Տոնինո Գուերա. Վերածննդի վերջին ասպետը

Տոնինո Գուերա. Վերածննդի վերջին ասպետը

Երկու շաբաթ Տոնինո Գուերայի (1920-2012) հետ: Համաշխարհային կինոյի լեգենդի վերջին այցը Հայաստան:

Զմրուխտե աչքերով ու հրե վարսերով այս կինը քայլող սեր է: Մի քիչ էլ փերի… ու արդեն 30 տարի Տոնինո Գուերայի սրտի տիրուհին: Լորա…. Օ, Լորա… Նրա տատիկի մայրիկը՝ Կարսի նահանգապետի կինը, հայ էր:

tonino7Համաշխարհային կինեմատոգրաֆի լեգենդ Գուերան, անշուշտ, բացառիկ երևույթ է: Կինոյում ու գրականության մեջ թողած նրա հետքի, նրա արվեստի մասին հաստափոր գրքեր են գրվել ու էլի գրվում են… Բայց ես, դեռ չհասցրած դրանք կարդալ, կինոյի լեգենդար ասպետի ամենամարդկային սխրանք­ների մասին երկու շաբաթ լսեցի իր ամենասիրելիից: Սենյորա Լորայից: Պարզապես Լորայից:

Գուերան հաճախ էր բարկանում իտա­լացուն, իսկ ինձ համար հային բնո­րոշ խառնվածքով: Նյարդայնանում էր, երբեմն էլ իրեն պահում կամակոր ու քմահաճ երեխայի պես: Մի քանի վայրկյանից դառնում էր ամենաբարին ու հմայում իր փոքրիկ հաճոյախոսու­թյամբ: Իսկ Լորան միշտ էր հանգիստ, Լորան միշտ ժպտում էր, ուրախ էր ու շատ նրբանկատ: Երբ մաեստրոն իտալերենից անցնում էր ջարդված ռուսերենի ու սկսում ար­դեն մեզ համար էլ հասկանալի լեզվով բարկանալ ու բողոքել Լորայից կամ էլ արևի` այդ պահին իրեն չգոհացնող դիրքից, նույնիսկ այդ ժամանակ էլ Լորան ժպտում էր ու ասում.

– Տոնինոչկո, per favore, հանգստա­ցիր, ոչինչ, հիմա ամպերը կգան, լրագրողները կգնան, մի’ բարկացիր:

Լորան իր ամուսնու հայելին է: Նա աշխատել է Փարաջանովի ու Տարկովսկու հետ: Գուերան, որ կինոյի տի­տանների ամենամտերիմ ընկերն էր ու պահանջված սցենարիստը, հենց նկարահանումների ժամանակ է տեսնում Լորային, անմիջապես սիրահարվում ու արդեն 30 տարի է՝ սիրահարված է: Փարաջանով-Գուերա ընկերության հիմքում դարձյալ Լորան է: Ու սալաքարը: Առաջին անգամ, երբ հանդիպե­ցին, Փարաջանովը բռնեց Գուերայի ձեռքից, ասաց. «Գնացինք…ե: Ու տա­րավ տեսնելու, թե ինչպես են տաք աս­ֆալտի տակ թաղվում հին սալաքարերը: Հետո ծնկի իջավ ու շոյեց դրանք: «Մկրտվելուցե հետո ընկերությունը ձգվեց 30 տարի՝ մինչև Փարաջանովի վերջին օրը:

Լորան նաև պոետ է ու թարգմա­նում է հանճարեղ ամուսնու գիրն ու խոսքը: Հայաստանյան այցի ամբողջ ընթացքում, իսկ մաեստրոն այն կոչեց «Ուղղահայաց ճամփորդություն կամ ուղևորություն դեպի դարերի խորքը», դարձյալ Լորան էր նրա թարգմանի­չը: Մաեստրոյի ամեն բառը մի պատ­մություն էր, նուրբ բյուրեղապակու պես պատմություն, համենայն դեպս՝ Լորայի շուրթերին: Նա մի քիչ արագ է շնչում, ու լսելիս փշաքաղվում ես: Գուերայի յուրաքանչյուր բառը նա զգուշությամբ հավաքում է ափերի մեջ, մի քիչ ներշնչվում ու զգույշ, հատիկ-հատիկ բաժանում աշխարհին:

tonino3

Ճիշտ է, Լորան էլ էր մի քիչ հոգնել: Նույնիսկ շատ էր հոգնել: Հատկապես մեզնից, մեր տեսա ու ֆոտոխցիկնե­րից, որոնք անընդհատ միացված էին ու ամենուր հետապնդում էին նրանց: Լորան ասում է.

«Դրանք գողանում են Տոնինոյի աուրան…»

Ջերմուկում ընկերներից մեկը Լորային մեղադրեց, թե ինչու չի թարգմա­նում մաեստրոյի բոլոր-բոլոր գործերը, չէ՞ որ դա շատ կարևոր է և իրենից լավ ոչ ոք չի կարող անել դա:

– Կարևորը կյանքն է Տոնինոյի հետ,- ասաց Լորան,- ես հիմա պետք է ամեն վայրկյան նրա կողքին լինեմ, նրա վերջին տարիներն են, թարգմանել միշտ էլ կհասցնեմ:

Իտալացի վարպետն իր ռուս տիկ­նոջից մեծ էր ավելի քան 20 տարի…

tonino5

Լորա… Լորա…

Մաեստրոն այս անունը միայն ի’մ ներկայությամբ կրկնեց 593 անգամ (հաշվել եմ):

Սերը ծորում է Լորայի աչքերից, ոսկե մազերից ու կատվի շարժում­ներից: Մաեստրոն էլ է նրան սիրում, ավելի ճիշտ սիրահարված է, ասում է. «Շուտ-շուտ եմ սիրահարվում՝ տարին առնվազն հինգ-վեց անգամ: Լորան այդպիսին է, ամեն անգամ մի բան հո­րինում է, ու ես էլ ուզած-չուզած սիրա­հարվում եմ»:

Սիրահարված լինելու հրաշքի մա­սին Գուերան շատ է սիրում խոսել: Նրա քարտուղարը՝ Կարլոն, խոս­տովանել էր, որ տողերիս հեղինակն իրեն դուր է եկել, այդ պահից մինչև Հայաստանից մեկնելը մաեստրոն ինձ բացատրում էր սիրո հմայքներն ու կին-տղամարդ մոլորակների բախման հրաշքը: Ու անընդհատ հիշում էր Ֆելինիին:

Մահամերձ էր նա, ես էլ փորձում էի ցրել տհաճ մտքերը, երբ մեկ էլ Ֆելինին ասաց. «Տոնինո, գիտե՞ս, հենց հիմա ու շատ ուժեղ ինչ կուզեի… միայն մի բան: Սիրահարվել»: Չկար­ծես, թե Ֆելինին չգիտեր, որ մի երկու օրից մահանալու է կամ էլ ուզածը մի գեղեցիկ կնոջ մոտ վազելն էր: Չէ՛, այդ խոսքով Ֆելինին մեզ կտակեց միտքը, որ միայն սիրահարված մարդն է իրա­կանում ապրում, ու միայն այդ ժամա­նակ է նա երջանիկ:

 

Նա ունի միանգամից երկու «Օսկար» և «Ոսկե արմավենու» ոչ թե ճյուղ, այլ մի ամբողջ ծառ` ութ ճյուղե­րից. տան այգու աչքից ամենահեռու անկյունում: Գուերայի կյանքի կենտ­րոնում Լորան էր:

tonino8

Հյուրանոցի նախասրահում էր, որ առաջին անգամ տեսա այդ տարօրի­նակ մարդկանց: Բարձր խոսում էին, Գուերան ձեռքի արագ շարժումներով ինչ-որ բան էր բացատրում Լորային: Հիշեցի համոզմունքս, թե մեծու­թյունների կանայք դժբախտ են: Մի վայրկյան հետո տեսա, թե ինչպես են միմյանց նայում ու ինչպես է Լորան բռնում նրա ձեռքը… ու հիմա էլ անհոգ ու երջանիկ ծիծաղում են…

Գուերան ասում է. «Մեջքս մի քիչ կոր է, բայց ոտքերս սիրուն են»: Ու ծի­ծաղում է: Հաճախ է ծիծաղում: Հատ­կապես, երբ հիշում է իր ու Ֆելինիի արկածները: Ասում է. «Մենք հան­ճարեղ խուլիգաններ էինք, բայց դա ոչինչ… ա՛յ հիմա նոր սերունդ է գալիս, ա՛յ նրանք՝ bellisimi! Նրանք մեզ գերա­զանցելու են»:

tonino6

Առաջին անգամ էի տեսնում ավագ սերնդի, այն էլ ի՜նչ սերնդի, ինչպիսի՜ ներկայացուցչի, որը չէր բողոքում ու դժգոհում երիտասարդներից: Հակա­ռակը: Այնքա՜ն հիացած էր մեզնով, որ ես էլ հավատացի:

Մենք լավն ենք, մենք կարող ենք… Գուերան է ասում…

Նկարահանումների ժամանակ անընդհատ մեզ բացատրում էր, թե ինչ է պետք անել ու ինչպես: Հետո նե­րողամիտ ժպիտով ավելացնում էր. «Ես 120 կինո եմ ստեղծել»:

Հայտնի «Ամարկորդը» հենց Գուերայի հիշողություններն են: Ֆիլմի անունն էլ Ֆելինիի հետ շատ պատա­հաբար են գտել: Սրճարանում: Սե­ղանին՝ սուրճի գավաթների անվեր­ջանալի շարք, իսկ դարի ռեժիսորն ու սցենարիստը վիճում են, բղավում, ու շիկացած օդը ցնցվում է նրանց խոսքի ու շարժման տարափից: Այդ պահին նկատում են, որ բոլորը մատուցողին մի խմիչք են պատվիրում՝ Amarcore: Հետո այդ բառի մեջ նրանք գտնում են հետևյալը՝A – ես, Mi – ինձ, Ricordo – հիշում եմ: Այսպես է գաղտնազերծ­վում «Ամարկորդը»:

tonino

Դիլիջանում մաեստրոն մեզ անընդ­հատ ստիպում էր նկարել շնիկներին: Մի 5 ձագուկներ կային, վազվզում էին այս ու այն կողմ: Գուերան էլ հենց տեսնում էր, որ տեսախցիկի օբյեկ­տիվն իր վրա ենք պահել, բարկանում էր ու ասում՝ «Basta! Ինձ չէ, շնիկնե­րին նկարեք»:

Ջերմուկում էլ մեծ, սև հովանոցով հարվածում էր լուսանկարչի ուսին ու դարձյալ ասում. “Basta!”:

Երկու շաբաթ Գուերայի հետ, ու ինձ շատ հասունացած, նույնիսկ ծերա­ցած եմ զգում: Էքսպրեսիվ, անմիջա­կան, առանց դիմակի ու շատ բարի՝ իտալական ռենեսանսի վերջին տե­րևը Հայաստանի մասին այնքան մեծ սիրով էր խոսում: Պահի տակ ընկում էինք գործով ու մոռանում՝ ում հետ գործ ունենք: Բայց նա մեզ արագ էր ուշքի բերում: Ոչ թե խիստ հայացքով կամ մեգաաստղին հատուկ գոռոզու­թյամբ, այլ՝ այն պարզ խոսքերով, որ գտնում էր յուրաքանչյուր թփի, ծառի ու վանքի համար: Օրինակ, երբ պատ­վիրված կարմրախայտը բերեցին, ասաց.«Այժմ ոսկորներս կլցվեն կալցիումով, իսկ հոգիս կգնա Քրիստոսի ու Դափի մոտ»:

Նրան անվանում են Վերածննդի վերջին ասպետ: Իր գործերի ու տա­ղանդների մասշտաբով համեմատում են Միքելանջելոյի հետ: Իսկ նա, երբ իրեն դասական են կոչում, ձևացնում է, թե չի լսում: Հրաժեշտ տալիս ինձ մի բան ասաց.

«Հիշի՛ր, որ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան տափակ կատարելությունը: Մի՛ փորձիր լի­նել կատարյալ կամ էլ բոլորին դուր գալ: Ուղղակի ապրիր ու երջանիկ եղիր: Իսկ ամենակարևորը՝ ազատ: Փարաջանովն ինձ միշտ ասում էր. «Ազա՛տ եղիր, Տոնինո, հավատա՛ քո աշխարհին, ճախրի՛ր, Տոնինո, ճախրի՛ր, կարծես դու աշնան տերև ես…»:

Հեղինակ՝ Սոնա Թորոսյան
[ archive newmag #03 ]

Գրել կարծիք