, – Սեսին նայեց իր մանուշակագույն աչքերից: – Դու ինձ չես տեսնում: Գիտե՞ս, որ ես այստեղ եմ:
Էնն Լիրին օրորեց գլուխը.
—Իմ մարմինն ապրիլյան կախարդի ձեռքերում է, վստահ եմ:
—Մոտ ես, շատ մոտ, – ծիծաղեց Սեսին: – Իսկ հիմա հագնվի՛ր:
Ի՜նչ հաճելի է, երբ գեղեցիկ զգեստը գրկում է փթթող մարմինը: Իսկ դրսից արդեն կանչում են:
—Է՛նն, Թոմն այստեղ է:
—Ասա նրան, որ սպասի, – Էննը հանկարծ նստեց: – Ասա նրան, որ ես չեմ գնում պարելու:
—Ի՞նչ, – ասաց մայրը` կանգնած դռան արանքում:
Սեսին ակնթարթորեն կենտրոնացրեց ուշադրությունը: Այդպիսի ճակատագրական պահին նա շեղվել էր, միայն մի ակնթարթ լքել էր Էննի մարմինը: Նա լսել էր ձիերի սմբակների հեռավոր ձայնը, լուսնի լույսով լուսավորված ճանապարհով սլացող անիվների ճռռոցը: Մի պահ մտածել էր գնալ և գտնել Թոմին, թափանցել նրա մտքերի մեջ և հասկանալ, թե ինչ է զգում քսաներկուամյա երիտասարդն այդպիսի երեկոյան: Այսպես նա սլացել էր հավամրգու դաշտերի վրայով, ապա միանգամից հետ թռել, ինչպես թռչունը` դեպի իր վանդակ, իսկ հիմա սոսափում, գալարվում էր Էնն Լիրիի գլխում:
— Ասա՛ նրան` թող գնա:
—Է՛նն, – Սեսին հարմարվեց` տարածելով իր մտքերը:
Բայց Էննը կատաղության մեջ էր:
—Ո՛չ, ո՛չ, ես ատում եմ նրան:
«Ես չպետք է հեռանայի, նույնիսկ մեկ ակնթարթ: – Սեսին իրեն ենթարկեց երիտասարդ աղջկա ձեռքերը, սիրտը, գլուխը: Մեղմորեն, նրբորեն…- Կանգնի՛ր»:
Էննը ոտքի ելավ:
—Հագի՛ր վերարկուդ:
Էննը հագավ վերարկուն:
—Իսկ հիմա քայլի՛ր:
«Ո՛չ», – մտածեց Էնն Լիրին:
—Քայլի՛ր:
—Է՛նն, – ասաց Էննի մայրը, – հերիք է սպասեցնես Թոմին: Հենց հիմա դուրս արի` և առանց հնարքների: Քեզ ի՞նչ եղավ:
—Ոչինչ, մայրիկ: Բարի գիշեր: Մենք ուշ կվերադառնանք:
Էննը ու Սեսին սլացան գարնանային երեկոյին ընդառաջ:

Գրել կարծիք