[LIVE BLOG] ԱԺ Ընտրություններ – 2017. (տեսանյութեր, լուսանկարներ, ինֆոգրաֆիկա)

[LIVE BLOG] ԱԺ Ընտրություններ – 2017. (տեսանյութեր, լուսանկարներ, ինֆոգրաֆիկա)

Թարմացվում է ամեն րոպե: Բոլոր լուրերն ու հետաքրքիր մեկնաբանություններն` այստեղ: Ժապավենը թարմացրեք` F5, Cntr+R, Cmd+R (Mac)

0:00

Այսպիսով, ԿԸՀ հանձնաժողովը սկսել է արդեն ձայների հաշվարկը: Իսկ մենք եզրափակում ենք մեր լրահոսը: Շնորհակալ ենք, որ հետևում էիք մեզ:


22:40

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները և ստորագրեցին արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության կարգը:Այսպիսով՝ ընտրողների թիվը, ովքեր կարող էին էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել կազմել է  877, մասնակցել են՝ 747: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ անվավեր է համարվել  37 քվեաթերթիկ և էլեկտրոնային տարբերակով կարող էին քվեարկել  միայն կուսակցությունների օգտին:

  1. «Ելք» դաշինքը – 52
  2. Ազատ դեմոկրատներին – 6
  3. «Հայկական վերածնունդ» – 3
  4. «Ծառուկյան» դաշինք –  73
  5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք – 2
  6. ՀՀԿ –  529
  7. ՀԿԿ –  3
  8. ՕՐՕ դաշինք – 17
  9. ՀՅԴ – 25

22:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քվեարկության ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց քվեարկության մասնակցության տվյալները՝ ըստ քաղաքների։ Ըստ ընտրական մարզկենտրոնների ընտրություններին մասնակցության տոկոսն այպիսինն է`

  • Երևանում մասնակցել է ընտրողների 58.46 տոկոսը:
  • Աշտարակ – 62.84 %
  • Արարատ – 65.71 %
  • Արտաշատ – 63.50 %  
  • Մասիս – 67.58 %
  • Արմավիր – 55.72 %
  • էջմիածին – 50.66 %
  • Գավառ – 55.33 %  
  • Մարտունի – 65.87 %
  • Սևան-65.65 – %
  • Վարդենիս – 66.92 %  
  • Ալավերդի – 52.87 %
  • Սպիտակ – 62.94 %
  • Ստեփանավան – 57.55 %
  • Վանաձոր – 54.69 %
  • Աբովյան – 47.33 %
  • Եղվարդ – 67.88 %
  • Հրազդան – 58.65 %
  • Չարենցավան – 57.32 %
  • Արթիկ – 64.23 %
  • Գյումրի – 51.02 %
  • Գորիս – 63.34 %
  • Կապան – 63.35 %
  • Սիսիան – 62.26 %
  • Եղեգնաձոր – 62.44 %
  • Դիլիջան – 62.39 %
  • Իջևան – 68.65 %
  • Նոյեմբերյան – 65.59 %

22:00

Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594  հրապարակում:

Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերեւույթ  ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերվել են  քվեարկության  գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնց որոշ  մասը նույն հրապարակումների տվյալներով իսկ լուծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից:

Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են  իրենց մեջ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:Նշված  254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝  ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու  դեպքերին:

Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:

Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն: Ստուգման արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն


21:55

«Վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման վայրերից նրանց տեղափոխում ընտրական տեղամասեր՝ պատասխանատու սպաների ուղեկցությամբ, հասկանալի է, որ նման կուտակումները, որպես կանոն, կրում են տեխնիկական բնույթ, երբեմն պատճառ են ընտրական հանձնաժողովներում աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման և որևէ կերպ չեն բնութագրում զինծառայողների բուն քվեարկության ընթացքը, ինչի հետ կապված, բացառությամբ երկու-երեք դեպքի, լուրջ ահազանգեր չեն գրանցվել։ Իսկ արձանագրված դեպքերի մասին հաղորդումները եղել են կամ՝ դրա մասին բարձրաձայնողի անուշադրության, կամ՝ ընդամենը մեկ դեպքում՝ զինծառայողի անփութության հետևանք։

Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ։

Նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։ Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։

Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։ Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը»։

Սկզբնաղբյուր` Պաշտպանության նախարարություն


21:45

Արագածոտնի մարզի  Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության  կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը եւս կցվել է վերոնշյալ հրապարակումներին:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն


21:30

Հայաստանի քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երեւանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Սկզբնաղբյուր` Քննչական կոմիտե


21:00

2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1 574 947 անձ կամ 60,86 տոկոսը: Այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ։


20:30

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ այս ընտրություններն առաջինն են սահմանադրական բարեփոխումների ընդունումից ի վեր: Ինչպես նշում է Straits Times պարբերականը` հղում անելով Agence France Press-ին, Հայաստանի բնակչությունը քվեարկում է «շրջադարձային ընտրություններին` նախկին խորհրդային երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելու ճանապարհին»:

Ըստ պարբերականի` Արևմուտքն այս ընտրություններն ընկալում է որպես «ժողովրդավարության առանցքային փորձարկում ցամաքով շրջապատված և 2.9 մլն բնակչություն ունեցող այս փոքր երկրի համար»: Ինչպես ընդգծում է աղբյուրը, հիմնական պայքարն ընթանում է ռուսամետ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կուսակցության՝ Հանրապետականի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի միջև:

Սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Associated Press գործակալությունը` ընդգծելով, որ հարցումների տվյալներով՝ առաջատարն է նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը: Աղբյուրը կարևորում է սահմանադրական փոփոխությունների կիրառումը, որոնք ուժի մեջ են մտնելու գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին:

ՌԻԱ «Նովոստի»-ն գրել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Աղբյուրը հիշեցրել է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը՝ հարաբերությունները զարգացնել Եվրոպական միության հետ: Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

Սկզբնաղբյուր` tert.am


20:00

Հրապարակվել են «Էքզիթ փոլի» նախնական արդյունքները. Այսպես ՀՀԿ-ն ստացել է 46 տոկոս, Ծառուկյան դաշինքը՝ 25 տոկոս, Ելքը՝ 10, ՀՅԴ-ն՝ 5: Հարցումը պատվիրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:


19:15

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղակայված թիվ 17/15 ընտրատեղամասում միմյանց փոխարեն քվեարկել է 88 անձ: Բացի այդ` ընտրատեղամասում համատարած կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Հակոբյանը պատճառաբանեց, թե կուտակումները տեխնիկական սարքավորումներից դժվարությամբ օգտվելու հետևանքով են: Ի դեպ, այս ընտրատեղամասում այնքան ակտիվ է եղել քվեարկությունը, որ ստիպված են եղել տեղամասում ևս մեկ քվեախցիկ ավելացնել: Տեղամասում 1639 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1088-ը:

Սկզբնաղբյուր` yerkir.am


19:10

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07 18/08 տեղամասերում իրավիճակը լարված է: Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը: Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ եւ հետո գցել քվեատուփի մեջ:Ընտրողներն այս մասին բողոքել են տեղամասերի մոտ գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս ի պատասխան ասել են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: Այս գործընթացը տեւել է 30-35 րոպե:

Սկզբնաղբյուր` armtimes.com


19:00

Երեւան քաղաքի թիվ 9/28 ընտրատեղամասում (Կոնդի դպրոց) այսօր վաղ առավոտից ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ կուտակված անձանց մեջ կային մի խումբ կանայք, որոնք ընտրողներին ուղղորդում էին տեղամաս: Նրանից մեկից armtimes.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն նա վրդովվեց, շրջվեց եւ փորձեց հեռանալ մեր տեսադաշտից: Նույն կինը արագ մտավ ընտրատեղամասի քվեարկության սենյակին նախորդող մի տարածք, որի վրա «բուժկետ» էր գրված, ապա արագ դուրս եկավ եւ մտավ քվեարկության սենյակ: Հարցին, թե ի՞նչու է ուղղորոդում ընտրողներին, նա վիրավորական արտահայտություններ արեց, ապա հարվածեց տեսախցիկին, շրջվեց մեջքով եւ փորձեց տեսախցիկը քաշել: Հանձնաժողովի նախագահը, որը «Ծառուկյան» դաշինքն էր ներկայացնում, փորձեց մեզ հրելով հանել քվեարկության սենյակից, մինչդեռ ընտրատեղամաս գալուց գրանցվել էինք սահմանված կարգի համաձայն: Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններին խնդրեցինք պարզել կնոջ ինքնությունը, սակայն նրանք փոխանակ փորձեին հասկանալ, թե ինչու է կինը թաքնվել «բուժկետ»-ում, մեզ հրավիրում էին հաղորդում տալու: Ոստիկաններից կապիտանի ուսադիրներով մեկը, ով ղեկավարում էր տվյալ տարածքի ոստիկանների ծառայությունը, այդպես էլ չեկավ եւ չփորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում:

Սկզբնաղբյուր` armtimes.com


18:30

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 
Ըստ հրապարակման՝ դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն:

Tert.am-ի հետ զրույցում Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել:  Նշեց, որ ինքը տեղամասում Կոմունիստական կուսակցության վստահված անձն է եղել: Միջադեպի մասին էլ ասաց, որ ականատես չի եղել: Ոստիկանությունից էլ  Tert.am-ին պատասխանեցին, որ 21/28  ընտրատեղամասի դեպքի հրապարակմանը ծանոթ են, ուսումնասիրում են, այլ տեղեկատվություն դեռ չեն կարող հաղորդել:

Սկզբնաղբյուր` «Անկախ դիտորդ» դաշինք, tert.am


Գրել կարծիք