Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

newmag-ն առաջարկում է ընթերցել արձակագիր Վրեժ Իսրայելյանի (1949-2013) պատմվածքը արցախյան ազտամարտի մասին:

«Ես չկորաղացա այս թափթփուկներին հասկացնել, որ թիրախը վերազգային բան է: Ամեն ինչի վրա գրում են «հայ» և կրակում այդ ուղղությամբ: Դրա համար էլ հաճախ են վրիպում: «Եթե ուզում ես խոցել` մոռացիր, որ թուրք ես, մոռացիր որ նա հայ է» ասում եմ նրանց: Իսկ նրա՞նք… «Ախր ո՞նց մոռանանք, պարոն գնդապետ»: Ես չկարողացա հասկացնել, որ հային գլխավոր թշնամի հռչակելով, մենք վիրավորում ենք մեր ինքնությունը, նսեմացնում մեր նախնիների երազանքները»,– մտածում էր գնդապետը, և այդ պահերին հուսահատությունը պատում էր նրան: Նույնիսկ Թուրքիա վերադառնալու որոշում էր կայացրել, սակայն ինքնասիրությունը համառել էր: Մեհմեդ Ամիրօղլու հռչակը միանգամից տարածվեց ադրբեջանական զորքերի մեջ: Գնդապետը կամավորականների վստահությունը շահելու ջանք գրեթե չգործադրեց: Ալլահի կողմից նրան շնորհված մարզական տաղանդը, որպես հաղթանակի խորհրդանիշ, ներծծվեց պատերազմի տրամաբանության մեջ:

– Պարոն գնդապետ,– շարունակեց Մաքսուդ անունով կամավորականը,– ղարաբաղցի տղաներից մեկը ոնց որ թե ճանաչում է այդ քածին, ասում է հայերի հրամանատարի քույրն է:

Գնդապետը իր այտոսկրերը ծամծմելով ասաց.

– Լավ է, շատ լավ է:

– Ասում եմ` խրտվիլակ սարքենք ու էն բարձունքին տնկենք: Թող տեսնեն իրենց ապագան:

– Հայերին սեփական խրտվիլակով չես վախեցնի,– ասաց գնդապետը,– նրանք իրենց արյունից էլ գինի կեփեն:

Նրանց հետ ուրիշ լեզվով պիտի խոսես:

– Հայերի հետ խոսելու միայն մեկ լեզու գիտեմ,– ասաց կամավորականը,– խրտվիլակի լեզուն:

Նրանք դեռ անցյալի մեջ են, օգնենք թող այնտեղ էլ մնան:

– Իսկ մե՞նք, մենք հիշելու բան չունե՞նք,– զայրացավ գնդապետը:

– Ո՞րն է լավ, հիշեցնե՞լը, թե՞ հիշելը,– շարունակեց Մաքսուդը:

– Ալլահը վկա,– ասաց գնդապետը,– հայ թե թուրք, նույն բաներն են հիշում և մոռանում:

– Ատում եմ հայերին,– բորբոքվեց կամավորականը,– ճանճի պես միշտ հայտնվում են այն կաթսայի մեջ, ուր մեր երազանքն է եփվում:

– Ատելությունը նույնպես սնունդ է,– ասաց գնդապետը,– հրեաներին և հայերին պետք չէ ատել` զորեղանում են:

– Ուրեմն, սրբել է պետք աշխարհի երեսից,– ներեց կամավորականը:

– Դե սրբիր,– հեգնեց գնդապետը,– էս` դու, էն էլ` հայերը: Թե՞ ուժդ միայն մի աղջնակի վրա է պատում:

– Մաքսուդը մեր գլխին հայագետ է դարձել,– գնդապետին դուր գալու միտումով ծաղրեց մեկ այլ կամավորական:

– Ցավդ տանեմ, էս ի՞նչ լավ բան ասացիր. հայագե¯տ… իսկական անուն է, թե չէ` Մաքսուդ… Մաքսուդ… չի էլ հնչում,– խառնվեց մեկ ուրիշը:

– Այո¯,– ծոր տվեց գնդապետը,– չի հնչում:

– Ահա,– վախից կծկված աղջկան ցույց տալով` ասաց նոր-նոր «Հայագետ» մականունը վաստակաց Մաքսուդը,– ընդամենը սա է հայ կոչվածը: Թույլ տուր վախը չափեմ, արյունս ղզղնել է:

– Ո՛չ,– սրտնեղեց գնդապետը,– այս գեղեցկուհին իմ խաղընկերն է:

– Խաղընկե՞ր,– ուսերը թոթվեց Մաքսուդը,– ի՞նչ խաղընկեր:

– Ես ռազմաբենի արտիստ եմ,– ասաց գնդապետը,– սիրում եմ լեփլեցուն դահլիճներ և անսահման երևակայություն:

Թե ինչեր էր մտածել Ամիրօղլին, կամավորներից ոչ ոք չկռահեց: Ընդունում էին նրա հեղինակությունը, անձը, ավելի քան իրենց լպրծուն գեներալներին, որոնց ռուսահունչ ադրբեջաներենից զզվում էին նույնչափ, որչափ քաղաքական ճարտասաններից:

– Ինձ մենակ թողեք,– սենյակ մտնելով կարգադրեց գնդապետը:

Նստեց սեղանի առջև, հայացքը հառեց ճերմակ թղթին: «Նամակ հայ կամավորական ջոկատի հրամանատարին»,– բարձրաձայն արտասանեց ու սկսեց գրել` ցուցադրելով վայելչագեղության իր տաղանդը:

«Պարոն հրամանատար, եթե ադրբեջանական դիրքերից մի թուրք գնդապետ նամակ է հղում հայ հրամանատարին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես ազերի չեմ, ոչ էլ ազերին է թուրք (ինչպես դուք եք պնդում). պարզապես մեզ միավորում և մեկ ազգ է դարձնում հայերի հանդեպ ունեցած մեր նույնական ատելությունը: Ես չեմ առաջարկում քանդել մեր և ձեր միջև եղած այդ պատնեշը, բայց հավատացնում եմ, որ այս պահին ատելությունը չէ, որ ինձ մղում է գործարքի առաջարկով Ձեզ դիմել: Մեզ մոտ մի հայ աղջնակ կա: «Գերություն» բառը նրան չի սազում, դրա համար էլ չեմ շեշտում: Ես խոսքի մարդ եմ, այն ինձ համար ավելին արժե, քան ազգային պատկանելությունն ու ատելությունը: Գիտեմ, որ հայերդ պատվի մարդ եք: Ես Ձեզ հնարավորություն եմ տալիս փրկել աղջնակի (մեր տվյալներով Ձեր քույրն է) կյանքն ու պատիվը: Առաջարկում եմ հինգ մենամարտ նրա համար` ինչպես հին, երանելի ժամանակներում էին անում, երբ խոսքը խոսք էր, պատիվը` պատիվ: Ընտրեք Ձեր լավագույն դիպուկահարներին: Նրանց հետ առանձին-առանձին մենամարտելու եմ ինքս, եթե կենդանի մնամ: Եթե սպանվեմ որևէ մենամարտի ընթացքում, աղջնակը անվնաս Ձեզ կհանձնվի: Եթե հինգին էլ հաղթեմ` դարձյալ կստանաք նրան: Որպեսզի չկասկածեք, որ ծուղակ է, չեզոք տարածքում առաջինը ինքս կհայտնվեմ: Կկրակենք ատրճանակներով. 40 մետր հեռավորությունից: Որպեսզի խաբեություն չփնտրեք վարքիս մեջ, պարզեմ իմ նպատակը. ես լավ եմ կրակում և վստահ եմ, որ հինգ մենամարտում էլ կհաղթեմ: Իսկ դուք, ուզած ելքի դեպքում էլ, աղջնակին փրկելու հարյուր տոկոսանոց հնարավորություն եք վաստակում: Փոխշահավետ առաջարկ է` ես հայրենիք կվերադառնամ իմ կենսագրությունը հարստացրած, իսկ դուք` հայի Ձեր տեսակը կպահպանեք: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք: Եթե ընդունենք, որ այս գործարքը հայ-թուրքական հինավուրց խաղ է, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես. Ձեր խաղընկեր, գնդապետ Մեհմեդ Ամիրօղլի»:

Գրել կարծիք