[ newmag x ted ] 4 պատճառ, թե ինչո՞ւ պետք է նոր լեզու սովորել

[ newmag x ted ] 4 պատճառ, թե ինչո՞ւ պետք է նոր լեզու սովորել

newmag-ն առաջարկում է լսել լեզվաբան Ջոն ՄըքՈւորթերի Ted զրույցը օտար լեզուներ սովորելու կարևորության մասին:

Լեզուն, որով խոսում եմ, հավակնում է դառնալ աշխարհի լեզուն: Լավ է, թե վատ, դա է իրականությունը: Այն ինտերնետի լեզուն է, ֆինանսական աշխարհի, դիվանագիտության, երաժշտության… Անգլերենն ամենուրեք է:

Հիմա չինարեն խոսողներն աշխարհում ավելի շատ են, բայց ավելի շատ չինացիներն են անգլերեն սովորում, քան հակառակը: Անգլերենը հաղթում է:

Կանխատեսվում է, որ մինչև դարավերջ շատ լեզուներ կմեռնեն: Աշխարհում հիմա 6 հազար լեզվու կա, ըստ կանխատեսման՝ կմնան մոտ 100-ը: Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է այլ օտար լեզուներ սովորել, եթե աշխարհի հաղորդակցության լեզուն անգլերենն է:

Կարծում եմ՝ շատ պատճառներ կան: Առաջինը, որին կանդրադառնամ, հաստատ լսել եք: Լեզուն ուղղորդում է միտքը: Օրինակ՝ ֆրանսերենում և իսպաներենում «սեղան» բառն իգական սեռի է: Եթե մի ֆրանսախոսի կամ իսպանախոսի խնդրես պատկերացնել, թե ինչպես է սեղանը խոսում, շատ հավանական է, որ հիմնականում ասեն, թե սեղանը խոսում է բարձր և կանացի ձայնով: Այսինքն՝ եթե ֆրանսիացի ես կամ իսպանացի, սեղանը կնոջ կերպարանքով ես պատկերացնում՝ ի տարբերություն անգլախոսի:

Շատ մարդիկ կասեն, թե լեզուն աշխարհայացք է ձևավորում: Բայց պատկերացրեք մի անգլախոսի, օրինակ՝ Բոնոյին, հետո՝ Դոնալդ Թրամփին, նա նույնպես անգլերեն է խոսում: Կամ տիկին Քարդաշյանը, նա էլ է անգլախոս: Ահա ձեզ 3 անգլախոսներ: Ի՞նչ ընդհանուր բան կա նրանց աշխարհայացքում: Անգլերենն ինչպե՞ս է միավորում այս երեքին: Իհարկե, վիճելի հարց է:

Ինչևէ, անցնենք մյուս պատճառներին: Եթե ուզում եք որևէ մշակույթի մաս դառնալ, այն ընկալել խորությամբ, պետք է տվյալ լեզուն սովորել: Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե այդ լեզվով հազի՞վ եք խոսում ու ավելի լավ է չխոսեիք էլ: Այդպես երբեք իրապես չեք խորասուզվի այդ մշակույթի մեջ:

Այն հարյուր լեզուները, որոնք կանխատեսվում է, որ կմնան աշխարհում, դրանք սովորելու առաջին պատճառն այն է, որ դրանք այցետոմս են՝ դեպի մշակույթ, որի կրողն են տվյալ լեզվով խոսող մարդիկ: Դա նրանց ծածկագիրն է: Սա մեկ պատճառ:

Երկրորդ պատճառ. եթե երկու լեզվով ես խոսում, միտքդ ավելի զարգացած է, հավանաբար ավելի լավ կարող ես կենտրոնանալ միանգամից մի քանի խնդրի վրա: Երկլեզվությունն առողջարար է:

Երրորդ. Լեզու սովորելը զվարճալի է: Յուրաքանչյուր լեզու բառերի իր դասավորությունն ունի: Փոխվում է լեզուն, փոխվում է նաև բառերի հերթականությունը՝ նույն միտքն արտահայտելիս:

Եվ չորրորդ. Փոխվել են լեզուն սովորելու ճանապարհները: Ավանդական ձևերը՝ դասարան, դասատու, ձայնարկիչ, գրքեր, այլևս մոդայիկ չեն, դուք կարող եք պառկել տանը հատակին, վայելել մեկ բաժակ բուրբոնն ու ինքնուրույն սովորել ցանկացած լեզու: Կարող եք անել դա ցանկացած ժամի սմարթֆոնի օգնությամբ: Խորհուրդ եմ տալիս անգլերենից բացի այլ օտար լեզուներ էլ սովորել, որովհետև դրա համար ավելի լավ ժամանակ չի եղել, քան հիմա է:

Գրել կարծիք