Վուդրո Վիլսոն. Մարդ, որ փոխեց միջազգային համակարգի տրամաբանությունը

Վուդրո Վիլսոն. Մարդ, որ փոխեց միջազգային համակարգի տրամաբանությունը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր:

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1913-1921) մասին հակիրճ գրելը դժվար է: Նա պատմություն կերտող նախագահներից էր: Վիլսոնը ԱՄՆ առաջին նախագահն էր, որն ուներ պատմաքաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Նրա նախագահությունը համընկավ Առաջին աշխարհամարտի հետ: Ամերիկացիների բախտը, կարելի է ասել, բերեց, որ այդ դժվարին փուլում նրանց նախագահը եղավ հենց Վիլսոնը՝ պատմության, պատերազմների պատճառներն ու հետևանքները վերլուծող մասնագետը:

Վիլսոնը փոխեց միջազգային համակարգի տրամաբանությունը՝ նա Եվրոպայում ուժերի հավասարակշռության համակարգի փոխարեն Եվրոպային ու ամբողջ աշխարհին առաջարկեց միասնական անվտանգության մոդելը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա: Գաղափարը պարզ էր: Հետկայսերական աշխարհում բոլոր ազգերը պետք է ունենային իրենց պետությունը՝ հնարավորինս արդար սահմաններով:


[ The President ]


Վիլսոնը Ազգերի լիգայի գաղափարի համահեղինակն էր: Կազմակերպությունը կարճ կյանք ունեցավ, բայց կատարեց ճակատագրական դեր, փրկեց կյանքեր ու հիմք դարձավ ՄԱԿ-ի համար: Վիլսոնի միասնական անվտանգության թեզը հետագայում զարգացավ: Երկրորդ աշխարհամարտից հետո այն դարձավ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, ավելի ուշ ԵԱՀԿ-ի սկզբունքներից մեկը, որից օգտվեցին շատերը: Ի վերջո ձևավորվեց «ինքնորոշման իրավունքի» ժամանակակից սկզբունքը:

151005081457-woodrow-wilson-large-169

Վիլսոնի «14 կետերը», որով նա հանդես եկավ Կոնգրեսի առաջ, հիմք դարձան անկախ երկրների ստեղծման համար: Որպես պատմաբան, նա մանրակրկիտ գծագրել էր նաև անկախ Հայաստանի քարտեզը, որը ելք ուներ դեպի Սև ծով: Արևմտյան Հայաստանի սահմանը ստացավ «Վիլսոնի գիծ» անվանումը: Նրա սահմանագոտիներով քարտեզները դրվեցին Սևտրի պայմանագրի հիմքում:

Վիլսոնը ԱՄՆ միակ նախագահն է, որին հուղարկավորել են ԱՄՆ մայրաքաղաքի տարածքում: Նրա աճյունը հանգչում է Վաշինգտոնի Մայր տաճարում:

Գրել կարծիք