Սովորական մարդկանց սիրո պատմությունները. Փողոցի երաժիշտ Արմեն Հովանի

Սովորական մարդկանց սիրո պատմությունները. Փողոցի երաժիշտ Արմեն Հովանի

newmag-ը շարունակում է «Իմ առաջին սիրո պատմությունը» շարքը, որտեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ հիշում են իրենց առաջին սիրո մասին:

Փողոցի երաժիշտ Արմեն Հովանին (Ասատրյանը) նվագում է ամբողջ կյանքում: Նրա երաժշտությունը հնչում է Երևանի փողոցներում վերջին չորս տարիներին: Գավառից է: Կատարում է հիմնականում հեղինակային երգերը:

«Ինձ  համար առաջին սերը եղել է պատահական, ինչ-որ անհասկանալի վիճակ, չգիտակցված: 16 տարեկան էի: Ըստ էության` ոչ մի հիմք էլ չկար, որ այդ սեր կոչվածը շարունակություն ունենար, որովհետև ես նոր էի սկսում կյանքի մասին պատկերացում կազմել: Դրանք շատ վերերկրային էին, շատ անհամատեղելի էին իրականության հետ, շատ պլատոնական էին, ես նույնիսկ չէի էլ կարողանում պատկերացնել, թե որտեղից է էդ սիրո իդեալը, էդ գաղափարը իմ մեջ նստել:  Երբ պատկերացնում էի այդ էակին որևէ մի մոտիկ հարաբերության մեջ, շփվելուց կամ, նույնիսկ, հպվելուց, ես ինձ վատ էի զգում: Հետո շատ ժամանակ անցավ, ես հասկացա, որ սեր ասվածը դա աշխատանք է, մեծ պատասխանատվություն է:

Իմ բարեկամներից մեկի հարսանիքի ժամանակ տեսա մի աղջկա, որը շատ գրավիչ էր, շատ գեղեցիկ դեմք ուներ և առաջին կայծը, զգացումը եղավ: Այն ժամանակ առանց ծնողների պաշտոնական թույլտվության մոտենալ, խոսել, ընկերություն անելը  խելահեղություն էր: Ու էդպես էլ երբեք չխոստովանեցի: Սեր խոստովանելը շատ դժվար բան է, իսկ խոստովանելուց հետո էլ շատ անլուրջ բան է դառնում: Սեր խոստովանելը քայլեր է պահանջում, այ դա հենց այն պահն է, երբ տղաները չեն հասկանում աղջիկներին:

Հիմա ամուսնացած եմ, երեխաներ ունեմ: Իմ կինը մեր բակից էր: ԽԵնթ քայլեր երբեևէ չեմ արել, ուղղակի ցանկացել եմ ունենալ ընտանիք, իսկական հայկական ընտանիք: Առաջարկությունն իրեն չեմ արել, այլ գնացել եմ իրենց տուն: Գյուղը փոքր էր, թաքուն ոչինչ չէր լինի պահել: Ծնողներից եմ թույլտվություն վերցրել: Ավանդույթների պատճառով սիրո առաջին խոստովանությունն արել եմ իր ծնողներին, ոչ թե իրեն: Ինչ խոսք, դժվարություններ ունեցել ենք, բայց հաղթարահել կարելի է ամեն ինչ»:

 

Գրել կարծիք