Ինչպե՞ս գտնել լույս ինքդ քո մեջ. դերասան Սթիվեն Ֆրայի մոտիվացնող նամակը

Ինչպե՞ս գտնել լույս ինքդ քո մեջ. դերասան Սթիվեն Ֆրայի մոտիվացնող նամակը

Դերասան է, գրող, հեռուստա­հաղորդավար Սթիվեն Ֆրային մի օր դեռահաս մի աղջիկ նամակ գրեց՝ խնդրելով պատմել, թե ինչն է օգնել իրեն հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել: Ահա, թե ինչ պատասխանեց նրան Ֆրայը:

Սթիվեն Ֆրայը դերասան է, գրող, հեռուստա­ և ռադիոհաղորդավար, քաղաքացիական իրավունքների պաշտպան և առհասարակ Մեծ Բրիտանիայի ազգային արժեքներից մեկն է: Սակայն նրա կյանքի ընթացքում քիչ չեն եղել նաև անկումները:

Նա հասցրել է բանտ ընկնել, երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել և երկար ժամանակ տառապել դեպրեսիայից ու նյարդային խանգարումներից: Տարիներ անց, երբ նա հաղթահարել էր կյանքի դժվար փուլերը, մի դեռահաս աղջիկ նրան նամակ գրեց՝ խնդրելով պատմել, թե ինչն է օգնել իրեն հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել: Սթիվեն Ֆրայը պատասխանեց աղջկա նամակին ու պատմեց, թե ինչպես կարելի է գտնել լույս սեփական հոգում, երբ թվում է, թե մութ ժամանակները չեն ավարտվելու: Ահա և այդ նամակը.

«Թանկագին Կրիստել,

Ինձ համար ցավալի է լսել, որ կյանքն այս պահին քեզ ոչնչով չի ուրախացնում: Աստված վկա, ես գիտեմ, թե որքան դժվար է, երբ ոչ մի բան այնպես չի դասավորվում և ոչինչ չի ուրախացնում: Վստահ չեմ, որ իմ խորհուրդը կօգնի քեզ, քանի որ թեև խորհուրդները բարի մտադրություններով են տալիս, բայց դրանցից երբեմն հոգին ավելի է կծկվում, քանի որ դրանք հիշեցնում են, որ դու ի վիճակի չես ինքդ քեզ օգնել, ինքդ քո անձի հանդեպ այնքան սեր դրսևորել, որքան դա անում են քեզ շրջապատողները:

Ես հասկացել եմ, որ իրավիճակը կարելի է թեթևացնել, եթե սկսես քո զգացմունքների ու տրամադրությունների մասին մտածել այնպես, ինչպես եղանակի մասին: Ահա բոլորին հայտնի մի քանի փաստ եղանակի մասին: Այն իրականում գոյություն ունի: Դու չես կարող այն փոխել, միայն ցանկանալով, որ ամպրոպն ու անձրև ավարտվեն, կամ ձմեռն արագ անցնի: Եթե պատուհանի այն կողմում հիմա մութ ու անձրևոտ եղանակ է, ապա նշանակում է՝ իսկապես մութ ու անձրևոտ եղանակ է, և դա փոխել հնարավոր չէ: Մռայլ եղանակը կարող է շարունակվել մինչև երկու շաբաթ:

ԲԱՅՑ մի օր նորից արև դուրս կգա: Ոչ ոք չի կարող որոշել, թե երբ հետ կգա արևային եղանակը, բայց այն հետ կգա: Մի հրաշալի օր: Կարծում եմ՝ նույնը ճիշտ է նաև տրամադրության դեպքում: Ճիշտ չէ մեր զգացմունքները և ապրումները ընդամենը համարել պատրանքներ, որոնք չեն արտահայտում իրերի իսկական դրությունը: Դրանք իրական են: Դեպրեսիան, անհանգստությունը, անտարբերությունը, անուժությունը նույնքան իրական են, որքան եղանակը պատուհանի այն կողմում: Եվ դրանք նույնպես մեզ ենթակա չեն, ու դա մեր մեղքը չէ:

ԲԱՅՑ դրանք կանցնեն: Իսկապես կանցնեն: Այնպես, ինչպես մենք ընդունում ենք եղանակը պատուհանի այն կողմում, այդպես էլ պետք է ընդունենք, որ երբեմն կյանքը մեզ երևում է մռայլ գույներով: «Այսօր հիմար օր ստացվեց»,­ սա իրատեսական մոտեցում է: Կարևորն այն է, որ չմոռանաս մտովի բաց անել անձրևանոցդ: «Ահա թե ինչ, դրսում անձրև է… Ամեն դեպքում ես մեղք չունեմ դրանում: Ես ոչինչ չեմ կարող անել բացի համբերելուց, որ այն ավարտվի: Իսկ վաղը գուցե արևը նորից դուրս կգա ամպերի հետևից, և ես լիարժեք վայելեմ այն»:

Չգիտեմ՝ քեզ պետք կգա ինչ­որ բան այս ամենից: Գուցե դու որոշես, որ ոչ: Այդ դեպքում ես ներողություն եմ խնդրում քեզնից ու հաջողություն եմ մաղթում քեզ կյանքի իմաստի և ուրախության քո որոնումներում: Լավագույն մաղթանքներով,

Սթիվեն Ֆրայ»:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք