[ Արդեն դիտել ենք ] Հայկական ամենասպասված ադրբեջաներեն ֆիլմը ( եթե կարճ` 10 բալից 5 )

[ Արդեն դիտել ենք ] Հայկական ամենասպասված ադրբեջաներեն ֆիլմը ( եթե կարճ` 10 բալից 5 )

Գիտենք, որ գուցե ֆիլմի ռեժիսորը նեղանա, բայց ցավոք սրտի, հայկական նոր ֆիլմը Դիանա Մարտիրոսյանին ավելի շատ դուր չեկավ, քան եկավ: Ահա թե ինչու:

Ապրիլյան քառօրյա պատերազմը և այս ամռան ընթացքում պատերազմի վերսկսման սպասումները համընկան վերջին 1 տարում անընդմեջ գովազդվող «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային: Եվ սա մեծացրեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմի հանդեպ հանրային հետաքրքրությունը: Նա հայտնի է իր արցախյան ֆիլմոգրաֆիայով, սակայն այս անգամ նորամուծություն ունի. ներգրավել է միջազգային կինոգործիչների՝ ցուցադրությանը մեծ թափ հաղորդելու նպատակով: Իրանցի դերասան Հոմայուն Էրշադին, Սերժ Թանկյանը` որպես սաունդթրեքի հեղինակ, Հայաստանում ճանաչված Ալեքսանդր Խաչատրյանն ու Սոս Ջանիբեկյանը` առաջին պլանում և լիտվացի Սանդրա Դաուկշայտեն՝ գլխավոր ֆեմինայի դերում: Պրագմատիկ հաշվարկ:

13528324_1408710772769802_3670907236347936217_o
Ֆիլմի դերասանական կազմը. Արմեն Գրայգ, Սոս Զանիբեկյան, Սանդրա Դաուկշայտե (Լիտվա), Ալեքսանդր Խաչատրյան, Հոմայուն Էրշադի (Իրան)

Պատմությունը ներկայանալի արտաքինով, մտածկոտ և համբերատար քարտաշ Աբգարի (Խաչատրյան) մասին է: Նա արցախյան գյուղի միակ հայ բնակիչն է: Ինչո՞ւ է նա վերջինը, և ինչո՞վ է պայմանավորված նրա ալոգիկ հայրենասիրությունը: Պարզվում է, որ կորել է նրա դուստրը՝ Յուրգան (Դաուկշայտե): Պարզվում է նաև, որ Յուրգայի ղարաբաղցի ամուսնուն ադրբեջանցիներն այրել են կնոջ աչքի առաջ, ինչից հետո նա հոգեկան խանգարում է ստացել:

Աբգարը իդեալականացված կերպար է, զգուշավոր է, լռակյաց ու վշտով լի: Նրա կյանքում կարևոր է եղել լիտվացի բուժքույրը, որի մահից հետո Աբգարը որդեգրել է Յուրգային: Իբրահիմը նրա վաղեմի ընկերն է (նրանց աղջիկները միասին խաղում էին փոքր ժամանակ), սակայն Աբգարը նրան մինչև այդ չէր պատմել Սիբիրից բերած աղջկա պատմությունը:

Գյուղի ահ ու սարսափի` չարագործ Արտիստի (Ջանիբեկյան) կերպարը միագիծ է և բացահայտվում է առաջին իսկ քսան րոպեում: Նույն հատվածում ներկայացվում են նաև Իբրահիմի ընտանիքի բոլոր խնդիրները, որոնք ցուցադրված են մաքսիմալ ցաքուցրիվ և հնարավորին չափ գրոտեսկային կլիշեներով: Հաջորդ 60 րոպեն նվիրված է Աբգարի և Իբրահիմի թեյախմություններին (որոնք նկարահանված են մաքսիմալ նոստալգիայով ու էսթետիկ), Յուրգայի անարցունք հոգեկան ցնցումներին և հայկական բնապատկերներին:

11923227_1384983381809208_4316953340053010057_n

Դեկլարատիվ վոլյունտարիզմը, որով լի են ադրբեջանա-հայկական երկխոսությունները, միապաղաղ են, առանց դինամիկայի ու մնում են անավարտ` կիսատ թողնելով կինոմեսիջը: Էրշադին հիասթափեցնում է` պարզապես իմաստուն ծերունու դեմքով անընդհատ շոյելով մորուքը, իսկ Խաչատրյանը հեռանում է իր սերիալային անցյալից՝ փորձելով հանդիսատեսին կերակրել ճիշտ դիմախաղի մինի-ակցենտներով: Դերասանների շարժուձևը սովորական են ու կենցաղային, բայց ուղեկցվում են թանկյանական զրնգուն երաժշտությամբ, ինչն իր հերթին է խառնում ֆիլմի ոճն ու սպեցիֆիկան:

11880312_1385178385123041_1901755946369447794_n

Պարզ չէ, թե որն է պատերազմական դրվագներով այս պատմական դրամայի ստրատեգիկ իմաստը. ինչի՞ համար են ցուցադրված բազում մանրամասներ, և չկա հերոսների խնդրի լուծում: Հավանաբար, Ավետիսյանը չի ցանկացել ճշգրտություն մտցնել` ասելով, թե վերքը մինչև օրս բաց է: Կինոդրամատուրգիայի տեսանկյունից դա արդարացում չէ, որովհետև սա գեղարվեստական լիամետրաժ է, ոչ վավերագրական խրոնիկոն:

Չափից շատ է սենտիմենտալ, պաթետիկ «դուդակային» լեզուն, որով ռեժիսորը խոսում է հանդիսատեսի հետ, անգամ հասցնում տալ Ցեղասպանության մասին ալյուզիա՝ Յուրգայի շալի միջոցով: Թափթփված նարատիվը չավարտեց իր գլխավոր ասելիքը, թողեց «բաց ավարտ» և այդ ամենն արեց խեղճացած հերոսների ձեռքով: Աչք շոյող մառախուղը, պատշգամբային թեյախմությունը և տպավորիչ սաունդթրեքը քիչ են, որ ֆիլմը համարվի կայացած: Իսկ ամենավատն այն է, որ հայ կինոստեղծողները շահագործում են արցախյան թեման. չէ՞ որ այս թեմայով ուրիշ տարփողված կինոպատմություն դեռևս չկա, հետևաբար՝ ինչ ունենք, այն էլ համարվում է լավագույնը:

Լուսանկարները ֆիլմի Facebook-ի պաշտոնական էջից:

Գրել կարծիք