Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

newmag-ն առաջարկում է ընթերցել արձակագիր Վրեժ Իսրայելյանի (1949-2013) պատմվածքը արցախյան ազտամարտի մասին:

– Մեհմեդ Ամիրօղլին անկեղծ է, սա «հայ թուրքական հինավուրց խաղ է»,– լռությունը խախտեց հրամանատարը:

– Խաղը` խաղ, հասկացանք,– բորբոքվեց տարեց երկրապահը,– չկա՞ այնպիսի «խաղ» որտեղ աշխարհահռչակ հրաձիգը հայը լինի:

– Կա այդպիսի խաղ,– ասաց հրամանատար Աշոտ Վարդանյանը,– ինքը` թուրք գնդապետն է հուշում. «հայի ձեր տեսակը կպահպանեք»:

– Ի՞նչ իմանանք, ո՞րն է «հայի մեր տեսակը», էն ինչ-որ կանք, էդ ենք:

– Մեհմեդ Ամիրօղլին նենգ գործարք է առաջարկել` հինգ մահ մեկ կյանքի դիմաց: Հա, ասեմ, որ այդ աղջնակը իմ քույրը չէ, ես քույր չունեմ: Բայց դա չէ կարևորը: Նա ուզում է մեկ անգամ էլ ճանաչել իր թշնամուն: Ուզում է իմանալ, հայը ընդունա՞կ է հինգին զոհել մեկին փրկելու համար: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ: Հենց դա պետք է պարզենք: Պատերազմական օրենքներով եթե դատենք, ճիշտ որոշում կկայացնենք, բայց հայի մեր տեսակը չենք պահպանի: Եթե հայի մեր տեսակը պահպանենք, Մեհմեդ Ամիրօղլուն կօգնենք, որ նա էլ թուրքի իր տեսակը պահպանի և հայրենիք վերադառնա «իր կենսագրությունը հարստացրած»: Սա է խնդիրը: Մտածենք: Կես ժամից պատասխան եմ գրելու:

Կես ժամից հայ երկրապահ ջոկատի հրամանատարը «Լեզվաբանի» օգնությամբ գրեց պատասխանը: Ընդհանուր համաձայնությամբ բարձրագույն հրամանատարության հետ այդ հարցը չքննարկեցին` վերադասին փրկելով «հայի իրենց տեսակը» պարզելու տանջալից փնտրտուքից: «Լեզվաբանը» ջանք չխնայեց վայելչագրության նույնքան պատշաճ մակարդակ ապահովելու համար: Պահպանվեց նաև թուրք գնդապետի հրամցրած հարգալից ոճը:

«Թուրք գնդապետ Մեհմեդ Ամիրօղլուն:

Պարոն գնդապետ, Ձեր նամակը ընթերցվեց ամբողջ ջոկատին: Որոշումը կայացրինք քվեարկությամբ` շրջանցելով ռազմական օրենքները: Դուք խնամքով թաքցրել էիք Ձեր հրաձգության աշխարհի չեմպիոն լինելու փաստը: Իզու¯ր… Այդ փաստը ավելի հաստատակամ դարձրեց մեր վճիռը: Ձեր «կենսագրությունը հարստացրած հայրենիք վերադառնալու» զուտ թուրքական երազանքը և «հայի մեր տեսակը պահպանելու» հորդորը ավելի քան անկեղծ էր: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» Ձեր առաջարկը ընդունում ենք չնչին հավելումով` հինգերորդ մենամարտողը ես եմ լինելու (համոզված ենք, որ նախորդ չորս մենամարտերում Դուք հաղթելու եք) և կրակելու ենք երեք մետր հեռավորությունից: Այն բավարար է միմյանց աչքերի մեջ նայելու համար: Ատելության այն պաշարը, որ դարեր շարունակ գոյացել է մեր միջև, կսպանի և՛ ինձ, և՛ քեզ: Կենսագրություն հարստացնելու ավելի գեղեցիկ ձև ես չգիտեմ: Ցանկալի է «խաղը» սկսել առավոտյան, որպեսզի ձերոնք և մերոնք առջևում մտածելու օր ունենան: Եթե Ձեր առաջարկած խաղին իմ չնչին հավելումը Ձեզ չի վախեցնում, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես.

Ձեր մահընկեր, հայ երկրապահ ջոկատի հրամանատար`

Աշոտ Վարդանյան»:

Քամին, եթե ռազմական փորձագետ լիներ, չէր հաջողելու տարբերակել հակառակ դիրքերում ամրացած թշնամական բանակները միմյանցից. նույն համազգեստները, նույն բեղ-մորուսները, նույն տանջահար, բայց մարտականորեն տրամադրված դեմքերը, նույն անհամ, երբեմն` համով կատակները, նույն զենքերը, որոնց արձակած պայթյուններից թշնամու չափ իրենք էին վախենում: Ի՞նչ իմանա քամին, թե սրանցից որն է թուրք, որը` հայ: Ախր, գաղտնիք էլ չկա, որ մեկից առնես` մյուսին տաս: Երկուսն էլ թիրախ են. անձրև եկավ` երկուսն էլ թրջվում են, կայծակը երկուսին էլ խփում է, անտեր շունը երկուսի վրա էլ հաչում է: Մեկն էլ չկար, որ ասեր. «Քամի, այ քամի, մարդկանց գործերին մի խառնվիր», ոչ այս կողմից, ոչ այն կողմից մեկն էլ չկար, որ քամուն ժողովուրդների հերոսական պատմություններից դրվագներ հիշեցներ, Օսմանյան կայսրության և Մեծ Հայքի քարտեզները անձամբ քջջելու պատեհություն ընձեռեր: Բայց դե քամին հենց նրա համար է քամի, որ լսելու ընդունակ չէ, իր գործի տերն է` մեկ այս կողմից, մեկ այն կողմից փչում է ու փչում…

* * *

Պատմվածքի սկզբում խոստովանեցի, որ այսպիսի դեպք չի եղել, այն գրողի երևակայության արդյունքն է: Եղել է, թե չի եղել` այն իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Ընթերցողը պարտավոր է իմանալ. կատարե՞ց արդյոք Մեհմեդ Ամիրօղլին իր զուտ թուրքական երազանքը` հարստացնել իր կենսագրությունը: Հաջողվե՞ց, արդյոք, հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանին երեք մետրից նայել թուրք գնդապետի աչքերի մեջ. և ի՞նչ տեսավ այնտեղ: Արդյո՞ք հինգի մեջ էին «Մեղուն», «Լեզվաբանը»: Իսկ աղջնա՞կը…Վերջիվերջո ինչպե՞ս ավարտվեց հայ-թուրքական հինավուրց խաղը…

Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում է այդ փորձանքից դուրս գալ: Եթե ճշմարտությունն ասեմ` կամ այս կողմից, կամ այն կողմից գլուխս կջարդեն. ընդամենը արձանագրում եմ փաստը` հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ): Իսկ «հայ-թուրքական հինավուրց խաղի» մասին կասեմ հետևյալը. այն շարունակվում է: Ինչո՞ւ է շարունակվում, այդ էլ կասեմ. աղջնակը գերությունից ազատագրվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնել և, ըստ լուրերի, ամուսնացել է թուրքի հետ (երդվում եմ, սա նույնպես գրողի երևակայության արդյունքը չէ):

Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ:

Գրել կարծիք