[Շարունակությունը՝ գրքում] Օլդոս Լեոնարդ Հաքսլի. Չքնաղ նոր աշխարհ

[Շարունակությունը՝ գրքում] Օլդոս Լեոնարդ Հաքսլի. Չքնաղ նոր աշխարհ

Զանգակ հրատարակչությունը պատրաստում է Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի հայերեն թարգմանությունը: newmag-ը ներկայացնում է գրքի առաջին մասը: Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Հայրապետյանի:

Գլուխ առաջին

Գետնամերձ մոխրագույն մի շենք՝ ընդամենը երեսունչորս հարկից բաղկացած: Գլխավոր մուտքի վերևում՝ հետևյալ բառերը՝ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԼՈՆԴՈՆԻ ԲՈՒԾԱՐԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ, իսկ վահանակին՝ Համաշխարհային պետության կարգախոսը՝ ՀԱՄԱՅՆՈՒԹՅՈԻՆ, ՆՈՒՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Հիմնահարկի ընդարձակ սենյակը դեպի հյուսիս էր նայում: Չնայած ամառային եղանակին և սենյակի արևադարձային շոգին՝ սառն ու ծակող բարակ մի շող էր թափանցում պատուհանից ներս՝ ագահորեն փնտրելով մարդկային հագուստի որևէ ծալք, սառնությունից փշաքաղված մարմնի որևէ դժգույն ուրվագիծ՝ փոխարենը գտնելով միայն լաբորատորիայի ապակին, նիկելն ու գունատ ճենապակին: Սառնություն՝ ի պատասխան սառնության: Աշխատողների արտահագուստը սպիտակ էր, ձեռքերին՝ գունատ, մեռելագույն ռետինե ձեռնոցներ: Լույսը սառած էր, մեռած, ուրվական: Միայն մանրադիտակների դեղնավուն փողերից այն քաղում էր ստվար ու կենդանի որոշակի նյութ՝ կարագի նման հալվելով ողորկ խողովակների վրա՝ շերտ առ հյութալի շերտ՝ ձգված աշխատասեղանների երկար շարքով:
— Իսկ սա,— ասաց տնօրենը՝ բացելով դուռը,— Բեղմնավորման սենյակն է:
Երեք հարյուր բեղմնավորողներ, ընկղմված գրեթե անշունչ լռության և ամենակուլ կենտրոնացման մեջ, մտացրիվ, քթի տակ ինչ–որ բան մրմնջալով կամ սուլելով, կռացած աշխատում էին գործիքների վրա, երբ Բուծման և դաստիարակման կենտրոնի տնօրենը մտավ սենյակ: Երիտասարդ, անփորձ ու դեռատի ուսանողների նոր ժամանած խումբը երկչոտ, թերևս ստորաքարշությամբ, հետևում էր տնօրենին: Ուսանողներից յուրաքանչյուրի ձեռքին նոթատետր կար, և ամեն անգամ, երբ խոսում էր ինքը՝ մեծ այրը, նրանք եռանդով անցնում էին խզբզելուն: Ինչպես ասում են, ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել: Բացառիկ հնարավորություն: Կենտրոնական Լոնդոնի ԲԴԿ տնօրենն իր պարտքն էր համարում իր նոր ուսանողներին անձամբ առաջնորդելու դեպի տարբեր բաժանմունքներ:


[Շարունակությունը՝ գրքում] նախագծի մյուս գրքերը՝ այստեղ


«Պարզապես ընդհանուր գաղափար տալու համար»,— կբացատրի նա ուսանողներին: Քանզի որոշակի ընդհանուր գաղափար, իհարկե, նրանք պետք է ունենան՝ իրենց գործը խելամիտ կատարելու համար, բայց ոչ ավելին, չէ՞ որ նրանք հասարակության ապագա անդամներն են՝ հնարավորինս արժանավոր ու երջանիկ: Քանզի հայտնի է բոլորին, մասնավորն է, որ դարձնում է մարդուն արժանավոր ու երջանիկ. ընդհանրացումներն ինտելեկտի տեսանկյունից անխուսափելի չարիք են: Ոչ թե փիլիսոփաները, այլ դրվագողներն ու նամականիշ հավաքողներն են հասարակության ողնաշարը: «Վաղը,— կավելացնի նա փոքր–ինչ սպառնացող, բայց զվարթ ժպիտով,— դուք կլծվեք կարևոր գործի: Ընդհանրացումների համար ժամանակ չեք ունենա: Մինչդեռ…»:
Մինչդեռ դա մեծագույն պատիվ էր: Երևելի շուրթերից ուղիղ դեպի նոթատետրեր: Երիտասարդները խզբզում էին խելագարի նման:
Տնօրենը՝ բարձրահասակ, նիհար, բայց ուղիղ և ձիգ կեցվածքով, մտավ սենյակ: Նա երկար կզակ ուներ, իսկ մեծ, դուրս ցցված ատամները քողարկվում էին հաստլիկ ու վարդագույն շուրթերով, երբ չէր խոսում: Ծե՞ր էր նա, երիտասա՞րդ: Երեսո՞ւն տարեկան էր, հիսո՞ւն, հիսունհի՞նգ: Դժվար էր ասել: Համենայն դեպս, ոչ ոքի գլխում նման հարց չէր էլ ծագում կայունության այս ժամանակաշրջանում՝ Ֆ. հ. 632 թ.:
— Ես կսկսեմ սկզբից,— ասաց տնօրենը, և ամենից եռանդուն ուսանողներն իրենց նոթատետրերում նշեցին այս միտքը՝ «սկսել սկզբից»:— Սրանք ինկուբատորներն են,— և բացելով ջերմամեկուսիչ դուռը՝ ցույց տվեց շարքերով դասավորված ու համարակալված սրվակները:— Ձվաբջիջների մեկ շաբաթվա չափաբաժինն է. պահվում է արյան ջերմաստիճանի պայմաններում,— բացատրեց նա,— մինչդեռ արական սեռաբջիջները,— նա բացեց մեկ այլ դուռ,— պետք է պահել ոչ թե երեսունյոթ, այլ երեսունհինգ աստիճանում. արյան ջերմաստիճանը ստերջացնում է դրանք: Ջերմոցում պահված խոյը սերունդ չի տա:
Մինչ մատիտներն անընթեռնելի խզբզում էին, տնօրենը, դեռևս հենված ինկուբատորներին, տվեց ժամանակակից բեղմնավորման համառոտ բնութագիրը՝ նախևառաջ, իհարկե, խոսելով դրանց վիրահատական ներածությունից՝ նշելով, որ «վիրահատությունն իրականացվում է կամավոր կերպով՝ ի բարօրություն Հասարակության՝ չհաշված փաստը, որ այն կես տարվա աշխատավարձի չափով պարգևատրում է խոստանում»: Այնուհետև նա նկարագրեց հեռացված ձվարանները կենդանի և ակտիվ պահելու որոշ տեխնիկաներ, անցավ բարենպաստ ջերմաստիճանի, աղայնության, մածուցիկության քննարկմանը, անդրադարձավ հեղուկին, որում պահում են առանձնացված և հասունացած ձվերը, և, առաջնորդելով ուսանողներին դեպի աշխատասեղանները, ակնառու կերպով ցույց տվեց նրանց, թե ինչպես են վերոնշյալ հեղուկը դուրս բերում սրվակներից, ինչպես են այն կաթիլ առ կաթիլ բաց թողնում մանրադիտակների հատուկ տաքացված առարկայական սեղանիկի վրա, ինչպես են ստուգում դրա մեջ պարունակվող ձվերը՝ ոչ բնականոն զարգացումը կանխելու նպատակով, ապա հաշվում և տեղափոխում ծակոտկեն պատիճի մեջ, ինչպես են (նա տարավ նրանց դիտելու բուն գործընթացը) այս պատիճներն ընկղմում ազատ լողացող սերմնաբջիջներ պարունակող տաք արգանակի մեջ, որի նվազագույն խտությունը, նրա պնդմամբ, կազմում է հարյուր հազար խորանարդ սանտիմետր, և ինչպես են տասը րոպե հետո հանում պատիճը հեղուկից և վերստուգում դրա պարունակությունը, ինչպես են նորից ընկղմում հեղուկի մեջ, եթե որևէ ձու մնացել է չբեղմնավորված, և, եթե անհրաժեշտ է, անում են դա ևս մեկ անգամ, ինչպես են բեղմնավորված ձվաբջիջները վերադարձնում նորից ինկուբատորների մեջ, որտեղ ալֆաներն ու բետաները մնում են մինչև լիարժեք շշալցում, մինչդեռ գամմաները, դելտաներն ու էպսիլոնները երեսունվեց ժամ հետո կրկին դուրս են բերվում և ենթարկվում մշակման Բոկանովսկու մեթոդով:
— Բոկանովսկու մեթոդով,— կրկնեց տնօրենը, և ուսանողներն իրենց փոքրիկ նոթատետրերում ընդգծեցին այս բառերը:
Մեկ ձու, մեկ սաղմ, մեկ առանձնյակ. սա օրինաչափություն է: Բայց բոկանովսկիացված ձուն բազմանում է, կիսվում, բազմապատկվում: Ութից մինչև իննսունվեց բողբոջ, և դրանցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս կատարելապես ձևավորված սաղմի, իսկ յուրաքանչյուր սաղմ՝ լիարժեք առանձնյակի: Իննսունվեց մարդկային էակ է աճում այնտեղ, որտեղ նախկինում միայն մեկն էր: Առաջադիմություն:
— Ըստ էության,— եզրակացրեց տնօրենը,— բոկանովսկիացումը բաղկացած է զարգացման մի շարք արգելքներից: Մենք ճնշում ենք նորմալ զարգացումը, և, որքան էլ զարմանալի է, ձուն, ի պատասխան դրա, բողբոջում է:
«Ի պատասխան՝ բողբոջում է». մատիտները զբաղված էին:
Տնօրենը ուշադրություն հրավիրեց: Չափազանց դանդաղ շարժվող երիզի վրա սրվակներով լի տարան մտնում էր մետաղե մեծ տուփի մեջ, իսկ դրա մյուս կողմից դուրս էր գալիս մեկ ուրիշը: Մեքենաները նվաղկոտ շչում էին: «Ութ րոպե է պահանջվում, որպեսզի սրվակներն անցնեն դրա միջով»,— բացատրում էր նա: Ութ րոպե ռենտգենյան ուժեղ ճառագայթումը մոտավորապես այնքան է, որքան ձուն ի զորու է դիմակայելու: Մի քանիսը մեռնում են, մնացածների միջից ամենադիմացկունները բաժանվում են երկու խմբի, մեծ մասը սկիզբ է տալիս չորս, մյուսները՝ ութ բողբոջուկի, բոլորը վերադարձվում են ինկուբատորների մեջ, որտեղ բողբոջուկները սկսում են զարգանալ, այնուհետև՝ երկու օր հետո, հանկարծակի սառեցնում են դրանք, սառեցնում ու ճնշում աճը: Երկու, չորս, ութ. բողբոջուկներն իրենց հերթին բազմապատկվում են, այդժամ դրանք ճնշվում են ալկոհոլի գրեթե մահացու չափաբաժնով, հետևապես դրանք կրկին բողբոջում են, որից հետո թողնում են, որ հանգիստ զարգանան, քանզի հետագա ճնշումը, որպես կանոն, մահացու է լինում: Այսպիսով՝ սկզբնական ձուն ութից մինչև իննսունվեց սաղմ տալու ճիշտ ճանապարհին է. համաձայնե՛ք, որ սա վիթխարի առաջխաղացում է բնության մեջ: Նույնական երկվորյակներ, բայց ոչ այնպիսի խղճուկ զույգեր ու եռյակներ, ինչպիսիք կային հին կենդանածին ժամանակներում, երբ ձուն երբեմն պատահմամբ կիսվում էր, այլ տասնյակներով ու քսանյակներով:
— Քսանյա՛կ,— կրկնեց տնօրենը՝ ձեռքերը շնորհաբաշխ տարածելով,— քսանյա՛կ:
Բայց ուսանողներից մեկը բավականաչափ հիմար գտնվեց՝ հարցնելով, թե որն է դրա օգուտը:
— Որդի՛ս,— տնօրենը կտրուկ շրջվեց դեպի ուսանողը,— մի՞թե չես տեսնում, մի՞թե չես տեսնում,— նա բարձրացրեց ձեռքը, դեմքը հանդիսավոր արտահայտություն ստացավ,— Բոկանովսկու մեթոդը հասարակական կայունության կարևորագույն գործիքներից է:
«Հասարակական կայունության կարևորագույն գործիք»:
Նույնօրինակ կանայք և տղամարդիկ՝ միանման խմբերով: Մեկ բոկանովսկիացված ձուն ունակ է աշխատուժով ապահովելու մի ամբողջ փոքր գործարան:
— Իննսունվեց նույնական երկվորյակներ, որոնք աշխատում են իննսունվեց նույնական մեքենաների վրա,— ձայնը գրեթե դողում էր խանդավառությունից:— Երբ իսկապես գիտես՝ ուր ես գնում: Պատմության մեջ առաջին անգամ: Նա արտաբերեց համամոլորակային կարգախոսը՝ «Համայնություն, Նույնականություն, Կայունություն»: Մեծագույն խոսքեր:— Եթե հնարավոր լիներ բոկանովսկիացնել անսահմանափակ կերպով, ապա ամբողջ խնդիրը կլուծվեր:
Կլուծվեր նույնակերպ գամմաների, չտարբերվող դելտաների, միօրինակ էպսիլոնների միջոցով: Միլիոնավոր նույնական երկվորյակներ: Մեծածավալ արտադրության սկզբունքը վերջապես իր կիրառությունը կգտներ կենսաբանության մեջ:
— Բայց, ավա՜ղ,— տնօրենը թափահարեց գլուխը,— մենք չենք կարող անսահմանափակ բոկանովսկիացնել:
Իննսունվեցը, թվում է, վերին շեմն է, իսկ լավ միջինը յոթանասուներկուսն է: Լավագույնը, որ կարելի է անել (ավաղ՝ երկրորդ լավագույնը), միևնույն ձվարանից և արական սեռաբջիջներից հնարավորինս շատ նույնական երկվորյակների սաղմեր ստանալն է: Բայց նույնիսկ դա դյուրին գործ չէ:
— Բնության մեջ երեսուն տարի է պահանջվում երկու հարյուր ձվաբջիջների հասունացման համար: Սակայն մեր գործն է կայունացնել բնակչության թվաքանակն այս պահին՝ այստեղ և հիմա: Երկվորյակների բուծմանը տրամադրել քառորդ դար. ինչի՞ կնմանվի սա:
Ակնհայտորեն՝ ոչ մի լավ բանի: Սակայն Փոդսնափի տեխնիկան անհամեմատ արագացրել է ձվաբջջի հասունացման գործընթացը: Երկու տարվա ընթացքում, անշուշտ, հնարավոր է հասունացնել առնվազն հարյուր հիսուն ձվաբջիջ: Բեղմնավորե՛ք և բոկանովսկիացրե՛ք դրանք կամ, այլ կերպ ասած, բազմապատկե՛ք յոթանասուներկուսով և նույնական երկվորյակների հարյուր հիսուն բողբոջներից կստանաք միջինում շուրջ տասնմեկ հազար քույր ու եղբայր՝ առավելագույնը երկու տարվա տարիքային տարբերությամբ:
— Իսկ բացառիկ դեպքերում մենք կարող ենք մեկ ձվարանից ստանալ տասնհինգ հազար չափահաս առանձնյակներ:
Տնօրենը նշան արեց պատահմամբ իրենց կողքով անցնող շիկահեր, կարմրադեմ երիտասարդ տղամարդուն:
— Պարո՛ն Ֆոսթեր,— կանչեց նա: Կարմրադեմ տղամարդը մոտեցավ:— Կասե՞ք մեզ, պարո՛ն Ֆոսթեր, մեկ ձվարանի երբևէ գրանցված առավելագույն բեղունության ցուցանիշը:
— Տասնվեց հազար տասներկու՝ մեր Կենտրոնում,— պատասխանեց պարոն Ֆոսթերը առանց հապաղելու: Նա խոսեց շատ արագ, և կապույտ աչքերը կենդանություն ստացան թվերը արտաբերելու ակնհայտ հաճույքից:— Տասնվեց հազար տասներկու՝ հարյուր ութսունինը նույնական բողբոջներից: Բայց, իհարկե, նրանք ավելիին են հասել,— շարունակեց նա շաղակրատել,— որոշ արևադարձային կենտրոններում: Սինգապուրը հաճախ է տասնվեց հազար հինգ հարյուրից ավելին գրանցել, իսկ Մոմբասան իրապես հասել է մինչև տասնյոթ հազարի շեմը: Բայց նրանք անարդար առավելություն ունեն: Դուք պետք է տեսնեք, թե ինչպես է սևամորթի ձվարանն արձագանքում հիպոֆիզի հորմոնին: Դա ուղղակի ապշեցուցիչ է, երբ սովոր ես աշխատել եվրոպական նյութի հետ: Դեռ,— հավելեց նա ծիծաղելով (բայց աչքերում վառված կայծն ու վեր ձգված կզակը մատնեցին նրա մարտահրավերը),— դեռ մենք հնարավորության դեպքում մտադիր ենք ջախջախել նրանց: Ներկա պահին ես աշխատում եմ մի հրաշալի դելտա–մինուս ձվարանի վրա: Այն դեռ տասնութ ամսական է: Արդեն իսկ ավելի քան տասներկու հազար յոթ հարյուր երեխա՝ սաղմնային կամ արդեն հետանոթային փուլում: Եվ դեռ պահում է իր դիրքերը: Մենք կջախջախենք նրանց շուտով:
— Սիրո՜ւմ եմ այս ոգին,— բացականչեց տնօրենը՝ ձեռքը դնելով պարոն Ֆոսթերի ուսին:— Միացե՛ք մեզ և թո՛ւյլ տվեք, որ այս երիտասարդներն օգտվեն Ձեր մասնագիտական գիտելիքներից:
Պարոն Ֆոսթերը համեստորեն ժպտաց:
— Հաճույքով:
Նրանք շարունակեցին:
Շշալցման սենյակում ներդաշնակ ու կանոնավոր եռուզեռ էր: Խոզի թարմ փորամիզի համապատասխան չափի փերթերը փոքր ամբարձիչներով բարձրանում էին նկուղային հարկում տեղակայված Օրգանների պահեստից: Վը՜զզ, ապա՝ շը՛խկ. և ամբարձիչի դռնանցքը բացվում է: Շշալցնողն ընդամենը պետք է մեկնի ձեռքը, վերցնի փերթը, հարմար տեղավորի անոթի մեջ, և նախքան պատրաստի անոթը կշարունակի իր ճանապարհը երիզի անվերջ երկայնքով, վը՜զզ, շը՛խկ, փորամիզի մեկ այլ փերթ դուրս է թռչում խորքերից՝ պատրաստ ներս սահելու մեկ այլ անոթի մեջ, ապա միանալու դրանց անվերջանալի շարանին:
Շշալցնողների կողքին կանգնած էին արձանագրողները: Շարքը առաջանում է, մեկ առ մեկ ձվերը սրվակներից տեղափոխում են դեպի ավելի լայն տարաներ, փորամիզային թաղանթի վրա զգուշորեն նեղ բացվածք է արվում, նախասաղմնային գոյացությունը իջեցնում են անոթի մեջ, ապա ավելացնում են աղային լուծույթը, և անոթն արդեն առաջ է շարժվում երիզով, այժմ հերթը պիտակավորողներինն է: Ժառանգականությունը, բեղմնավորման ամսաթիվը, Բոկանովսկու խմբի անդամակցությունը. այս տվյալները սրվակներից տեղափոխվում են անոթների վրա: Արդեն անուն ու ինքնություն ստացած՝ անոթների շարքը դանդաղ առաջ է շարժվում և պատի բացվածքի միջով դանդաղորեն անցնում դեպի Հասարակական նախասահմանման սենյակ:
— Ութսունութ խորանարդ մետր է զբաղեցնում քարտարանը,— յուրաքանչյուր բառը ճաշակելով՝ ասաց պարոն Ֆոսթերը, երբ մտան ներս:
— Եվ պարունակում է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը,— հավելեց տնօրենը:
— Թարմացվում է յուրաքանչյուր առավոտ:
— Եվ կեսօրից հետո՝ համակարգվում:
— Դրա հիման վրա կատարում են հաշվարկները:
— Այսքան առանձնյակներ այսպիսի որակներով,— շարունակեց պարոն Ֆոսթերը:
— Տարաբաշխված այսչափ քանակներով:
— Ներկա պահի բարենպաստ անոթազատման գործակիցը:
— Չնախատեսված կորուստներն անհապաղ վերականգնվում են:
— Անհապաղ,— կրկնեց պարոն Ֆոսթերը:— Եթե իմանայիք, թե որքան ուժ ու եռանդ ստիպված եղա ներդնել Ճապոնիայի վերջին երկրաշարժից հետո,— ծիծաղեց նա բարեգթորեն և թափահարեց գլուխը:
— Նախասահմանողներն իրենց անհրաժեշտ թվերն ուղարկում են բեղմնավորողներին:
— Վերջիններս էլ մատակարարում են նրանց անհրաժեշտ քանակի սաղմով:
— Եվ անոթներն այստեղ են ժամանում՝ մանրակրկիտ նախասահմանվելու նպատակով:
— Որից հետո դրանք ուղարկվում են ներքև՝ դեպի Սաղմնապահեստ:
— Այնտեղ էլ կուղևորվենք հիմա ինքներս:
Եվ բացելով դուռը՝ պարոն Ֆոսթերն առաջնորդեց խմբին դեպի հիմնահարկ:
Ջերմաստիճանն այստեղ ևս արևադարձային էր: Նրանք սուզվեցին խտացող կիսախավարի մեջ: Երկու դուռն ու կրկնակի շրջադարձով միջանցքն ապահովագրում էին սաղմնապահեստը ցերեկվա լույսի հնարավոր ցանկացած ներթափանցումից:
— Սաղմը լուսանկարչական ժապավենի է նման,— զվարթությամբ ասաց պարոն Ֆոսթերը երկրորդ դուռը բացելիս,— այն միայն կարմիր ճառագայթներ է հանդուրժում:
Եվ իրապես, հեղձուցիչ խավարը, որում ուսանողները հետևում էին նրան, տեսանելի ու բոսոր էր, ինչպես փակ աչքերի խավարն ամառվա միջօրեին: Բազմահարկ ու բազմաշարք անոթների փքված կողերն անհամար սուտակներ էին արտացոլում, և այդ սուտակների միջև շարժվում էին կանանց ու տղամարդկանց աղոտ կարմիր ուրվականները՝ մորեգույն աչքերով և գայլախտի բոլոր նշաններով: Մեքենաների բզզոցն ու շաչյունը թեթևակի հուզում էին օդը:
— Նրանց մի քանի թի՛վ ներկայացրեք, պարո՛ն Ֆոսթեր,— ասաց տնօրենը, որ հոգնել էր խոսելուց:
Մի քանի թիվ ներկայացնելու միտքը պարոն Ֆոսթերին անսահման երջանկացրեց:
Երկու հարյուր քսան մետր երկարություն, երկու հարյուր մետր լայնություն, տասը մետր բարձրություն. նա դեպի վեր ցույց տվեց: Ուսանողները ջուր խմող հավերի նման հայացքներն ուղղեցին դեպի հեռավոր առաստաղը:
Դարակաշարերի երեք հարկաբաժին՝ գետնահարկ, առաջին և երկրորդ հարկեր:
Դարակների պողպատե սարդոստայնը անհետանում էր խավարի մեջ բոլոր ուղղություններով: Նրանցից ոչ հեռու երեք կարմիր ուրվական անոթներն էին բեռնաթափում շարժասանդուղքի վրայից:
Շարժասանդուղքը Հասարակական վերասահմանման սենյակից է:
Յուրաքանչյուր անոթ տեղադրում են տասնհինգ դարակաշարերից մեկի վրա, վերջիններս, թեև դա նկատելը դժվար է, շարժագոտիներ են, որոնք ժամում երեսուներեք ու երեք սանտիմետր առաջ են շարժվում: Երկու հարյուր վաթսունյոթ օր՝ օրական ութ մետր: Ընդհանուր՝ երկու հազար հարյուր երեսունվեց մետր: Մեկ լրիվ պտույտ՝ գետնահարկում, մեկ՝ առաջին հարկում, կես պտույտ՝ երկրորդում, և երկու հարյուր վաթսունյոթերորդ առավոտյան՝ դեպի Անոթազատման սենյակ՝ լույս աշխարհ գալու. անկախ գոյություններ, այսպես կոչված:
— Այդ ընթացքում, սակայն,— ամփոփեց պարոն Ֆոսթերը,— մենք հասցնում ենք մեծ աշխատանք տանել նրանց հետ, ահռելի աշխատանք,— ծիծաղեց նա խորամանկ ու հաղթանակած:
— Սիրում եմ այս ոգին,— ևս մեկ անգամ ասաց տնօրենը,— եկե՛ք շրջենք: Դուք նրանց ամեն ինչ կպատմեք, պարո՛ն Ֆոսթեր:
Պարոն Ֆոսթերը հավուր պատշաճի պատմեց նրանց:
Պատմեց փորամիզի մահճում զարգացող սաղմի մասին: Ստիպեց, որ համտեսեն արյանը փոխարինող հարստացված հեղուկը՝ արյան սուրոգատը, որով սաղմն է սնվում: Բացատրեց, թե ինչու են այն հավելում այնպիսի խթանիչներով, ինչպիսիք են պլացենտինն ու թիրօքսինը: Պատմեց դեղին մարմնի մզվածքի մասին: Ցույց տվեց մղիչները, որոնց միջոցով յուրաքանչյուր տասներկուերորդ մետրին մզվածքն ինքնաբերաբար ներարկվում է անոթի մեջ ողջ ուղու ընթացքում՝ սկզբից մինչև 2040–րդ մետրը: Խոսեց մակուղեղի հորմոնի հետզհետե աճող չափաբաժնի մասին, որ մատակարարվում է սաղմին ուղու վերջին իննսունվեց մետրի ընթացքում: Նկարագրեց արհեստական մայրական շրջանառությունը, որը տեղադրվում է անոթում 112–րդ մետրին հասնելիս, ցույց տվեց արյան սուրոգատի պահոցը և կենտրոնախույս մխոցը, որն ապահովում է ընկերքը հեղուկով և մղում վերջինս դեպի արհեստածին թոք, ապա՝ ավելորդ արգասիքների զտիչ: Անդրադարձավ սաղմի՝ սակավարյունության նկատմամբ խնդրահարույց միտմանը, կինճի ստամոքսամզվածքի մեծ չափաբաժիններին և սաղմնային մտրուկի լյարդին, որոնք միասին պտղին պիտի մատակարարվեին:
Ցույց տվեց այն պարզագույն մեխանիզմը, որի միջոցով յուրաքանչյուր ութ մետրի վերջին երկուսի ժամանակ բոլոր սաղմերը միաժամանակ ցնցվում են շարժմանը ընտելանալու համար: Ակնարկեց, այսպես կոչված, «անոթազատման վնասվածքի» լրջության մասին և թվարկեց նախազգուշական միջոցառումները, որոնք միտված են այդ վտանգավոր ցնցումը նվազագույնի հասցնելուն՝ սաղմին համապատասխան կերպով պատրաստելու միջոցով: Պատմեց 200–րդ մետրի շրջանում իրականացվող սեռի ստուգման մասին: Պարզաբանեց պիտակավորման համակարգը. արական սեռը կրում է T նշանը, իգական սեռը՝ շրջանակ, իսկ նրանք, ում վիճակված է դառնալ անպտուղ, կրում են սպիտակ հիմնագույնի վրա սև հարցական նշանով պիտակ:
— Անշուշտ,— բացատրեց պարոն Ֆոսթերը,— դեպքերի ճնշող գերակշռությամբ պտղաբերությունը պարզապես անախորժ մի բան է: Մեկ պտղաբեր ձվարան՝ հազար երկու հարյուրից. սա լիովին բավարար կլիներ մեր նպատակների իրագործման համար: Բայց մենք ուզում ենք լավ ընտրություն ունենալ: Եվ իհարկե, ապահովության նկատառումներով անհրաժեշտ է մշտապես հսկա պաշար ունենալ: Այդ իսկ պատճառով էլ մինչև երեսուն տոկոս իգական սաղմերին մենք թույլ ենք տալիս նորմալ զարգանալ: Մյուսները ստանում են արական սեռական հորմոն յուրաքանչյուր քսանչորսերորդ մետրին ընդհուպ մինչև երթուղու ավարտը: Արդյունքում նրանք անոթազատվում են որպես անպտուղներ՝ կառուցվածքով միանգամայն նորմալ (բացառությամբ,— նա հարկադրված էր խոստովանել,— որ նրանք մորուք աճեցնելու թեթև հակվածություն ունեն), բայց ստերջ: Միանգամայն ստերջ: Ինչն էլ վերջապես մեզ դուրս է բերում,— շարունակեց պարոն Ֆոսթերը,— բնությանը պարզապես ստրկամտորեն կրկնօրինակելու տիրապետությունից դեպի մարդկային հնարագիտության շատ ավելի հետաքրքիր աշխարհ:
Նա շփեց ձեռքերը: Քանզի, իհարկե, իրենք չեն կարող բավարարվել պարզապես պտուղ լույս աշխարհ բերելով. ցանկացած կով կարող է դա անել:
— Մենք նաև նախասահմանում և դաստիարակում ենք: Մենք անոթազատում ենք մեր երեխաներին որպես սոցիալականացված մարդկային էակներ, որպես ալֆաներ ու էպսիլոններ, որպես կոյուղու ապագա բանվորներ և որպես,— նա պատրաստվում էր ասելու «աշխարհի ապագա վերահսկիչներ», բայց շտկեց իրեն՝ փոխարենն ասելով,— բուծարանների ապագա տնօրեններ:
ԲԴԿ տնօրենը հաճոյախոսությունն ընդունեց ժպիտով:
Հատում էին նրանք 320–րդ մետրը՝ տեղակայված 11–րդ դարակաշարում: Երիտասարդ բետա–մինուս փականագործը, պտուտակն ու բանալին ձեռքին, զբաղված էր արյան սուրոգատի մխոցի կարգավորմամբ: Էլեկտրական շարժիչի ձայնը պտուտակը ձգելու հետ աստիճանաբար խլանում էր: Ավելի ու ավելի ցածր: Վերջնական պտույտ, շրջանահաշվիչի ստուգում. գործն արված է: Նա երկու քայլ արեց շարժագոտու երկայնքով և անցավ հաջորդ մխոցի կարգավորմանը:
— Նվազեցվում է րոպեում կատարվող շրջանների քանակը,— բացատրեց պարոն Ֆոսթերը,— արյան սուրոգատն ավելի դանդաղ է շրջանառություն կատարում, ուստի ավելի քիչ հաճախականությամբ է անցնում թոքով՝ այդպիսով ավելի քիչ թթվածին մատակարարելով սաղմին: Ոչինչ այնպես արդյունավետ չի ազդում կենսամակարդակը նորմայից ցածր պահելու վրա, ինչպես թթվածնի պակասը:
— Բայց ինչի՞ համար է անհրաժեշտ կենսամակարդակը նորմայից ցածր պահել,— հարցրեց մի պարզամիտ ուսանող:
— Տխմար,— լռությունը կոտրեց տնօրենը:— Մտքովդ չի՞ անցնում, որ էպսիլոն սաղմը պետք է էպսիլոնի ժառանգականության հետ էպսիլոնի միջավայր ունենա:
Ակնհայտորեն նրա մտքով չէր անցել. երիտասարդը շփոթահար եղավ:
— Որքան ցածր է դասակարգը,— խոսեց պարոն Ֆոսթերը,— այնքան քիչ է թթվածինը: Դրանից նախևառաջ տուժում է գլխուղեղը: Այնուհետև՝ կմախքը: Յոթանասուն տոկոս թթվածնային նորմայի դեպքում գաճաճներ են ստացվում: Յոթանասունից պակասի դեպքում՝ անաչք հրեշներ, որոնք ոչ մի բանի համար պիտանի չեն,— եզրափակեց պարոն Ֆոսթերը:
Մինչդեռ (նրա ձայնը խորհրդավորությամբ ու եռանդով լցվեց), եթե կարողանային գտնել հասունացման տևողությունը կրճատող որևէ հնար, ապա ինչպիսի՜ հաղթանակ, Հասարակության համար ինչպիսի՜ բարօրություն կլիներ:
— Դիտարկենք, օրինակ, ձիուն:
Բոլորը դիտարկեցին:
— Ձին հասունանում է վեց տարեկանում, փիղը՝ տասը, մինչդեռ տասներեքում մարդը դեռևս սեռահասուն չէ և չափահաս է դառնում միայն քսանում: Ուստի հասկանալի է, որ ուշացող զարգացման այդ պտուղը մարդկային բանականությունն է:
— Բայց էպսիլոնների դեպքում,— արդարացիորեն ասաց պարոն Ֆոսթերը,— մենք մարդկային բանականության կարիք չունենք: Կարիք չունենք և չենք էլ ձևավորում: Բայց թեև էպսիլոնի միտքը հասուն է արդեն տասը տարեկանում, նրա մարմինը հարմարված չէ աշխատելուն մինչև տասնութ տարեկանը: Տհասության անօգուտ և ավելորդ երկար տարիներ: Եթե ֆիզիկական զարգացումը կարողանայինք հասցնել այն արագության, օրինակ, ինչպիսին կովինն է, ի՜նչ վիթխարի խնայողություն կլիներ Հանրության համար:
— Վիթխարի,— մրմնջացին ուսանողները:
Պարոն Ֆոսթերի խանդավառությունը վարակիչ էր:
Նա սկսեց տեխնիկական մանրամասներ շռայլել. խոսեց ոչ բնականոն ներզատական համակարգության մասին, որի պատճառով մարդն այդքան դանդաղ է աճում, և դրա համար պատասխանատու սաղմնային մուտացիայի մասին: Հնարավո՞ր է արդյոք չեղարկել սաղմնային այս փոփոխման հետևանքները: Հնարավո՞ր է արդյոք համապատասխան տեխնիկայի միջոցով էպսիլոնի առանձնյակին վերադարձնել նորմալ վիճակի, շների ու կովերի համանմանությամբ: Ահա թե որն է խնդիրը: Եվ այն քիչ էր մնում լուծվեր:
Փիլքինգթոնը Մոմբասայում կարողացավ ստանալ առանձնյակներ, որոնք սեռահասուն են չորս տարեկանում և չափահաս՝ վեցուկեսում: Գիտական հաղթանակ: Սակայն նրանք հասարակական տեսանկյունից բացարձակ անպիտան են: Վեցամյա տղամարդիկ և կանայք չափազանց հիմար են՝ նույնիսկ էպսիլոնի աշխատանքը կատարելու համար: Եվ գործընթացը ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով է. կա՛մ մի ծայրահեղությունն է, կա՛մ մյուս: Նրանք դեռ փորձում են կատարյալ տարբերակ գտնել քսան տարեկանում և վեց տարեկանում հասունանալու միջև: Պարոն Ֆոսթերը հոգոց հանեց և գլուխը տարուբերեց:
Դեգերումները բոսորագույն խավարում բերեցին նրանց դեպի 170–րդ մետր՝ տեղակայված 9–րդ դարակաշարում: Այս կետից սկսած՝ շարժագոտին ծածկված էր, և անոթներն իրենց մնացած ճանապարհն անցնում էին կարծես ներքնուղու միջով, որը մի քանի տեղ միայն ընդհատված էր երկու–երեք մետր լայնությամբ բացվածքներով:
— Ջերմային վարժեցում,— ասաց պարոն Ֆոսթերը:
Տաք և զով ներքնուղիները միմյանց հերթափոխում են: Զովությունը շաղկապված է անհարմարության զգացումի հետ՝ ուժեղ ռենտգենյան ճառագայթների տեսքով: Մինչև անոթազատվելը սաղմերը հասցնում են ցրտի նկատմամբ սարսափով լցվել: Նրանք նախասահմանված կերպով արևադարձային շրջաններ են տեղափոխվելու՝ հանքափորներ, մետաքսի քացախատի մանածագործներ և պողպատագործներ դառնալու նպատակով: Ավելի ուշ նրանց միտքը կամրապնդի մարմնի որոշումը: Մենք վարժեցնում ենք նրանց ջերմության պայմաններում բարգավաճելուն,— ամփոփեց պարոն Ֆոսթերը,— իսկ վերևում մեր գործընկերները նրանց կսովորեցնեն սիրել նույն այդ ջերմությունը:
— Եվ դա է երջանկության և առաքինության գաղտնիքը,— հավելեց տնօրենը խրատական երանգով,— սիրել այն, ինչ նախատեսված է քեզ համար: Դաստիարակման ամբողջ նպատակը հենց դա է. մարդկանց մեջ իրենց անխուսափելի հասարակական ճակատագրի նկատմամբ սեր արմատավորել:
Երկու ներքնուղիների մեջտեղում բուժքույրերից մեկը զգուշորեն զննում էր անցնող անոթի դոնդողանման պարունակությունը բարակ երկար ներարկիչով: Ուսանողներն իրենց ուղեկիցների հետ նրան էին հետևում լռության մեջ:
— Օ՜հ, Լե՛նինա,— ասաց պարոն Ֆոսթերը, երբ նա վերջապես հետ քաշեց ներարկիչը և ուղղվեց:
Աղջիկը ցնցվեց՝ թեքվելով: Չնայած կարմրերանգ դեմքին ու մորեգույն աչքերին՝ հնարավոր չէր չնկատել, որ նա չտեսնված սիրունիկ է:
— Հե՛նրի,— նրա ժպիտը փայլեց՝ մերկացնելով մարջանե ատամների շարքը:
— Սքանչելի՜, սքանչելի՜,— մրմնջաց տնօրենը՝ հետևից փաղաքշելով աղջկան մի քանի անգամ՝ դրա դիմաց ակնածական ժպիտի արժանանալով:
— Ի՞նչ եք ներարկում նրանց,— հարցրեց պարոն Ֆոսթերը՝ ձայնին գործնական երանգ տալով:
— Դե՛, սովորական՝ որովայնային տիֆի ու քնախտի դեմ:
— Արևադարձային բանվորներին սկսում ենք պատվաստել 150–րդ մետրին հասնելիս,— ուսանողներին բացատրեց պարոն Ֆոսթերը:— Սաղմերը դեռևս խռիկներով են շնչում: Մենք ախտազերծում ենք ձկանը ընդդեմ մարդկային հիվանդությունների:— Այնուհետև, շրջվելով հետ՝ դեպի Լենինան, ասաց,— հինգին տասը պակաս՝ տանիքում, ինչպես միշտ:
— Սքանչելի՜,— ասաց տնօրենը ևս մեկ անգամ և եզրափակիչ փաղաքշանքից հետո հեռացավ՝ միանալով մյուսներին:
10–րդ դարակաշարում քիմիական գործարանների ապագա սերնդի բանվորներին վարժեցնում էին կապարի, կծու նատրոնի, ձյութի, քլորի նկատմամբ դիմադրողականությանը: Հրթիռանավերի երկու հարյուր հիսուն սաղմնային ինժեներների առաջին խումբը հենց նոր էր հատում 3–րդ դարակաշարի հազար հարյուրերորդ մետրը: Հատուկ մեխանիզմի շնորհիվ նրանց անոթներն անընդհատ պտույտի մեջ էին:
— Հավասարակշռության զգացումը կատարելագործելու նպատակով,— բացատրեց պարոն Ֆոսթերը,— թռիչքի ժամանակ հրթիռի արտաքին նորոգում իրականացնելը հեշտ գործ չէ: Մենք դանդաղեցնում ենք շրջանառությունը, երբ նրանք ուղիղ դիրքում են, մինչև որ կիսաքաղց են լինում, և կրկնապատկում ենք արյան սուրոգատի հոսքը, երբ գլխիվայր են շրջված: Նրանք սովորում են զուգորդել գլխիվայր վիճակը լավ ինքնազգացողության հետ. ըստ էության, նրանք իսկապես երջանիկ են միայն, երբ կանգնած են գլխի վրա:
Իսկ այժմ,— շարունակեց պարոն Ֆոսթերը,— ես կցանկանայի ձեզ ցույց տալ ալֆա–պլյուս ինտելեկտուալների վարժեցման որոշ հետաքրքիր դրվագներ: 5–րդ դարակաշարում մենք ունենք դրանց մի մեծ խումբ,— նա կանգնեցրեց երկու տղաների, որոնք պատրաստվում էին գետնահարկ իջնելու,— նրանք 900–րդ մետրի շրջանում են,— բացատրեց,— հնարավոր չէ իսկապես օգտակար որևէ մտավոր վարժեցում իրականացնել, քանի դեռ պտուղը չի կորցրել պոչը. հետևե՛ք ինձ:
Բայց տնօրենը ձեռքի ժամացույցին նայեց:
— Երեքին տասն է պակաս,— նա ասաց,— վախենամ՝ ինտելեկտուալ սաղմերի համար ժամանակ չմնաց: Մենք պետք է Մանկանոց բարձրանանք, քանի դեռ երեխաների ցերեկային քնի ժամն է:
Պարոն Ֆոսթերը հուսահատվեց:
— Գոնե մի պահ Անոթազատման սենյակ անցնենք,— աղերսեց նա:
— Շատ բարի,— ժպտաց տնօրենը ներողամտորեն,— մի հայացք ընդամենը:

www.zangak.am 

Գրել կարծիք