Բաքվից` մազապուրծ, Երևանում` անօթևան. ադրբեջանահայերի անկեղծ զրուցները

Բաքվից` մազապուրծ, Երևանում` անօթևան. ադրբեջանահայերի անկեղծ զրուցները

newmag-ը ներկայացնում է ադրբեջանահայերի պատմությունները, թե որքան դժվար էր հաստատվել հայրենիքում ու դառնալ արևելահայ:

Հայերը Բաքվից Հայաստան սկսեցին տեղափոխվել 1988-ին: Քչերն էին գալիս Հայաստան, շատերը վստահ էին, որ իրենց ոչինչ չի պատահի: Հետո, ամեն ինչ ավելի արագ փոխվեց, իրադարձություններն ավելի արագ սկսեցին զարգանալ, թշնամությունը ավելի արագ աճեց, ջարդերը` անսպասելի սկսվեցին: Ընդհանուր առմամբ 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան է գաղթել 360 հազար հայ ( Բաքվից՝ 215.807 , Գյանջայից՝ 40.741, Սուգայիթից՝ 13.522 ):

Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալի՝ ՀՀ-ում քաղաքացիություն է ստացել 90.000 ադրբեջանահայ: Նրանցից շատերը մեկնել են արտասահման, մի մասը մնացել է:

68-59

Bizim düşmən gəlip  (մեր թշնամին եկավ) մի անգամ լսեցի աշխատանքի վայրում: Բաքվի 16-րդ գիշերօթիկ դպրոցում էի աշխատում: Իմ հանդեպ վերաբերմունքը փոխվեց Սումգայիթի ջարդերից հետո: Աշխատող 3 հայերից միայն ես էի մնացել: Տնօրենը ժողով արեց ու զգուշացրեց, որ կհեռացնի ազգային հողի վրա վիճաբանություն հրահրողներին: Ինձ հետ գրեթե չէին խոսում: Ամուսինս զինվորական էր, երկրից դուրս գալու իրավունք չունեինք, մինչև իրեն չտեղափոխեին:

Գորիս, Սվարանց գյուղ հասցեն քիմիական մատիտով գրեցի 4 տղաներիս մեջքին ու քրծքավանդակին: 1990-ի հունվարի 18-ն էր, լարվածությունը գագաթնակետին էր հասել: Մի ծանոթ եկավ մեր տուն ու հորդորեց արագ հեռանալ: Գնացի մանկապարտեզ, վերցրի տղաներիս և ուղևորվեցի նավահանգիստ: Ամուսնուս չտեսա, աշխատանքի էր: Մեզ լաստանավ նստեցրին, մեծահասակներին ու փոքրերին տեղավորեցին առանձին բաժիններում: Կրասնոդարում գտա Արմենին, Արամին ու Արամայիսին երեք որդիներիս, ամենափոքր տղաս՝   Արսենն այդպես էլ չհայտնվեց: Վազգեն Առաջինն օդանավ էր ուղարկել, որը մեզ տեղափոխեց Երևան:

Həsənov Sevil Tavadqızı անունով ադրբեջանուհու անձնագիր պատրաստեցին ինձ համար Երևանում: Փետրվարի վերջին Բաքու վերադարձա Արսենին կրտսեր որդուս գտնելու նպատակով ու հայ ընտանիքները Հայաստան տեղափոխելու հանձնարարությամբ: Տղայիս մասին տեղեկություններ չգտա: Բաքվում ապրում էի Ռազինա ավանի Արաբլինսկայա փողոցում, իմ հարևան հայ ընտանիքներին հավաքեցի ու տարա օդանավակայան: Այնտեղ ինձ մեկը ճանաչել էր ու մատնել, մեր խմբի վրա հարձակում գործեցին: Օդանավ նստեցինք միայն ռուս զինվորների միջամտությունից հետո: Գարնան վերջին ևս մեկ անգամ Բաքու վերադարձա: Իմ նախկին գործընկեր ադրբեջանցիներն էին օգնում, նրանց նվերներ էի տանում, ոսկի սիրող են: Առանց խոչընդոտների անցավ վերադարձը, բայց ընտանիքներին Արցախ տեղափոխելիս մեր ավտոբուսը Մարտակերտի ճանապարհին գնդակոծվեց: Մարմնիս վրա դեռ հետքերը երևում են:

Բաքվի 16-րդ հատուկ գիշերօթիկ դպրոցը փոխարինվեց Երևանի 17-րդ հատուկ գիշերօթիկ դպրոցով: Մինչև այժմ լոգոպեդ- մանկավարժ եմ այդ դպրոցում: Այդտեղ էլ ապրում եմ միջնեկ որդուս հետ, 2 սենյակ ենք զբաղեցնում: Դեռ սպասում եմ բնակարան ստանալու իմ հերթին:  Ղեկավարում եմ «Ղարաբաղ» հասարակական կազմակերպությունը, օգնում ենք գաղթածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Շատերը չգիտեն էլ, որ բաքվեցի եմ: Տարիներ առաջ լինում էր, որ բացասական երանգով էին բաքվեցի բառը արտասանում, այժմ նման բան չկա: Հիշում եմ` մի անգամ մեկն ասեց՝ ինքը փախստական է, բայց լավն է:

 

68-60

64-85-82. մինչև հիմա հիշում եմ տանս հեռախոսահամարը: Բաքվից հեռանալուց 8 տարի հետո զանգեցի: Մի կին վերցրեց, ասացի՝ ինչպե՞ս եք ապրում այդ բնակարանում: Հարցրեց՝ ո՞վ է: Պատասխանեցի՝ տան տիրուհին: Իմ ամուսնու պես իր ամուսինն էլ էր ստոմատոլոգ, Բաքվից հեռանալիս աշխատանքային շատ գործիքներ էինք թողել տանը: Կինը շնորհակալություն հայտնեց, ասաց՝  ամուսինն այդ գործիքներով գումար է վաստակում:

Բաքուն սարսափով եմ հիշում, այնտեղ լավ կյանք ենք ունեցել, բայց վերջին օրերին կատարվածը հիշողությունիցս չի ջնջվում: 1990-ի հունվարի 17-ին մեր տունը կողոպտեցին, առևանգեցին ինձ ու 1 տարեկան 10 ամսական աղջկաս (աղջիկս ծնվել էր Սումգայիթի դեպքերից հետո՝ 88-ի ապրիլի 1-ին): Ամուսինս լավ ծանոթություններ ուներ, կարողացավ մեզ փրկել, շատերն այդպես էլ դուրս չեկան գերությունից: Ընկերուհուս մեկ ամսական երեխային աչքիս առաջ վառարանը գցեցին: Բաքվից օդանավ նստեցինք ու մեկնեցինք Կազան, դիմեցինք հայկական ներկայացուցչություն: Մեզ հատակին տեղավորեցին, ասացին՝ ոչնչով չեն կարող օգնել, չնայած փախստականներին աջակցելու համար միջոցներ էին ստանում, որը վաճառում էին:  Կազանից Մոսկվա տեղափոխվեցինք, ապա` Երևան:

Երևանում ասացին, որ ինձ գումարով կօգնեն, ամուսնուս՝ ոչ. հայ չէ, հրեա է: Դուրս եկա միջանցք, վերցրի պատին փակցված ցուցակները: Բերեցի, դրեցի սեղանին. Հուսեյնով, Մամեդով, Ահմեդով… ասում եմ՝ տեսե՛ք, բոլոր երեխաներին, որոնց հայ կանայք մուսուլմաններից են ունեցել, օգնություն տրվում է: Իսկ իմ ամուսնուն, որի մայրը հայ է, ինքն էլ քրիստոնյա՝ ոչ: Այդպես էլ օգնություն չստացանք: Մեկ տարի վարձով ապրեցինք, նա սկսեց աշխատել ստոմատոլոգիական կլինիկայում: Աստիճանաբար վիճակը վատանում էր, 93-ին մեկնեցինք Թբիլիսի: 12 տարի ապրելուց հետո՝ 2006-ին, երբ ամուսինս մահացավ, վերադարձանք Հայաստան: Աշխատանքի անցա, որոշ ժամանակ վարձով էինք ապրում, մինչև որ հանրակացարանում սենյակ հատկացրին: Այդ սենյակն էլ  ո՛չ պատուհան ուներ, ո՛չ դուռ: Այժմ մի փոքր մաս ենք առանձնացրել սանհանգույցի համար: Աղջիկս արդեն 27 տարեկան է, աշխատանք չունի: Խանութում օրը 2000 դրամ եմ վաստակում:

Հայաստանը բաքվեցիների համար ոչինչ չի արել. փախստական էինք, այդպիսին էլ մնացել ենք: Սիրիահայ փախստականների համար այժմ շատ բան է արվում, մեզ համար գրեթե ոչինչ չարվեց: Գուցե ժամանակներն ու պայմաններն էին այլ…  չգիտեմ:

 

68-61

Բաքվից Երևան եկանք Սպիտակի երկրաշարժի օրը:  Զվարթնոց օդանավակայանում մեզ սպասում էր 3 ավտոբուս. Գավառ, Վարդենիս, Գորիս: Հայաստանում էի սովորել, գիտեի, որ վիճակը համեմատաբար լավ է Գավառում: Նստեցինք Գավառի ավտոբուսը, հաստատվեցինք Կամոյում: Այնտեղ մեզ շատ էին օգնում, սնունդ ու վառելիք էին հատկացնում: Ռուսաց լեզվի ուսուցիչ էի աշխատում գյուղի դպրոցում: 10 տարի հետո տեղափոխվեցինք Երևան: Վարձով էինք ապրում, մինչև որ 2010-ին 2-րդ մասիվի հանրակացարանում 1 սենյակ հատկացրին: Ես ու ամուսինս հաշմանդամության թոշակ ենք ստանում: 2 աղջիկ ունեմ, 1 տղա: Մի աղջիկս Ռուսաստանում է, մյուս երեխաներս Երևանում վարձով են ապրում: Դեռ սպասում ենք տուն ստանալու մեր հերթին: 1 սենյակ է մեզ հասնում:

Կար ժամանակ, որ «բաքվեցի» բառը բացասական իմաստով էին արտասանում: Մենք երբեք կոնֆլիկտի մեջ չենք մտել այդ մարդկանց հետ: Մեր` բաքվեցիներիս մեջ էլ վատ մարդիկ կային, գուցե վատ էին իրենց պահել: Երևի մտածում էին` իրենց հայրական տուն ենք եկել: Այդ ժամանակներն անցել են, այժմ նման վերաբերմունք չկա:

Ես ու ամուսինս Բաքվում ենք ծնվել ու մեծացել: Մինչև 1988-ն ապահով էինք զգում մեր ծննդավայրում: Սեպտեմբերի 1-ին աղջիկս գնաց դպրոց, հայերի հանդեպ վերաբերմունքն արդեն փոխվել էր: Հոկտեմբերին աղջկաս տուն էի բերում, տեսա՝ հայերի էին ծեծում: Մեկը նկատեց, որ հայ եմ՝ թքեց երեսիս: Շատ վախեցա, ադրբջանցի հարևանուհուս հանդիպեցի, խնդրեցի, որ տուն ուղեկցի: Նոյեմբերի 10-ից աղջիկս դպրոց չգնաց: Մեկ ամիս տնից դուրս չէինք գալիս, մեզ համար հաց էին գնում հարևան ադրբեջանցիները: Օդանավի տոմսերն էլ նրանք գնեցին:

Օդանավակայանի ճանապարհին ուզում էին մեզ դուրս գցել ավտոբուսից: Ետևում զինվորականներ կային նստած, նրանցից վախեցան ու դադարեցրին հարձակումը: Երևան տեղափոխվեցի երեխաներիս ու մորս հետ: Ամուսինս եկավ 1 ամիս անց միայն: Այդ ամբողջ ընթացքում ընկերոջ տանն էր թաքնվել: Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել, միայն մի խալի ենք բերել, որը կախված է հանրակացարանի մեր սենյակում:

newmag #68 մարտ / ապրիլ

Գրել կարծիք