[ Exclusive ] Ուոլ Սթրիթի ամենակարող հայը. Վահրամ Մաթևոսյանի առաջին հարցազրույցը հայկական մեդիային

[ Exclusive ] Ուոլ Սթրիթի ամենակարող հայը. Վահրամ Մաթևոսյանի առաջին հարցազրույցը հայկական մեդիային

Վահրամ Մաթևոսյանը հայտնի չէ հայ սպառողին: Նրա մասին երբեք չի խոսվել հայկական մամուլում: Ահա նրա առաջին և էքսքլյուզիվ հարցազրույցը հայկական մեդիայում:

Նյույորքցի դերձակը հագուստ է կարում հեղինակային կինեմատոգրաֆի վարպետներ Ուես Անդերսոնի, Նոա Բաումբաքի, Ջեյք Փելթրոուի անձնական օգտագործման և անգամ որոշ կինոհերոսների համար: Նրա հիմնական հաճախորդներն են Ուոլ Սթրիթի «գայլերն» ու բանկային բիզնեսի «շնաձկները»: Ապրելով նորօրյա Հռոմեական կայսրության մայրաքաղաքում՝ Մաթևոսյանը չի կորցրել բարեհամբույր, մտերմիկ և ընկերական խոսելաոճն ու հաճույքով ներկայացրել է իր կյանքի մանրամասները:

vahram-2

Armenian thing. Mr. Ned. այսպես է կոչվում ատելյեն՝ ի պատիվ Վահրամի հոր` Նեդ Մաթևոսյանի, որը Նյու Յորք էր եկել Ստամբուլից: 1965-ին հայրը հիմնել է ատելյեն, իսկ 2001 Վահրամն այն գնել է, որովհետև հայրը չէր ուզում հենց այնպես տալ բիզնեսը. այդպես էլ ամերիկաբար ասել է՝ «Պետք է գնես այն»: Երբ Վահրամի հետ խոսում ես հայկականի մասին, նա առաջին հերթին հիշում է իր տատիկին՝ հայրիկի մորը, որն ընտանիքի համար ահռելի չափաբաժիններով ազգային ուտեստներ էր պատրաստում. մինչև օրս Վահրամը նախընտրում է լահմաջո և քուֆթա: Շաբաթը մեկ այցելում է աշխատավայրի կողքին գտնվող հայկական սրճարանն իր հայ ընկերների հետ, որոնց մեծ մասը Թուրքիայից է, երկուսը՝ Երևանից. երևանցիները հաճախ են խոսում մայրաքաղաք այցելելու մասին, և հավատում են, որ մի օր Վահրամն անպայման տեղ կհասնի: Բացի հայ ընկերներից և խոհանոցից, Վահրամի կողքին են երկու հայ աշխատողներ, որոնցից մեկն այնտեղ կարում-ձևում է արդեն երեսուն տարի, իսկ հիմնականում աշխատողներն իսպանացիներ են. դժվար է գտնել հայ կարողների:

14466262_1118540918238191_1803134499_o

Tailor thing. Ոգեշնչման համար նա հիմնականում դիտում է ռետրո ֆիլմերն ու թերթում նորաձևության հնամաշ գրքերը (ազատ ժամանակը հատկացնում է երաժշտությանն ու սպորտին): Նյու Յորքում շատ են իտալացի գործընկերները, այնպես որ` այո, իտալականը մինչև այսօր թելադրում է որակի չափանիշները: Mr. Ned-ում հիմնականում կարում են բրդից կոստյումներ, բայց կան մարդիկ, ովքեր, ինչպես Ուեսը, նախընտրում են թվիդ և վիլվետ: Դա բացարձակապես ուրիշ մոտեցում է և յուրօրինակ ոճ է, կա մտքի ազատության հարմար առիթ, ինչն, օրինակ, բանկի աշխատողների մուգ և զուսպ ստանդարտով կոստյումների դեպքում անհնար է:

 

vahram-5

Anderson thing. «Ուեսն իմ ընկերն է, նա ինձ հրավիրում է իր ֆիլմերի պրեմիերաներին, ես գնում եմ և այո` հաճույք եմ ստանում: Ես աշխատել եմ «Թենենբաումների ընտանիքը» ֆիլմի կոստյումների վրա: Կանայք հազվադեպ են կրում կոստյումներ, այնպես որ` էկրանին միայն Անջելիկա Հյուսթոնն է Mr. Ned կոստյումով: Այպես է նաև առօրյա կյանքում. կանայք հազվադեպ են մտնում մեզ մոտ»: Անդերսոնի շրջապատում նաև դերասան Ջեյսոն Շվարցմանն է առօրյայում կրում Mr. Ned: Ամենահավատարիմ հաճախորդը Ուեսն է: «Պատահում է, որ ամիսը 2-3 հոգի մտնում են ինձ մոտ և խնդրում, որ կարեմ Ուեսի ոճի կոստյում: Կամ նրանք ուղղակի գիտեն ինձ` իր յուրօրինակ ոճի շնորհիվ»:

14453868_1118545474904402_1957249241_o

Future thing. Բազում պլաններ ունի: Վերջին երկու-երեք տարին շատ են մեծ քանակի պատվերները, ned-եցիները կարում են գործընկերների համար, ովքեր չունեն տարածք և աշխատակազմ: Հայրենադարձության մասին խոսելիս Վահրամը նշում է Երևանը տեսնելու մեծ ցանկությունը: Նախ մտնելու է Մատենադարան, հետո կտեսնի մնացած ամենը, ինչ գոյություն ունի Երևանում: Եվ չնայած Մաթևոսյանի հայրը հայ է, մայրն` Օհայո նահանգի ամերիկացի, հենց մայրն է, որ Վահրամին դրդում է այցելել Հայաստան:

vahram-6

Last thing. Վահրամն իր կնոջ, քրոջ և գուցե երկու շների հետ կկտրվի Մեծ խնձորի գերարագ կյանքի ռիթմից և մեկ շաբաթ կանցկացնի Հայաստանում: Մենք ակնկալում ենք նաև իր կինեմատոգրաֆիկ ընկերների ուղեկցությունը:

newmag #70

Լուսանկարները` Արամ Կիրակոսյանի

Գրել կարծիք