Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» միջոցառմանը. ահա նրա 5 լավագույն ֆիլմերը

Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» միջոցառմանը. ահա նրա 5 լավագույն ֆիլմերը

newmag-ը ներկայացնում է Ջոն Մալկովիչի 5 լավագույն ֆիլմերը և պատմում, թե Երևանում ինչի մասին է խոսելու

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում` հոկտեմբերի 10-ին Արարատ թանգարանում կլինի ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի (ARARAT Speakers Night) հյուրը: Միջոցառումը կանցնի «Թատրոնի նոր սահմանները» խորագրի ներքո և կշոշափի թատրոնի արդիական խնդիրները, արվեստի այլ ճյուղերին առնչվող նոր միտումները, ինչպես նաև արդի թատերական մոտեցումները: Հանդիպանն ընդառաջ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ներկայացրել է Մալկովիչի 5 լավագույն ֆիլմերը, որտեղ նա հանդիսատեսին է ներկայանում տարբեր կերպարներով: 


«Մկների և մարդկանց մասին» / Of Mice and Men

Ջոն Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» -ի 1992թ. էկրանավորումը և թերհաս Լենիի դերը Մալկովիչի կարիերայի ամենավառ էպիզոդներից մեկն է: Միացյալ Նահանգներ, Մեծ դեպրեսիա: Լենին և Ջորջը (Գերի Սինիզ)  թափառում են համայնքից համայնք, քանի որ յուրաքանչյուր վայրում առանձնապես երկար մնալ չի հաջողվում. Լենիին անընդհատ ընկնում է պատմությունների մեջ: Ճակատագիրն ու աշխատանքային թույլտվություն տվող թղթերը բերում են հերոսներին Սոլեդադ. մի քիչ էլ ոտքով, և նրանց սպասվում են դաշտային աշխատանքներ և ամսեկան հիսուն դոլար: Լենին ամեն օր երազում է սեփական տան մասին, որտեղ նրանք կապրեն Ջորջի հետ միասին, և եթե ամեն ինչ լավ լինի Ջորջը թույլ կտա, որպեսզի Լենին զբաղվի ճագարների բուծությամբ ու խնամքով, չէ որ նա այդքան շատ է սիրում շոյել կենդանիներին, ափսոս, որ վերջիններս չեն դիմանում նրա ուժին և սատկում են, հենց նրա գրկում:

Ռեժիսոր և դերասան Գերի Սինիզը ստեղծել է հայտնի վեպի շատ պարզ և այդ պարզույթան մեջ կատարյալ էկրանավորում, որը ոչ բարդ կինեմատոգրաֆիկ լեզվով պատմում է հավերժ կոնֆլիկտի՝ զգայականի և գիտակցականի մասին:

Ըստ Սթայնբեքի Լենիի անգիտակցությունն ու ֆիզիկական ուժը խորհրդանշում է ժողովրդի ուժը, որը չի գիտակցում այն, իսկ այդ տեսակ ուժն իր հետ միասին միշտ բերում է ավերում:

«Լինել Ջոն Մալկովիչ» / Being John Malkovich

Սփայք Ջոնսի և Չարլի Կաուֆմանի սատիրիկ ֆենթեզի-կատակերգությունը պատմում է տիկնիկագործ Շվարցի (Ջոն Քյուսաք) մասին, ով, չունենալով այլընտրանք, գործի է ընդունվում տարօրինակ գրասենյակում՝ չափից դուրս ցածր առաստաղով: Բացի դրանից, որ օֆիսային առօրյան անցնում է կիսակռացած դիրքում, Շվարցը պատահաբար հայտնաբերում է գաղտնի դուռ, որը տանում է դեպի դերասան Ջոն Մալկովիչի գլուխ. Ջոն Մալկովիչը հանդես է գալիս լայնածավալ կամեոյով: Շվարցն իսկական տիկնիկագործ չէր լինի, եթե չսկսեր վաճառել աստղի գլխում հայտնվելու և անտեսանելի թելերը քաշքշելու մենաշնորհը: Բոլորը ցանկանում են լինել հայտնի, հարուստ, կայացած և ևս մեկ անգամ հայտնի, և շուտով մալկովիչյան ուղեղ և գիտակցություն տանող «միջանքցի» մոտ առաջանում է հսկայական հերթ, իսկ իսկական Մալկովիչը դառնում է սեփական հայտնիության զոհը:

Ֆիլմ անհաջողակների, մանիպուլյացիայի, իշխանության և հարևանի՝ քո խոտից ավելի կանաչ խոտ ունենալու մասին:

«Կարդալուց հետո այրել»/ Burn After Reading

Ջոել և Իտան Կոենների ամենազվարճալի ֆիլմերից մեկը պատմում է անգամ ազգային անվտանգության գնով սեփական կուրծքը մեծացնելու և դեմքի մաշկը ձգելու կնոջ մասին (Ֆրենսիս ՄաքԴորմանդ): Բաննը նրանում է, որ ֆիզիկապես բարելավվել տենչող քայլող էներջայզեր կինը պատահաբար գտնում է մի սկավառակ, որի վրա նախկին ЦРУ գաղտնի գործակալի (Մալկովիչ) կինը (Թիլդա Սուինթոն) ձայնագրել էր կարևոր տեղեկություններ: Գործակալի կարիերան արդեն անցյալում է, սակայն շանտաժի պատրաստ և մանր սպառողական արժեքներով ապրող նրա հայրենակիցները չգիտեն այդ մասին և պատրաստ են գնալ այդ սկավառակով անգամ Ռուսաստանի դեսպանատուն, միայն թե ինչ-որ մեկը վճարի իրենց, գոնե կրծքերի մեծացման վիրահատության համար:


Կինոյի մասին գրել ենք նաև.


Կոենները հանդես են գալիս իրենց հատուկ սև կատակերգության և սառը ցինիզմի ոճում, Մալկովիչի անգործ գործակալ Օսբորն Քոքսը ուղղակի հրաշալի է իր էմոցիոնալ գրգռվածության և հիսթերիկ նյարդայնացման էպոգեյում: Դրա ֆոնին Բրեդ Փիթի և ՄաքԴորմանդի հերոսների անհեռանկար պլանները և հմայիչ ու հիմար պահվածքը դարձնում է պատմությունն անհավանական զվարճալի:

«Վտանգավոր կապեր» / Dangerous Liasons

Բրիտանական կինոյի վարպետ Սթիվեն Ֆրիրզը ստեղծել է այն, ինչ անվանում են «կոստյումային մելոդրամա». յուրահատուկ էսթետիկ ոճով, շքեղ դեկորացիաներով և փխրուն մարդկային թուլություններով պատմություն: Ձիգ կապած կորսետները, ճերմակափայլ կեղծամները և դիմափոշով պատած դեկոլտեները միայն ֆոն չեն, այլ ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, որտեղ և ապրում են տասնութերորդ դարի ֆրանսիացիները: Վիկոնտ Վալմոնը (Մալկովիչ) և դքսուհի դե Մերտեյ խաղում են վտանգավոր խաղեր՝ մտածելով միայն սեփական շահերի մասին և թքած ունենալով բոլոր այն կոտրված սրտերի, որոնք կհայտնվեն նրանց կրունկների տակ:

Մալկովիչի Վալմոնտը դարձավ դերասանի կյանքի բեկումնայի դերերից մեկը, որի շնորհիվ շատ կինոքննադատներ և լայն լսարան բացահայտեց իրենց համար մեկ այլ, շատ պլաստիկ և բազում մետամորֆոզների պատրաստ դերասան: Իսկ անկողնում՝ մերկ  սիրուհու մարմնին նամակ գրելու հայտնի տեսարանը ֆիլմի բազմաթիվ այլ՝ զգացմունքային դրվագների հետ դարձրեց Մալկովիչին ցանկալի և գրավիչ, ինչու չէ նաև սեքս-խորհրդանիշ:

«Երկնքի քողի ներքո» / The Sheltering Sky

Բերնարդո Բերտոլուչիի դրաման սրամիտ երկխոսություններով, վինտաժային անտուրաժով, զգացմունքային՝ սիրային եռանկյունու կոնֆլիկտով հագեցած ճանապարհորդություն է, զգացմունքային ճգնաժամը հաղթահարող ուղեցույց, փորձառու ամուսնական մաստեր-կլաս, կրքոտ ու վտանգավոր պատմություն , որի գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Աֆրիկայում և Մարոկայում:

Ամերիկացի ամուսնական զույգը (Դեբրա Ուինգեր և Ջոն Մալկովիչ) ճամփորդում է օտար երկրում՝ չվախենալով կասկածամիտ անծանոթների հետ մտերմիկ շփումից, որի արդյունքում արևելյան հեքիաթը վերածվում է իսկական ողբերգության: Կիզիչ արևի, մաշկն այրող ավազի հատիկների, անապատն օրորող քամու և անուշաբույր համեմունքների հոտը հերոսների ինքնավստահության հասնող հարմոնիկ ու հանգիստ դիմագծերի, խարիզմատիկ ու հմայող ժեստերի ու շարժուձևերի և ոսկեգույնի բոլոր հնարավոր երանգներով պատված դիմանկարների հետ միասին դիտումից հետո դեռ երկար կմնա ենթագիտակցության մեջ:

Գրել կարծիք