Էնթընի Հոփքինս. Ես տեսնում եմ կնճիռներս, բայց հոգ չէ

Էնթընի Հոփքինս. Ես տեսնում եմ կնճիռներս, բայց հոգ չէ

newmag-ը ներկայացնում է սըր Էնթընի Հոփքինսի հարցազրույցը The Talks պարբերականին երաժշտություն գրելու, նկարելու և դերասանի անիծված գործի մասին:

– Պարո՛ն Հոփքինս, մի անգամ ասացիք՝ որքան շատ եք ապրում, այնքան կյանքը երազ է թվում: Եղե՞լ է հստակ պահ, որ իրականությունն այլ կերպ է թվացել:

– Վերջին երեսուն տարում հիմնականում այդպես է թվացել: Երեխա ժամանակ երազածս իրականություն է դառնում: Դա, երևի, 30 տարի առաջ հասկացա: Մտածում էի՝ չի կարող պատահել: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ակնկալում էի և պատկերացնում: Գուցե ամբողջ կյանքս էլ այդպես է եղել: Ինձ հիացնում է այն, թե ինչպես ենք մեր կյանքը դասավորում:

– Կարծում եք` դերասաններն ու ռեժիսորները յուրահատո՞ւկ մարդիկ են: Հաճախ ասում են, թե դերասաններն ավելի զգացմունքային են:

– Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվում արվեստ բառին, երբ խոսքը դերասանության մասին է: Միշտ նախընտրել եմ լինել «միս ու արյուն ունեցող» դերասան, որը չի հավակնում լինել բարձրաշխարհիկ:  Գուցե նկատում եք, որ ավելի հակված եմ մի քիչ ցինիկ լինել: Բայց, կարծում եմ, դա ստեղծարար ընթացք է. դերասանությունը կրեատիվ պրոցես է, ռեժիսուրան` նույնպես, երաժշտությունն էլ: Ես ինձ կրեատիվ մարդ եմ համարում, բայց կրեատիվ չի նշանակում պարտադիր դերասան լինել, երաժիշտ կամ նկարիչ: Եթե կրեատիվ մասնագիտություն կամ բիզնես ունես, ուշադրության կենտրոնում ես հայտնվում: Այդուհանդերձ, այն ձեզ չի դարձնում յուրահատուկ:

– Շատ դերասանների թվում է, թե իրենք…

– Պետք է զգույշ լինել: Երբ սկսում ես հավատալ, թե արտոնյալ ես, որովհետեև հատուկ մարդ ես, յուրահատուկ թթվածին ես շնչում, ուրեմն՝ լուրջ խնդիր ունես: Դա խելագարության տանող ճանապարհն է: Ստուդիաներում շատերն այդպիսին են: Նրանք կարծում են, թե յուրահատուկ են: Այո՛, ես մտածում եմ, որ դերասաններն օրհնված են կամ անիծված, կամ օժտված: Պետք է ճիշտ օգտվես դրանից: Այսքանը: Սա չի նշանակում, որ վերերկրային էակ ես կամ մյուսներից լավը: Ընդամենը նշանակում է, որ մեր ուղեղն է այդպես աշխատում:

Եղե՞լ են ռեժիսորներ, որոնք իսկապես ոգեշնչել են Ձեզ:

– Եղել են մի քանիսը, ու նրանք բոլորն էլ իրենց աշխատելու ուրույն ձևն ունեն: Աշխատել եմ Օլիվեր Սթոունի հետ, Սփիլբերգի, ևս մի քանիսի: Երջանիկ եմ, քանի որ նրանք լավագույնն են: Երբ ես եմ ռեժիսորը, իմ ձևով եմ ամեն ինչ անում: Այս տարիների ընթացքում շատ լավ ֆիլմեր եմ տեսել, բայց աշխատում եմ ստեղծել իմը՝ ի՛մ երևակայությամբ: Ուզում եմ կոտրել բոլոր կանոնները և խառնաշփոթ ստեղծել և ուրիշ ֆիլմ նկարել` պարզապես զվարճանալու համար:

– Դերասանությունն օգնո՞ւմ է, որ երիտասարդ մնաք:

– Այո՜: Ես երիտասարդ եմ: Կրեատիվ լինելն ու միտքը զբաղված պահելը շատ կարևոր է: Եթե այդպես չես անում, սկսում ես դանդաղ մահանալ: Ճիշտն ասած, երբեմն հոգնում եմ և մտածում եմ՝ պետք է դադար տալ: Բայց ոչ. ես չեմ ուզում թոշակի անցնել: Պետք է շարունակես աշխատել, որքան ի վիճակի ես: Հենց դա եմ ուզում անել:


Մորգան Ֆրիման. Ձգտիր հաճույքի ու խաղաղության


– Դուք դեռ տարվա՞ծ եք դերասանությամբ:

– Մի քիչ տարված էի, բայց` էլ ոչ: Ինձ դուր է գալիս դերասան լինելը: Հիմա երևի ավելի շատ, քանի որ ավելի հեշտ է ստացվում: Ես չեմ կարող թատրոնում աշխատել, որովհետև, ըստ իս, դա շատ լուրջ է: Ինձ համար դա նույնն է, թե բանտում լինել: Հիանում եմ մարդկանցով, որոնք կարողանում են դա անել: Ես չեմ կարող: Ես ավելի լավ է՝ ապրեմ իմ կյանքով, երբեմն էլ մի քիչ դերսանություն անեմ:

– Հիմա ինչի՞ է նման Ձեր կյանքը:

– Դաշնամուր եմ նվագում, դա է իմ կյանքը: Կարդում եմ, նկարում եմ, երաժշտություն եմ գրում: Հագեցած, ստեղծագործ կյանքով եմ ապրում: Եվ, գիտե՞ք, ոչ այն պատճառով, որ «փախած կրեատիվ» եմ: Պարզապես ինձ դուր է գալիս նկարելը: Չգիտեմ՝ լավ է ստացվում, թե ոչ, բայց նկարում եմ: Շատ արագ եմ նկարում: Ես նկարում եմ ակրիլով, և դա հավասար է աշխատելուն: Երաժշտություն եմ գրում,  դաշնամուր եմ նվագում և շատ կարդում եմ: Կյանքը հիասքանչ է: Իսկ դերասանությունն էլ՝ որպես լրացում եմ անում:

– Կարծես, ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ:

– Երանի երիտասարդ տարիքում էլ իմանայի այն, ինչ հիմա գիտեմ, ինչ հիմա եմ զգում: Երբ երիտասարդ ես, ավելի գործունյա ես, ամեն ինչ շատ ավելի կարևոր է:  Բայց երբ հետ ես նայում, մտածում ես. «Ինչի՜ հետից էիր ընկել»: Ոչինչ էլ այդքան կարևոր չէ: Պարզապես ապրիր, որովհետև շատ կարճ ժամանակով ես այստեղ:

– Փաստորեն Ձեզ դո՞ւր է գալիս տարիքն առնելը:

– Այո … Նայում եմ հայելուն, և այնտեղ կնճիռներ եմ տեսնում: Բայց`հոգ չէ: Սա լավ ժամանակաշրջան է: Չգիտեմ՝ ինչու, բայց լավն է: Մահկանացու լինելը փրկություն է: Ի վերջո, ամեն իրավիճակից էլ ելք ես գտնում, ու կյանքն այդպես ավելի հետաքրքիր է դառնում, գիտե՞ք: Կառլ Յունգ կարդացեք: Ի՞նչ է նա ասում. ոչ ոք չգիտի, թե ուր ենք գնում: Ուրախալին հենց դա է:

– Կուտակե՞լ եք այն, ինչ ցանկացել եք:  

– Ամեն ինչից զատ, ես շատ բախտավոր եմ: Ունեցել եմ իմ խնդիրները, մտահոգությունները, բայց դրանք անցյալում են: Ես հիանալի կյանք եմ ապրել և, իրոք, շնորհակալ եմ դրա համար:

The Talks

 

Գրել կարծիք