[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

newmag-ն առաջարկում է ընթերցել հանճարեղ ֆանտաստի` 1952-ին գրված կարճ պատմվածքը Լիլիթ Հովհաննիսյանի թարգմանությամբ:

Գիշերը ջերմ էր, հողի բույրը պարուրել էր նրանց, իսկ թարմ ծառերի տերևները մեղմ շնչում էին իրենց տերևների սոսափյունով ու շրշյունով:
—Չգիտեմ, – ասաց Էննը:
—Բայց ե՛ս գիտեմ, – ասաց Սեսին, – դու բարձրահասակ ես, դու աշխարհի ամենագեղեցկատես տղամարդն ես: Այսօր հրաշալի երեկո է: Ես միշտ կհիշեմ այս երեկոն, որ քեզ հետ եմ անցկացրել: – Նա Էննի օտար, սառը ձեռքը պարզեց դեպի Թոմի դիմադրող ձեռքը, որպեսզի կրկին բռնի այն, ջերմացնի, ամուր սեղմի:
—Բայց ի՞նչ է եղել քեզ այսօր, – ասաց Թոմը` թարթելով աչքերը: – Մեկ մի բան ես ասում, մեկ` ուրիշ: Այս գիշեր ես քեզ պարելու հրավիրեցի հանուն հին հուշերի: Ես սկզբում դրանով ոչինչ նկատի չունեի: Իսկ հետո, երբ կանգնած էինք ջրհորի մոտ, ես հասկացա, որ դու փոխվել էիր, իսկապես փոխվել էիր: Դու ուրիշ էիր: Ինչ-որ նոր, քնքուշ բան կար, մի բան… – նա փորձում էր հարմար բառ գտնել: – Չգիտեմ, չեմ կարող ասել: Քո արտաքինում… Ձայնում… Եվ ես գիտեմ. ես նորից սիրահարված եմ քեզ:
—Նրա՛ն չէ, – բացականչեց Սեսին, – ի՛նձ:
—Եվ ես վախենում եմ քեզ սիրահարվել, – ասաց նա: – Դու նորից ինձ ցավ կպատճառես:
—Հնարավոր է, – ասաց Էննը:
«Ոչ, ոչ, ես ամբողջ սրտով կսիրեմ քեզ, – մտածում էր Սեսին: – Էնն, ասա՛ նրան, ասա՛ դա իմ փոխարեն: Ասա, որ ամբողջ սրտով կսիրես նրան»:
Էննը ոչինչ չասաց:
Թոմը դանդաղ մոտեցավ նրան և ձեռքը մոտեցրեց նրա կզակին:
—Ես հեռանում եմ: Ես աշխատանք եմ գտել այստեղից հարյուր մղոն հեռու: Կկարոտե՞ս ինձ:
—Այո, – ասացին Էնն ու Սեսին:
—Նշանակում է` կարո՞ղ եմ քեզ հրաժեշտի համբույր տալ:
—Այո, – ասաց Սեսին, մինչ Էննը կհասցներ պատասխանել:
Թոմը շրթունքները մոտեցրեց այդ օտար բերանին: Նա դողալով համբուրեց այդ օտար բերանը:
Էննը քարացել էր սպիտակ արձանի նման:
—Է՛նն, – ասաց Սեսին, – շարժիր ձեռքերդ, գրկիր նրան:
Էննը լուսնի լույսի ներքո ասես փայտե քանդակ լիներ:
Թոմը համբուրեց նրա շուրթերը:
—Ես սիրում եմ քեզ, – շշնջաց Սեսին, – ես այստեղ եմ: Այդ ինձ ես դու տեսնում նրա աչքերում, ի՛նձ, և ես կսիրեմ քեզ, նույնիսկ եթե նա երբեք չսիրի:
Թոմը մի կողմ քաշվեց` այնպիսի տեսքով, ասես մղոններ էր վազել: Նա նստեց Էննի կողքին:
—Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Մի պահ…
—Ի՞նչ, – հարցրեց Սեսին:
—Մի պահ ինձ թվաց… – նա ձեռքերը մոտեցրեց աչքերին: – Կարևոր չէ: Քեզ տուն տանե՞մ հիմա:
—Այո, խնդրում եմ, – ասաց Էնն Լիրին:
Նա մտրակեց ձիուն, հոգնած քաշեց սանձերը, և կառքը շարժվեց: Չխկչխկում էին անիվները, հարվածում մտրակները, և սլանում էր կառքը` լուսավորված լուսնի լույսով, իսկ շուրջը գարնանային գիշերն էր` ժամը 11-ը, և շուրջբոլորը սահում էին փայլփլուն մարգագետիններն ու երեքնուկի անուշաբույր դաշտերը:
Եվ Սեսին, նայելով դաշտերին ու մարգագետիններին, մտածեց. «Արժե, արժե ամեն ինչ տալ` այսօրվանից և ընդմիշտ նրա հետ լինելու համար»: Եվ նա կրկին լսեց իր ծնողների աղոտ ձայնը. «Զգույշ եղիր: Դու չես ցանկանում հասարակ մահկանացուի հետ ամուսնանալով կորցնել քո մոգական կարողությունները, չէ՞: Զգույշ եղիր: Քեզ դա դուր չէր գա»:
«Այո, այո, – մտածում էր Սեսին, – ես նույնիսկ դրանցից կհրաժարվեի, հիմա և այստեղ, եթե նա ինձ հետ լիներ: Այլևս կարիք չէր լինի թափառել գարնանային գիշերներով, ապրել թռչունների, շների, կատուների, աղվեսների մարմիններում: Ինձ միայն նա է պետք: Միայն նա: Միայն նա»:
Նրանք հետևում էին թողնում շշնջացող ճանապարհը:
—Թոմ, – վերջապես ասաց Էննը:
—Ի՞նչ, – նա սառը հայացքով նայում էր ճանապարհին, ձիուն, ծառերին, երկնքին, աստղերին:
—Եթե երբևէ հայտնվես Իլինոյսում` Գրին Թաունում, այստեղից մի քանի մղոն հեռավորության վրա, կարո՞ղ ես ինձ մի լավություն անել:
—Հավանաբար:
—Կարո՞ղ ես ինձ լավություն անել ու այցելել ընկերուհուս, – ասաց Էնն Լիրին հապաղելով, անվստահորեն:
—Ինչու՞:
—Նա իմ լավ ընկերուհին է: Ես նրան պատմել եմ քո մասին: Ես քեզ կտամ նրա հասցեն: Մի րոպե սպասիր:

Գրել կարծիք