[ Պատմվածք ] Թոնի Մորիսոն. Քաղցրություն

[ Պատմվածք ] Թոնի Մորիսոն. Քաղցրություն

newmag-ն առաջարկում է ընթերցել Նոբելյան մրցանակակիր Թոնի Մորիսոնի պատմվածքը: Թարգմանությունը՚ Լիլիթ Հովհաննիսյանի:

Դա իմ մեղքով չէ: Ուստի չեք կարող ինձ մեղադրել: Ե՛ս չեմ դա արել և գաղափար չունեմ` ինչպես դա պատահեց: Նրան իմ ոտքերի արանքից դուրս բերելուց հետո մի ժամ էլ չէր անցել, երբ ես գիտակցեցի, որ ինչ-որ բան սխալ էր: Իսկապես սխալ: Նա այնքան սև էր, որ ես վախեցա: Կեսգիշերվա պես, սուդանցու պես սև: Ես, ինչպես մենք ենք անվանում, մուլատ եմ` բաց գույնի մաշկով, գեղեցիկ մազերով, Լուլա Էննի հայրը` նույնպես: Իմ ընտանիքում ոչ ոք նրա մաշկի գույնը չունի: Թարը միակն է, ում մասին կարող եմ մտաբերել, այնուամենայնիվ, նրա մազերը չեն համապատասխանում մաշկին: Իսկ նա տարբեր է` ուղիղ, բայց գանգուր մազերով` նման Ավստրալիայում բնակվող այն մերկ ցեղերի մազերին: Կարող եք կարծել, որ դա ատավիզմի1 դրսևորում է, սակայն ինչպե՞ս: Դուք պետք է տեսնեիք իմ տատիկին. նրան սխալմամբ սպիտակամորթի տեղ էին դնում: Նա ամուսնացավ սպիտակամորթ տղամարդու հետ և այլևս մի բառ անգամ չխոսեց իր երեխաներից որևէ մեկի հետ: Իմ մորից կամ մորաքույրներից ստացած ցանկացած նամակ նա հետ էր ուղարկում` չբացված: Ի վերջո նրանք հասկացան նամակներն անպատասխան թողնելու իմաստը և հանգիստ թողեցին նրան: Կար ժամանակ, երբ բոլոր մուլատներն ու խառնարյուններն էլ այդպես վարվեցին, եթե, իհարկե, ճիշտ տիպի մազեր ունեին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան սպիտակամորթների երակների մեջ է սևամորթի արյուն թաքնված: Հապա գուշակեք: Լսել եմ, որ քսան տոկոս: Իմ մայրը` Լուլա Մեյը, կարող էր հեշտորեն որպես սպիտակամորթ ներկայանալ, սակայն նա նախընտրեց այդպես չվարվել: Նա պատմել է ինձ, թե ինչ գին է վճարել իր որոշման համար: Երբ նա և իմ հայրը գնացել են դատարան` ամուսնանալու, այնտեղ երկու Աստվածաշունչ է եղել, և նրանք ստիպված են եղել իրենց ձեռքերը դնել նեգրերի համար նախատեսված Աստվածաշնչի վրա: Իսկ մյուսը եղել է սպիտակամորթների ձեռքերի համար: Աստվածաշու՛նչը: Պատկերացնու՞մ եք: Իմ մայրը մի հարուստ սպիտակամորթ զույգի համար որպես տնային տնտեսուհի էր աշխատում: Նրանք ուտում էին նրա պատրաստած բոլոր կերակուրները, պնդում էին, որ լողանալիս խոզանակեր իրենց մեջքը: Աստված գիտի, թե որքան այլ ինտիմ բաներ էին ստիպում անել, բայց միևնույն Աստվածաշնչին դիպչել արգելվում էր:
Ձեզնից ոմանք, հավանաբար, մտածում են, որ լավ բան չէ սոցիալական ակումբերում, թաղամասերում, եկեղեցիներում, կանանց ակումբներում, նույնիսկ «գունավոր»2 դպրոցներում ինքներս մեզ ըստ մաշկի գույնի դասակարգելը (որքան բաց` այնքան լավ): Բայց էլ ինչպե՞ս կարող ենք գոնե փոքր-ինչ արժանապատվություն պահպանել: Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք խուսափել նրանից, որ դեղատանը չթքեն մեզ վրա, կանգառում չհարվածեն արմունկով, ստիպված չլինենք քայլել ջրորդանի միջով` թույլ տալով սպիտակամորթներին զբաղեցնել ողջ մայթը, նպարեղենի խանութում մեկ նիկել չվճարենք թղթե տոպրակի համար, որ անվճար է տրվում սպիտակամորթ գնորդներին: Էլ չխոսենք վիրավորանքների մասին: Ես լսել եմ այդ ամենի և շատ, շատ ավելիի մասին: Սակայն մորս մաշկի գույնի շնորհիվ նրան չէին արգելում հանրախանութներում գլխարկներ փորձել կամ օգտվել կանանց սենյակից: Իսկ հայրս կարող էր կոշիկներ փորձել կոշկեղենի խանութի առաջնամասում, այլ ոչ թե հետևի սենյակում: Նրանցից և ոչ մեկն իրեն թույլ չէր տա ջուր խմել «միայն գունավորների համար» նախատեսված ցայտաղբյուրից, եթե նույնիսկ մեռնեին ծարավից:
Դժվարությամբ եմ ասում, սակայն ծննդատանը նորածինը` Լուլա Էննը, հենց սկզբից շփոթության մեջ գցեց ինձ: Նա ծնվել էր գունատ մաշկով, ինչպես բոլոր նորածինները, այդ թվում` նաև աֆրիկացի, սակայն նա արագ փոխվեց: Ինձ թվաց` խելագարվում եմ, երբ նա սեփ-սև դարձավ հենց իմ աչքերի առաջ: Ես գիտեմ, որ մի պահ իսկապես խելագարվեցի (միայն մի քանի վայրկյան), քանի որ պահեցի վերմակը նրա դեմքին և սկսեցի սեղմել: Սակայն ես չէի կարող այդպես վարվել` անկախ նրանից, թե որքան էի ցանկանում, որ նա ծնված չլիներ այդ սարսափելի գույնով: Նույնիսկ մտածել եմ նրան ինչ-որ մանկատուն հանձնելու մասին: Բայց ես վախենում էի լինել այն մայրերից մեկը, ովքեր իրենց նորածին երեխաներին թողնում են եկեղեցու աստիճաններին: Վերջերս լսել եմ Գերմանիայում ապրող ձյունի պես սպիտակ մի զույգի մասին, ովքեր, անբացատրելիորեն, մուգ մաշկով երեխա ունեն: Երկվորյակներ. մեկը` սպիտակ, մյուսը` գունավոր: Ես չգիտեմ` արդյոք դա ճիշտ է: Ես միայն այն գիտեմ, որ նրան խնամելն ինձ համար նման էր ինչ-որ փոքրիկ նեգրի կուրծքս ծծել թույլ տալուն: Տուն գնալուն պես ես անցա շշով կերակրման:

Գրել կարծիք