[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրույն

[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրույն

newmag-ն ու Զանգակ հրատարակչությունն առաջարկում են կարդալ Նոբելյան մրցանակակիր Ալիս Մանրոյի գիրքը: Թարգմանությունն անգլերենից՝ Աննա Դավթյանի:

— Հայրիկն է նրան սիրում: Հայրիկս կոմունիստ է:
Սա պր. Քարլթոնից մի փռնչոց պոկեց, որից աղջիկը չընկրկեց:
— Դե, դու նրա կատակների վրա ծիծաղում ես,— ասաց հորը:
Դրանից քիչ անց նա Հովարդին տարավ տափարակը նայելու: Տունը հենց գործարանի դիմաց էր, որտեղ տղամարդու սապոգներ ու աշխատանքային կոշիկներ էին կարում: Տան հետևում արձակ մարգագետիններն էին ու գետը, որ ճամփի կեսը ոլորկտվում էր քաղաքի շուրջը: Դեպի գետի ափը ոտնահար արահետ էր իջնում: Քորրին էր առջևից գնում, ու Հովարդը տեսավ այն, ինչում սրանից առաջ համոզված չէր: Նրա մի ոտքը կաղ էր:
— Հետդարձը շատ զառիվեր չէ՞,— հարցրեց:
— Հաշմանդամ չեմ:
— Տեսնում եմ՝ թիանավակ ունեք,— ասաց՝ կեսը որպես մեղայական:
— Կնստենք, բայց հիմա չէ: Հիմա մայրամուտն ենք դիտելու,— մի հին խոհանոցային աթոռ մատնացույց արեց, որն, ասաց, մայրամուտներին նայելու համար է, ու պահանջեց, որ նստի: Ինքը խոտին նստեց: Հովարդն էն է՝ ուզում էր հարցնել՝ կկարողանա՞ վեր կենալ, բայց հետ կանգնեց:
— Պոլիոմիելիտ եմ տարել,— ասաց նա,— դրանից է: Մայրս էլ ուներ, մահացավ:
— Սոսկալի է:
— Երևի: Նրան լավ չեմ հիշում: Մյուս շաբաթ Եգիպտոս եմ գնում: Շատ էի ուզում գնալ, բայց էլ էնքան չէ: Կարծում ես՝ հավե՞ս կանցնի:
— Ես պետք է փող վաստակեմ,— ասաց Հովարդը:
Ինքն իր սեփական խոսքերի վրա զարմացավ, իսկ Քորրին, իհարկե, մի լավ ծիծաղեց:
— Ես ընդհանուր առմամբ էի ասում,— ասաց Քորրին սթափված, երբ ծիծաղելը պրծավ:
— Ես էլ:
Կպչուն մի բախտախնդիր թակարդն էր գցելու նրան, լիներ եգիպտացի կամ ուրիշ մեկը: Նա հանդուգն էր ու երեխայի պես՝ միաժամանակ: Սկզբից տղամարդը կարող էր տարվել նրանով, բայց հետո նրա ուղիղությունը, նրա ինքնաբավությունը, եթե եղածը դա էր, հոգնեցուցիչ կդառնային: Իհարկե, միշտ կա փողը, ու որոշ տղամարդկանց դա երբեք չի հոգնեցնում:
— Ոտքիս մասին երբեք չխոսես հորս մոտ, թե չէ կաթվածահար կլինի,— ասաց:— Նա գործից հանել է ինձ ծաղրող մի երեխայի՝ ամբողջ ընտանիքով հանդերձ: Նույնիսկ զարմիկներին:

Եգիպտոսից յուրատեսակ բացիկներ եկան՝ ուղարկված Հովարդի գրասենյակ, ոչ՝ տուն: Դե, տան հասցեն որտեղի՞ց իմանար:
Բացիկների վրա ոչ բուրգ կար, ոչ Սֆինքս:
Փոխարենը՝ մեկի վրա պատկերված էր Ջիբրալթարի քարաբլուրը՝ նշագրումով, որ սույնը փլուզված բուրգ է: Մյուսի վրա գորշավուն տափաստաններ էին փռված, աստված գիտի՝ որտեղ, ու վրան գրված էր՝ «Տրտմության ծով»: Վրան մեկ այլ հաղորդագրություն էլ կար՝ մանր տառերով: «Խոշորացույցը հասանելի ուղարկիր փող»: Բարեբախտաբար, գրասենյակում ոչ մեկի ձեռքը չէր ընկել:
Հովարդի մտքին չկար պատասխանել, բայց պատասխանեց. «Խոշորացույցը սխալմունք խնդրանքս վերադարձրու փողը»:
Նա քաղաք գնաց՝ եկեղեցու աշտարակի իբր անհետաձգելի քննության համար: Քորրին պիտի որ վերադարձած լիներ բուրգերից, բայց չգիտեր՝ տանը կլինի՞, թե՞ մեկ այլ զվարճանքի է:
Տանն էր ու ահագին ժամանակ տանն էր լինելու: Հորը կաթված էր խփել:
Անելու շատ բան չուներ: Օրը մեջ բուժքույր էր գալիս: Իսկ Լիլիան Վուլֆ անունով երիտասարդ մի կին հետևում էր կրակին, որը միշտ վառ էր, երբ Հովարդը գալիս էր: Լիլիանն, իհարկե, այլ գործեր էլ էր անում: Քորրին չէր կարողանում կրակ վառել կամ հաց սարքել, չէր կարողանում մեքենագրել, մեքենա վարել՝ նույնիսկ հատուկ հարմարեցված ոտնակով: Հովարդն էր գործի անցնում, երբ գար: Հետևում էր կրակին ու աչք էր պահում տանը տարատեսակ բաների վրա, երբեմն էլ մտնում էր Քորրիի հոր մոտ, եթե ծերուկն ի վիճակի էր:
Չգիտեր՝ ինչպես կընդուներ խեղված ոտքը, ինչպես կարձագանքեր դրան: Բայց ինչ–որ ձևով այն ավելի ցանկալի, ավելի յուրօրինակ էր թվում, քան մնացած մարմինը:
Քորրին ասել էր, որ կույս չէ: Բայց սա մի խրթին կիսաճշմարտություն դուրս եկավ՝ պարտական լինելով դաշնամուրի դասատուի միջամտությանը, երբ Քորրին տասնհինգ տարեկան էր: Նա դասատուի ուզածով էր արել, որովհետև խղճում էր այն մարդկանց, ովքեր մի բանի կարիքն այդքան շատ ունեին:
— Վիրավորանք չընդունես,— ասաց նա՝ բացատրելով, որ մարդկանց այլևս նույն ձևով չի խղճում:
— Հուսամ՝ չէ,— ասաց Հովարդը:
Հետո իր մասին պատմեց: Այն, որ միանգամից պահպանակ էր մեջտեղ բերել, չէր նշանակում, որ կանոնավոր տարփածու է: Իրականում նա երկրորդն էր, ում հետ անկողին էր մտել, առաջինը կինն էր: Կատաղի կրոնական ընտանիքում էր դաստիարակվել ու դեռ որոշ չափով հավատում էր աստծուն: Սա գաղտնի էր պահում կնոջից, որ եթե իմանար, գլխին ծաղրուծանակ էր սարքելու, շատ էր ձախական:
Քորրին ասաց՝ ուրախ է, որ իրենց արածը — որ հենց նոր արեցին — շատ չի անհանգստացնում նրան՝ չնայած կրոնական համոզմունքներին: Ասաց, որ նա ինքը երբեք աստծո համար ժամանակ չի ունեցել, հայրը հերիքել է:
Դժվար չէր նրանց համար: Հովարդի աշխատանքը պահանջում էր հաճախակի ցերեկային այցեր կամ հանդիպումներ հաճախորդների հետ: Քիթչեներից մեքենայով գալը երկար չէր տևում: Իսկ Քորրին մենակ էր տանը: Հայրը մահացել էր, իսկ աշխատող աղջիկը գնացել էր մեծ քաղաքում աշխատանք գտնելու: Քորրին հավանություն էր տվել սրան, նույնիսկ փող էր տվել մեքենագրության դասերի համար, որ գիտելիքները բարելավեր:
— Շատ ես խելոք, որ կյանքդ տան գործերի վրա վատնես,— ասել էր նրան,— ինձ տեղյակ պահիր՝ ոնց ես առաջ գնում:
Չիմացվեց՝ Լիլիան Վուլֆը փողը մեքենագրության վրա ծախսեց, թե այլ բանի, բայց շարունակեց տնտեսուհի աշխատել: Սա հայտնի դարձավ, երբ Հովարդն ու կինը ճաշի էին հրավիրված, այլոց հետ, Քիթչեներում նոր կարևորություն ձեռք բերած մի զույգի տանը: Լիլիանն էր սեղանը սպասարկում ու դեմառդեմ հանդիպեց Քորրիի տանը տեսած տղամարդուն: Այն տղամարդն էր, ով ձեռքը Քորրիի գոտկատեղով էր գցել, երբ ինքը մտավ ափսեները տանելու ու կրակը նորոգելու: Խոսակցությունից պարզ դարձավ, որ ճաշի սեղանի կինը նրա կինն էր, ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ:

Գրքի նկարագիրն ու գինը՚ այստեղ:

Գրել կարծիք