Սեզոնային երջանկություն. Ոսկեվանի կիսամյակային ընտանեկան կյանքը

Սեզոնային երջանկություն. Ոսկեվանի կիսամյակային ընտանեկան կյանքը

newmag-ն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղ՝ Ոսկեվան: Նոյեմբերին գյուղ են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ: Մենք ներկայացնում ենք նրանց սպասողներին՝ պարզելու, թե ինչպես են նրանք հարմարվել ընտանեկան կիսամյակային ռեժիմին:

Ոսկեվանի գորգերի գործարանի շինարարությունը դադարեցվեց նավսի ու անեծքի պատճառով: Ռուսաստանում հայտված ու հաջողության հասած ոսկեվանցին դադարեցրեց շինարարությունը, երբ գործերը թարսվեցին: Եվ նա սկսեց ամեն ինչի մեղքը մոգության մեջ փնտրել: Այսպես սահմանապահ գյուղը զրկվեց մի քանի աշխատատեղից: Այժմ կրկին գյուղում շինարարություն է. գարեջրի գործարան է կառուցվում: Այն երևի թե սնահավատության զոհ չի դառնա, քանի որ ներդրողները բելգիացի են, բայց գյուղացիները ոչ Եվրոպայի հետ են հույս կապում, ոչ իրենց հողի հետ: Ոսկեվանցիների եկամտի միակ շանսն արտագնա աշխատանքն է: 1500 բնակիչ ունեցող գյուղից ամեն տարի Ռուսաստան է մեկնում մոտ 100 տղամարդ:

Քնարիկների տնտեսությունը

Խաչատրյաններն ամբողջ ընտանիքով հավաքվում են տարվա 6 ամիսներին: Հարս ու սկեսուր Քնարների խնամքին են 3 անչափահաս աղջիկներ` Անգելինան, Անին ու Արփինեն: Նրանց գործը այգին մշակելն է, երեխաներին խնամելը:

seasonal1

Ավագ Քնարիկի ամուսինն ազատամարտիկ է եղել, գյուղում կրակոցները վերջերս են քչացել, Ոսկեվանի տղամարդիկ սովորաբար դիրքերում են, բայց հիմնականում` Ռուսաստանում: 40 տարվա ամուսինները ընտանեկան կիսամյակային ռեժիմի են անցել վերջին 6 տարիներին: Գյուղում աշխատանք չկա, ժամանց` նույնպես: Տիկին Քնարիկն իր ընտանեկան ռեժիմին համաձայն է, եթե գոնե տղան չգնա ամուսնու հետ:

«Առաջվա Ռուսաստանը չկա, հազիվ ձմեռվա ապրուստի գումար է լինում: Ամուսինս չի ուզում թողնել գյուղը, դրա համար էլ հարմարվում ենք: Գոնե խաղաղություն լինի, կռիվ չլինի, այդ դեպքում կկարողանանաք ոտքի կանգնել»:

seasonal3

Կրտսեր Քնարիկի ամուսինը տարին 12 ամիս էր կողքին, երբ գյուղում ու մյուս համայնքներում շինարարի գործ էր գտնում: 4 տարվա ամուսնությունից հետո էր, որ առաջին անգամ լքեց գյուղը: Առաջնեկը՝ Անգելինան, դեռ չէր ծնվել, իսկ երբ վերադարձավ` արդեն 7 ամսական էր:

Անգելինան հիմա դպրոցական է,  3-րդ դասարանում է սովորում: Անգելիան Ոսկեվանում կմնա, բայց ուզում է, որ կրակոցները դադարեն ու մեկ էլ` տները շենքերի վերածվեն, Երևանի նման: Նրա կրտսեր քույրը՝ Անին, քիչ է խոսում, հստակ ու կարճ պատասխանում է հոր մասին հարցերին. «Պապան գնացել է Ռուսաստան` փող աշխատելու»

seasonal2

Մեծ ընտանեկան հավաք՝ օգոստոսին

4 երեխա, 11 թոռ, 9 ծոռ. Գրիգորյանների ընտանիքն է: 77 տարեկան Սեդան ու 83 տարեկան Իսրայելը 12 տարի է, որ միայնակ են բնակվում Ոսկեվանում: Սկզբում գյուղից քաղաք տեղափոխվեց ավագ թոռը` բարձրագույն կրթություն ստանալու համար:  Հետո` հաջորդը, հաջորդը, հաջորդը… Հերթով հեռացան ավելի լավ պայմանների հետևից. «Գնացին պարապության խաթեր, գործ չկար»:

Գրեթե բոլորն այժմ մի սեղան են նստում օգոստոսի 23-ին` Իսրայել պապի ծննդյան օրը: «Լավ թոռնիկներով տատ ու պապ ենք, մենակ ենք, բայց բրախած չենք»:

seasonal7

Նրանց հաջորդները կվերադառնա՞ն, արդյոք, Ոսկեվան. պապն ու տատը չեն ուզում գուշակել. թող լինեն այնտեղ, որտեղ ապրելու լավ պայմաններ ունեն: Իրենք հող են մշակում, միրգ ու բանջարեղեն ուղարկում: Մի բան հաստատ են որոշել. տունն իրենց տղային են կտակելու, նա էլ պետք է փոխանցի իր որդուն:

«Նաղդի կգան մեզ կթաղեն, կհավաքվեն` զրույց կանեն, հետո` ինչ կանեն` կանեն… »

seasonal8

Փոքրիկ տանկիստի ընտանիքը

3-ամյա Ալեքսն առայժմ հեծանիվ է վարում, բայց երազում է տանկ քշել: Մինչև երազանքն իրականանա, սպասում է հոր մեքենային: Հենց դրա համար է հայրը 3 տարի անընդմեջ Ռուսաստան գնում: 2011-ից սկսեց արտագնա աշխատանքի մեկնել. Ալեքսը նոր էր ծնվել:

seasonal4

Փոքրիկ տղան արդեն քույր ունի՝ Լիլին: 1 տարին լրացած կլինի, երբ հայրը վերադառնա: Նրանց խնամում են մայրն ու տատը: 27 տարեկան Հասմիկը անգլերենի ուսուցիչ է, դպրոցում էր աշխատում մինչև Լիլիի ծնվելը: Ամուսինը կվերադառնա նոյեմբերի վերջին ու վերջապես մեքենա կգնեն, գյուղից-գյուղ կգնան, աշխարհ կտեսնեն:

Հրանուշ Հակոբյան. Արի տուն

Հրանուշ Հակոբյանը տղային տուն է կանչել: Օտար երկրում աշխատելուն` վե´րջ: Տիկին Հրանուշը նախարար չէ, բայց գործի է դրել բոլոր մեթոդները, նույնիսկ բժշկի կաշառել, որ տղային հետ պահի Ռուսաստան մեկնելու մտքից: Կույրաղիքի վիրահատությունն առիթ դարձավ, ասացին` ծանր աշխատանք անել չես կարող:

seasonal5

Տղան՝ Արմենը, 32 տարեկան է: Ծնողները երազում, խնդրում ու պահանջում են, որ վերջապես ամուսնանա: Այս տարի լսել է նրանց ու Հայաստանում է մնացել, բայց Երևան է տեղափոխվել` աղջիկ գտնելու հույսով: Բայց տաքսի է քշում, տուրիստների տեղափոխում:

«Տղաս կրթված է, գրագետ, լեզուներ գիտի, անշնորհք չէ, լավ հումոր ունի: Ուղղակի ամաչկոտ է, չի կարողանում մի աղջիկ գտնել»:

seasonal6

Ընդմիշտ լքված տունը

Այս տանը մինչև 1992 թվականն ապրել է 9 երեխա: Շաքար Գրիգորյանի ու իր կնոջ տունն է: Դատարկ է: Չի վաճառվում:

seasonal9

Լուսանկարները` Աղվան Ասոյանի

Գրել կարծիք