Երևան/ՑԻՆԵՐ. «բնիկ երևանցիների»  ու «գեղերից եկածներից» մասին

Երևան/ՑԻՆԵՐ. «բնիկ երևանցիների» ու «գեղերից եկածներից» մասին

Երևանցի՞, թե՞ Երևանից. newmag-ը գրի է առել մայրաքաղաքի հայտնի բնակիչների կարծիքները:

Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ` դուք երևանցի՞ եք, թե՞ Երևանից եք: Կարծում եք` բառախա՞ղ է, տարբերություն չե՞ք տեսնում: Գուցե երևանցի է նա, ով սերնդե սերունդ ծնվել ու ապրել է այս քաղաքո՞ւմ: Գուցե պարզապես Երևանից է նա, ով այս քաղաքի հետ կապող հայրական ու պապենական պորտալար չունի՞: Բայց մի՞թե քաղաքին պատկանելությունը որոշվում է գրանցման վկայականով: Մի՞թե մեկ-մեկուկես միլիոն բնակիչ ունեցող քաղաքում կարելի է տարբերութուն դնել, թե ով է երևանի հետ կապված 2000 թվականից, ով` 1960-ից, ով` 1930-ից, ով` 1890-ից… Ուրեմն իրենց «բնիկ երևանցի համարողներն ինչո՞վ են տարբերվում «գեղերից եկածներից». պահվածքո՞վ, կենցաղո՞վ, առոգանությա՞մբ, մաքրությա՞մբ, սանրվածքո՞վ, պատմած անեկդոտներո՞վ, սիրային պատմություններո՞վ, սրճելու ավանդույթներո՞վ, Աբովյանով ճեմելու սովորությունո՞վ… ինչո՞վ:

Նաիրա Մուրադյան. «Ծնողներս լավ խոսք ունեն ասում են` լոթի երևանցի: Մի փոքր էլ թիթիզ են, բայց իսկապես տարբերվում են երևանցիները: Հիմա «պրիստիժ» է մայրաքաղաքից լինելը: Ես երևանցի եմ, բայց գյուղում եմ ապրում, այժմյան քաղաքում ինձ լավ չեմ զգում: Չգիտեմ` ինչու «երևանցի» ասելիս Չարենցին եմ հիշում. երևի Չարենցը իր բնույթով երևանցի է»:

Ֆորշ. «Մի «подъезд» երևանցի ենք մնացել` ճիշտ է ասում Մալխասը. Քչացել ենք շատ: Հյուսիսային պողոտան փաթաթան են դարձրել: Բայց ի՞նչ վատ է. սիրուն է, ինձ դուր է գալիս` չհաշված թերությունները»:

Արամո. «Երևանցին նա է, ով պապենական ծնվել է Երևանում, իսկ ովքեր բնակվում են Երևանում, բայց չեն ծնվել, Երևանից են: Մեծ հաշվով, տարբերություն չկա, կարևորը` սիրես քաղաքը: Մեր մեծերից շատերը եկել ու դարձել են երևանցիներ: Երևանցին «դուխով է», կրակոտ հոգի ունի: Երևանցի կոչվելու համար պետք է առողջ գիժ լինել»:

Քրիստ Մանարյան. «Մի կատակ բանաստեղծություն ունեմ, որ այսպես է վերջանում. «Թե Աստված տա, իմ սիրտը չզարկի, Երևանը քեզնից էլ մարդ կսարքի»: Երևանն այսօր ասես մայր լինի, որը և պետք է աշխատի, և իր երեխանեին խնամի, և  իր արտաքինին հետևի, և հասցնի  քնել»:

Հրանտ Մովսիսյան. «Երևանյան երաժշտությունը մի քիչ խառնվել է: Անճաշակության շրջան է, որը կանցնի: Այսօր երևանյան երաժշտություն չկա: Կամ գուցե կա՞: Գուցե այն, ինչ ստեղծվում է, նոր Երևանի երաժշտությունն է»:

Արա Երնջակյան. «Ժամանակին, երբ ջահել էինք ու գնում էին ծովափ, աղջիկների մոտ գլուխ էինք  գովում, ասում էինք, որ Երևանը վարդագույն հրաշք է ու բոլորը նախանձում էին մեզ: Ես այն հավազգյուտ մարդկանցից եմ, որոնք կարծում են, որ Երևանը հիմա էլ գեղեցիկ է»:

Մարտին Վարդազարյան. «Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, նվիրված է ու սրտացավ: Եթե այս երեք կետերը կան, ուրեմն իսկական երևանցի է: Ես Երևանին նվիրված երեք երգ ունեմ առայժմ, բայց հուսով եմ երեքն էլ դեռ կհասցնեմ գրել: Պարզապես նոր Երևանը իմը չէ, հին` «հինգ հարկանի» Երևանը ինձ ավելի հարազատ էր»:

Ջիմ Թորոսյան. «Ճարտարապետությունն էլ համ ու հոտ է ուզում: Եթե կա, լավ է: Թամանյանի արվեստում զարդարանք չկա: Այն էությամբ գեղեցիկ է: Մենք կորցրել ենք հիմնականը ու չենք գիտակցում, որ շարունակում ենք կորցնել: Մնում է` մեր ներսում պահենք»:

Տիգրան Մանսուրյան. «Քաղաքները բաժանում եմ իգական ու արական սեռի: Օրինակ` Վիեննան իգական սեռի քաղաք է, Նյու Յորքը տղամարդ է: Երևանն իսկական գեղեցկուհի է: Բոլորս տարբեր կողմերից ենք եկել ու հիմա ամփոփվում ենք Երևանում: Ես ինձ զգում եմ երևանցի: Երևանյան բոլոր շքեղությունների միջով անցել եմ»:

Վահագն Հայրապետյան. «Ինձ հայ եմ համարում ու մարդ: Չեմ սիրում զատումներ, արդեն ժամանակն է, որ թողենք այդ բաժանումները: Ի՞նչ է նշանակում երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի, կոմիտասցի, կոնդեցի, այ, էդպես է ամեն ինչ բաժանվում: Մենք մեզ կտրում ենք: Հայը հայն է, կարևորը` լավ բան անի իր ազգի համար: Կամ ի՞նչ է նշանակում իսկական երևանցի. նման բան չկա»:

Խաչատուր Մարտիրոսյան. «Երևանով քայլում ու ինձ օտար եմ զգում: Այսօրվա Երևանը «գույն» չունի, մոխրագույն է, կոլորիտ չկա: Նախկին Երևանը գույն ուներ. Այդ գույնը ներկայացնում էին մարդիկ, որոնք միջավայր էին ստեղծում»:

newmag #41

Գրել կարծիք