Վիլյամ Սարոյան. Այն ամենն ինչ կա` սեքս է և կատաղություն

Վիլյամ Սարոյան. Այն ամենն ինչ կա` սեքս է և կատաղություն

newmag-ն առաջարկում է ընթերցել Վիլյամ Սարոյանի վաղ շրջանի օրագրային գրառումներից մեկը, որն ընդգրկված է «Անունս Սարոյան է» պատմվածքների և էսսեների ժողովածուում

Փետրվարը գնաց, մարտն էլ համարյա գնաց, արդեն գարուն է, ու ինչ-որ վանքի ծիծեռնակները վերադարձել են ու մյուս թռչուններին քշել քիվերից: Այսպես, անդորրը ոչնչի նոր պահին գտնում է մարդուն, փետրվար, մարտ, գարուն, ծիծեռնակներ և այլն:

Այն ամենն ինչ կա` սեքս է և կատաղություն: Մենությունը, արվեստը, կրոնը, ամեն ինչ: Խառնաշփոթ: Անբուժելի ողջեր` ահա թե ով ենք մենք. մենք բաղձում ենք փառավոր, լուսավոր և մոգական գեղեցկությունն ու ուժը, որ կոչվում է կին: Գտնում ենք նրան, հետո սկսում գործել` նկարիչ դառնալ, օրինակ, կամ ուրիշ բան: Հետո նորից կինենք բաղձում, հետո` տքնանքի հավասարակշռություն, հետո` կին, հետո` տքնանք, հետո` նորից…

Այս երեկո մտածում եմ, որ ես ամենավատ մեծ գրողն եմ, որ երբևէ ապրել եմ: Ես ամեն ինչ գիտեմ, տեսնում եմ անտեսանելին, բայց չեմ աշխատում, չեմ պատմում գիտցածս ու չեմ բացահայտում տեսածս: Չեմ սիրում աշխատել:



Զբոսնեցի օվկիանոսի ափին ու ահավոր քաղց զգացի: Ուտելու բան չկար, գնացի նպարեղենի խանութ, ինչ-որ խառնուրդի պահածո առա, պատրաստեցի նստեցի ու կերա: Շատ էի ծարավել, մի երկու շիշ գինի խմեցի, հետո վեց-յոթ բաժակ ջուր, ու դեռ ծարավ եմ: Երևի մեռնում եմ:

Կարող եմ ասել, որ շատ լարված եմ ապրում ներքուստ, թեպետ հաճախ չափազանց հանգիստ եմ, ճիշտն ասած` հանգստությունն իմ միջին վիճկն է: Իմ ներսում, սակայն, լարվածություն կա, որը ոչ մի կապ չունի հանգստության հետ. Ես հանգիստ եմ ու լարված, անհամբեր ու պրպտող` պատեհ-անպատեհ, այսինքն` անհամբեր ու պրպտող լինելու պատճառ լինի թե ոչ: Բացի այդ, միշտ ներքուստ նախագծեր եմ կազմում. Միշտ նախագծերով եմ տարված:

Ես բնազդաբար պնդում եմ, որ կարարեմ ապագա, ներկա ու անցյալ և այդպես էլ անում եմ:Միշտ ոգևորվում եմ` անելով այն, ինչ արածից մի, երկու կամ քսան տարի հետո քաղցր կթվա: Իհարկե, ես շատ իմաստուն եմ և անկեղծ` լարված, անհամբեր ու նախագծող չլինելու համար. իրապաշտ լինելը իմաստունի համար ձանձրույթ է: Իմ գործը ձանձրույթից հեռու լինելն է: Այդպես էլ անում եմ:

Ժամանակս երազելով չի անցնում` ահա տաբերությունը – չեմ կարող ու չեմ ուզում: Ինչ որ է, գլուխ չեմ հանում. Ահավասիկ իմ հանգստի, անդորրի, անհանգստության ու շփոթմունքի պահերից մեկը:

Գրել կարծիք