Կյանքը` ապառիկ կամ Մոխրոտի հեքիաթը. այն կավարտվի, երբ մի օր չվճարես

Կյանքը` ապառիկ կամ Մոխրոտի հեքիաթը. այն կավարտվի, երբ մի օր չվճարես

newmag-ի սյունակում հայտնի հաղորդավար, խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանը` վարկով գնված բանկարաններում ապրող երիտասարդ ընտանիքների մասին:

Բանկերի և վարկային կազմակերպությունների գովազդային հոլովակներում կամ պաստառներին չկան տարեց մարդկանց մտահոգ դեմքեր: Միայն երջանիկ երիտասարդ ընտանիքներ են: Նրանց միանգամից շատ փող են տվել բոլոր խնդիրները միանգամից լուծելու համար:

Տունը, որի համար նոր ամուսնացած զույգը  վճարել է մի քանի միլիոն դրամ, փաստացի իրենցն է, կարող են ապրել այնտեղ այնքան ժամանակ, որքան վճարունակ են: Քանի դեռ կարող են վճարել բանկի պարտքը: Երիտասարդ ընտանիքի նորածին երեխան մեծանում է լամինատե հատակի վրա, լողանում է մաքուր ու սալիկապատ լոգարանում, իսկ ընտանիքը կերակրելը երիտասարդ կնոջ համար ոչ թե ծանր պարտականություն է, այլ  հաճույք` տեխնիկայով հագեցած խոհանոցի շնորհիվ: Վարկով գնած տունը վարկով էլ նորոգել են, իսկ լվացքի մեքենան, խոհանոցային կոմբայնը, նորագույն հեռուստացույցն ու համակարգիչը գնել են մեկ օրում ապառիկ: Երջանիկ ընտանիքը վայելում է վարկով վերցված կենցաղային բարիքները:


Մենք` ձեր ծառերը, դուք` մեր անտառը

Ամենատարածված ու ամենափրկիչ սուտը


Այս ամենը նման է «Մոխրոտը» հեքիաթին: Այն կավարտվի, եթե նրանք մի օր չկարողանան վճարել «ապառիկ կյանքի» համար: Աշխատավայրում ի հայտ եկած առաջին իսկ դժվարությունները երիտասարդ ընտանիքի ղեկավարի դեմքին առաջին խորշոմն են ավելացնում: Երիտասարդ ընտանիքի երիտասարդ մայրը ստիպված է լինում երեխային մանկապարտեզ տեղավորել` վարիչին շատ խնդրելով, որ հաշվի չառնի մինչև երկու տարեկանը պակասող մի քանի ամիսը, որպեսզի կարողանա աշխատանք գտնել: Երիտասարդ ընտանիքի համար երկրորդ, առավել ևս երրորդ երեխայի մասին մտածելն անգամ նույնն է, թե ստորագրես մեկ օրում փողոցում հայտնվելու որոշման տակ:

Ապառիկ կյանքի նպատակը դառնում է ապառիկից ազատվելը: Երիտասարդ զույգերը պտտվող անվի մեջ հայտնված սկյուռի պես անդադար վազում են փակ շրջանից ազատող երջանիկ ամսաթվին հասնելու համար…Բանկերի և վարկային կազմակերպությունների որևէ գովազդում չկան մտահոգ դեմքեր…

Տասը տարի անց`անագե հարսանիքին, երբեմնի երիտասարդ ընտանիքի բոլոր անդամները երջանիկ են, մտահոգությունից խորշոմած դեմքերին փայլում է ժպիտը. Ապառիկ կյանքն ավարտված է:

newmag #41

Գրել կարծիք