Պաոլո Սորենտինոն` «Երիտասարդ պապը» սերիալի, իշխանության ու կասկածների մասին

Պաոլո Սորենտինոն` «Երիտասարդ պապը» սերիալի, իշխանության ու կասկածների մասին

newmag-ը ներկայացնում է Պաոլո Սորենտինոյի հարցազրույցը, որում ռեժիսորը պատում է հավատքի հանդեպ իր վերաբերմունքի,Բելարդոյի շարժառիթների, դերասանուհի Դայան Քիթոնի ու Վատիկանում` միայնության մասին:

Իտալական Sky Atlantic-ը հոկտեմբերին սկսեց «Երիտասարդ պապը» սերիալի ցուցադրությունը: Ռեժիսորը «օսկարակիր» Պաոլո Սորենտինոն է, պոնտիֆիկոսի դերում Ջուդ Լոուն է: Հեռուստաֆիլմի համաարտադրողներն են` Sky Atlantic, HBO, Canal+ :

Ֆիլմի հերոսը` Լենի Բելարդոն, մեր ժամանակներում ապրող նորընտիր պապ է, որը վերցրել է կոնսերվատիվ հայացքներով հայտնի Պիոս 13-րդի անունը: Նա իր հոտից պահանջում է անվերապահ հնազադնություն, անգամ զոհաբերություն:

_ Ինչի՞ մասին է Ձեր ֆիլմը. ուսուցողական պատմություն է պապի՞, բացարձակ իշխանությա՞ն, թե՞ Աստծո մասին:

_ Ես կասեի` միայնության մասին է: Միայնությունը մարդու կարևոր հոգեվիճակն է: Նույնիսկ Ավետարանում, երբ պետք է ցույց տալ, որ Աստված իսկապես մարդ է դառնում, դա արվում է միայնության ճանապարհով, խաչելության միջոցով. «Հայր, ինչո՞ւ ես ինձ մենակ թողել»: Ինձ համար գլխավոր սյուժետը միայնությունն է` որպես մարդու անհանգստությունների աղբյուր: Սա պապի պես անսովոր անհատի միջոցով ցույց տալու որոշումը մենությունը պատմության վերածելու հարմար միջոց է սոսկ:

_ Այսինքն` Լենի Բելարդոն և մյուս կերպարները միայն մեթո՞դ են:

_ Լենի Բելարդոյի համար միայնությունն առաջին հերթին լքվածություն է, բայց չի տարբերվում մյուսների զգացումներից: Իշխանություն ստանալով` մարդիկ կորցնում են իրենց, որովհետև նրանք վախենում են մենութունից: Վատիկանի լիուլի կյանքի մեջ Լենին միայնություն է փնտրում: Նա ոչինչ չի անում, լոկ սպասում է միայնությանը` մի հոգեվիճակի, որն իրեն շատ ծանոթ է:

_ «Երիտասարդ պապը» Ձեր առաջին գործը չէ, որում անդրադառնում եք այդ թեմային:

_ Իմ բոլոր ֆիլմերը պատմում են գիտակցաբար միայնություն ընտրած մարդկանց մասին: Il Divo-ում  շատ նմանություններ կան «Երիտասարդ պապի» հետ, տարբերությունը` հերոսների առաքելությունն է: Եթե Դուք Ջուլիո Անդրեոտտին եք` քաղաքական լիդեր, ուրեմն Ձեզ դատապարտել եք միայնակ կյանքի: Ու այլևս չեք կարող շփվել այլ մարդկանց հետ: Սակայն, եթե պարտավոր եք պետությունը ղեկավարելուց զատ նաև պատասխատվություն կրել հավատացյալների բարոյականության, վարքի համար, եթե Ձեր զրուցակիցն է Աստված, ապա միայնության բաժինը մեծանում է: Եվ հատկապես կասկածի պահերին դառնում է անտանելի:

_ Ի դեպ` կասկածների մասին: «Եիտասարդ պապ»-ում կարծես չկա մի կերպար, որը չունենա անձնական, բարոյական ճգնաժամ:

_ Եվ դա շատ հատուկ է նրանց, ովքեր ապրում են Վատիկանում: Ես ուզում էի խոսել հենց մարդկա՛նց մասին` ոչ` սրբերի, ոչ` հերոսների: Անտեսանելի դետալներ, անտեսված կարիքներ, խանդ, նախանձ, հոգու ոչ այնքան ազնիվ պոռթկումեր` ամեն ինչ կա յուրաքանչյուրիս մեջ: Եվ դա է հաճախ հանգեցնում ներքին կոնֆլիկտի: Դա կա և՛ աշխարհիկ մարդկանց մեջ, և՛ հոգևոր սպասավորների: Դիխոտոմիա է` հոգու երկփեղկում, երկու տիեզերքների զուգահեռ գոյակցում, հոգեբանական երկվությունը նրանց, ովքեր «լսում են կոչը երկրային աշխարհը թողնելու», որպեսզի իրենց նվիրաբերեն ավելի վեհ կյանքի: Սա ինձ համար միշտ ինտրիգային թեմա է եղել:

_ Ինչո՞ւ:

_ Բնության պատճառով: Ես շատ էգոիստ եմ, և ինձ միշտ հիացրել են մարդիկ, ովքեր կարող են հանուն մերձավորի հրաժարվել ամեն ինչից: «Մեծ գեղեցկություն» ֆիլմում ես փորձեցի այդպիսի մարդուն ներկայացնել սրբի միջոցով: Բայց երևի ես էլ մինչև վերջ նրան չհավատցի: Այդ պատճառով հոգևորի մասին բոլոր կարևոր հարցերը խորտակվեցին հեգնանքի ծովում:

_ Տեսնելով, Դուք ինչպես եք ներկայացնում Վատիկանը, կարելի է ենթադրել, որ հեգնանքը ծնվում է այնտեղ, որտեղ հոգևորն ու աշխարհիկը կարծես լրացնում են իրար:

_ Վեհի ու խղճուկի միահյուսումը Վատիկանում անզեն աչքով էլ երևում է: Մի կողմից` շքեղ ու սրբացված, դարերով ստեղծված նրա համար, որ Աստծո առաջ հիացնի ու սարսափեցնի նրանց, ովքեր մտնում են այդ պատերից ներս, որպեսզի նվաստացնի նրանց, ստիպի ցնցվել հիասքանչության առջև: Սա արտաքինն է: Մյուս կողմից` Վատիկան. պետություն, որն ունի նույն խնդիրները, ինչ մյուս երկրները. բանկոմատը պետք է փող տա, դեղատունը` հաբեր վաճառի, սրճարանում չպետք է հերթեր լինեն: Վատիկանը վայր է, որտեղ կարող ես հիանալ Սուրբ Պետրոսի տաճարով, ապա աչքդ թեքել ու տեսնել ձանձրացող պահակին, որը հեռուստացույց է նայում:

_ Հավատը պահանջո՞ւմ է զոհեր և հարցեր:

_ Ֆրանցիսկոսը պապը վերջերս հայտարարել էր, որ հավատը չի կարող լիարժեք լինել, եթե չի «քրքրվում» կասկածներով: Սերիալում կարելի է տեսնել ոչ միայն կասկածներ: Կա նաև հավատի երկրորդ, մութ կողմը: Սրբությունն ու կեղծավորությունն է: Եվ սովորականի, առօրյա կյանքի կապը` Մարադոնայի գոլը կամ հաշմանդամություն ունեցող մարդու իմաստությունը, հավատը դարձնում են ապրող:

_ Ինչպե՞ս եք նախապատրաստվել նկարահանումներին: Ինչպե՞ս եք ուսումնասիրել պապին ու Վատիկանի առօրյան:

_ Սա շատ հսկայանակ թեմա է: 25 տարի է պետք այդ մասին գոնե հեռավոր պատկերացում կազմելու համար: Այդ դեպքում նկարահանումները պետք է բավական հետաձգեինք: Այնպես որ պետք էր ամեն ինչ պարզել հընթացս: Սկսեցի որոշ հիմնավոր բաներից: Կարդացել եմ կարդինալների օրագրերն ու կենսագրությունները. լուրջ ու թեթև: Թեթևներն ամենահետաքրքիրն էին. թեթևությունը անկեղծության է հանգեցնում, և ջրի երես են դուրս գալիս բաներ, որոնք այլ կերպ չէիք էլ իմանա: Մնացածում ինձ շատ օգնել է լրագրող, աստվածաբան Ալբերտո Մելլոնին: Առանց նրա օգնության ոչինչ էլ չէր ստացվի:

_ Ձեր նկարագրությամբ` հավատացյալների հանդիպումից առաջ, ամենօրյա հոգսերում մեծ ուշադրություն է հատկացված Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների քանակին և Վատիկանի մարքեթինգային ջանքերին: Ինչո՞ւ:

_ Պատահական չէ: Թեման ուսումնասիրելիս պարզեցի, որ Վատիկանի գլխավոր վախը և հոգսը հավատացյալների քանակն է: Քանակը շատ կարևոր է: Որքա՞ն հավտացյալ ունենք: Քանիսի՞ն ենք կորցնում: Քանիսի՞ն կարող ենք հետ բերել:

_ Դժվա՞ր էր նկարել «Երիտասարդ պապին»:

_ Եվ թանկ էր, և բարդ` ինչպես կանխատեսում էինք: Վատիկանը հրաժարվեց ցանկացած տեսակի գործակցությունից, այսինքն` լիովին մերժեց ընդառաջել մեզ: Ստիպված էինք դեկորացիաները վերակառուցել` տարբեր անկյուններից ու կողմերից նկարելու համար:

_ Լենի Բելարդոն` առաջին ամերիկացի պապը, բավական բարդ կենսագրութուն ունի:

_ Հենց սկզբում մենք հանդիսատեսին հաղորդում ենք, որ պատմության մեջ առաջին ամերիկացի պապը մեծացել է առանց ծնողների: Նրա կյանքը մանկուց դրոշմված է միայնությամբ, նա սովոր է ամեն ինչ մենակ հաղթահարելուն: Մանուկ հասակից նա ստիպված է եղել աշխարհում ապրել մեծերի կանոններով: Երբ նա պապ է դառնում, նրա անձնական ապրումները, մանկական տրավմաները ազդում են միլիարդավոր հավատացյալ կաթոլիկների վրա: Փասորեն մենք հետևում ենք նրա մեծահասակ դառանլու պատմությանը, և այդ պատմության մեջ  բազմաթիվ չլուծված խնդիրենր կան:

_ Օրինա՞կ:

_ Բելարդո պապը ծնողազուրկ չէ: Բայց չգիտի, թե ինչպես են ապրում իր ծնողները, որոնք լքել են իրեն: Նա չի բացառում, որ նրանք ողջ են: Նա ապրում է այդ ցավի ու կորստի վիճակում, և դա ոչ թե ներքին տառապաքնով է արտահայտվում, այլ դուրս է հորդում արտաքին աշխարհ, ազդում մյուս կերպաների վրա: Դա պատումի ամենակարևոր շարժառիթներից մեկն է:

_ Դուք նշում եք, որ Բելարդո պապը անպտուղ է, չի կարող երեխա ունենալ:

_ Պապը պայքարում է ինքն իր հետ, սեփական ֆանտոմների դեմ: Նա փորձում է ինքն իրեն ազատել ողբերգական մանկությունից, թեպետ չափազանց ուժգին է  դրա հետ կապված: Նրա ամբիցիաները ոչ այնքան փառասիրությունից են, որքան ցանկությունից, որ դադարի լինել որդի և դառնա հայր` միլիարդավոր հավատացյալների համար: Հասկանալի է, որ հեշտ ճանապարհ չէ, և այդ ընթացում անհնար է սխալներ չգործել: Չէ՞ որ նա ստիպված  է փոխվել լույսի արագությամբ: Նա պետք է հրաժարվի հասկանալի աշխարհից ու մտնի շատ ավելի բարդ աշխարհ:

_ Առաջին հայացքից` նորընծա պապը վստահություն չի ներշնչում: Դա նրանի՞ց է, որ նա ուղղակի նման չէ բարի քրիստոնեայի և լավ մարդու:

_ Ես այնքան էլ լավ չգիտեմ` ինչ է նշանակում լինել լավ մարդ, և անկեղծ ասած, ոչ էլ ուզում է պարզել: Լենի Բելարդոն բոլորի նման մարդ է: Այն, ինչ նա անում է` անկախանատեսելի է. սա մարդկային էության ուժն է, այն է, որ ոչ մի մարդ նման չէ մյուսին: Բելարդո պապը ոչ լավն է, ոչ վատը: Նա պարզապես պետք է ներքին հակասութունները հարթի ավելի մասշտաբային առաքելության  պայմաններում, որն է`քահանայապետ լինելը:

_ Միանձնուհին, որը մեծացրել է Բելարդոյին, և որը պետք է նրան օգնի պապական գահին բազմելուց հետո էլ, քույր Մերին է: Այս դերի համար ընտրել եք Դայան Քիթոնին: Շատ անսապասելի է:

_ Ինձ համար գրազի պես բան էր, վստահ եմ` նրա համար էլ: Կարծում եմ, որ հիանալի դերասանուհի է, և չափազանց շատ ժամանակ է վատնել կատակերգությունների վրա: Ինձ թվացել է, որ հետաքրքիր կլիներ նրան բարդ դեր առաջադրելը, ոչ թե պարզ մի բան, որ նա աչքերը փակ կկատրարեր: Եվ քույր Մերիիի բնավորություն նա բերեց իր սեփական անհանգստությունը, որ առաջացել է այդքան տարիներ անց դրամտիկ դեր խաղալու անհրաժեշտությունից:

_ Քանի որ ձեր «պապը» այնքան էլ պրոգրեսիվ չէ, թվում է, որ նա հաստատ հեղափոխություն չի անի:

_ Ընդհակառակը: Բելարդոն հարատև պատանի է, որին չի հերիքում կշռադատելու և իր որոշումները հաշվարկելու ժամանակը: Նա չի հասցնում փնտրել կոմպրոմիսներ, ինչպես անում էին նախորդ պապերը: Նա էքստրեմիստ է, սեկտանտ ու ֆունդամենտալիստ: Նա անում է այն, ինչ հարկ է համարում: Նա բարդ մարդ է, հավատում է, որ մարդիկ պետք է շարժվեն Աստծո հանդեպ բացարձակ հավատով, իսկ մնացած ամեն ինչ պետք է մերժեն: Նրա պապությունը հիմնված է մերժման այդ թեորեմի վրա: Մերժում, որը հրամայական է հավատացլայների համար: Նրանք պետք է ընդունեն իրենց պապի ուլտրակոնսերվատիվ դոկտրինը: Բելարդոն պահանջում է անվերապահ ու բացարձակ նվիրվածություն, ոչ թե էպիզոդիկ հարաբերություններ, որոնք շատերը ունեն եկեղեցու հետ: Նրա հետ անհնար է թեկուզ մի ակնթարթ երես թեքել հավատից: Անհնար է հավատը կառուցել սեփական ցանկութունների ու ձգտումների վրա: Ես միշտ համարել եմ, որ իշխանությունը ցուցադրելով, հնարավոր է հասնել ճշմարտությանը: Միշտ պետք է մարդուն ստվերից դուրս բերել, մաքրել նրան արտաքին ազդեցություններից, «լավ վարքից», որի տակ թաքվում են նրա իրական նպատակները: Իշխանությունը մարդու առեղծվածը բացահայտելու զարմանալի բանալին է:

_ Ինչպե՞ս կնկարագրեք սերիալի տրամադրությունը:

_ Մեկ բառով անհնար է ասել: Մենք փորձել ենք սերիալում պահել հեգնանքը, որպեսզի այն լինի կապող օղակը: Կարծում եմ` շատ սազական է Վատիկանին, որի բնակիչները շատ ազատ ժամանակ են ունենում: Հանգիստը հեգնանքի լավագույն գեներատորն է:

_ Վատիկանյան պատարագների տեսարանները հատկապես ազդեցիկ էին: Ձեզ համար սերիալում առանձահատո՞ւկ տեսանարներ են դրանք:

_ Յուրաքանչյուր սերիա մտածված է որպես էպիզոդների ու դիալոգների հաջորդականություն: Դրանք հանգեցնում են շատ ազդեցիկ հոգևոր տեսարանի: Աստված բոլոր ժամանակների լավագույն գրական հերոսն է, որին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր չեն կարդացել Աստվածաշունչն ու Ավետարանը: Վատիկնանն էլ իր հերթին իդեալական դեկորացիա է այդպիսի հոգևոր ազդեցության համար:

_ Բայց ինչո՞ւ է սերիալի ընթացքում Ձեր հայացքը կենտրոնացած միայն Վատիկանի ներսում կատարվողի վրա:

_ Դա էլ է գիտակցված որոշում: Ինձ չէին հետաքրքրում Վատիկանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Ես ձգտում եմ մնալ Վատիկանի պատերի ներսում, որպեսզի ցույց տամ այդ հեղձուցիչ, կլաուստրոֆոբիա առաջացնող միկրոկոսմոսի իրականությունը: Այնտեղ կարծես ամեն ինչ այնպես է կառուցված, որ հանգիստն ու անդորրը արմատ գցեն այդ պատերի ներսում: Բայց հետզհետե մենք կհասկանանք, որ աստվածայնությունը խաբուսիկ է:

_ Պապի հոգսերը թեթևացնելու համար ներկայանում է կարդինալ Վայելոն` Վատիկանի գլխավոր քաղաքական գործիչը: Սերիալում նրան մարմնավորում է Սիլվիո Օրլանդուն: Նախկինում Դուք նրա հետ չեք աշխատել:

_ Եվ դա շատ տարօրինակ է: Սիլվիոն հիանալի դերասան է, նաև իմ համերկրացին: Երկուսս էլ նեոապոլիտանացի ենք: Ես ուրախությամբ նրան այդ դերն առաջարկեցի: Ափսոս, որ ստիպված էի նրան պարտադրել խաղալ խորամանկ աղվեսի կերպար, որն ամենևին նրա նման չէ: Ու նաև ափսոսում եմ, որ նրան ստիպեցի խոսել անգլերեն. ախր դա նրա մայրենին չէ: Դրամատիկորեն Վայելոն Բելարդոյի հակապատկերն է: Այս կարդինալն իրեն մեծագույն քաղաքական գործիչ է երևակայում, իսկական մաքիավելիստ է` դավադիր: Մեր օրերի Ռիշելիե, որը միայն երկու կիրք ունի` «Նապոլի» ֆուտբոլային ակումբն ու իշխանությունը: Նա իր հեղինակության համար կործանարար գրքեր է հավաքում, որոնք վառ արտահայտում են նրա անսկզբունք կարիերիզմը: Եվ հանկարծ, ինչ որ պահի, ինչպես միշտ` տողատակում, Վայելոն վերածվում է լիովին այլ մարդու, որն օժտված է այն բարեգթությամբ, որը պետք է ունենա Աստծո սպասավորը` հանուն եկեղեցու փրկության:

_ Սերիալում իսկական բարեսիրտ կարդինալ Գուտիերեսն է, որին մարմնավորում է Խավիեր Կամարան:

_ Հնարավոր է նա պապի միակ ընկերն է: Գուտիերեսը միակ մարդն է, որին հավատում ու վստահում է Բելարդոն, բացի Դյուսոլեից, որի հետ է մեծացել: Եվ դա սուտ չէ. Գուտիերեսեը իսկապես լավ մարդ է դուրս գալիս: Նա հանդարտություն հաղորդելու շնորհք ունի, գիտի` ինչպես անել, որ զրուցակիցը չնյարդայնանա: Բայց ինչպես բոլոր հերոսները, նա էլ ունի մութ կողմեր: Օրինակ` Գուտերիեսը գիտի, որ Վատիկանը մենատուն է: Նա մեծացել է այնտեղ` ինչպես հավը` ցանցավանդակում` ոչ մի անգամ դուրս չգալով պատերից: Նա մահու չափ վախենում է արտաքին աշխարհից: Եվ ինձ թվում է, որ տեղին է նրան համեմատելն այն զինվորի հետ, որին չեն հայտնել պատերազմի ավարտի մասին:

_ «Երիտասարդ պապի» վրա ազդե՞լ է Ձեր սեփական հավատը:

_ Իմ գործը պատմութուններ պատմելն ու ցույց տալն է: Այսպես ասենք` ես ինձ թույլ եմ տալիս մտորել հավատի հազարավոր նյուանսների մասին:

_ Դուք ուզում  էիք  «Խաղաքարտե տնակի» նման մի բա՞ն նկարել Վատիկանի մասին:

_ Ոչ նյութական իշխանությամբ օժտված, անզավակ տղամարդկանցով բնակեցված աշխարհում քաղաքական անակնկալներն ավելի շատ են, քան որևէ աշխարհիկ երկրում: Այս իմաստով` մեծ հնարավորություններ է տալիս անկեղծության ու ցինիզմի այն խառնուրդը, որով կարդինալները Լենիին ընտրեցին պապ: Ես զարգացրել եմ դրանցից մեկը, որն ինձ առավել հետաքրքիր էր: Չեմ կարծում, որ դույզ ինչ նման է ստացվել «Խաղաքարտե տնակին»:

_ Կաթոլիկներին դուր կգա՞ Ձեր սերիալը:

_ Եթե դիտեն այն էնտուզիազմով ու հիացմունքով, որով նայում են լավ գեղանկարը` կհավանեն:

Գրել կարծիք