Խե՛ղճ գրող, դե եկ ու այս ամենից գլուխ հանիր. Վրեժ Իսրայելյան` «Վաղ, թե ուշ»

Խե՛ղճ գրող, դե եկ ու այս ամենից գլուխ հանիր. Վրեժ Իսրայելյան` «Վաղ, թե ուշ»

newmag-ը ներկայացնում է Վրեժ Իսրայելյանի (1949-2013) պատմվածքների «Վաղ, թե ուշ» ժողովածուում հրապարակված գրողի հարցարզույցից հատված։

Անկախությունը սակարկելի չէ։ Նա, ով տրտնջում է, իր անկարողությունը անկախության վզին  է փաթաթում՝ հարգանքի արժանի մարդ չէ։ Պարզապես մենք՝ գրող թե ընթերցող, պետք է փորձենք հասկանալ այն ժամանակը, որի մեջ ապրում ենք։

Անկախությունը լույս էր, և մութին վարժված մեր աչքերը շլացան այդ լույսից։ Կկոցած աչքերով մտանք ստվերի տակ, այնտեղ մեզ ավելի ապահով էինք զգում։ Ինչ֊-որ մեկի բարեհաճությամբ հաղթահարեցինք սովը, սառնամանիքը։ Ինչ֊-որ մեկը մեզ սկուտեղի վրա պատերազմ մատուցեց։ Պատերազմեցինք հանուն հայրենիքի, զոհվեցինք կամ չզոհվեցինք։

Զոհվածների գործը հեշտ էր՝ արժանացան խաղաղությունը վերահսկող բարեգործների նվիրած շիրմաքարերին։ Հաշմանդամների գործն էլ էր հեշտ՝ տառապեցի՛ն, տառապեցի՛ն և ի վերջո տիրացան մեկը՝ հաշմանդամի սայլակի, մյուսը՝ փայտե ոտքի կամ ձեռքի, որն էլ՝ կուրությունը փարատող մի ձեռնափայտի։ «Ես զոհվեցի, որ դուք արժանապատիվ ապրեք»,— ասաց նա, ով զոհվել էր։ «Մենք խաղաղությանը նվիրեցինք մեր առողջությունը»,— ասացին նրանք, ովքեր արժանացել էին մի սայլակի, փայտե ոտուձեռի կամ ձեռնափայտի։ «Մենք հաղթեցինք, որպեսզի մեր սերունդները վայելեն հաղթանակի անուշեղենը»,— ասացին նրանք, ովքեր կռվել, հաղթել ու չէին զոհվել։ «Մենք եղբայրներ ենք,— ասացին նրանք, ովքեր չէին կռվել, չէին զոհվել և հաղթել էին խաղաղության դաշտում,— դուք մի քիչ շունչ քաշեք, մենք կհոգանք ձեր մասին»։

Ահա այսպես, ազգային համերաշխության այս «հոյակապ» համաձայնագրի արդյունքում, Հայաստանի Հանրապետության կենսաձևում հայտնվեցին առաջին «բարեգործները»։ Նրանք համառ էին ու հեռատես։ Լույսը նրանց չէր կուրացնում և ոչ էլ ստվերի մեջ էին խարխափում։ Գիտեին այլոց հուսահատությունից ուժ ստանալու բանաձևը, փողից՝ քաղաքականություն և քաղաքականությունից փող կորզելու գաղտնիքը։ Ահա այսպես, զոհվածների, հաշմանդամների և մեր բառապաշարում «հպարտ եմ» վեհ խոսքը իմաստափոխվեց, ձևախեղվեց և դարձավ «երախտապարտ եմ»։ Որդեկորույս մայրերն ու այրիացած կանայք ջանադրաբար սկսեցին համբուրելու համար ձեռքեր փնտրել։ Ի՛նչ փույթ, որ այդ ձեռքերը կեղտոտ էին և հաճախ՝ արյունոտ. ապրել էր պետք, վիշտը մարսել էր պետք. երեխաներին մեծացնել էր պետք։

Այս պարագայում պետությունը, որը կոչված էր «բարեգործների» նվաստացուցիչ  հարձակումներից փրկելու հուսահատվածներին և նեղյալներին, նրանց մեջ երկրի տիրոջ հպարտության զգացումը վերստին արթնացնելու, ընդամենը հակառակորդ թիմից երկրպագու փախցնելու մարտավարությունը ընտրեց։ Պետական չինովնիկը սոցիալապես անապահով խավին այս անգամ իր ձեռքը պարզեց՝ համբուրելու համար, որը հաճախ նույնքան կեղտոտ էր և նույնքան մեղսոտ։ Երկրպագուներ որսալու գայթակղությանը չդիմացան նաև քաղաքական ուժերը՝ կարիքավոր մարդուց ավելի հարմար կերակուր դժվար է երևակայել (բոլշևիկներից էին սերտել այդ դասը)։ Այսպես կոչված «բարեգործությունը» դարձավ պետական և քաղաքական առաջնահերթություն, իսկ ժողովուրդը՝ «բարեգործության» թիրախ։

Ամեն ինչ մատուցվում է որպես բարեգործություն՝ պետական աշխատավարձը, որի դիմաց «բարի ծառայություններ» են ակնկալվում, կենսաթոշակը, որը ծախսելու համար մեծ երևակայություն է պետք, կոչումներն ու մեդալները, որոնք բաշխվում են ում ասես և ոնց ասես։

«Բարեգործական պատերազմի» արհավիրքները ճաշակեցին ամենքը՝ շինարար թե պոետ, թոշակառու թե ուսուցիչ, գիտնական թե ուսանող։ Պղտորվել են նույնիսկ մեր երազները. հրաշքներ այլևս չկան. ինչ֊-որ մարդիկ շարունակ մեզ ինչ-որ բան են նվիրում, իսկ մենք շարունակ փոխհատուցում ենք՝ մեծարելով, ձեռքեր համբուրելով, սրան֊ նրան ընտրելով, մեր կյանքը որպես փալաս նրանց ոտքի տակ փռելով։

Անկախությունը, այո՜, լույս էր։ Այո՜, կուրացուցիչ էր այդ լույսը, սակայն փաստ է նաև այն, որ աչքը լույսի մեջ է տեսնում։ Խե՛ղճ գրող, դե եկ ու այս ամենից գլուխ հանիր։

Հատված` «Վաղ, թե ուշ» գրքից

Էլ. գիրքը ներբեռնել` ՅԱՎՐՈՒՀՐԱՏ 

Գրել կարծիք