Ռուբեն Հովսեփյան. Ես ձեր հիշողությունն եմ

Ռուբեն Հովսեփյան. Ես ձեր հիշողությունն եմ

newmag-ն առաջարկում է կարդալ ժամանակակից հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի պատմվածքը:

Ինքն իրենից առաջ ընկած ամառը նորելուկ հունիսը դարձրել էր օգոստոս, մարդկանց խաբել, թե բանջարանոցում, մի երեոսով հպված հողին, տրաքտրաքում է սրսուռ ձմերուկը, որի հյութը եթե լցվի ներսդ, իսկ թաց կճեպը որպես թասակ նստի գլխիդ, ապա էլ ինչ օգոստոս ու շոգ, Աստծո ծոցում քեզ զգա ու չրթիր, չրթիր կարմիր կորիզները մինչև իջնի փորիդ տռուզը: Այնինչ թութը նոր էր հասել, ավելի ճիշտ՝ ամեն տարվա պես հասել էր Ավետիքի վաղահասը, և հարևանները, ուրեմն, երևակայական ձմերուկի կորիզները չրթելով, եկել-շրջապատել էին կնճռապատ բնով ու ծուռտիկ ճյուղերով նրա թթենին, որի վրա վխտացող մրջյունները փորձում էին պատկերել Եգիպտոսի փառավոր պատմության բուրգաշինության շրջանը:

Ավետիքն ինքը ելել էր ծառը՝ հպարտ ու գոհ, որ հիսուն տարեկան ոսկորները ճկվում են առաջվա պես, իսկ ոտնամատներն ու ձեռքերը, պատանեկան զգայությամբ, որսում են ոչ միայն ճյուղերի, այլև տերևների դողոցքը: Անցած ամառների հետքերով լայն չարսավը բռնած ու հայացքները վեր պարզած հարևանները և կողակից Շամամը նման էին կռնատ մուրացիկների, որոնց գոգը, ամենաողորմածաբար, քաղցրություն էր գցելու ծառը: Իսկ թութը դեռ քաղցր չէր, առանց համտեսի էլ պարզ էր, որ քաղցր չէ, քաղցր լիներ՝ ճնճղուկները թողած կլինեին իրենց նշաննները: Ոչ մի կտցած հատիկ:

Ավետիքին թե՛ դուր եկավ իր համեմատությունը (որ հարևանները և կողակից Շամամը նման են կռնատ մուրացիկների) և թե՛ մտքերի մեջ գցեց, փոքր-ինչ անհարմար էր զգում խոստովանել, որ կես դար ապրելուց հետո է նման պարզունակ երևույթ քննարկում, բայց, ինչպես պարզեց միտքը ձևակերպելիս, այնքան էլ պարզունակ չէր երևույթը.Ամիսներով, տարիներով, գուցեև ամբողջ կյանքդ ապրում ես հարևաններիդ հետ կողք կողքի՝ միևնույն տափակ հողի վրա, և մտքովդ բոլորովին չի անցնում, որ նրանք այլ տեսք ու կերպարանք կունենան, եթե մի փոքր փոխես դիրքդ՝ կամ վերևից նայես նրանց, կամ՝ վարից: «Ճաղատդ գնալով մեծանում է»,- ամեն սափրելիս պարտադիր «բարևի» նման ասում էր վարսավիր Սիմոնը՝ Ավետիքին պահելով այն թյուրիմացության մեջ, թե նրա դիտողունակությունը զուտ մասնագիտական բնույթի է, թե ճաղատի զարգացումը նկատում են բոլորը, բայց ո՞ւմ պետքն է հաշվել սրա-նրա գլխի մազերը: Այնինչ՝ դիրքի հարց է. վարսավիր Սիմոնը ոտքի վրա է, իսկ դու՝ նստած, նա քեզ նայում է վերից: «Ըհը, նայում եմ վերից, և բոլորն էլ ճաղատ են,- մտքում ծիծաղեց Ավետիքը,- իսկ ես չգիտեի»:

– Աչքներդ փակ, բերաններդ՝ բաց,- վերից հրահանգեց Ավետիքը,- թափ եմ տալիս:- Եվ ոտքով զարկեց տակի ճյուղերին: Չարսավի եզրերից դեպի կենտրոն գլորվեցին հատիկները, կուտակվեցին, ծանրացան, դարձան կովի լիքը կուրծք (եթե նայես վարից): Տերևների արանքից սարդոստայնը ոսպնյակ դարձրած Ավետիքի աչքն ընկավ որբևայրի Արուսի արևահար պարանոցին, սահեց ցած ու դեմ առավ շրջազգեստի կարմիր երիզին, որի տակ պահ մտած թրթռում էին փափլիկ ու ճերմակ գնդերը: Ավետիքը փակեց աչքերը, տրվեց երևակայությանը, որ նրան կերպարանափոխեց թթի, գլորեց այդ անկուշտ ծոցը, որտեղ կարելի էր վերջնականապես քամվել՝ անհագուրդ ցանկության, և ավա՜ղ, սպառվող զորության մենամարտի վերքերից:

«Մի շնանա, մի շնանա, մի շնանա…»,- մտքում մի քանի անգամ կրկնեց Ավետիքը, ու երբ կրկնությունից աղոտացան բառերը, կորցրեցին իրենց նախնական իմաստը, բացեց աչքերը ու զարմացավ, որ ոչ ինքն է տեղից շարժվել, ոչ՝ Արուսը: Նույնիսկ սարդը չէր փոխել կենտրոնական իր դիրքը: Նա ձեռքով կտրատեց սարդոստայնը, հարվածներից մեկի ժամանակ զգալով սարդի տհաճ հպումը մատին, և արարքն արդարացնելու համար հոխորտաց, թե, ահա, այսկերպ կկռվի ուզածդ գայթակղության դեմ, բայց փափլիկ, ճերմակ գնդերը շարունակում էին ծիկրակել շրջազգեստի կարմիր երիզի տակից, չարախնդում էին Ավետիքի հոխորտանքի վրա, երբեմն էլ լկտիանալով, բացվում կիսով չափ՝ ցուցադրելով թթին շատ նման առողջ պտուկները:

– Արուս,- ցանկությունը ձայնից չզտելով՝ բղավեց Ավետիքը,- շորը ձախի վրա քաշիր,- և իսկույն էլ զգաց, որ ծուղակն ընկավ: Ծառի տակ հնդուհավի նման փքվեց Շամամը, բաց թողեց չարսավի իր ճոթը ու ոսկրոտ ձեռքերը վեր տնկած ծղրտաց.

– Գլուխդ հորեմ, ըհը, գլուխդ հորեմ… Ո՞նց ես թափ տալիս… Մայթը մուրտառեցիր, է…

Տարիներ առաջ, Երևանի հյուրանոցում, շուկայից ծանոթ մի կնոջ հետ Ավետիքը հրաշք գիշեր անցկացրեց: Կատաղի, փորձված կին էր, չէր բավարարվում Ավետիքի սիրո գիտելիքներով, քրքջում էր չհղկված, և, ուրեմն, կատարելության չհասած նրա գգվանքների վրա: Սկսեց դաս տալ: Հրաշք գիշերվա առաջին կեսը ուսուցողական ստացվեց, երկրորդը՝ քննական: Դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ մի վերջին, արդեն քույրական համբույր ստանալով, Ավետիքը տուն դարձավ սիրո փորձի վիթխարի պաշարով և, բնականաբար, փորձն անհապաղ իրագործելու վճռականությամբ, բայց անկողին մտնելուց առաջ Շամամն ամենայն մանրամասնությամբ պատմեց նախորդ գիշերվա իր երազը, որը, ի սարսափ Ավետիքի, հյուրանոցային հրաշք գիշերվա ճշգրիտ նկարագրությունն էր: Ավետիքն, իհարկե, ծաղրեց կնոջ անհեթեթ երազը, երևույթը բացատրեց խանդով, վախով, իսկ հոգու խորքում՝ խորհրդավոր ուժերի նկատմամբ ծնված սարսափի հետ, շոշափեց նաև կորստի ցավը. ստիպված էր մոռացության տալ ձեռքբերածը: Որպեսզի չմատնվի, Շամամի անկողնում նա, ի վերջո, ստրուկ դարձավ:

Մինչ Ավետիքը, զսպելով ծնկների դողը, հիշում էր անցածը, Շամամը հասցրեց շշպռել նաև Արուսին: Բոլոր որբևայրիների նման, Արուսը գիտեր տղամարդու հարգը և, իր ոչ հեռավոր անցյալը մոռացած, խրտնում էր, երբ մարդատեր հարևանուհիներից մեկը նեղում էր ամուսնուն: Ահա թե ինչու փոքր-ինչ կշտամբանքով ասաց Շամամին.

– Ես կավլեմ մայթը, Շամամ:

– Մաքրող ես,- տրաքեց Շամամը,- գնա քո… բակի կեղտերը մաքրի:- Անհրաժեշտ տեղում կարճ դադար տալով և վարպետորեն ձայնն իջեցնելով, Շամամը խոսքից գրեթե դուրս մղեց վիրավորանքի հարվածը մեղմող բառը, միաժամանակ իր համար ապահովելով մեղադրանքից խուսափելու վիճակ. «Ես բակիդ կեղտից էի խոսում, իմ ի՞նչ գործն է՝ խառնվել քո կեղտերին: Եվ հետո, Արուս աղջիկ, սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մրմռում»:

«Վա՛յ ես քո վհուկ ծնողը…»,- մտքում հայհոյեց Ավետիքն ու կատաղի թափ տվեց հերթական ճյուղը, առանց ստուգելու՝ չարսավը պատրա՞ստ է ընդունելու քաղղցր կարկուտը: Պատրաստ չէր, թթի մեծ մասը թափվեց մայթին, և դրանց ճխլվելը տղամարդկանց հիշեցրեց կանանց հետ իրենց կռիվների վերջնամասը, երբ լեզվից խեղճացած, տրամաբանությունդ խաթարված, բռունցքներիդ առաջմղումը մի կերպ զսպելով, հատակին ես զարկում առաջին իսկ պատահած իրը: Փշրվածքի տեսքը և փշրումի ձայնը մոգական ազդեցությունն են թողնում կանանց վրա: Աշխարհում դեռ ոչ մի գազազած կին չի շարունակել ճղճղոցը՝ ոտքերի տակ տեսնելով փշրանքներ: Ճղճղոցն իսկույն փոխվում է լացի, բայց ոչ՝ ափսոսանքի, թեև արցունքների միջից կինը, հնարավոր է, կողբա թանկարժեք իրի կորուստը նաև: Նա վախից է լալիս: Փշրվածքի տեսքը նա ընկալում է որպես ճակատագրի սպառնալիք՝ ահա այդպես էլ փշուր-փշուր կլինի երջանկությունդ: Եվ, առհասարակ, կնոջ բնությունը դեմ է փշրումին…

Շամամը երկու ձեռքով չանչեց ամուսնու, նույնն է թե՝ Աստծո ուղղությամբ, Արուսից բացի, բոլորը միջադեպը հարթված համարելով, ծիծաղեցին և ծիծաղի մեջ չնկատեցին էլ, թե ինչպես հայտնվեց այդ տարօրինակ ծերունին:

Խեղճ, բայց և մարտական կեցվածք ուներ նա: Աչքերն այնքան ջահել էին, պսպղուն, որ հարմար չէին գալիս ճերմակ մորուքին, ասես տարեց դերասան չունեցող գավառական թատրոնը անհաջող կեղծամով պատանյակ էր բեմ հանել: Նա կամ անցած դարերից ճամփա ընկած դերվիշ էր, կամ՝ մեղր ծախող, բայց անցած դարերից ճամփա ընկածները գերեզմաններում էին, ուրեմն՝ մեղր ծախող էր, մանավանդ շալակի բերանափակ տոպրակը կճուճ կուլ տվածի պես էր և քաղցրություն էր բուրում, այլապես ինչո՞ւ էին ճանճերը, բոռերը, թողած այգի-բոստան, հարձակվել էին խեղճ հալիվորի վրա:

– Սարյակներն ո՞ւր են,- հարցրեց ծերունին՝ անսպասելի այս հարցով ավելի շփոթեցնելով հարևաններին: Խոսքները մեկ արած, նրանք բաց թողեցին չարսավը, և թթի բլուրը ցցվեց մայթին: Բզզացող ճանճապսակը ցրիվ եկավ ծերունու գլխավերևում և իսկույն էլ, ճիշտ նույն չափսով ու բզզյունով, վերադասավորվեց թթի բլրի շուրջ: Ճյուղից ճյուղ իջնելով, ցածր ճյուղից կախվելով, Ավետիքը ճոճվեց փոքր-ինչ ու թռավ ուղիղ ծերունու դիմաց, որն, արևմուտքի վերջին առկայծումից աչքերը կկոցած, դեռ հույս ուներ, թե թթենու վրա սարյակ կհայտնաբերի:

– Ի՞նչ սարյակ,- հևոցով հարցրեց Ավետիքը: տանտիրոջ բնազդը հուշել էր՝ դրությանը տեր կանգնել:

– Թթի ղշերը,- պատասխանեց ծերունին, շալակից վար բերեց տոպրակը:- Ոչ մի ծառի վրա սարյակ չտեսա:

Գրել կարծիք