Լևոն Խեչոյան. Եվ օձի, եւ «Հայր մերի» ժամանակը

Լևոն Խեչոյան. Եվ օձի, եւ «Հայր մերի» ժամանակը

newmag-ն առաջարկում է ընթերցել արձակագիր Լևոն Խեչոյանի (1955թ. դեկտեմբերի 8 – 2014թ., հունվարի 8) պատմվածքը, որը գրողը նվիրել է կիոնռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Արտավազդ Փելեշյանին

Օդը, միջանցքի ալիքված լինոլեումի տակ գլորվում, ներբաններիս տակ փափուկ՝ տեղից տեղ էր փախչում։ Կանաչ ներկված երկար տարածք է։ Պատին՝ ցցի վրա, մի տեղ վառվում է մերկ լամպը։ Դռան մոտ, խնձորի՝ ոլորապտույտ մաքրած, դեղին կեղեւ է ընկած։

Սենյակի հեռվում մայրս կուչ է եկել անկողնու մեջ։ Արծաթե ականջօղերը, որ վաղուց տանը որոնում էինք, չկային, բերել եմ, ճանապարհին խանութից փասիանս բացելու խաղաթղթեր եմ գնել, դնում եմ կողքին, ուշադրություն չի դարձնում։

Աղջկան գիշերն են բերել, հերթապահ բուժքույրը ցերեկը երկու ժամով գնացել է թաղման, այլեւս չի վերադարձել, նա էլ բոլոր հիվանդներին վախեցրել է։ Միջանցքում ծխում էր, հիմա էլ ներս է գալիս կտրուկ, մինչեւ վերջ բացվող դուռը ակնթարթորեն ծծում է հավքի թեւաբախյունով դեպի իրեն թռչող պատուհանների բոլոր վարագույրները, հետո էլ շրխկոցով փակում է, օդի ալիքը խփում է չորս կողմին, ապակիները զրնգում են․ գիշերն էլ այդպես է արել։

Բարձրահասակ, մինչեւ վերջ խուզված գլխով, սեւ աչքերի տարօրինակ հայացքով, նիհար, ոսկրոտ, առանց կրծքերի, պատանու տեսքով աղջիկ է։ Շրմփոցով մեջքի վրա ընկնում է մահճակալին, աչքերի դեմ հրահանն է վառել, բոցի մեջ է նայում, այրում-֊հանգցնում է։ Ամեն մի չրթոցի հետ մայրս կրունկներով իրեն ավելի ետ է հրում, գնում, տիկնիկի չափ փոքր մարմնով, կուչ է գալիս մահճակալի գլխի տակ, ասում է․ «Ես գիտեմ՝ հիմա կհրկիզի։ Բամբակե ներքնակները բենզինի նման այրվում են, հիմա հրդեհը կգցի մեզ վրա»։ Իրենց անկողինների միջից բոլոր հիվանդները ինձ են ասում․ «Դու նրանց չներես, դու արվեստագետ ես, գրիր այս հիվանդանոցի մասին»։

Ցուցանակակիր բոլոր աշխատասենյակների դռները թակելով բացել, գլխավոր բժշկին չեմ գտել։ Բաժնի վարիչն էլ ասում է․ «Ես ինչ անեմ, դուր չի գալիս, վերցրու քո մորը, տար»։ Ասում եմ․ «Կարելի՞ է, որ նա տղամարդու նման ամբողջ գիշեր հայհոյել է հիվանդներին։ Լուսադեմին ասել է՝ դուք դատապարտված եք, մեկ է, բոլորդ էլ կմեռնեք»։ Բաժնի վարիչը, թե․ «Դու ի՞նչ ես կարծում, նրա մոտ ուրի՞շ բան է, իրենն էլ այդ հիվանդությունն է, նույն արագընթաց փուլում։ Տասնչորս֊-տասնհինգ տարեկան աղջնակ է, ասածներին պիտի ուշադրություն չդարձնել»։ Համաձայն չեմ, իրար չխնայելով, սպառնալից վիճում ենք։ Ասում եմ․ «Քանի նրան հսկող չկա, մի՞թե կարելի է այստեղ թողնել»։ Դարձյալ նույն բանն է կրկնում․ «Մասնագիտացված միակ կենտրոնը սա է, նույնանման հիվանդությամբ այստեղ են գալիս, եթե մանկական գաղութի հիվանդանոցում բուժվելու հիվանդ լիներ, նրան այստեղ չէին բերի»։ Թողնում-֊գնում եմ։ Ետեւիցս ասում է․ «Տար քո մորը, էդ է եղածը, ավելին չենք կարող անել»։

Նստել եմ մահճակալին՝ մորս ոտքերի մոտ, լյարդս ցավում է, ձախ ձեռքով տաքացնում եմ կողս, գիրկս նստած կատվի պես շոյում եմ ծակող կետը, թուլացնում եմ գոտիս։ Կնոջս գնալուց հետո, արդուկ չանելու համար, մշտապես ջինսով եմ։

Նա հիմա էլ, մորաքրոջ աղջկա հետ, գիշերները խելագար մի կատաղության է հասցնում․ ամենաուշ ժամի հավասարաչափ լռության մութ ծանրությունից դուրս է թռչում հեռախոսազանգը․ չեն խոսում։ Կամ էլ մորաքրոջ աղջիկը, ընդօրինակած ֆիլմի կամ գրքերի գլխավոր հերոսին, խոսում է թաշկինակի միջով, որպես մի ոգի, վախեցնում է Աստծո անունից, թե․ «Կնոջդ վիժելու համար դու երբեք չես ներվելու»։ Այսօր էլ իմ այդչափ գրգռվածությունը անքնությունից էր։

Մայրս, վախեցած աղջկա լուսադեմին ասված խոսքերից, հարցնում է․ «Ի՞նչ ես կարծում, լաբորատորիաներում աշխատող, գիտական կոչումներ ունեցող բժիշկներն այս շաբաթ կգտնե՞ն իմ մեջ եղած գոյացությանը հաղթող դեղը։ Եթե չեն գտնելու, դու ասա այստեղի վիրաբույժին, լավ, ես համաձայն եմ, թող կուրծքս հեռացնի»։

Հիվանդները գիշերային տեղատարափ վախից հետո աշխուժանում են, երբ կեսօրվա թույլատրելի ժամին գալիս են հարազատները։ Նրանց վերմակներին, փորերին գցված ծաղկավոր սրբիչների վրա ճաշի սեղաններ են բացվում։ Աղջիկը, մահճակալի վրա մեջքին պառկած, կրակի բոցի մեջ նայելով, դարձյալ աչքերի դեմ հրահանն է վառում-֊մարում։


Լևոն Խեչոյան. Հողի դողը (պատերազմական նոթեր)


Հիվանդներն ու հարազատները նրա դեմ ցասումնալի լռում են՝ միավորված համաձայնությամբ, սենյակի անկյունում, նրա մահճակալի կողմը, մեջքով են նստել, ուտում են։ Աղջիկը ձեւացնում է, թե քնած է։ Տապակած հավի կուրծքը թեւի հետ պոկում, հացի վրա դրած տանում, դնում եմ կողասեղանին։ Դարձյալ քնած է ձեւանում, աջ ձեռքի բազկով փակել է աչքերը, ճերմակ բարձին առեղծվածային երեւում է մինչեւ տակ խուզված սեւ գլուխը՝ ճրագի լեզվի պես պեծին տվող մի քանի տաք սպիներով։ Հիվանդները, նրանց հարազատները լուռ նայում են մեջքիս։ Մայրս ուտում եւ հանդիմանելով խոսում է ինձ հետ։ Ավելի ուշ, բաժնի վարիչը, որի հետ սպառնալից վիճել էի, միջանցք է կանչում։ Ասում է․ «Գլխավոր բժիշկն արդեն գիտի ձեր բողոքի մասին, հետաքրքրվեցինք՝ աղջիկն ով ունի, խնամողներ չգտանք։ Ետ ենք ուղարկելու, ինչքան հնարավոր է՝ բուժումը տեղում կկազմակերպեն»։ Ինքը գնում է, նույն դիրքով երկար մնում եմ, պատին հենված՝ մի քանի ծխախոտ եմ ծխում։ Իրենք իրենց ձեռքերի վրա երկու տակ պառկած, փորները բռնած հիվանդներ են անցնում֊դառնում։

Սենյակ վերադառնալիս, դռան մոտ, աղջկան եմ հանդիպում, միաժամանակ նրա պահարանին տեսնում եմ մսից մնացած ոսկորները, առջեւից գնում է նրան ուղեկցող կապույտ աչքերով, լայնակոնք բուժքույրը, ճանապարհ եմ տալիս, օծանելիքի՝ դաշտերի բուրմունքը բռնկվում-֊հանգչում է։ Աղջիկը դեմ դիմաց ճանապարհիս է կանգնում, անսպասելի, տաք, կաթնահոտ համբուրում է շուրթերս։ Աչքերը խորը, թաց սեւ են, զարմանալի։ Ասում է․ «Հավը… միսը…»։ Կակազում է, կիսատից անցնում է ամբողջին, ասում է․ «Ես գիտեմ՝ հրեշտակները որտեղ են ապրում։ Սատուրնի վրա, այնտեղ անընդհատ գոլորշի է, հենց այդ մառախուղի մեջ էլ հրեշտակների տունն է»։ Այս նախադասությունն էլ, առանց բառերի վերջավորության, շաղկապի, կակազելով, երկար֊-երկար է ասում, բայց ուզում է, որ հասկանամ։ Ափիս մեջ թողնում է մետաղե հրահանը, դռնից դուրս սպասում է կապույտ, խաղաղ աչքերով, լայնակոնք բուժքույրը, գնում է նրա մոտ, գնում է նրա ետեւից։

Մայրս հրահանը օտար մարմին է համարում, ստիպում է՝ գցեմ աղբամանը։ Տաք հրահանը դնում եմ գրպանս, դուրս եմ գալիս փողոց։ Մինչեւ երկաթգծի կայարան ոտքով եմ գնում։

Արեւի տակ դողում են բնից ընկած ծտի ձագերը։ Պսպղում է բորբ հուլիսը։

Խաղալիքների խանութի դիմաց՝ փողոցն անցնելիս, հանկարծ ներսումս միանգամից խայտաց տաքը՝ խնձորի ծաղկած ծառ, որից վերեւ կապույտ երկինքն է… բռնեցի նրանից, ամբողջ առավոտ, տնից դուրս գալիս էլ դա էր, այդ պատկերը՝ պուրակում, թփերի, ծաղիկների, կանաչ գազոնի վրա պտտվում էր հիշողության մեջ, մաշկի տակ, այդ ուրախալի, զվարթացնող շունչը, որը երբեւէ տեսել էի ու չէի կարողանում որսալ…

Շոգ է։ Կայարանը տարատեսակ հոտեր ունի, նեղվածք է։ Շառաչում, գալիս է գնացքը։ Դիմավորողները, զենիթից տոթազարկ դեղին լույսի մեջ, ծիծաղում, քրտնում, ժպտում են վագոնների բացվող դռներից երեւացող մութի դեմ։ Մինչեւ վերջին մարդու դուրս գալը սպասում եմ, Հովհաննեսը չի իջնում։ Վերադառնում եմ։

Աղջիկները, կարճ, հետույքների կլորը հազիվ տեղավորող, նեղ շրջազգեստներ են հագնում՝ դեպի վեր, ազդրածալը գնացող խորը կտրվածքով։ Սեւ տրիկոների միջից առկայծում է մաշկի ճերմակը։ Կուրացուցիչ արեւի տակ փայլատակում են նրանց պարանոցների ոսկե շղթաները ու շենքերի պատերին, խանութների ապակիներին փակցված պետության ղեկավարի անհամար, գունավոր նկարները։

Հասնում եմ ավտոկայան։ Կանգառներում հռնդում են ծանրաշարժ ավտոբուսների շարժիչները։ Մայրեր, երեխաներ ուղեկցող տարեց կանայք։ Տղաների ու աղջիկների անուններ են կանչում։ Բարձրախոսը տանիքներից, վերեւում՝ մի տեղից խոսում է։ Բոլոր կողմերից միանգամից ձայներ են լսվում։ Պաղ աղմուկ է։ «Իկարուսը» գալիս, կանգնում է, դիմավորողները ծաղկեփնջերով են, բացվող դռան դեմ թափահար թաշկինակների սպիտակը խաղաղաբեր է։ Մինչեւ վերջին մարդու դուրս գալը, սպասում եմ, Հովհաննեսը չի իջնում։ Վերադառնում եմ։ Մանկական զբոսայգու մուտքի մոտ «Ուազ» մեքենա է կանգնած, թափքից մինչեւ հողը հարյուր երեսուն֊հարյուր հիսուն կիլոգրամանոց մի լոքո է կախված։ Վերին ու ներքին ծնոտներից իջնող հաստ բեղերը մինչեւ փորն են հասնում։ Բազմություն է հավաքվել։ Վնգոցով գալիս է կարմրավուն, շիկացած մեջքերով իրար կպած տրամվայը, միանգամից դատարկվում է։ Վագոն-֊վագոնի պոչից քարանում են պսպղուն ռելսերի վրա, կարծես ետեւից էգին հոտոտող ցուլ է, գլուխը կբարձրացնի, կթռնի ու առջեւի ոտներով կբռնի կովի մեջքը, կողքերին իրենց ուռուցիկ, կապույտ ստվերն է ընկած։

Իմ անունն եմ լսում, ձեռքը թափահարելով բարեւում է։ Հեռվում՝ հավաքվածների մեջ, դեմ դիմաց հայտնվել է միլիցիոներ Գեղամը։ Գալիս է։ Առաջ ընկած, հրել֊հրելով՝ ճանապարհ է բացում, դուրս ենք գալիս։ Քայլում ենք, մահու չափ վախենում եմ լռելուց, միայն թե չլռեմ։ Հարցնում է․ «Ժամանակ ունե՞ս, մի տեղ սուրճ խմենք, քիչ խոսենք»։ Նրա պղնձե բոլոր կոճակները, նշանները պեծկլտում են։ Ասում եմ․ «Չեմ կարող, շատ եմ շտապում»։ Նրան լավ չեմ ճանաչում, ինձ ծանոթ երաժշտի տանն ենք հանդիպել, նրա հարեւանն է, մայիսին, մայիսյան տոներին երեքով խմել ենք։ Ասում են՝ տղան կորել է բանակում։ Ամբողջ գիշերվա չքնելու մասին է խոսում, թե սպանվել է ականջի ցավից։ Հարցնում է․ «Դեպի հրապարա՞կ ես իջնում, քո հետ գա՞մ»։ Ասում եմ․ «Չէ, մի կանգառի չափ ներքեւ, մինչեւ փոստի շենքը»։ «Մեկ է, ժամանակ ունեմ, մի քիչ քայլելով զրուցենք»։ Ես լռում եմ, ինքն անընդհատ խոսում է։ Դիմացի շենքի մուտքից դուրս են գալիս շտապ օգնության սպիտակավոր աշխատակիցները, դեպի մեքենայի բաց դուռն են տանում պատգարակի վրա, խոտի պես պառկած ինֆարկտազարկին․ մինչեւ վերջ քաշած ծածկոցի տակից դուրս է մնացել միայն զարմանալի ճերմակ գլուխը։

Շրջադարձից հետո պուրակն ենք անցնում, երբ հասնում ենք չորս հարկանի շենքին, իմ «ցտեսություն»֊ից հետո ասում է․ «Եթե շուտ դուրս կգաս, կսպասեմ, կարեւոր բան ունեմ ասելու»։ Ասում եմ․ «Չէ, անհետաձգելի գործ է, երեխա են կնքելու, հոգեւորական, բան են կանչել»։ Ասում է․ «Այսօր ոչ շաբաթ է, ոչ էլ կիրակի, հինգշաբթի օրով կնո՞ւնք են անում, միեւնույն է, շտապելու տեղ չունեմ, որ ասեմ ժամանակը խեղդում է, այս կողմերում կպտտվեմ, մեկ էլ տեսար հե տաձգեցին»։ Ասում եմ․ «Ոչ, չեն հետաձգի»։ Նա՝ թե․ «Բոլոր դեպքերում մի տեղ պիտի լինեմ, կպտտվեմ մոտակայքում, կհանդի պենք»։ Բարձրանում եմ, շքամուտքը ակնթարթորեն, ներքեւից վերեւ արձագանքում է աստիճանների իմ դոփյունին։

Պաղել եմ, աշխարհը սառել է իմ դեմ, եւ թունավոր օձ էի ուզում բաց թողնել ինձ վրա եւ գիշերները, մինչեւ լուսադեմ «Հայր մերն» էի ասում անդադար, երբ հանդիպեց երեք երեխաներ ունեցող կինը։ Հենց բնակարան եմ մտնում, վարագույրի ճեղքից աննկատ փողոց եմ նայում։ Գեղամն արմունկով հենվել է կրպակի փեղկին, հանքային ջուր է խմում։ Փուչիկի նման թեթեւ, շենքերի գույնզգույն կտուրների վրայով փողոցե փողոց է թռչում օրվա արդեն պղնձագույն, թանձր արեւը։

Երեխաները գիշերօթիկում են։ Խոհանոցից ճաշի բուրմունք է տարածվում։ Բացում-֊փակում է պահարանի դուռը, հատուկ պահվող տեղից բերում, ոտքերիս տակ է դնում տղամարդու կապույտ մահուդե, փափուկ ներբաններով հողաթափերը, առաջին օրն էլ, երբ եկա, կապույտ հողաթափերն այնտեղ էին։ Ինձ սաստելով՝ գրպանս դրամ է դնում, ասում է, որ կվերա դառնա գրիչը պահող, սմքած մատներիցս հեռացած ուժը, որ դարձյալ կզորանա գլուխս, որ կրկին աղը աղի կդառնա…։ Ես իրեն չեմ տեսնում, մինչեւ գոտկատեղս մերկ եմ, դռան ապակու մեջ միայն նրա ուրվագիծն է երեւում, վերնա շապիկս կախված է միջանցքում․ ինչ֊որ փափուկ բան է ընկնում կախիչից, վերցնում է։ Այնտեղից ասում է․ «Հիվանդանոցի վաղվա դեղերի ու սննդի փողն է»։ Դեմս կանգնում, կանգնում է։ Հետո խոհանոցում սուրճ է պատրաստում։ Խոսում է մեղմ, ամեն բառը հստակ, ջերմ, այդպիսի սովորություն ունի․ խոսել կողքի աթոռին նստած կամ տարածության մեջ գտնվող աներեւույթ մեկի հետ։ Մեջքի վրա ընկնում եմ մահճակալին, հանում եմ հրահանը, բոցը թռչում է վեր, հետո կրակը պահում եմ աչքերիս դեմ, այրում֊հանգցնում եմ, հետո դարձյալ ու դարձյալ անդադար նայում եմ կրակի մեջ։

Գրապահարան

Գրել կարծիք