Վարսահարդարում՝ ոսկերչական բծախնդրությամբ

Վարսահարդարում՝ ոսկերչական բծախնդրությամբ

Վարսահարդարման հայկական միտումները․ ինչպե՞ս դառնալ պրոֆեսիոնալ և ճանաչված վարսահարդար

Ինչպես դարձա վարսահարդար

Պատահական ստացվեց. ընտրել էի ոսկերչությունը: Բանակից հետո եկա, ոսկերչական գործարանում էի աշխատում: Մի օր զբոսնում էի, մի մարդ մոտեցավ, առաջարկեց որպես մոդել աշխատել: Համաձայնեցի: Այդ մարդը Երևանի ամենահայտնի վարսահարդարներից մեկն էր՝ վարպետ Վանյան: Հենց նա էլ եղավ իմ առաջին ուսուցիչն ու  այն մարդը, որն ինձ ծանոթացրեց վարսահարդարման գաղտնիքների հետ:

Ոճաբա՞ն եմ, թե՞ վարսավիր

Վարսավիրությունը պարզապես աշխատանք է, գումար աշխատելու միջոց: Երբ առավոտյան գալիս ես աշխատանքի, անում գործդ ու գնում տուն: Ոճաբանը հավասարազոր է արվեստագետին, որը արարում, ստեղծում է գեղեցիկը, անթերին:  

Մրցույթներ

Մոտ տասը տարի՝ 2001-ից մինչև 2011 թվականը, անդադար մասնակցել եմ Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, գրավել եմ մրցանակային տեղեր: Բայց ամենահիշարժանը Ռիգայի Եվրոպայի առաջնությունն էր: 20 երկրներից եկած վարսահարդարների շարքում գրավեցի առաջին տեղը: Առաջադրանքը՝ ստեղծել երևակայական սանրվածք: Շատ պատահական ստացվեց, որոշել էի մրցույթին  չմասնակցել, պետք է միայն գործընկերներիս օգնեի: Բայց դեսպանատանը պարզվեց, որ տարբեր պատճառներով ոչ մեկը չի մեկնելու, արդյունքում ես գնացի ու գրավեցի առաջին հորիզոնականը: Գործակցում եմ նաև «Wella» ընկերության հետ: Այս տարվա ապրիլին Ալմա Աթայում էի նրանց հրավերով: Եռօրյա մաստեր կլասներ եմ անցկացրել տեղի վարսահարդարների համար:

Երևակայական սանրվածքը՝ ամեն օր

Այն, ինչ անում ես մրցույթների ժամանակ, վերադառնալով սալոն, չես կարող կրկնօրինակել: Առօրյա վարսահարդարումն ու վարսահարդարման մրցույթների համար ստեղծվող կերպարները շատ տարբեր են: Բայց նմանատիպ մրցույթների ու լարված մրցակցության ժամանակ սովորում ես վարսահարդարման նրբությունները: Միգուցե ես սովորածս ամեն մի մանրուքը չէ, որ օգտագործում իմ ամենօրյա  աշխատանքում, բայց ես պարտավոր եմ իմանալ իմ մասնագիտության հետ կապված բոլոր նրբություններն ու վերջին միտումները:

Հետևում եմ համաշխարհային բոլոր միտումներին ու նորություններին

Այո՛, հետևում եմ. թրենդները տարվա եղանակների պես փոխվում են, սակայն անփոփոխ է մնում մազերի խնամքը: Թրենդը մեկն է. թե՛ մազերի կտրվածքը, թե՛ գունավորումը պետք է լինեն բնականին հնարավորինս մոտ: Բայց մազը նախ և առաջ պետք է լինի առողջ ու խնամված:  Չխնամված, վառված ու անառողջ մազերով Քիմ Քարդաշյան հաստատ չեք դառնա:

Վարսահարդարման հայկական միտումները

Վերջին մի քանի տարիներին շատ բան է փոխվել: Հայ աղջիկներն ու կանայք հասկացել են, որ շերտավոր գունաբացումները պետք է չլինեն կտրուկ, ինչպես ձմերուկի կեղևն է:  Գունաբացումը պետք է լինի մեղմ, սահուն, աչք չծակող ու բնական: Նույնը վերաբերում է նաև սանրվածքներին: Մի քանի հարկանի մազերն այսօր հնաոճ են, գլխին մի քանի հարկանի շենք կառուցել չի կարելի: Իհարկե, ամեն տարի մազերի նորաձևությունն առաջարկում է նոր միտումներ: Ես հետևում եմ, միշտ տեղյակ եմ վերջին նորություններին: Ես գիտեմ՝ ինչն  է նորաձև, բայց հաճախորդներիս էլ եմ խորհուրդ տալիս չդառնալ նորաձևության գերի: Եթե աքաղաղի  կամ կարմիր վիշապի տարի է, պետք չէ բոլոր կանանց դարձնել կարմրահեր: Ինձ համար դա վարսահարդարի ամենակոպիտ խախտումներից է:

Խնամված մազերը՝ գեղեցկության չափանիշ

Սանրվածքը կնոջ համար շատ կաևոր է, ես կարծում եմ, ավելին, ամենակարևորն է: Հաճախ եմ տեսնում գեղեցիկ ու թանկ հագնված, դիմահարդարված կին, որի մազերը խնամված չեն. անառողջ են, վառված, վատ գույնով ներկված: Կանայք պետք է հասկանան, որ խնամված մազը միայն հարդարված ու լաքապատ մազը չէ: Կնոջ մազերը պետք է փայլեն, քամուց օրորվեն, իսկ արևի տակ շողան:

Դժվար է

Դժվարը նկարահանումներն են՝ 24 ժամ, 48 ժամ պետք է աշխատել, չքնել, իսկ հետո վաղ առավոտյան լինել սրահում,  քանի որ հարսանեկան վարսահարդարում պետք է անել:  Իհարկե, ես անթերի չեմ, ես էլ եմ մարդ, որը նաև սխալվում է: Մի անգամ նոսրացնող ու կտրող մկրատները շփոթել էի: Արդյունքում հաճախորդիս մազափունջը նոսրացնելու փոխարեն կտրեցի: Հաճախորդս սկսեց ինձ հանգստացնել, որոշեցինք, որ մազերն այնպես կհարդարենք, որ կտըրված մազափունջը չերևա, մինչև երկարի:

Հաճելի է

Երբ գոհացնում ես հաճախորդիդ ու հայելում տեսնում նրա ժպտացող, երջանիկ ու ինքնավստահ աչքերը: Սա վարսահարդարի աշխատանքում ամենահաճելի պահն է: Մասնագետին դրանից ավելի ոչինչ պետք չէ:

Ի՞նչ է ուզում  կինը

Կանայք հիմնականում ուզում են այն, ինչ տեսնում են էկրանից: Նրանք հավանում են հայտնիների ինչոր մի կերպար, նկարն ինձ են ցույց տալիս, ասում են՝ մենք էլ ենք ուզում: Ես միշտ ասում եմ՝սանրվածքը պետք է կրել, թե չէ հաճախ հակառակն է լինում. սանրվածքն է կրում մարդուն:

Ինչպե՞ս դարձա աստղային վարսահարդար

Մինչև շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելը ես տարիներ շարունակ վերապատրաստվել եմ: Սովորել եմ, մասնագիտացել եմ: Պարբերաբար մասնակցում եմ նաև  սեմինարների ու վերապատրաստման դասընթացների: Երկար տարիներ աշխատել եմ միայն իմ հաճախորդների հետ: Մրցույթների առաջադրանքը՝ րոպեների ընթացքում ստանալ բեմական սանրվածք: Վայրկենաչափը դրած կողքիս՝ ամիսներով աշխատել եմ, պարապել, հետո միայն մասնակցել մրցույթներին: Տարիներ շարունակ այդ մրցույթներում, սեմինարներում կոփվելուց հետո էլ որոշեցի, որ արդեն կարող եմ նաև հայտնիների հետ աշխատել տեսախցիկի, բեմի համար: Որովհետև այն, ինչ անում ես կյանքում ու էկրանի համար, շատ տարբեր են:

Ես ուզում եմ Սիրուշոյի մազերից

Եթե հաճախորդի արտաքինը, մազերի որակը համապատասխանում են Սիրուշոյի կամ մեկ այլ հայտնի մարդու սանրվածքին կամ կտրվածքին, իհարկե, ես դա կարող եմ կրկնել նաև իմ մյուս հաճախորդների համար:  Աստղերը, հայտնիները պետք է լինեն ոճի թելադրող, օրինակ: Նրանք պետք դառնան չափանիշ երիտասարդների համար: Ես ինքս շատ հայտնիների հետ եմ աշխատում ու հասկանում եմ, որ այն, ինչ անում եմ, հետո կարող է դառնալ հազարավորների համար օրինակ: Այնպես որ մեծ պատասխանատվություն է: Շատ մարդիկ են դա ընդօրինակելու:

Աստղային վարսահարդար

Շատ եմ կարևորում իմ ու Սիրուշոյի համագործակցությունը՝ «Դեր Զոր» տեսահոլովակի և «VOGUE» միջազգային ամսագրի համար ստեղծված կերպարների աշխատանքներում: Իվետա Մուկուչյանի հետ եմ երկար տարիներ աշխատել, «Եվրատեսիլի» նախապատրաստական փուլում ես էի զբաղվում նրա կերպարով: Աշխատում եմ Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Միհրան Ծառուկյանի, Սյուզի Մելիքյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, Գայա Արզումանյանի, Արման Նշանյանի հետ: Տարբեր նախագծերի շրջանակներում աշխատել եմ Լիլիթ Կարապետյանի, Արամեի, Նանայի, Սարոյի, Օլգա Այվազյանի, Բետտիի հետ: Աշխատել եմ նաև Վարդայի և Աննա Սեդակովայի հետ: Աշխատում եմ  «Ամարաս» պարային համույթի և նրա ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ: Համագործակցում եմ նաև նորաձևության ասպարեզում հայտնի դիզայներներ Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Դիանա Շատվերյանի, Նուռի հետ: Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ Արայիկ Աբաջյանի հետ: Տասնյակից ավելի տեսահոլովակներ նկարահանելիս համագործակցել եմ Արեն Բայադյանի, Արտյոմ Հակոբյանի և Հրանտ Մովսիսյանի հետ:

Իմ հաճախորդները

Ես երբեք չեմ տարանջատել սովորական հաճախորդ թե երգիչ կամ աստղ: Երբեք չեմ հասկացել մարդկանց, որ ասում են, թե աստղերի հետ աշխատելն ավելի դժվար է: Նրանք էլ ամեն մի հաճախորդի պես ունեն իրենց պահանջները, ցանկությունները:  Իմ հաճախորդը կարող են դառնալ բոլորը:

Որտե՞ղ գտնել ինձ

Անցյալ տարվա սեպտեմբերից իմ գեղեցկության սրահն եմ բացել՝ «SG»: Մյուս վարսահարդարը Տիգրանն է, մասնակցել է  Հայաստանում անցկացված՝ տղամարդկանց սանրվածքների մրցույթին, գրավել է առաջին տեղը: Մյուս աշակերտս էլ չնայած ինձ հետ չի աշխատում,  բայց նա էլ եվրոպական միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը:

Գեղեցիկ մազեր ունենալու համար պետք է.

  • Օգտվել միայն գրագետ ոճաբանների ծառայություններից:
  • Լսել մասնագետների խորհուրդը:

 

Գրել կարծիք