[Կինոգիդ]. Ո՞վ է Դենիել Դեյ-Լյուիսը և ինչու՞ է ամբողջ աշխարհը քննարկում դերասանի կարիերայի ավարտի մասին նրա հայտարարությունը

[Կինոգիդ]. Ո՞վ է Դենիել Դեյ-Լյուիսը և ինչու՞ է ամբողջ աշխարհը քննարկում դերասանի կարիերայի ավարտի մասին նրա հայտարարությունը

Եռակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսը հայտարարել է դերասանի կարիերան ավարտելու մասին: Վերհիշում ենք` ինչո՞ւ և ինչո՞վ էր նա մեր ժամանակների կինոյի լեգենդ ու բացառիկ արտիստ:

«Դերասանները երբեք չպետք է տան հարցազրույցներ: Հերիք է դուք իմանաք, թե ինչ գույնի գուլպաներ են նրանք կրում, և դուք արդեն ընդունում եք այդ փաստը որպես իրենց դերասանական խաղի անբաժանելի մաս, իսկ դա չի բխում մեր շահերից»-այսպես սկսվեց կինոպատմության մեջ միակ եռակի օսկարակիր դերասան Դենիել Դեյ-Լյուիսի և The Observer-ի լրագրող Փիթեր Սթենֆորդի զրույցը: Դերասանը հրավիրել էր Սթենֆորդին իր՝ Դուբլինից 66 կիլոմետր հեռավորության վրա գնտվող Ուիքլոու լեռան շրջակայքի առանձնատուն՝ խախտելով սեփական տաբուն և հակասելով ինքն իրեն. երբեք հարցազրույց չտալ լրագրողներին: Այդ ժամանակ, իր իսկ խոսքով, Դեյ-Լյուիսը ցանկանում էր բացահայտել որոշ միֆեր, որոնք պտտվում էին իր անձի շուրջ: Կամ գուցե դա մարքենթինգային կոմպրոմիս էր, որի մասին գիտեն միայն դերասանի կյանքում այդ պահին որոշումներ կայացնող պրոդյուսերները: Չէ՞ որ նա իր ցանկությամբ երբեք չի հայտնվում ուշադրության կենտրոնում և երկար ուշքի գալիս նկարահանումների ավարտից հետո։

Դանիել Դելյ-Լյուիսը և Քամերոն Դիասը «Նյու Յոքրի ավազակախմբերը» ֆիլմում (2002)

Իրականում, նա մի անգամ արդեն փորձել էր ավարտել իր դերասանական կարիերան, երբ հայտնվեց Մարտին Սքորսեզեն և ուղղակի խնդրեց նկարահանվել «Նյու Յորքի ավազակախմբերում»: Ասում են՝ Լեոնարդո Դի Կապրիոն անգամ հրաժարվեց իր բարձր հոնորարից, որպեսզի համաշխարհային կինոյի ամենաբարդ բրիտանացին գոհ մնա և չհրաժարվի մասնակցությունից: Արդյունքում` Դեյ-Լյուիսն անցկացրեց լոնդոնյան մսավաճառային կետերում բազում օրեր և գիշերներ՝ իր հերոսին մաքսիմալ բնական և իրական ստեղծելու նպատակով:

Նա կիրառում է Ստանիսլավսկու մեթոդը, ոչ միայն այդ ֆիլմի համար. յուրաքանչյուր դեր պահանջում էր երկար և մանրակրկիտ «ընկղման» ընթացք: «Կեցության անտանելի թեթևությունը» ֆիլմում նկարահանվելու համար նա սովորեց չեխերենը, «Իմ ձախ ոտքի» (իր առաջին Օսկարի և մեգատրիումֆի) համար չէր լքում հաշմանդամի սայլակը, «Մոհիկաններից վերջինը» դարձրեց նրան անտառների զավակ, որն ինքնուրույն հայթայթում էր սնունդ, փայտից կառուցում էր կանոե և անցնում էր ծանր ֆիզիկական պարապմունքներ:

Մի անգամ նա նշեց, որ յուրաքաչյուր դերի համար անհրաժեշտ է միջինը երեք տարի. մի տարին ծառայում է նախապատրաստական փուլին, երկրորդը՝ հերոսին մարմնավորելու և ևս մեկը դերից դուրս գալու համար: Նա չի սիրում հանրային վայրերն ու շքեղ երեկոները, որտեղ աստղերը սովորաբար ցուցադրում են նոր սմոքինգներն ու կոկաին քաշում VIP սրահներում, նա չէր օգտվում այդ արտոնություններից անգամ բուռն և խենթ 80-90-ականների ժամանակ, երբ երիտասարդ էր։ Հասկանալի է, թե ինչու նա իր մշտական բնակավայրի համար ընտրեց ուիքլոույան առանձնատունը, որտեղ և ապրում է կնոջ, սցենարիստ և ռեժիսոր Ռեբեկա Միլերի (Արթուր Միլերի աղջկա) և երկու որդիների հետ:

Ըստ ականատես և լրագրող Սթենֆորդի, տունը հիշեցնում է Դեյ-Լյուիսի հերոսներից մեկի՝ Սեսիլ Վայզի («Տեսարանով սենյակը», ռեժիսոր Ջեյմս Էյվորի) առանձնատունը: Այդ դերը մնաց գրեթե աննկատ և համաշխարհային կինոյի կոնտեքստում, և դերասանի ֆիլմագրության մեջ: Չհաշված փոքր սերիալային և հեռուստաֆիլմային դերերը կարիերայի սկզբում, 60 ամյա Դեյ-Լյուիսը նկարահանվել է 17 ֆիլմում, ինչը չափազանց քիչ է իր որակի և կարգի դերասանի համար: Եվ այդ նվազ ցանկում առկա է երեք Օսկար՝ Լավագույն տղամարդու դերի համար, որից մեկը շնորհվել է «Եվ եղիցի արյուն» կամ ինչպես թարգմանել է ռուսական վարձույթը, հղում տալով Էփթոն Սինքլերի գրքի վրա, որի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը՝ «Նավթ»։ Այստղ Դեյ-Լյուիսը մարմնավորում է նավթամագնատ Դենիել Փլեյնվյուին (իր դերասանական կարիերայի ապոգեյին): Ամեն գիշեր, նկարահանումներից առաջ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Փոլ Թոմաս Անդերսոնը դիտում էր «Սյերա Մադրեի գանձերը»՝ ամերիկյան կարևորագույն ֆիլմերից մեկը, իսկ Դեյ-Լյուիսը լսում էր ռեժիսոր և դերասան Ջոն Հյուսթոնի հին ձայնագրությունները՝ նավթային մագնատի ճշգրիտ ինտոնացիան ստեղծելու համար: Անդերսոնն անգամ գտել և ուղարկել էր Դեյ-Լյուիսին Հյուսթոնի մասնակցությամբ արխիվային կադրեր և հին վավերագրական ֆիլմեր:

«Նավթը» (2007)

Արդյունքում ստեղծվեց 21-րդ դարի լավագույն ամերիկյան ֆիլմերից մեկը, որի 158 րոպեից գրեթե յուրաքանչյուրում առկա է Դեյ-Լյուիսի հերոսը: «Նավթը» դարձավ անդերսոնյան «Քաղաքացի Քեյնը»: Նման շռայլ հաճոյախոսություն-համեմատությունը դարձրեց և Անդերսոնին, և Դեյ-Լյուիսին մի քիչ լեգենդար, և մի քիչ Օրսոն Ուելս: Սակայն եթե Ուելսի հերոս, թերթերի մագնատ Քեյնը բարձրանում էր կարիերային աստիճանով վերև՝ մոռանալով խղճի մասին, ապա Դեյ-Լյուիսի կերտած Փլեյնվյուն խիղճ երբեք էլ չի ունեցել: Եթե չլիներ Փոլ Դանոն իր զույգ եղբայրների դերակատարումներով, ապա ֆիլմը կդառնար գրեթե մոնոներկայացում (բոլոր երկրորդական հերոսները շատ արագ հայտնվում և այդպես էլ արագ չքվում են հորիզոնից): Դերասանի խաղը որոշ կինոքննադատների հիշեցնում է ցուցադրական մաստեր-կլաս, դիտմամբ ընտրած էմոցիաների արսենալ՝ մռայլ անզգայություն, հարբած, հիսթերիկ նոպա, դյուրագրգիռ ատելություն կամ նյարդային բերկրանք: Բեռլինալեում առանձնացրեցին ռեժիսորին, անտեսելով Դեյ-Լյուիսին, Օսկարին՝ դերասանին (և օպերատորին): Իհարկե, Դեյ-Լյուիսի տաղանդի, աշխատասիրության և նվիրատվության մեջ կասկածելը կդիտվի անշնորհակալ ժեստ, սակայն ամբողջական դիմանկարները, որոնք դարձրել են նրան աշխարհի միակ եռակի օսկարակիր դերասան և կենդանի լեգենդ, նաև նրա ռեժիսորների ավանտյուրային երախտիքներն են: Ինչպես որ դերերը գրվել են հատուկ Դեյ-Լյուիսի համար, նույն կերպ դրանք թղթին և ժապավենին հանձնող ռեժիսոր-դրամատուրգները կառուցել են մաքսիմալ իդեալական պայմաններ, որպեսզի Դեյ-Լյուիսի նման դերասանը չունենա ոչնչի կարիք և պատրաստվի ինչքան որ սիրտը կկամենա:

Իսկ այսօր դերասանն ապրում է Իռլանդիայում, որովհետև իր իսկ խոսքով այդտեղ վերածնվում են հույսերը, և ապրել այս երկրում նշանակում է մոտենալ ինչ-որ խորհրդի, որը մինչև վերջ անհնար է հասկանալ:

Հավանաբար, այդպես էլ չենք հասկանա այն դերասանական խորհուրդը, թե ինչպես կարելի է լքել մոնումենտալ աշխատանքն ու տեղափոխվել Ֆլորենսիա՝ կոշկագործությամբ զբաղվելու համար կամ գիշերները լսել Էմինեմի երգերը՝ դերի համար բավականաչափ ջղային դառնալու համար: Մյուս կողմից, ի՞նչ է անհրաժեշտ իսկական բրիտանացուն, ով ծնվել է դերասանուհու և պոետի ընտանիքում, ամբողջ կյանքը մանրակրկիտ զգուշությամբ ընտրել իր յուրաքանչյուր նոր դերը և արդյուքնում դարձել է Բրիտանական ակադեմիայի, ռեկորդային քանակությամբ Օսկարի, երկակի Ոսկե գլոբուսի, Բեռլինալեի և մի քանի այլ կինոփառատոնների և մրցանակաբաշխությունների պատվավոր մրցանակակիր: Հավանաբար մեկ պատճառով` որ բոլորն իրեն հանգիստ թողնեն: Մի գուցե այդ ժամանակ նա կրկին թույլ կտա, որ իրեն խնդրեն վերադառնալ:

Գրել կարծիք